Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՄԱՁ ...

 

 

050.0194.170908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008277

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2008 թվականի թիվ 194-Ն

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 13-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 12. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

66. Եթե վարկային կազմակերպությունը տիրապետում է իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող կամ ունեցող անձանց վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը Կենտրոնական բանկի կողմից տիրապետելու դեպքում կարող էր հանգեցնել վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումի մերժմանը կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցմանը օրենքով սահմանված կարգով, ապա վարկային կազմակերպությունը տեղեկատվությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

67. Անձի և նրա հետ փոխկապակցված անձանց` վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունը Կենտրոնական բանկի կողմից տրվում է եռամսյա ժամկետով, եթե գործողության ավելի երկար ժամկետ նախատեսված չէ տվյալ որոշմամբ: Գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են Կենտրոնական բանկ: Եթե Կենտրոնական բանկի սահմանված ժամկետում գործարքը չի իրականացվում, կամ գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը չեն ներկայացվում Կենտրոնական բանկ, ապա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ուժը կորցրած է համարվում:

68. Այն դեպքում, երբ նշանակալից մասնակցությունը ձեռք են բերում միմյանց հետ փոխկապակցված անձինք, ապա սույն կանոնակարգի 11-րդ գլխում սահմանված փաստաթղթերը պահանջվում են նրանցից յուրաքանչյուրից:

 

ԲԱԺԻՆ IV. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 13. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

69. Ղեկավարները պետք է ունենան սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացած որակավորում, ինչպես նաև բավարարեն սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին և գրանցվեն Կենտրոնական բանկում:

70. Կենտրոնական բանկում ղեկավար պաշտոնների համար նախատեսված քննություններին մասնակցում և համապատասխան որակավորման վկայական են ստանում միայն վարկային կազմակերպության գործադիր տնօրենի, վարչության նախագահի, գործադիր տնօրենի տեղակալի, վարչության նախագահի տեղակալի, տնօրինության անդամի, վարչության անդամի, վերստուգիչ հանձնաժողովի ղեկավարի, գլխավոր հաշվապահի թեկնածուները: Ընդ որում, սույն կետով նշված ղեկավար պաշտոնների թեկնածուները Կենտրոնական բանկում նախատեսված քննություններին կարող են մասնակցել միայն այն վարկային կազմակերպության միջնորդությամբ, որում նախատեսում են զբաղեցնել տվյալ որակավորմանը համապատասխան պաշտոն:

(70-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

70.1. Ղեկավարները` բացառությամբ սույն կանոնակարգի 70-րդ կետով սահմանված ղեկավարների, որակավորվում են որակավորող կազմակերպություններում, որոնց ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

(70.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

70.2. Այն դեպքում, երբ ղեկավար պաշտոնի որակավորման ստուգման անցկացման համար որևէ որակավորող կազմակերպություն չի ընտրվել և (կամ) ընտրված որակավորող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, ապա սույն կանոնակարգի 70.1-ին կետով սահմանված համապատասխան ղեկավարի որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում` սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն:

(70.2-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

71. Սույն կանոնակարգով նախատեսված որակավորման վկայականներին հավասարեցվում են սույն կանոնակարգի 14-րդ գլխով նախատեսված որակավորումները, դիպլոմները կամ հավաստագրերը:

72. Սույն կանոնակարգով սահմանված կարգով Կենտրոնական բանկի և որակավորող կազմակերպությունների կողմից տրամադրված համապատասխան որակավորումն ստացած են համարվում նաև սույն կանոնակարգի Հավելված 23-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 1 տարի աշխատած և գրանցման գործընթացում գտնվող այն ղեկավարների թեկնածուները, ովքեր դրանցում ստանձնել են որակավորման ենթակա պաշտոնին համանման պաշտոնի պարտականություններ և/կամ զբաղեցրել նմանատիպ պաշտոններ:

(72-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

73. (73-րդ կետն ուժը կորցրել է 02.02.18 թիվ 11-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 14. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԿԱՄ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ

 

74. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով որակավորման վկայական է տրամադրվում որոշակի պաշտոնում գրանցված այն ղեկավարին, ով ունի սույն կետի աղյուսակում նշված տվյալ պաշտոնին համապատասխան որակավորում, դիպլոմ կամ հավաստագիր.

 

._____________________________________________________________________.

|ՊԱՇՏՈՆ                                 |ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ, ԴԻՊԼՈՄ ԿԱՄ      |

|                                       |ՀԱՎԱՍՏԱԳԻՐ                   |

|_______________________________________|_____________________________|

|1. Վարկային կազմակերպության գործադիր   |Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման   |

|տնօրեն, վարչության նախագահ, գործադիր   |2 մակարդակ կամ Էֆ-Առ-Էմ      |

|տնօրենի տեղակալ, վարչության նախագահի   |(FRM) կամ Էյ-Սի-Սի-Էյ        |

|տեղակալ, տնօրինության անդամ, վարչության|(ACCA) որակավորման F1-F9     |

|անդամ                                  |մակարդակներ                  |

|_______________________________________|_____________________________|

|2. Վարկային կազմակերպության գլխավոր    |Էյ-Սի-Սի-Էյ (ACCA)           |

|հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ    |որակավորման F1-F9            |

|                                       |մակարդակները կամ Սի-Էֆ-Էյ    |

|                                       |(CFA) որակավորման 2          |

|                                       |մակարդակ                     |

|_______________________________________|_____________________________|

|3. Վարկային կազմակերպության վերստուգիչ |Էյ-Սի-Սի-Էյ (ACCA)           |

|հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ       |որակավորման F1-F9            |

|հանձնաժողովի նախագահի տեղակալ,         |մակարդակները կամ Սի-Այ-Էյ    |

|վերստուգիչ հանձնաժողովի անդամ          |(CIA) որակավորում կամ        |

|                                       |Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման 2 |

|                                       |մակարդակ                     |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 15. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

75. Կենտրոնական բանկում հարցազրույցի միջոցով որակավորման ստուգումն անցնում են վարկային կազմակերպության խորհրդի անդամի պաշտոններում աշխատելու համար դիմող թեկնածուները:

