Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

020.0793.100309

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 մարտի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Սոցիալական ներդրումների հիմնադրամ երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Սոցիալական ներդրումների հիմնադրամ երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի փետրվարի 26-ին` Երևան քաղաքում:

Համաձայնագիրը կնքվել է սկզբնական ծրագրին (Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2006թ. նոյեմբերի 1-ին ստորագրված` «Սոցիալական ներդրումների հիմնադրամ III ծրագիր» թիվ 4238-AM ֆինանսավորման համաձայնագրին) առնչվող միջոցառումների համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

Համաձայնագիրն ունի երեք առդիր` Առդիր 1/«Ծրագրի նկարագրություն»/, Առդիր 2 /«Ծրագրի իրականացումը»/, Առդիր 3 /«Մարման ժամանակացույց»/ և Հավելված: Առդիր 1-ը ներառում է Ծրագրի նպատակների իրականացման համար նախատեսվող միջոցառումները: Առդիր 2-ը ներառում է Ծրագրի իրականացման ինստիտուցիոնալ միջոցառումները, հակակոռուպցիոն միջոցառումները, Ծրագրի հաշվետվությունները, ֆինանսական կառավարումը, աուդիտը, գնումները, ապրանքների և աշխատանքների գնման առանձին մեթոդները, խորհրդատուների ծառայությունների գնման առանձին մեթոդները, ֆինանսական միջոցների մասհանումը, մասհանման պայմաններն ու ժամանակահատվածը: Առդիր 3-ը նախատեսում է մարման ժամանակացույցը` ներառելով վճարման կոնկրետ ժամկետը:

Համաձայնագրով սահմանված պայմաններին և դրույթներին համապատասխան Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է հինգ միլիոն երկու հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքին համարժեք (ՓՀԻ 5.200.000) գումարով փոխառություն: Փոխառության հիմնական գումարի մարման ժամկետներն են` յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը և հոկտեմբերի 1-ը, սկսած 2019թ. ապրիլի 1-ից մինչև 2028թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ:

2. Ըստ քննության առարկա համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունը Ծրագրի իրականացման շրջանակներում ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

ինստիտուցիոնալ միջոցառումների մասով`

պահպանել ՀՍՆՀ-ի (Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ) այնպիսի կառուցվածք, աշխատակազմ և այլ ռեսուրսներ, որոնք կբավարարեն Ընկերակցության պահանջները,

ապահովել, որ ՀՍՆՀ-ի գործողություններն իրականացվեն համաձայն Գործառնական ձեռնարկում ամրագրված կամ նշված ընթացակարգերի,

ՀՍՆՀ-ի միջոցով ապահովել, որ Միկրոծրագրերը որոշվեն, գնահատվեն, հաստատվեն, իրականացվեն և վերջնական գնահատման ենթարկվեն համաձայն Գործառնական ձեռնարկում ամրագրված կամ նշված ընթացակարգերի,

ՀՍՆՀ-ն պետք է ուսումնասիրման և հաստատման նպատակով ընկերակցությանը ներկայացնի տարեկան աշխատանքային ծրագրերն ու բյուջեն, արդյունքների եռամսյակային հաշվետվություններ և արդյունքների տարեկան հաշվետվություններ Ծրագրի իրականացման վերաբերյալ.

լրացուցիչ համաձայնագրի մասով`

Հայաստանի Հանրապետությունը պետք է իր իրավունքներն այնպես իրականացնի, որ պաշտպանվեն և՛ ՀՀ-ի, և՛ Ընկերակցության իրավունքները և իրագործվեն Ֆինանսավորման նպատակները.

հակակոռուպցիոն միջոցառումների մասով`

ապահովել, որ ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն և այլն:

Հարկ է նշել նաև, որ Ծրագիրն ուղղված է աջակցելու աղքատ և խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանը, և Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքականությունն իրականացնելու է հետևյալ գործիքների միջոցով`

ա. բարելավելով համայնքային ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու որակը,

բ. խթանելով լրացուցիչ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը,

գ. ստեղծելով համայնքային ենթակառուցվածքների ստեղծմանն ու ծառայությունների մատուցմանն առնչվող աշխատատեղեր:

Քննարկվող համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին, ինչպես նաև կարևոր իրավական երաշխիք են ստեղծում աղքատության հաղթահարման բնագավառում Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության համագործակցության համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Սոցիալական ներդրումների հիմնադրամ երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 մարտի 2009 թվականի

ՍԴՈ-793

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.03.2009
N ՍԴՈ-793
Որոշում