Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14 ՀՈԴՎԱ ...

 

 

020.0786.231208

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 23 դեկտեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Գ. Կուտոյանի, պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 68 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` սահմանադրական դատարանում 21.11.2008թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ դատական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ դատական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007թ. փետրվարի 21-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի ապրիլի 7-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 18-ին:

ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածը վերնագրված է. «Դատավորի անփոփոխելիությունը»: Հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատավորների ինքնաբացարկները բավարարելու կամ այլ պատճառներով առաջացած դատավորների թվի անբավարարության հետևանքով, վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դատավորը (նույն կամ վերադաս ատյանի) կարող է գործուղվել այդ դատարան», իսկ համապատասխանաբար 7-րդ մասը սահմանում է. «Եթե օրենքով նախատեսվում է դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացում, ապա համապատասխան դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը և հավելավճարներ ստանալու իրավունքը, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ»:

2. Սկզբնապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվել է ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի սահմանադրականությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2008թ. դեկտեմբերի 2-ի աշխատակարգային որոշմամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի, մերժել է ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի սահմանադրականությունը վիճարկելու մասով գործի քննության ընդունումը` նկատի ունենալով այդ նորմերի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման առկայությունը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը քննության է ընդունվել ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու մասով:

3. Վիճարկելով ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը` դիմող կողմը գտնում է, որ վիճարկվող դրույթը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին` հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ դատավորին նույն ատյանի կամ վերադաս ատյանի դատարան գործուղելու արդյունքում ստեղծված դատարանը չի կարող համարվել դատական մարմին, քանի որ ՀՀ Սահմանադրության 94 հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Մինչդեռ վճռաբեկ դատարանի նախագահի որոշման արդյունքում ձևավորված դատարանը չի համապատասխանում «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» հասկացությանը: Բացի դրանից, վիճարկվող դրույթը, ըստ դիմողի, չի համապատասխանում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող դրույթը սահմանադրականության խնդիր չի առաջացնում: Ըստ պատասխանողի` ռեզերվային դատավորին գործուղելու վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը չի վերաբերում դատարանի կազմավորման կարգով նոր դատական կազմ ձևավորելու կամ ուղղակի դատական մարմին ստեղծելու պահանջին: Վիճարկվող դրույթը վերաբերում է ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետի և 95 հոդվածի պահանջներին համապատասխան օրենքի հիման վրա ստեղծված դատարանում ռեզերվային դատավորի ընդգրկմամբ դատական նոր կազմի ձևավորմանը:

ՀՀ դատական օրենսգիրքը, սահմանելով վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները, միևնույն ժամանակ նախատեսում է նրա կողմից վճռաբեկ դատարանի բնականոն գործունեության ապահովման և օրենքով իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացման հնարավորություն: Իսկ նույն օրենսգրքի 14 հոդվածի 4-րդ մասը` 7-րդ մասի համադրությամբ, նախատեսում է ռեզերվային դատավորին գործուղելու մասին որոշում կայացնելու` վճռաբեկ դատարանի նախագահի իրավունքը: Ըստ պատասխանողի` դա նշանակում է, որ վճռաբեկ դատարանի նախագահը կարող է կայացնել այդպիսի որոշում միայն օրենքով նախատեսված հիմքերի և պայմանների առկայության պարագայում:

i

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին` վիճարկվող դրույթի` դիմողի մատնանշած հակասության առնչությամբ պատասխանողը նշում է, որ սահմանադրական դատարանն իր 2008թ. դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-782 որոշմամբ արդարացիորեն իրավաչափ է համարել գործուղման հիման վրա ձևավորված դատական կազմի միջոցով գործի քննությունը` դատավորի գործուղման ինստիտուտի առկայությունը պայմանավորելով հենց անձի դատական պաշտպանության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների ապահովման անհրաժեշտությամբ:

5. ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածն ամրագրել է դատավորների երկու կատեգորիա, որոնք կարող են վճռաբեկ դատարանի նախագահի կողմից գործուղվել այլ դատարան: Դրանք են.