(75-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

76. Հարցազրույցն (բացառությամբ` լրացուցիչ հարցազրույցի) իրականացվում է խորհրդի անդամի` Կենտրոնական բանկի կողմից գրանցման գործընթացում, որին խորհրդի անդամի մասնակցության համար վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի, և ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի:

77. Հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ Կենտրոնական բանկը տեղեկացնում է թեկնածուին հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ:

78. Հարցազրույցի ժամանակ ստուգվում են թեկնածուի գիտելիքները սույն կանոնակարգի Հավելված 24-ով սահմանված` խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում:

79. Հարցազրույցի արդյունքներով ընդունվում է որոշում` սույն կանոնակարգի Հավելված 24-ով սահմանված թեմաների շրջանակներում խորհրդի անդամի թեկնածուների գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

(79-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

80. Վարկային կազմակերպության խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել նաև առանց խորհրդի անդամի թեկնածուին հարցազրույցի հրավիրելու:

(80-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

81. Խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում նշված անձը համարվում է խորհրդի անդամի որակավորում ստացած:

(81-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

82. Խորհրդի անդամի որակավորումը տրվում է մինչև տվյալ վարկային կազմակերպությունում նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը:

83. Որակավորում ստացած խորհրդի նախագահը, խորհրդի նախագահի տեղակալը և խորհրդի անդամներն իրենց գործունեության հետագա տարիների ընթացքում Կենտրոնական բանկի կողմից կարող են հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի Կենտրոնական բանկում` որակավորման ստուգման նպատակով:

(83-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

84. Լրացուցիչ հարցազրույցն անցկացվում է սույն կանոնակարգի Հավելված 24-ով սահմանված` վարկային կազմակերպության խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում:

85. Լրացուցիչ հարցազրույցը կարող է իրականացվել ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ, որի մասին վարկային կազմակերպությունը տեղեկացվում է առնվազն 30 օր առաջ:

86. Լրացուցիչ հարցազրույցի արդյունքներով ընդունվում է որոշում` սույն կանոնակարգի Հավելված 24-ով սահմանված թեմաների շրջանակներում խորհրդի անդամի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

(86-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

87. Խորհրդի անդամի գիտելիքների անհամապատասխանության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում, ինչպես նաև սույն գլխով սահմանված կարգով լրացուցիչ հարցազրույցին անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում այդ անձինք համարվում են որակավորում չունեցող:

(87-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 16. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

88. (88-րդ կետն ուժը կորցրել է 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

89. Կենտրոնական բանկ գրանցման համար դիմած վարկային կազմակերպության սույն կանոնակարգի 70-րդ կետում նշված ղեկավարի թեկնածուները որակավորման ստուգումն անցնում են Կենտրոնական բանկի թեստավորման ծառայության (այսուհետ` թեստավորման ծառայություն) կողմից կազմակերպվող քննության միջոցով:

(89-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

90. Վարկային կազմակերպության կողմից ղեկավարի գրանցման միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո ղեկավարի թեկնածուն 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում, Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին:

(90-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

91. (91-րդ կետն ուժը կորցրել է 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

92. Թեկնածուները քննությանը մասնակցում են քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) Անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

2) Պետական տուրքի վճարման անդորրագիրը,

3) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք (ոչ ռեզիդենտները ներկայացնում են առկայության դեպքում):

(92-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

93. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

94. Թեկնածուն մուտք գործելով քննության անցկացման սենյակ` ըստ ցուցակի հրավիրվում է համապատասխան համակարգչի մոտ: ՈՒշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

95. Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` թեսթային եղանակով:

96. Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

97. Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից միանշանակ ճիշտ) պատասխան:

98. Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:

99. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից. մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

 

ԳԼՈՒԽ 17. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ) ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ

 

100. Սույն կանոնակարգի 70-րդ կետով, ինչպես նաև 70.1-րդ կետով սահմանված ղեկավարների թեկնածուները, համապատասխանաբար, Կենտրոնական բանկում և Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգումն անցնում են սույն կանոնակարգի Հավելված 24-ում ներկայացված աղյուսակում նշված թեմաներով, ընդ որում, «+» նշանը նշանակում է, որ տվյալ թեման վերաբերում է, իսկ «-» նշանը` չի վերաբերում:

(100-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

101. Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է սույն կանոնակարգի Հավելված 24-ով սահմանված թեմաների ցանկի հիման վրա:

102. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումներն ու փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ և ենթակա են հրապարակման: Թեստերը վերանայվում են ըստ անհրաժեշտության:

(102-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

103. Թեստերը տարբերակվում են` ըստ որակավորման հետևյալ տեսակների.

 

._________________________________________________________________.

|ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿ                                       |ՀԱՐՑԵՐԻ |

|                                                        |ՔԱՆԱԿ   |

|________________________________________________________|________|

|1. Վարկային կազմակերպության գործադիր տնօրեն, վարչության |100 հարց|

|նախագահ, գործադիր տնօրենի տեղակալ, վարչության նախագահի  |        |

|տեղակալ, տնօրինության անդամ, վարչության անդամ           |        |

|________________________________________________________|________|

|2. Վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ, գլխավոր   |100 հարց|

|հաշվապահի տեղակալ                                       |        |

|________________________________________________________|________|

|3. Վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի     |100 հարց|

|նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ,      |        |

|վերստուգիչ հանձնաժողովի անդամ                           |        |

._________________________________________________________________.

 

103.1. Սույն կանոնակարգի 103-րդ կետով սահմանված աղյուսակի այն կետերը, որոնք վերաբերում են որակավորող կազմակերպություններում որակավորման ստուգում անցնող ղեկավարներին գործում են միայն սույն կանոնակարգի 70.2-րդ կետով նախատեսված դեպքում:

(103.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

104. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների համար նախատեսված թեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար թեկնածուին հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե:

(104-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

105. Հայոց լեզվին չտիրապետող, Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարի թեկնածուների քննության անցկացման ընթացքում թույլատրվում է թարգմանչի մասնակցությունը, ընդ որում, Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակցի ներկայությունը պարտադիր է: Հայոց լեզվին չտիրապետող ղեկավարների թեկնածուների քննության տևողությունը կարող է երկարաձգվել` Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետի թույլտվությամբ:

(105-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

106. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեկնածուների համար նախատեսված թեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է չորս պատասխան, որոնցից մեկն է միանշանակ ճիշտ:

(106-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

107. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեկնածուների համար նախատեսված թեստի հարցի միանշանակ ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում միանշանակ սխալ և ոչ միանշանակ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը կամ որևէ պատասխան չնշելը:

(107-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 18.
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵՍՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

108. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարի թեկնածուի (սույն գլխում այսուհետ` թեկնածու) համար նախատեսված թեստի հարցերի գնահատումը կատարվում է հետևյալ կերպ.

1) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված,

2) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված:

(108-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

109. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը` սույն կանոնակարգի 90-րդ կետով սահմանված ժամկետում:

(109-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

110. Թեկնածուի` թեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Հանձնաժողովը, որի դրական եզրակացության հիման վրա թեկնածուին տրվում է որակավորման վկայական:

111. Թեկնածուն կարող է բողոքարկել անցկացված որակավորման քննության արդյունքները` քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 25-ի, կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

(111-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 19. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(19-րդ գլուխը խմբ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

 

112. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած ղեկավարներին տրվում են որակավորման վկայականներ` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման`

1) վարկային կազմակերպության գործադիր տնօրեն (վարչության նախագահ), գործադիր տնօրենի տեղակալ (վարչության նախագահի տեղակալ), տնօրինության անդամ (վարչության անդամ),

2) վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ,

3) վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ:

112.1. Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարի թեկնածուներին տրվում են որակավորման վկայականներ` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման`

1) գլխավոր հաշվապահի տեղակալ,

2) վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

112.2. Սույն կանոնակարգի 72-րդ և 74-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարող ղեկավարներին տրվում են որակավորման վկայականներ` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման`

1) վարկային կազմակերպության գործադիր տնօրեն (վարչության նախագահ), գործադիր տնօրենի տեղակալ (վարչության նախագահի տեղակալ), տնօրինության (վարչության) անդամ,

2) վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ,

3) վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

113. Սույն կանոնակարգի Հավելված 26-ով սահմանված որակավորման վկայականը Կենտրոնական բանկի կողմից տրամադրվում է Կենտրոնական բանկում քննություն հանձնած վարկային կազմակերպության ղեկավարին, սույն կանոնակարգի 72-րդ կետի պահանջները բավարարող ղեկավարին էլեկտրոնային եղանակով` ուղարկվելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին` ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

114. Սույն կանոնակարգի Հավելված 27-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 74-րդ կետով սահմանված որակավորում ունեցող ղեկավարին, ինչպես նաև որակավորող կազմակերպության կողմից համապատասխան ղեկավարի պաշտոնի որակավորման վկայական ստացած ղեկավարին` Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկվելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:

115. Որակավորման վկայականները սույն կանոնակարգի 113-րդ և 114-րդ կետերով սահմանված ժամկետներում էլեկտրոնային փոստին չստանալու, էլեկտրոնային փոստի խափանման կամ թղթային եղանակով տրամադրված որակավորման վկայականների կորստի (ոչնչացման, ոչ պիտանի դառնալու) դեպքում անձը կարող է այդ մասին հայտնել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում` նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով անձը ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին` ուղարկվելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

116. Որակավորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի կամ որակավորող կազմակերպության ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից (սույն կանոնակարգում սահմանված դեպքերում ղեկավարի գրանցումից հետո տրամադրելու դեպքում` որպես ղեկավար գրանցման օրվանից) հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հղում է տրվում որակավորող կազմակերպության կայքէջին:

117. Թեկնածուների որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված 3 տարի ժամկետով, բացառությամբ սույն կանոնակարգի 72-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են անժամկետ, և սույն կանոնակարգի 70.1-ին և 74-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը կամ տվյալ որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի` որակավորման վկայականի տրամադրման հիմք հանդիսանալու ավարտը կամ անձի կողմից այնպիսի գործողության կամ անգործության կատարումը, որի հետևանքով խախտվել են որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:

118. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած և գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է դիմում ղեկավարի համար որակավորման ստուգման քննություն անցկացնելու միջնորդությամբ: Որակավորման ստուգում անցած ղեկավարին տրամադրվում է նոր որակավորման վկայական` քննությունը հանձնելուց հետո 10-օրյա ժամկետում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

118.1. Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած և գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում որակավորման վկայականի ստացման համար դիմում` կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորումը հավաստող փաստաթղթի հիման վրա ղեկավարին տրամադրում է նոր որակավորման վկայական` դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

118.2. Կենտրոնական բանկում գրանցված ղեկավարի, որը ստացել է սույն կանոնակարգի 74-րդ կետով սահմանված ղեկավարի իր պաշտոնին համապատասխան որակավորում, նախկինում ստացված որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում որակավորման վկայականի ստացման համար դիմում` կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորումը հավաստող փաստաթղթի հիման վրա ղեկավարին տրամադրում է նոր որակավորման վկայական` դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 20. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ՏՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

119. Վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահն ի պաշտոնե կարող է լինել տվյալ վարկային կազմակերպության տնօրինության (վարչության) անդամ` առանց տնօրինության (վարչության) անդամի որակավորման վկայական ստանալու:

120. Բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի, գործադիր տնօրենի տեղակալի, վարչության նախագահի տեղակալի, տնօրինության անդամի, վարչության անդամի որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել վարկային կազմակերպության գործադիր տնօրեն, վարչության նախագահ, գործադիր տնօրենի տեղակալ, վարչության նախագահի տեղակալ, տնօրինության անդամ, վարչության անդամ:

121. Բանկի գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ:

122. Բանկի ներքին աուդիտի ղեկավարի, ներքին աուդիտի անդամի որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

123. Վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը, վերստուգիչ հանձնաժողովի անդամը միաժամանակ չի կարող լինել տվյալ վարկային կազմակերպության այլ աշխատակից:

 

ԳԼՈՒԽ 21. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

124. Վարկային կազմակերպության ղեկավարը պետք է իրազեկ լինի ֆինանսական համակարգի, մասնավորապես, վարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև վարկային կազմակերպության տնտեսական ծրագրին և վարկային կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերին:

125. Անձը սույն կետում նշված որևէ պաշտոնում աշխատելու նպատակով գրանցվելու համար պետք է բացի սույն կանոնակարգի 124-րդ կետով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներից, բավարարի նաև հետևյալ մասնագիտական համապատասխանության չափանիշներին, բացառությամբ սույն կանոնակարգի 127-րդ կետով սահմանված դեպքերի.

