Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՎԻԵՆՆԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ...

 

 

020.0789.170209

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 17 փետրվարի 2009 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի դեկտեմբերի 23-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, տեղեկանքները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի փոխառության համաձայնագիրն ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 23-ին` Վիեննա քաղաքում:

Համաձայնագրի նպատակն է աջակցել համեմատական տնտեսական առավելություններ ունեցող առաջնային արտադրողների և առավել բարենպաստ աշխատանքային հնարավորություններ փնտրող գյուղաբնակների հետ սերտ կապ ունեցող գյուղական ձեռնարկություններին:

Ըստ համաձայնագրի` ՄԶՕՀ-ն համաձայնում է համաձայնագրում ամրագրված պայմաններին համապատասխան ՀՀ-ին տրամադրել տասնչորս միլիոն ԱՄՆ դոլար: Փոխառության հիմնական գումարի վերադարձն սկսվում է 2014թ. հունվարի 15-ից և ավարտվում 2028թ. հուլիսի 15-ին:

2. Ըստ քննության առարկա համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

սկսած 2014 թվականից կիսամյակային մուծումներով` յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին, պարբերաբար Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի հաշվին վճարել տարեկան տոկոսավճար` Փոխառության մայր գումարից դուրս գրված և օգտագործված գումարի 3,2%-ի չափով, տարեկան ծառայավճար` Փոխառության մայր գումարից դուրս գրված և օգտագործված գումարի 1,0%-ի չափով,

արտոնյալ ժամկետի ավարտից անմիջապես հետո վերադարձնել մայր գումարը դոլարով կամ այլ ընդունելի` ազատ փոխարկելի որևէ արժույթով, վճարման պահին և վճարման վայրում գործող շուկայական փոխանակման արժեքով: Վճարումները կատարել 30 կիսամյակային վճարումներով` 3-րդ հավելվածով սահմանված չափով և ժամկետներում:

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի համագործակցության հիմք է հանդիսացել 2005 թվականի փետրվարի 23-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը /ՍԴՈ-590/: Ըստ վերը նշված համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է Հիմնադրամի կողմից իր տարածքում կատարվող ներդրումներին տրամադրել առավելագույն բարենպաստման ռեժիմ և ներդրումների նկատմամբ ցուցաբերել արդարացի և անաչառ վերաբերմունք, ապահովել դրանց լիարժեք պաշտպանվածությունն ու անվտանգությունը:

Քննարկվող համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին, ինչպես նաև կարևոր իրավական երաշխիք են ստեղծում աղքատության հաղթահարման բնագավառում Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի համագործակցության համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2008 թվականի դեկտեմբերի 23-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

17 փետրվարի 2009 թվականի

ՍԴՈ-789

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.02.2009
N ՍԴՈ-789
Որոշում