Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 627-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 627-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ 3-621 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1505

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

Դատավորներ` Ս. Գրիգորյան

Ե. Խունդկարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարտունու տարածքային սպառկոոպի վարչության (այսուհետ` Վարչություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարչության ընդդեմ Արթուր Զաքարյանի, Մարտունու քաղաքապետարանի և երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը, հողի վարձակալության պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու, հողամասի իրական չափերը պարզելու, Վարչության շինության սեփականության, դրա սպասարկման համար հողատարածքի վարձակալության իրավունքը ճանաչելու և Մարտունու քաղաքապետարանին որոշակի գործողությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին և Արթուր Զաքարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Վարչության` անշարժ գույքի օգտագործման խոչընդոտը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Վարչությունը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Արթուր Զաքարյանի և Հասմիկ Մոսոյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումն ու վերջիններիս անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը, ճանաչել Վարչության շինության սեփականության, դրա սպասարկման համար 100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության իրավունքը և պարտավորեցնել Մարտունու քաղաքապետարանին կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արթուր Զաքարյանը պահանջել է պարտադրել Վարչությանն ազատելու սեփականության իրավունքով իրեն և կնոջը պատկանող 3,5 քմ մակերեսով հողամասը` տեղահանելով առևտրի կրպակը:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2008 թվականի որոշմամբ Վարչության վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը, 48-րդ հոդվածի 5-րդ մասը, 62-րդ և 72-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Վարչությունը դատարան չի ներկայացրել որևէ գրավոր ապացույց այն մասին, թե կոնկրետ վիճելի տարածքում քանի քառակուսի մետր հողամաս, ինչ կարգով, որքան վարձավճարով է նախկինում հատկացվել Վարչությանը առևտրի կրպակը տեղադրելու համար, որի հիմքով Կադաստրը պետք է կատարեր հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես` վարձակալության պայմանագիրը, արխիվային տեղեկանքը, շինության վարձակալության վճարների մասին տեղեկանքը, շինություններով զբաղեցված հողամասերի ցուցակը, հողի վարձավճարների վճարման անդորրագրերը, որոնցով հիմնավորվում են վերը նշված հանգամանքները:

Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Վարչության կողմից չի ներկայացվել վիճելի հողամասի վերաբերյալ նոտարական վավերացմամբ հողամասի վարձակալության պայմանագիր, անտեսել է, որ Մարտունու քաղաքապետարանը չի պահպանել վարձակալության պայմանագրի կնքման օրենքով սահմանված կարգը: Առավել ևս Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ Վարչությունը Մարտունու քաղաքապետարանի բացթողումը հայտնաբերելուց հետո այդ խախտումը վերացնելու համար դիմել է դատական պաշտպանության: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առնել, որ ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Կադաստրը պետք է գրանցեր Վարչության վարձակալության իրավունքը վիճելի հողամասի նկատմամբ: ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի հիման վրա Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ ճանաչել Արթուր Զաքարյանի սեփականության իրավունքն այն հողամասի նկատմամբ, որը վարձակալության իրավունքով օգտագործվում է վարչության կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության կամ փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 1976 թվականին Մարտունու շրջխորհրդի գործկոմի որոշմամբ «Հայկոոպի» վարչության Մարտունու նախկին շրջանային սպառկոոպին Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի հարակից մասում 6 քմ մակերեսով հուշանվերների խանութ-տաղավարը տեղադրելու համար օգտագործման իրավունքով հատկացվել է հողամաս:

2) Մարտունու քաղաքապետարանի 16.02.2006 թվականի թիվ 058 գրության համաձայն` Մյասնիկյան փողոցի 051-005 ծածկագրով հողամասի նկատմամբ Արթուր Զաքարյանն ունի սեփականության իրավունքի վկայական: Վիճելի տարածքի հյուսիս-արևմտյան մասում տեղադրված է Վարչությանը պատկանող 6 քմ մակերեսով տաղավար:

3) Կադաստրի 13.02.2006 թվականի տեղեկանքի համաձայն` Մարտունի քաղաքի քարտեզագրման ժամանակ 051-005 ծածկագրով հողամասում կատարվել է անճշտություն, 100 քմ մակերեսը պատկանում է Մարտունու սպառկոոպին, որը գծագրվել է Արթուր Զաքարյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետության կամ համայնքի սեփականությանը պատկանող և քաղաքացիների ու իրավաբանական անձանց մոտ օգտագործման (մինչև դրա ժամկետի լրանալը) իրավունքով գտնվող հողամասերը չեն կարող օտարվել այլ անձի, եթե սահմանված կարգով չի լուծվել պայմանագիրը:

ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` մինչև նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված հողամասի նկատմամբ իրավունքները, դրանց սահմանափակումները, ներառյալ` սերվիտուտները, ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման: Նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից մինչև սույն օրենսգրքի ընդունումը նախկին հողային օրենսգրքով նախատեսված հողամասերի նկատմամբ մշտական և ժամանակավոր օգտագործման իրավունք ունեցող անձինք, այդ թվում մասնավորեցված (սեփականաշնորհված) իրավաբանական անձինք, օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված հողամասերի նկատմամբ ձեռք են բերում վարձակալության իրավունք` տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով և սույն օրենսգրքով սահմանված ժամկետներով, առանց հողամասի չափերի փոփոխման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն իր կողմից կայացված որոշումներում նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

i

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504 (ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

i

Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843 (ՎԴ)): Դատարանի կողմից գործի քննության ընթացքում պետք է ուսումնասիրվեն գործում առկա բոլոր ապացույցները, վերլուծության ենթարկվեն կողմերի ներկայացրած և դատաքննությամբ հետազոտված ապացույցները` դրանցով համապատասխան հանգամանքները հիմնավորված կամ անհիմն համարելու համար (տես` Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը):

Սույն գործով վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Վարչությունը դատարան չի ներկայացրել որևէ գրավոր ապացույց այն մասին, թե կոնկրետ վեճի առարկա տարածքում քանի քառակուսի մետր հողատարածք, ինչ կարգով, որքան վարձավճարով է նախկինում հատկացվել Վարչությանը առևտրի կրպակը տեղադրելու համար գնահատման առարկա չդարձնելով 1976 թվականի Մարտունու շրջխորհրդի գործկոմի որոշմամբ Վարչությանը Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի հարակից մասում 6 քմ մակերեսով հուշանվերների խանութ-տաղավարը տեղադրելու համար օգտագործման իրավունքով հողամաս հատկացված լինելու փաստը, ինչպես նաև Կադաստրի 13.02.2006 թվականի տեղեկանքը, համաձայն որի` Մարտունի քաղաքի քարտեզագրման ժամանակ 051-005 ծածկագրով հողամասում կատարվել է անճշտություն, 100 քմ մակերեսը պատկանում է Մարտունու սպառկոոպին, որը գծագրվել է Արթուր Զաքարյանին:

Վերոնշյալից հետևում է, որ Արթուր Զաքարյանին տրված սեփականության իրավունքի վկայականում ներառվել է նաև Վարչությանն օգտագործման իրավունքով պատկանող հողամասը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2008
N 3-621(ՎԴ)
Որոշում