Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ...

 

 

020.0783.161208

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 դեկտեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև զարգացման համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 06.12.2008թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի սեպտեմբերի 15-ին` Երևան քաղաքում: Համաձայնագրի նպատակն է ամրապնդել փոխադարձ զարգացման համագործակցության իրավական և կառուցվածքային համակարգը:

2. Համաձայնագրի համաձայն` դանիական կողմը հայկական կողմին տրամադրում է ֆինանսական աջակցություն, նյութական միջոցներ, տեխնիկական օժանդակություն և վերապատրաստման հնարավորություններ: Հայկական կողմն ապահովում է վերոնշյալ աջակցության և վերապատրաստման հնարավորությունների արդյունավետ օգտագործումը:

3. Համաձայնագրով սահմանված է, որ Ծրագրերն իրականացնող գործակալությունները (ԾԻԳ-երը) երկու պետությունների ընտրած պետական մարմին և պետական ու մասնավոր, ինչպես նաև ցանկացած պետական կամ մասնավոր կազմակերպություններ են:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել մյուս կողմի տրամադրած աջակցության և վերապատրաստման հնարավորությունների արդյունավետ օգտագործումը,

- անվճար և առանց անհիմն հետաձգումների ԾԻԳ-երին տրամադրել անհրաժեշտ բոլոր թույլտվությունները և լիազորությունները,

- ԾԻԳ-երին ազատել Հայաստանի Հանրապետությունում մատուցած իրենց ծառայությունների դիմաց ՀՀ-ից դուրս գտնվող հիմնադրամներից կամ այլ աղբյուրներից վճարվող վարձատրություններից գանձվող եկամտահարկից կամ այլ ուղղակի հարկերից ու վճարներից,

- ԾԻԳ-երին ազատել համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված եկամուտների մասին որևէ հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից,

- տրամադրել մյուս կողմի իրավասու մարմնի կողմից նշանակված աշխատակազմում ընդգրկված անձանց պաշտոնների ամբողջական անվանումը և անձնագիրը, համապատասխան կարգով սահմանել պաշտոններն զբաղեցնող անձանց պարտականությունները և մատուցվող ծառայությունները, ինչպես նաև թեկնածուի անհրաժեշտ և ցանկալի որակավորումները,

- աշխատակազմին տրամադրել գրասենյակային տարածք, փոխադրամիջոց, քարտուղարական ծառայություններ և անհրաժեշտ այլ հարմարություններ,

- ապահովել, որ օտարերկրյա աշխատակազմի անդամները և նրանց ամուսիններն ու խնամարկյալները լիովին պաշտպանված լինեն օրենքով, իսկ հետագայում ապահովել նաև, որ նրանք օգտվեն այն նույն արտոնություններից, որոնցից օգտվում են ՀՀ-ում նշանակված այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների աշխատակիցները,

- ապահովել, որ աշխատակազմի օտարերկրյա աշխատակիցները, նրանց ամուսիններն ու խնամարկյալներն ազատվեն զինվորական ծառայությունից և զինվորական այլ պարտականություններից, իրավունք ունենան բացելու բանկային հաշիվներ, ազատվեն ՀՀ ներմուծվող արտաքին դրամական միջոցների նկատմամբ կիրառվող արժույթի կամ արտարժույթի փոխանակման սահմանափակումներից,

- աշխատակազմի օտարերկրյա աշխատակիցներին, նրանց ամուսիններին ու խնամարկյալներին ազատել եկամտահարկից կամ այլ ուղղակի հարկերից կամ վճարներից, բոլոր մաքսատուրքերից, տրամադրել մեկանգամյա /բազմակի/ մուտքի-ելքի անվճար արտոնագիր կամ բնակության, աշխատանքի թույլտվություն և անհրաժեշտ բոլոր թույլտվությունները,

- դանիական կողմին և նրա աշխատակազմին հատուցել ցանկացած կորուստ և ազատել ցանկացած պատասխանատվությունից, որն առաջանում է վերոնշյալ մեկ կամ մի քանի անձանց գործողությունների կամ բացթողումների հետևանքով,

- անհրաժեշտության դեպքում ծանուցել դանիական կողմին մաքսազերծման հարցերով զբաղվող գործակալների կողմից մաքսազերծման համար պահանջվող փաստաթղթերի և Հայաստանում կիրառվող ներմուծման և մաքսազերծման ընթացակարգերի մասին,

- անհապաղ և անվճար հիմունքներով տրամադրել գույքի ներմուծման համար անհրաժեշտ արտոնագրեր և գույքի ներմուծման համար անհրաժեշտ այլ թույլտվություններ,

- գույքն ազատել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հետ կապված մաքսատուրքերից, հարկերից և նմանատիպ այլ վճարներից կամ ծախսերը կատարել իր հաշվին,

- ապահովել ներմուծված գույքի արագ և անվնաս ընդունումը, տնօրինումը, մաքսազերծումը, առաքումը, ինչպես նաև պահեստավորումը և հետագա փոխադրումը,

- ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները և սկսել դատավարություն գույքի ցանկացած խմբաքանակի լրիվ կամ մասնակի կորստի կամ վնասի վերաբերյալ ներկայացված պահանջի դեպքում և անհապաղ ծանուցել դանիական կողմին:

5. Համաձայնագրի համաձայն` դանիական կողմը կատարում է ԾԻԳ-երի վճարները և ծախսերը` բացառությամբ այն ծախսերի, որոնք կրում է հայկական կողմը:

6. Սույն համաձայնագիրը սահմանում է նաև աշխատակազմի ձևավորման, գույք և նյութական այլ միջոցներ ձեռք բերելու, կրթաթոշակներ սահմանելու, աշխատանքների գնահատման, կողմերի միջև վեճերի կարգավորման, համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և դադարելու կարգն ու պայմանները:

7. Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում Հանրապետության Նախագահի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ ինքն առաջարկելու է Ազգային ժողովին սույն համաձայնագրի վավերացման ժամանակ քննության առնել համաձայնագրի 3 հոդվածի 16 ա կետի վերաբերյալ վերապահում անելու հարցը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2008 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև զարգացման համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 դեկտեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-783

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.12.2008
N ՍԴՈ-783
Որոշում