Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0005/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0005/05/08                                 2008 թ.

Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի              

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 15.04.2008 թվականի վճռի դեմ` ըստ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` ավելացված արժեքի հարկի գծով առաջացած 187.691.900 ՀՀ դրամի գերավճարը հաստատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը հաստատելու ավելացված արժեքի գծով 187.691.900 ՀՀ դրամի գերավճարը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, 14-րդ հոդվածը, կիրառել է նույն օրենքի 13-րդ հոդվածը, 16-րդ հոդվածի 8-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

i

Դատարանը, գնահատելով «Ինտերկաուչուկ Լիմիթեդ» ընկերության և Ընկերության միջև կնքված պայմանագիրը, նշել է, որ Ընկերությանը մատուցված ծառայությունները հանդիսանում են ոչ թե իրավաբանական, այլև առևտրային գործակալի ծառայություններ: Սակայն կողմերի միջև կնքվել է գործակալության պայմանագիր, որի բնորոշումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդ հոդվածում:

Միաժամանակ, Դատարանը գտել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով առևտրային գործակալի ծառայությունների համար մատուցման վայրի բնորոշման առանձնահատկություն սահմանված չէ, ուստի «Ինտերկաուչուկ Լիմիթեդ» ընկերության կողմից մատուցված ծառայության վայրը հանդիսանում է այն վայրը, որտեղ ծառայություն մատուցող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:

Մինչդեռ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ դրանում նշված այլ ծառայությունների հետ միաժամանակ իրավաբանական ծառայությունների մատուցման համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայություն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են ծառայություններ: Տվյալ դեպքում, «Ինտերկաուչուկ Լիմիթեդ» ընկերությունը, հանդիսանալով օտարերկրյա կազմակերպություն, իրավաբանական ծառայություն է մատուցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված Ընկերությանը, հետևաբար` վիճելի իրավահարաբերության համար կիրառելի է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 15.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ծառայության պետի 21.06.2007 թվականի թիվ 1700453 հանձնարարականի հիման վրա Ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության, հարկային հաշվանցումների հսկողության վարչության 2-րդ բաժնի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության վերահսկողության և գանձումների 2-րդ բաժնի աշխատակիցներին հանձնարարվել է Ընկերությունում կատարել 01.03.2005-30.11.2006 թվականներին ընկած ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի գծով առաջացած դեբետային մնացորդի (գերավճարի) ուսումնասիրություն:

2) ՈՒսումնասիրության արդյունքում 09.07.2007 թվականին կազմվել է որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի դեպքում ուսումնասիրության արդյունքների արձանագրություն, որում նշվել է, որ խոշոր հարկ վճարողների Ծառայություն ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների համաձայն` ավելացված արժեքի հարկի գումարը նույն ժամանակաշրջանում կազմում է 1.403.073.700 ՀՀ դրամ, սակայն փաստացի այն կազմել է 1.402.690.500 ՀՀ դրամ: Նշված գերավճարի գումարից ենթակա չէ հաշվանցման «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ուսումնասիրվող ժամանակաշրջանում «Ինտերկաուչուկ Լիմիթեդ» ոչ ռեզիդանտ իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն) հետ կնքած պայմանագրի համաձայն վերջինիս կողմից մատուցված ծառայությունների դիմաց պակաս կրեդիտավորված 187.691.900 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի գումարը:

3) Ընկերության և «Ինտերկաուչուկ Լիմիթեդ» ընկերության կողմից կնքված գործակալական համաձայնագրի 1.1 կետով սահմանվել է, որ պրինցիպալը գործակալին հանձնարարում է պրինցիպալի անունից և նրա հաշվին, պարգևատրման դիմաց կատարել 1.2 կետում նշված իրավաբանական և այլ գործողություններ: Նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն` գործակալը պարտավորվում է ի կատարումն նույն Համաձայնագրի իրականացնել պրինցիպալի կողմից արտադրվող քլորոպրենային կաուչուկի գնորդների որոնում և կնքել պրինցիպալի կողմից արտադրվող քլորոպրենային կաուչուկի առուվաճառքի պայմանագրեր, որի քանակը նշվում է նույն համաձայնագրի անբաժանելի մասը կազմող Հավելվածներում:

6) Ընկերության գտնվելու վայրի հասցեն է` Երևան, Բագրատունյաց 70, իսկ Կազմակերպության գրանցման վայրը գտնվում է Միացյալ Թագավորությունում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը սույն գործի լուծման համար կարևորում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք գործակալության պայմանագրի շրջանակներում մատուցված ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափը կիրառվում է այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ծառայությունը համարվում է մատուցված Հայաստանի Հանրապետությունում, եթե ծառայությունների մատուցման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Ծառայությունների մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղ ծառայություն մատուցող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, իսկ այդպիսի վայրի բացակայության կամ որոշման անհնարինության դեպքում` նշված անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը, բացառությամբ նույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված դեպքերի):

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` արտոնագրերի, լիցենզիաների, հեղինակային իրավունքի, ապրանքանշանների և համանման այլ իրավունքների` այլ անձանց փոխանցման, գովազդային, խորհրդատվական, ինժեներական, իրավաբանական, հաշվապահական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայություններ, ինչպես նաև տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և տեղեկատվության հաղորդման ծառայություններ, բանկային, ֆինանսական և ապահովագրական (բացառությամբ չհրկիզվող պահարանների վարձակալության), շարժական գույքի վարձակալության (բացառությամբ բոլոր տեսակի փոխադրամիջոցների վարձակալության) ծառայություններ օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայություն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են ծառայություններ, իսկ դրանց բացակայության դեպքում` նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ սույն քաղաքացիական գործով Կազմակերպության կողմից գործակալության պայմանագրի հիման վրա մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառելիության հարցին պատասխանելու համար պետք է որոշվի թե արդյո՞ք Ընկերության կողմից մատուցված համապատասխան ծառայությունները ընդգրկված են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված բացառությունների շարքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդ հոդվածի համաձայն` գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գործակալության պայմանագիրը ծառայությունների մատուցման պայմանագրի տեսակ է, որի շրջանակներում կատարվում են իրավաբանական և այլ գործողություններ: Հետևաբար, գործակալության պայմանագրի շրջանակներում մատուցվող ծառայությունները իրավաբանական ծառայություններ են, որոնք ներառված են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված բացառությունների շարքում: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև սույն քաղաքացիական գործով կողմերի միջև կնքված պայմանագրի առարկան կազմող գործողությունների բնույթը:

Քննվող քաղաքացիական գործի փաստերի համաձայն` ծառայությունները ստացած Ընկերության գտնվելու վայրը Երևան, Բագրատունյաց 70 հասցեն է, իսկ ծառայություններ մատուցած Կազմակերպության գրանցման վայրը գտնվում է Միացյալ Թագավորությունում:

Հետևաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի իմաստով գործակալության պայմանագրով մատուցված իրավաբանական ծառայության մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունն է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զրոյական դրույքաչափով հարկման վերաբերյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետը Ընկերությանը մատուցված ծառայությունների նկատմամբ կիրառելի չեն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 15.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.09.2008
N ՎԴ/0005/05/08
Որոշում