Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԸ, 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-495 (ՎԴ)

    դատարանի որոշում                                              2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-508

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի              

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի  

 

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

քննարկելով «Բալենի» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) Վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Զինա Ալբերտյանի ընդդեմ Կոոպերատիվի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` Կոոպերատիվի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, շենքի կրող կոնստրուկցիա հիմնապատը վերականգնելու, դեպի նկուղ աջակողմյան աստիճանավանդակի (լուսամուտի տակի) մուտքը փակելու, սեփականատիրոջ իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելու, և ըստ Կոոպերատիվի հակընդդեմ հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Զինա Ալբերտյանի, երրորդ անձ Կադաստրի` Երևանի քաղաքապետի ճարտարապետահատակագծային առաջադրանքը և շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատավարական ակտի էությունը.

 

Դիմելով դատարան` Զինա Ալբերտյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել` Կոոպերատիվի անվամբ սեփականության իրավունքի 05.11.2007 թվականի գրանցումը, Կոոպերատիվի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին պարտավորեցնել վերականգնել շենքի կրող կոնստրուկցիա հանդիսացող հենապատը, փակել Զինա Ալբերտյանի պատուհանի տակ գտնվող և դեպի նկուղ տանող աստիճանավանդակի մուտքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի ճարտարապետահատակագծային առաջադրանքը և շինարարության թույլտվությունը:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.05.2008 թվականի որոշմամբ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի որոշումը մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել. որոշվել է Զինա Ալբերտյանի հայցապահանջն ընդդեմ Կոոպերատիվի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունի տ/ս-ի` սեփականատիրոջ իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելու մասով, բավարարել, հայցը մնացած մասով մերժելու վերաբերյալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ: Կոոպերատիվի հակընդդեմ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Զինա Ալբերտյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը, 54-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ապացույցների կազմից հանել է և չի գնահատել ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից 17.12.2007 թվականին տրված մասնագիտական եզրակացությունը` գնահատման առարկա չդարձնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն այն նույնպես գրավոր ապացույց է:

i

2. Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բնակարանը գտնվում է Բագրատունյաց պողոտայի վրա, հետևաբար, բնակարանի պատուհանի վերածումը դռան, բնակարանի նպատակային նշանակության փոփոխությունը բնակելիից ոչ բնակելի, ինչպես նաև բնակարանի ներքին կառուցվածքային փոփոխությունները վկայում են այն մասին, որ բնակարանը ոչ բնակելի տարածքի վերածելը հետապնդում է միմիայն առևտրային նպատակ: Հետևաբար, վերոնշյալ շինարարական աշխատանքները կարող էին իրականացվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ, որը սույն քաղաքացիական գործում բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.05.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները.

 

Բողոք բերող անձի կողմից հիշատակված` ՀՀ քաղաքաշինության նախարարության մասնագիտական եզրակացությունը չի կարող գնահատվել որպես գրավոր ապացույց, քանի որ նրանում չի նշվել, թե քաղաքաշինության և ճարտարապետահատակագծային ո՛ր նորմերին չեն համապատասխանում այն փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել է բնակարանի լուսամուտը դռան վերակառուցելու վերաբերյալ թույլտվությունը, իսկ եզրակացության 4-րդ կետում կատարված եզրակացությունները հիմնավորված չեն համապատասխան հաշվարկներով: Բացի այդ, նշված փոփոխությունների արդյունքում չի նվազել պատասխանողի լուսավորությունը և մուտքի սպասարկման համար չեն ստեղծվել անհարմարություններ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կողմից 17.12.2007 թվականին տրվել է մասնագիտական եզրակացություն` Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 14 շենքի թիվ 40 բնակարանից Զինա Ալբերտյանի կողմից նոր մուտքի կազմակերպման օրինականության մասին, որով հաստատվում է համապատասխան շինարարական աշխատանքների հետևանքով Կոոպերատիվի սեփականության իրավունքի խախտման փաստը:

2. Զինա Ալբերտյանին պատկանող բնակարանի նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունների արդյունքում փոխվել է բնակարանի նպատակային նշանակությունը, այն է` բնակելի տարածքը վերածվել է ոչ բնակելի տարածքի:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հաստատվում են նաև գրավոր և իրեղեն ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը որպես ապացույց չի գնահատել ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության մասնագիտական եզրակացությունը` պատճառաբանելով, որ ապացույցի նման տեսակ նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով:

Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ և 54-րդ հոդվածներից հետևում է, որ գրավոր ապացույցներ կարող են հանդիսանալ համապատասխան քաղաքացիական գործով ապացուցման առարկան կազմող հանգամանքները բացահայտող տեղեկատվություն պարունակող ցանկացած փաստաթուղթ, եթե հնարավոր է հաստատել դրա իսկությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության եզրակացությամբ հաստատվում է Զինա Ալբերտյանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների Կոոպերատիվի սեփականության իրավունքի խախտման փաստը, որը հանդիսանում է սույն քաղաքացիական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է նշված եզրակացությունը որպես ապացույց չդիտելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը:

2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինության սեփականատերն իրավունք ունի առանց մյուս սեփականատերերի համաձայնության, ոչ առևտրային նպատակներով, իր շինության պատերից բացել կամ փակել պատուհաններ, դռներ, մուտքեր, ծխնելույզներ, պատերի այլ բացվածքներ, աստիճանավանդակներ, աստիճաններ, իր շինության ներքին կամ արտաքին պատերի վրա կամ դրանց կից իրականացնել այլ քաղաքաշինական գործունեություն (ներառյալ այն դեպքերը, երբ այդ պատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն):

Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով, Զինա Ալբերտյանին պատկանող բնակարանի նպատակային նշանակության փոփոխումը ոչ բնակելի տարածքի, բավարար հիմք չէ դրա` առևտրային նպատակ ունենալու փաստը հաստատված համարելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-240.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Վարչական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.07.2008
N 3-495(ՎԴ)
Որոշում