 

._____________________________________________________________________.

|ՊԱՇՏՈՆ                                 |ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ                 |

|                                       |ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇ   |

|_______________________________________|_____________________________|

|1. Խորհրդի անդամ                       |1) Բարձրագույն կրթության     |

|                                       |առկայության դեպքում` առնվազն |

|                                       |2 տարվա աշխատանքային փորձ,   |

|                                       |2) Բարձրագույն կրթության     |

|                                       |բացակայության դեպքում`       |

|                                       |առնվազն 4 տարվա աշխատանքային |

|                                       |փորձ:                        |

|_______________________________________|_____________________________|

|2. Վարկային կազմակերպության գործադիր   |Բարձրագույն կրթություն և     |

|տնօրեն, վարչության նախագահ, գործադիր   |առնվազն 2 տարվա աշխատանքային |

|տնօրենի տեղակալ, վարչության նախագահի   |փորձ, որից առնվազն 1 տարին`  |

|տեղակալ, տնօրինության անդամ,           |ղեկավար պաշտոնում:           |

|վարչության անդամ                       |                             |

|_______________________________________|_____________________________|

|3. Վարկային կազմակերպության, գլխավոր   |Բարձրագույն կրթություն և     |

|հաշվապահ գլխավոր հաշվապահի տեղակալ,    |առնվազն 2 տարվա մասնագիտական |

|                                       |աշխատանքային փորձ            |

|_______________________________________|_____________________________|

|4. Վարկային կազմակերպության վերստուգիչ |Բարձրագույն կրթություն և     |

|հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ       |առնվազն 3 տարվա մասնագիտական |

|հանձնաժողովի նախագահի տեղակալ          |աշխատանքային փորձ            |

|_______________________________________|_____________________________|

|5. Վարկային կազմակերպության վերստուգիչ |Բարձրագույն կրթություն և     |

|հանձնաժողովի անդամ                     |առնվազն 2 տարվա մասնագիտական |

|                                       |աշխատանքային փորձ, ընդ որում |

|                                       |տեղեկատվական համակարգերի     |

|                                       |համար պատասխանատու           |

|                                       |վերստուգիչի համար` առնվազն 2 |

|                                       |տարվա մասնագիտական           |

|                                       |աշխատանքային փորձ            |

|                                       |տեղեկատվական տեխնոլոգիաների  |

|                                       |ոլորտում:                    |

._____________________________________________________________________.

 

126. Սույն գլխում նշված աշխատանքային փորձը վերաբերում է ղեկավարների գրանցման պահին նախորդող 10 տարիներին, բացառությամբ վարկային կազմակերպության խորհրդի անդամի համար նախատեսված աշխատանքային փորձի:

127. Եթե ղեկավարի թեկնածուն չունի սույն կանոնակարգի 125-րդ կետով նախատեսված աշխատանքային փորձ և (կամ) բարձրագույն կրթություն, ապա վարկային կազմակերպությունն իրավունք ունի Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան պաշտոններում աշխատելու համար ղեկավարի թեկնածուի մոտ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և (կամ) այլ հիմնավորումներ: Ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և (կամ) այլ հիմնավորումների հիման վրա Հանձնաժողովի դրական եզրակացությամբ ղեկավարի թեկնածուն համարվում է մասնագիտական համապատասխանության չափանիշներին բավարարող:

128. Սույն կանոնակարգի 125-րդ կետում նշված ֆինանսական կազմակերպությունում աշխատանքային փորձ է համարվում տվյալ ֆինանսական կազմակերպությունում մասնագիտական գործունեության հետ կապված աշխատանքային փորձը:

 

ԳԼՈՒԽ 22. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

129. Վարկային կազմակերպության ղեկավարների գրանցումն իրականացվում է 2 ընթացակարգով` պարզ կամ բարդ: Ղեկավարների գրանցման ընթացակարգերի տեսակները, ըստ զբաղեցրած պաշտոնների, սահմանված է սույն կանոնակարգի Հավելված 28-ով:

130. Բարդ ընթացակարգով ղեկավարների գրանցումը ներառում է.

1) թեկնածուի գնահատում` սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացվող տեղեկատվության (ներառյալ` որակավորման), ինչպես նաև օրենքով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրության միջոցով,

2) թեկնածուի հետ բանավոր հարցազրույցի անցկացում` վերջինիս կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, կոլեգիալ կառավարման մարմնում արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության և այլ հմտությունների ստուգման նպատակով` սույն գլխով սահմանված կարգով` բացառությամբ սույն կանոնակարգի 140-րդ կետով սահմանված դեպքերի:

131. Պարզ ընթացակարգով ղեկավարների գրանցումը ներառում է.

1) թեկնածուի վերաբերյալ տեղեկատվության ստացում` կանոնակարգով պահանջվող փաստաթղթերի ներկայացման միջոցով,

2) թեկնածուի որակավորման առկայության ստուգում:

132. Անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին վարկային կազմակերպության միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի, և ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի,

2) վարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին,

3) որակավորման առկայությունը հավաստող փաստաթուղթ (որակավորման վկայական), որը Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների համար չի ներկայացվում:

(132-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

133. Վարկային կազմակերպությունները պետք է ունենան և Կենտրոնական բանկ ներկայացնեն վարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որտեղ առնվազն պետք է նկարագրվեն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով սահմանված` ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները, վերջիններիս նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները:

134. Բարդ ընթացակարգով գրանցվող ղեկավարները կամ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի որոշմամբ:

135. Պարզ ընթացակարգերով գրանցվող ղեկավարները գրանցված են համարվում Կենտրոնական բանկ փաստաթղթերը մուտքագրվելու պահից օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից` առանց Կենտրոնական բանկի համապատասխան որոշման, եթե Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 136-137-րդ կետերի առկայության հիմնավորմամբ վարկային կազմակերպությանը գրավոր կամ բանավոր եղանակով չի ծանուցում անձին բարդ ընթացակարգով գրանցելու մասին, որի դեպքում գործում են բարդ ընթացակարգով գրանցման ընթացակարգերը:

136. Եթե վարկային կազմակերպության մոտ առկա է կամ հնարավոր է ֆինանսական վիճակի վատթարացում, կամ վարկային կազմակերպությունում, Կենտրոնական բանկի կարծիքով, բավարար մակարդակով պահպանված չեն կորպորատիվ կառավարման սկզբունքները, կամ սույն կանոնակարգի 133-րդ կետով սահմանված ներքին կանոնակարգը չի պարունակում պահանջվող բոլոր մեխանիզմները և/կամ դրանք իրականում չեն կիրառվում, ապա այդպիսի դեպքերում վարկային կազմակերպության բոլոր ղեկավարները կարող են հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:

137. Եթե ղեկավարի թեկնածուի վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական բանկի` ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման և/կամ այլ պատասխանատու ստորաբաժանման կարծիքով առկա են ռիսկեր վարկային կազմակերպության և/կամ ֆինանսական համակարգի կայունության, ինչպես նաև ղեկավարի թեկնածուի համբավի վերաբերյալ, ապա տվյալ թեկնածուն կարող է հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:

138. Սույն կանոնակարգի 135-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո վարկային կազմակերպության համապատասխան ղեկավարի գրանցումն իրականացվում է բարդ ընթացակարգով այնքան ժամանակ, քանի դեռ Կենտրոնական բանկը գրավոր կամ բանավոր ծանուցման միջոցով չի տեղեկացրել վարկային կազմակերպության համապատասխան ղեկավարին պարզ ընթացակարգով գրանցելու հնարավորության մասին:

139. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով, ինչպես նաև ղեկավարի թեկնածուի կողմից պահանջվող փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում, ղեկավարների գրանցման օրենքով սահմանված ժամկետը կարող է կասեցվել առավելագույնը երեք ամիս ժամկետով: Ընդ որում, օրենքով սահմանված ժամկետի կասեցման դեպքում կասեցվում է նաև սույն կանոնակարգի 149-րդ կետով սահմանված եռամսյա ժամկետը: Ընդ որում, կասեցումը դադարեցնելուց հետո ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետի և ժամանակավոր պաշտոնավարման` մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

140. Վարկային կազմակերպության ղեկավարներին բարդ ընթացակարգով գրանցելիս` ղեկավարների թեկնածուները բանավոր հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:

141. Եթե անձին որպես ղեկավար գրանցելու համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել սույն կանոնակարգի Հավելված 4-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը և հետագայում վարկային կազմակերպությունը դիմում է Կենտրոնական բանկ` նույն անձին ղեկավար գրանցելու միջնորդությամբ, ապա սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված տեղեկանքը Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող են լրացվել միայն տեղեկանքի 1-ին և 2-րդ կետերի բոլոր դաշտերը, 3.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 3.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է:

142. Վարկային կազմակերպությունը նախկինում ղեկավարների գրանցման համար օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացրած բոլոր փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կարող է չներկայացնել` հղում տալով նախկինում ներկայացված միջնորդագրի ամսաթվին, եթե նախկինում ներկայացված տեղեկատվությունը չի փոփոխվել:

143. Վարկային կազմակերպության խորհրդի անդամների գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 81-րդ կետում նշված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը:

144. Վարկային կազմակերպության խորհրդի նախագահ կամ խորհրդի նախագահի տեղակալ ընտրված խորհրդի անդամը լրացուցիչ որակավորման ստուգման և գրանցման ենթակա չէ, և վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկին տեղեկացնում է նրա` որպես խորհրդի նախագահ կամ խորհրդի նախագահի տեղակալ ընտրվելու մասին` համապատասխան փոփոխությունները տեղի ունենալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում` կից ներկայացնելով համապատասխան գրություն, որտեղ նշվում է իրավասու մարմնի կողմից որոշման կայացման և փոփոխության իրականացման ամսաթվերը:

145. Անձի` որպես ղեկավար գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե.

1) Առկա է «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքերից որևէ մեկը,

2) Անձի կողմից ներկայացվել են թերի, անարժանահավատ փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում` Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 23. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

146. Կենտրոնական բանկի որոշմամբ ղեկավարը հանվում է գրանցումից.

1) եթե ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից,

2) եթե վարկային կազմակերպությունը դիմել է համապատասխան միջնորդությամբ,

3) եթե ի հայտ են եկել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքերը,

4) վարկային կազմակերպության լուծարային հանձնաժողովի նախագահի նշանակման պահից:

147. Վարկային կազմակերպության միջնորդությամբ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու համար վարկային կազմակերպությունը գրանցումից հանելու վերաբերյալ վարկային կազմակերպության իրավասու մարմնի կողմից ընդունված որոշման ուժի մեջ մտնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով)` վարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` փոփոխություններ կատարելու, առկայության դեպքում` ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ:

(147-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

148. Եթե վարկային կազմակերպության ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից, ապա ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար:

 

ԳԼՈՒԽ 24. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

149. Վարկային կազմակերպության ղեկավարների պաշտոնները կարող են զբաղեցվել ժամանակավոր պաշտոնակատարների կողմից և (կամ) թափուր մնալ ոչ ավելի, քան 3 ամիս` սկսած վարկային կազմակերպության կողմից ղեկավարին պաշտոնից փաստացի ազատելու պահից:

(149-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

150. Սույն կետի աղյուսակի համապատասխան պաշտոնների համար նշված ժամանակավոր պաշտոնակատարների վրա սույն կանոնակարգի 149-րդ կետով նշված եռամսյա ժամկետը չի տարածվում: Ընդ որում, եթե սույն կետում նշված դեպքերում ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնավարում է երեք ամսից ավելի, ապա եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում բանկը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

.________________________________________________________________.

|ՊԱՇՏՈՆ                          |ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ       |

|________________________________|_______________________________|

|1. Վարկային կազմակերպության     |Տվյալ վարկային կազմակերպության |

|գործադիր տնօրեն, վարչության     |գրանցված գործադիր տնօրենի      |

|նախագահ                         |տեղակալ, վարչության նախագահի   |

|                                |տեղակալ, տնօրինության անդամ,   |

|                                |վարչության անդամ               |

|________________________________|_______________________________|

|2. Վարկային կազմակերպության     |Տվյալ վարկային կազմակերպության |

|գլխավոր հաշվապահ                |գրանցված գլխավոր հաշվապահի     |

|                                |տեղակալ                        |

|________________________________|_______________________________|

|3. Վարկային կազմակերպության     |Տվյալ վարկային կազմակերպության |

|վերստուգիչ հանձնաժողովի նախագահ |գրանցված վերստուգիչ            |

|                                |հանձնաժողովի նախագահի տեղակալ, |

|                                |վերստուգիչ հանձնաժողովի անդամ  |

.________________________________________________________________.