ա) գործող դատավորը (14 հոդվածի 3-րդ և 5-րդ մասեր),

բ) ռեզերվային դատավորը (14 հոդվածի 4-րդ մաս` 7-րդ մասի համադրությամբ):

Սահմանադրական դատարանը գործող դատավորների գործուղման իրավակարգավորումը սահմանող` ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը լուծել է սահմանադրական դատարանի 2008թ. դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-782 որոշմամբ` այդ դրույթները ճանաչելով ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի 2-րդ մասին, 18 հոդվածի 1-ին մասին, 55 հոդվածի 11-րդ մասին և 95 հոդվածին հակասող և անվավեր: Այդ որոշման մեջ, անդրադառնալով դատավորի գործուղման իրավաչափությանը` սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածով սահմանված` դատավորի գործուղման իրավակարգավորումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` դատական ծանրաբեռնվածության հաղթահարումը` ողջամիտ ժամկետում գործերի քննության համար, ինչը, իր հերթին, նպատակաուղղված է դատական պաշտպանության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների արդյունավետ իրացման ապահովմանը: Դատավորի գործուղման հնարավորության նախատեսումն ինքնին իրավաչափ է, պայմանավորված է բացառիկ դեպքերում, իրավականորեն արդարացված` տվյալ դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով գործի քննության անհնարինության հետևանքների հաղթահարման անհրաժեշտությամբ:

Նշված որոշման մեջ սահմանադրական դատարանը միաժամանակ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ դատավորների գործուղումները պետք է լինեն բացառություն և ոչ թե դառնան ընդհանուր կանոն: Ըստ դիմողի` դրանք նաև պետք է իրականացվեն այն կարգով, որ բացառվի սահմանված կարգից դուրս` բացառիկ բնույթ ունեցող դատարան ձևավորելը:

Սահմանադրական դատարանն իր նշված որոշման մեջ նաև նշել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 61 հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի ուժով օրենքով վճռաբեկ դատարանի նախագահին կարող են վերապահվել այնպիսի լիազորություններ, որոնք իրենց բնույթով չեն հակասում օրենքով և, մասնավորապես, օրենսգրքի 61 հոդվածի 3-րդ մասով վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված մյուս լիազորություններին: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածով վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված` դատավորներին գործուղելու վերաբերյալ լիազորությունը չի բխում նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջներից:

6. Դատական օրենսգրքի 14 հոդվածի 7-րդ մասի համաձայն` ռեզերվային դատավորների ինստիտուտը ձևավորվում է դատարանների կամ վճռաբեկ դատարանի պալատների վերացման արդյունքում: Ռեզերվային դատավորների կարգավիճակը պահպանվում է մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը: Նման իրավակարգավորումը բխում է ՀՀ Սահմանադրության 96 հոդվածում ամրագրված` դատավորների անփոփոխելիության սկզբունքից և իրավական երաշխիք է այդ սկզբունքի իրացումն ապահովելու համար:

Սահմանադրական դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 6-րդ մասով նախատեսված կրճատված դատավորները, թեև ունեն նույն կարգավիճակը, ինչ դատարանի կամ պալատի վերացման արդյունքում ձևավորված ռեզերվային դատավորները, սակայն, ըստ նույն հոդվածի 7-րդ մասի` ռեզերվային դատավորներ չեն համարվում, ենթակա չեն գործուղման և, հետևաբար` ստեղծված չեն արդարադատության իրականացմանը նրանց մասնակցությունն ապահովող մեխանիզմներ:

Դատական օրենսգրքի 14 հոդվածի վիճարկվող դրույթը` սահմանելով ռեզերվային դատավորին գործուղելու դեպքերը, միաժամանակ որպես ռեզերվային դատավորների գործուղման միակ չափանիշ սահմանում է գործուղվող դատավորի` նույն ատյանի կամ վերադաս ատյանի դատավոր լինելու պահանջը: Նման պահանջն առաջին հերթին հնարավորություն է ընձեռում գործուղման դեպքում ապահովել գործի քննությունը համապատասխան ատյանի դատավորի որակավորում ունեցող դատավորի կողմից:

7. Հիմք ընդունելով այն եզրահանգումը, որ ինչպես գործուղման հնարավորության սահմանումը` ընդհանրապես, այնպես էլ ռեզերվային դատավորների գործուղման հնարավորության սահմանումը` մասնավորապես, ինքնին իրավաչափ են, միաժամանակ հաշվի առնելով, որ ռեզերվային դատավորների գործուղման կապակցությամբ իրավակիրառական պրակտիկա դեռևս ձևավորված չէ` սահմանադրական դատարանը գտնում է, որ ռեզերվային դատավորների գործուղման իրավաչափությունն իրավակիրառական պրակտիկայում կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ գործուղման գործընթացն իրականացվի ինչպես վերոհիշյալ, այնպես էլ սահմանադրական դատարանի ՍԴՈ-782 որոշման մեջ նշված իրավական դիրքորոշումներին համապատասխան:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 14 հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 դեկտեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-786

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.12.2008
N ՍԴՈ-786
Որոշում