Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ, 51-ՐԴ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ, 51-ՐԴ ԵՎ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ թիվ 3-386 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                  2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3213/2007 թ.

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

Մ. Ասատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի             

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի հուլիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մուշեղ Եկմալյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Մուշեղ Եկմալյանի ընդդեմ Լիլիթ Իշխանյանի` երեխային տեսակցելու կարգ սահմանելու պահանջի մասին

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Մուշեղ Եկմալյանը խնդրել է սահմանել որդու` Գևորգ Եկմալյանի հետ տեսակցության հետևյալ կարգը. շաբաթը երեք օր, երկուական ժամ կամ երկու օր երեքական ժամ տևողությամբ, մոր` Լիլիթ Իշխանյանի բացակայությամբ` կոնկրետ ժամերը համապատասխանեցնելով երեխայի կենսաապահովման ռեժիմի հետ:

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 07.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Հայցվորին թույլատրվել է տեսակցելու երեխային շաբաթը 2 օր 3 ժամ տևողությամբ:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Հայցվորին թույլատրվել է տեսակցելու երեխային շաբաթը 2 օր (երկուշաբթի և հինգշաբթի օրերին) 2 ժամ տևողությամբ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մուշեղ Եկմալյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Մուշեղ Եկմալյանին զրկել է երեխայի հետ տեսակցելու հնարավորությունից, քանի որ տեսակցության երկու օրն էլ աշխատանքային օրեր են և աշխատանքային ժամեր: Միակողմանի դաստիարակվող երեխան լուրջ հոգեբանական խնդիրներ կարող է ունենալ, ինչպիսի հանգամանքը դատարանի կողմից հաշվի չի առնվել:

Վերաքննիչ դատարանի վճռով ծնողների իրավունքների իրականացման հարցում խտրականություն է դրված, որը սույն գործով հայցվորի համար ծնողական իրավունքների իրականացման անհնարինություն է առաջացնում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.06.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Մուշեղ Եկմալյանը և Լիլիթ Իշխանյանը 2005 թվականի հուլիս ամսից գտնվել են գրանցված ամուսնության մեջ, ունեցել են մեկ երեխա` 23.06.2006 թվականին ծնված Գևորգ Եկմալյանին:

2. 2007 թվականի հունվար ամսից կողմերը դադարել են համատեղ կյանք վարել և ներկայումս Գևորգ Եկմալյանը գտնվում է Լիլիթ Իշխանյանի խնամքին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

i

Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին, ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին:

Նշված հոդվածներից հետևում է, որ ծնողների վրա է դրված երեխաների դաստիարակության, այդ թվում` առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման հարցերի լուծման պարտականությունը, ընդ որում, նշված պարտականությունը ծնողների միջև բաշխված է հավասարապես, ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ` իհարկե հաշվի առնելով երեխաների շահերը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:

i

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլիրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

i

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, գումար բռնագանձելու պահանջով):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը և սահմանելով երեխայի տեսակցության ավելի կրճատ ժամեր (ինչպես նաև փոփոխելով տեսակցության օրերը), որևէ կերպ չի հիմնավորել Դատարանի կողմից սահմանված տեսակցության կարգի աննպատակահարմարությունը և դրա անհամապատասխանությունը ծնողի և երեխայի շահերին:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը Գևորգ Եկմալյանի համար սահմանելով տեսակցության կարգ` ըստ էության հաշվի չի առել այն հանգամանքը, որ աշխատանքային երկուշաբթի և հինգշաբթի օրերին (ընդամենը օրական 2 ժամ) երեխաներին տեսակցելն անհարկի սահմանափակում է Գևորգ Եկմալյանի` երեխաների խնամքով ու դաստիարակությամբ զբաղվելու իրավունքը, ինչպես նաև չի բխում երեխայի շահերից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածների համաձայն` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Միաժամանակ, հաշվի առնելով երեխայի տարիքը և մշտական խնամքի տակ գտնվելու անհրաժեշտությունը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում երեխայի տեսակցությունը սահմանել Լիլիթ Իշխանյանի ներկայությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2007 թվականի վճիռը և այն փոփոխել. Մուշեղ Եկմալյանին թույլատրել Գևորգ Եկմալյանին տեսակցել շաբաթը 2 օր. ուրբաթ օրը ժամը 18.00-ից 21.00-ը և շաբաթ օրը` ժամը 16.00-ից 19.00-ը` Լիլիթ Իշխանյանի ներկայությամբ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Հ. Ղուկասյան

Դ. Ավետիսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.07.2008
N 3-386(ՎԴ)
Որոշում