 

151. Վարկային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է չունենալ համապատասխան պաշտոնի համար նախատեսված որակավորում, բացառությամբ սույն կանոնակարգի 152-րդ և 153-րդ կետերով նախատեսված ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների:

152. Վարկային կազմակերպության գործադիր տնօրենի, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կարող են լինել միայն տվյալ վարկային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալը, վարչության նախագահի տեղակալը, վարչության անդամը, տնօրինության անդամը:

153. Վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատար կարող է լինել միայն տվյալ վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի տեղակալը կամ գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի որակավորման վկայական ունեցող տվյալ վարկային կազմակերպության այլ աշխատակիցը:

154. Վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար չեն կարող լինել վարկային կազմակերպությունում այլ պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ վարկային կազմակերպության գրանցված վերստուգիչ հանձնաժողովի անդամների), ինչպես նաև գործադիր մարմնի անդամների հետ փոխկապակցված անձինք:

155. Վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամի ժամանակավոր պաշտոնակատար չեն կարող լինել վարկային կազմակերպությունում այլ պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև գործադիր մարմնի անդամների հետ փոխկապակցված անձինք:

156. Սույն կանոնակարգի 149-րդ կետում նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնում նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն` միևնույն պաշտոնի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, ինչպես նաև տվյալ պաշտոնի թափուր մնալը չի ընդհատում կամ վերսկսում եռամսյա ժամկետը:

157. Վարկային կազմակերպության խորհրդի նախագահի, խորհրդի նախագահի տեղակալի (տեղակալների) և խորհրդի անդամների ժամանակավոր պաշտոնակատարներ չեն նախատեսվում:

 

ԲԱԺԻՆ V. ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 25. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

158. Վարկային կազմակերպությունը և վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանումը պետք է ունենա վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, վարձակալության (ենթավարձակալությամբ) կամ անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող առանձնացված տարածք:

159. Վարկային կազմակերպությունը և վարկային կազմակերպության մասնաճյուղը պետք է ունենա

1) կանխիկ դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց (առանձնացված վարկային կազմակերպության, վարկային կազմակերպության մասնաճյուղի մյուս կառուցվածքային ստորաբաժանումներից)` դրամապահոց և դրամարկղ: Դրամապահոցը կանխիկ դրամի և այլ արժեքների, գրավադրված և ի պահ ընդունված արժեքների պահպանության հիմնական վայրն է` իր նախադրամապահոցով: Դրամապահոցի բացակայության դեպքում անհրաժեշտ է ինկասացիոն կազմակերպության հետ կնքված պայմանագիր` նշված միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձնման համար, ինչպես նաև որևէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագիր, եթե նշված միջոցները պահպանման են հանձնվելու բանկ, վարկային կազմակերպություն կամ դրանց տարածքային ստորաբաժանում: Ընդ որում, վարկային կազմակերպությունը և (կամ) վարկային կազմակերպության մասնաճյուղը կանխիկ դրամը պահպանության կարող են հանձնել բացառապես բանկին, վարկային կազմակերպությանը կամ դրանց տարածքային ստորաբաժանումներին: Դրամապահոցի բացակայության պարագայում վարկային կազմակերպությունը կարող է չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացում, եթե դրամարկղում կանխիկ դրամի տվյալ օրվա մնացորդը չի գերազանցում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, և վարկային կազմակերպությունում կամ վարկային կազմակերպության մասնաճյուղում տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան, որն ամրացված է դրամարկղի հատակին և (կամ) պատին: Եթե վարկային կազմակերպության կամ վարկային կազմակերպության մասնաճյուղի կանոնադրությամբ նախատեսված է, որ վերջինս «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործառնություններն իրականացնում է բացառապես անկանխիկ ձևով, ապա դրամարկղային հանգույցի առկայությունը պարտադիր չէ:

2) Հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Ընդ որում, հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի վարկային կազմակերպության ամբողջ տարածքում և վարկային կազմակերպության գլխամասի համար միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը: Վարկային կազմակերպության գլխամասի և մասնաճյուղերի տարածքում պետք է տեղադրված լինեն պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի: Անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին և միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե վարկային կազմակերպությունը կամ վարկային կազմակերպության մասնաճյուղերը գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգ ունեցող տարածքներում, ապա վարկային կազմակերպության կամ վարկային կազմակերպության մասնաճյուղի տարածքի անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

3) վարկային կազմակերպությունը և դրա մասնաճյուղերը պետք է միացված լինեն միմյանց կապող համակարգչային ցանցի հետ: Մասնաճյուղը գլխամասի հետ կապող համակարգչային ցանցը միացվում է մասնաճյուղի գրանցվելուց հետո` մասնաճյուղի գրանցման մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ այն մասնաճյուղերի համար, որոնք չունեն գլխավոր հաշվապահ, համակարգչային ցանցը պետք է միացվի մասնաճյուղին վերջինիս գրանցման փաստաթղթերի ներկայացման պահին:

(159-րդ կետը փոփ. 20.12.16 թիվ 242-Ն որոշում)

160. Նոր ստեղծվող վարկային կազմակերպությունը համարվում է սույն կանոնակարգի 158-րդ կետով սահմանված պահանջին բավարարող, եթե համապատասխան առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձը տրամադրել է պարտավորությունը հավաստող փաստաթուղթ, որով նա պարտավորվել է վարկային կազմակերպության պետական գրանցման և լիցենզավորման պահից այդ տարածքը տրամադրել սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ): Ընդ որում, վարկային կազմակերպությունը սահմանված կարգով գրանցվելուց և լիցենզավորվելուց հետո` եռամսյա ժամկետում, Կենտրոնական բանկ է ներկայացնում տվյալ տարածքի նկատմամբ իր սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը: Ընդ որում, ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը:

161. Վարկային կազմակերպությունը, վարկային կազմակերպության մասնաճյուղերը կարող են սույն կանոնակարգի 159-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեխնիկական հագեցվածության պահանջների փոխարեն ունենալ Բանկերս Բլանկետ Բոնդ (Bankers-Blanket-Bond (այսուհետ` BBB)) ապահովագրության պայմանագիր առնվազն հետևյալ ռիսկերի գծով.

1) ավազակության, գողության, կողոպուտի, յուրացման, վատնման, խարդախության, այդ թվում` կեղծ փողեր, արժեթղթեր և վճարային փաստաթղթեր իրացնելու կամ կեղծ պայմանագրեր ներկայացնելու հետևանքով ընկերության գույքի հափշտակության ռիսկը,

2) վարկային կազմակերպության գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը, այդ թվում վարկային կազմակերպության տարածքում գտնվող կամ փոխադրվող կանխիկ դրամի, արժեթղթերի, վճարային փաստաթղթերի և այլ արժեքավոր գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը:

162. Սույն կանոնակարգի 161-րդ կետում նշված ռիսկերի գծով ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարը չի կարող փոքր լինել վարկային կազմակերպության ակտիվների 1 տոկոսից:

163. «Բանկերս Բլանկետ Բոնդ (BBB)» ապահովագրություն իրականացնող ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունը պետք է ունենա միջազգային վարկանշային կազմակերպություններից և Ա.Մ.Բեստ վարկանշային կազմակերպությունից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի «A-» («A3») վարկանիշերից:

164. Վարկային կազմակերպությունը, վարկային կազմակերպության մասնաճյուղը արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնելիս փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրում է վարկային կազմակերպության տարածքում: Վարկային կազմակերպությունը, վարկային կազմակերպության մասնաճյուղը փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրում է այնպես, որպեսզի այն փակ տարածքից դուրս տեսանելի չլինի: Վարկային կազմակերպությունը, վարկային կազմակերպության մասնաճյուղն իր տարածքից դուրս վահանակ ունենալու դեպքում, վահանակի վրա նշում է միայն լիցենզավորված անձի անվանումը, լիցենզիայի համարը, աշխատանքային օրերը և ժամերը:

 

ԲԱԺԻՆ VI. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 26. ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

165. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները փոփոխությունները տեղի ունենալուց հետո Կենտրոնական բանկի գրանցմանն են ներկայացնում.

1) վարկային կազմակերպության, վարկային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տարածքային ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) կանոնադրություններում կատարված փոփոխությունները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը,

2) սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները:

(165-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

166. Վարկային կազմակերպության, վարկային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տարածքային ստորաբաժանումների կանոնադրություններում կատարված փոփոխությունները Կենտրոնական բանկում գրանցելու համար վարկային կազմակերպությունները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1) կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` վարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի լիազոր անձի ստորագրությամբ,

2) վարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք վարկային կազմակերպության, վարկային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տարածքային ստորաբաժանման կանոնադրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ,

3) վարկային կազմակերպության, վարկային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տարածքային ստորաբաժանման կանոնադրության փոփոխված դրույթները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, որոնք պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 29-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

4) եթե կանոնադրության փոփոխությունն առաջացնում է լիցենզիայի և (կամ) գրանցման վկայականի վերաձևակերպման անհրաժեշտություն, ապա միջնորդագրում նշվում է վերաձևակերպման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև կից ներկայացվում է հին լիցենզիայի և (կամ) գրանցման վկայականի բնօրինակը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(166-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

167. Եթե վարկային կազմակերպության կամ վարկային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տարածքային ստորաբաժանման կանոնադրության փոփոխությունը պայմանավորված է գործունեության վայրի փոփոխությամբ, ապա սույն կանոնակարգի 166-րդ կետում նշված փաստաթղթերից բացի Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև գործունեության նոր տարածքի սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության (ենթավարձակալության) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը (ենթավարձակալության պայմանագրի դեպքում` նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը), ընդ որում սույն կանոնակարգի 166-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջնորդագրում նշվում է վարկային կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ տարածքը համապատասխանում է սույն կանոնակարգի 25-րդ գլխով սահմանված չափանիշներին, իսկ անհնարինության դեպքում` պարտավորագիր առ այն, որ գրանցման մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կապահովվի դրանց համապատասխանությունը, և Կենտրոնական բանկ կներկայացվեն տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը:

(167-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 363-Ն որոշում)

168. Վարկային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը ֆիրմային անվանման փոփոխությամբ պայմանավորված լինելու դեպքում, բացի սույն կանոնակարգի 166-րդ կետում նշված փաստաթղթերից, Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև վարկային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցման հայտը և այլ պահանջվող փաստաթղթերը` համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ1» կետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի:

169. Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում վարկային կազմակերպության փոփոխված կանոնադրության գրանցման համար վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 166-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, տեղեկանք վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրման հաշվին միջոցների առկայության վերաբերյալ (բացառությամբ այն դեպքի, երբ կանոնադրական կապիտալը համալրվում է մինչև կանոնադրական կապիտալի համալրման մասին վարկային կազմակերպության իրավասու մարմնի համապատասխան որոշում ընդունելու պահը վարկային կազմակերպության պասիվներում առկա ներգրավված միջոցների մարումից ստացված գումարների հաշվին), ինչպես նաև բաժնետոմսերի վերջին թողարկման հայտարարագրի գրանցման վերաբերյալ որոշման պատճենը (բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային կազմակերպության համար): Ընդ որում, վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը վարկային կազմակերպության պասիվներում առկա ներգրավված միջոցների մարումից ստացված գումարների հաշվին կարող է համալրվել միայն Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության` դրա վերաբերյալ առարկության բացակայության դեպքում: Վարկային կազմակերպության պասիվներում առկա ներգրավված միջոցների մարումից ստացված գումարների հաշվին կապիտալի համալրման վերաբերյալ Ֆինանսական վերահսկողության վարչության կարծիքը ստանալու համար վարկային կազմակերպությունը մինչև սույն կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը, Կենտրոնական բանկ է ներկայացնում վարկային կազմակերպության պասիվներում առկա այդ միջոցների առկայությունը հավաստող հիմնավոր փաստաթղթեր և համապատասխան այլ տեղեկություններ: Ֆինանսական վերահսկողության վարչությունը սույն մասով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք: Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարծիք տալու տասնհինգօրյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կասեցվել: Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից տասնհինգօրյա ժամկետում չառարկելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին վարկային կազմակերպությանը չտեղեկացնելու դեպքում վարկային կազմակերպությունը կարող է պասիվներում առկա ներգրավված միջոցների մարումից ստացված գումարների հաշվին կանոնադրական կապիտալը համալրելու համար Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կետով սահմանված այլ փաստաթղթերը:

170. Վարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները Կենտրոնական բանկում գրանցվում են սույն կանոնակարգի 22-րդ գլխով սահմանված կարգով:

171. Փոփոխությունները գրանցվում են, կամ փոփոխությունների գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, ընդ որում, կանոնադրության փոփոխության գրանցման վերաբերյալ որոշումը ձևակերպվում է գրանցման ներկայացված փոփոխության տիտղոսաթերթի վրա Կենտրոնական բանկի նախագահի էլեկտրոնային-թվային ստորագրությունը դնելու միջոցով:

172. Գրանցման վկայականի և (կամ) լիցենզիայի նոր օրինակը վարկային կազմակերպությանը տրամադրվում է կանոնադրությունը գրանցելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 27. ԳՐԱՆՑՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

173. Վարկային կազմակերպությունը լիցենզիա ստանալուց հետո սույն կետում նշված փոփոխությունները տեղի ունենալու դեպքում` փոփոխության օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փոփոխությունները.

1) վարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող նոր ներքին իրավական ակտերի ընդունման կամ գործող ներքին իրավական ակտերի փոփոխության դեպքում` նոր ընդունված ներքին իրավական ակտերը կամ գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող ներքին իրավական ակտերը (վարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը),

2) վարկային կազմակերպության` սույն կանոնակարգի 25-րդ գլխով սահմանված տարածքի և տեխնիկական հագեցվածության յուրաքանչյուր փոփոխության դեպքում` այդ փոփոխությունների վերաբերյալ գրություն, որը պարունակում է հայտարարություն առ այն, որ փոփոխված տարածքը և տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են սույն կանոնակարգի 25-րդ գլխով սահմանված չափանիշներին,

3) վարկային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրության փոփոխությունների դեպքում` տվյալ փոփոխությունները,

4) վարկային կազմակերպության խորհրդի նախագահի կամ խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնանկության դեպքում` համապատասխան գրություն, որտեղ նշվում են կառավարման իրավասու մարմնի կողմից որոշման կայացման և փոփոխության իրականացման ամսաթվերը:

174. Վարկային կազմակերպությունը սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված տեղեկանքի 2.3-րդ, 3.6-րդ, 3.8-3.9-րդ, 4.1-րդ ենթակետերով կամ 5-9-րդ կետերով սահմանված տեղեկությունների փոփոխության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է այդ փոփոխությունները:

175. Վարկային կազմակերպությունը, վարկային կազմակերպության մասնաճյուղը Կենտրոնական բանկ է ներկայացնում տնտեսական ծրագրի փոփոխված տարբերակը` փոփոխությունը տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե տեղի է ունեցել վարկային կազմակերպության ռազմավարության փոփոխություն: Վերանայված ծրագրում նշվում է ռազմավարության փոփոխության հիմնավորումը: Ընդ որում, ծրագրին կից աղյուսակներում փոփոխություն կարող է կատարվել միայն մինչև հունիս ամսվա վերջին օրը: Նշված ժամանակահատվածից հետո փոփոխություն կարող է կատարվել միայն մակրոտնտեսական միջավայրի էական տատանումների (օրինակ` համախառն ներքին արդյունքի, գների, փոխարժեքի էական տատանումներ) դեպքում:

 

ԲԱԺԻՆ VII. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 28. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

176. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններին թույլատրվում է իրենց գործունեության տարածքից դուրս իրականացնել վարկերի տրամադրման և (կամ) վարկերի հավաքագրման գործընթացները` հետևյալ բոլոր պայմանների միաժամանակ առկայության դեպքում.

1) վարկերի տրամադրումը և (կամ) վարկերի հավաքագրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում,

2) վարկային կազմակերպությունից, վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանումից, այլ վարկային կազմակերպությունից կամ բանկից կանխիկ միջոցները գյուղական համայնքներ և գյուղական համայնքներից հետ տեղափոխումն իրականացվում է զինված ոստիկանի ուղեկցությամբ կամ ինկասատորի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ ինկասացիոն կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

3) վարկային կազմակերպությունը գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկին գյուղական համայնքում սույն կետով նշված գործունեությունն սկսելու կամ դադարեցնելու որոշման մասին` համապատասխան որոշումն ընդունելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, գյուղական համայնքում սույն կետով նշված գործունեությունը սկսելու մասին գրավոր ծանուցմանը կցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ ինկասացիոն կազմակերպության հետ կնքված համապատասխան պայմանագրի պատճենները:

4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ ինկասացիոն կազմակերպության հետ կնքված սույն կետում նշված պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո վարկային կազմակերպությունն անմիջապես երկարաձգում է կնքված պայմանագրի ժամկետը կամ կնքում է նոր պայմանագիր, ընդ որում վարկային կազմակերպությունը 15 օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում պայմանագրի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթուղթը կամ նոր պայմանագիրը:

5) վարկային կազմակերպության աշխատակիցներից, զինված ոստիկանից կամ ինկասատորից կազմված մեկ խմբի մոտ առկա գումարը օրվա ընթացքում չի գերազանցում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

 

(կանոնակրագը խմբ. 15.07.14 թիվ 193-Ն որոշում)

 

(կանոնակրագը փոփ. 13.11.12 թիվ 316-Ն, 19.07.11 թիվ 189-Ն, 20.12.11 թիվ 365-Ն, 07.02.12 թիվ 36-Ն, 21.12.10 թիվ 338-Ն, 28.07.09 թիվ 228-Ն, 25.12.12 թիվ 377-Ն, 10.03.09 թիվ 56-Ն, 22.09.09 թիվ 281-Ն որոշումներ)

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
01.07.2008
N 194-Ն
Որոշում