Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

020.0796.100309

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 մարտի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան 02.03.2009թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. փետրվարի 26-ին` Երևանում: Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկային համաձայնագրի (Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր, որը վավերացվել է 2005թ. հոկտեմբերի 10-ին) լրացուցիչ ֆինանսավորման նպատակով:

2. Լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր արժեքը կազմում է 1.300.000 SDR-ին համարժեք գումար:

3. Համաձայնագիրը բաղկացած է երեք առդիրից և մեկ հավելվածից, որոնք սահմանում են Ծրագրի նկարագրությունը, Ծրագրի իրականացման կարգը և վարկի մարման ժամանակացույցը: Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 2005թ. հուլիսի 1-ի` «Միջազգային զարգացման ընկերակցության ընդհանուր պայմաններ վարկերի և դրամաշնորհների համար» վերտառությամբ փաստաթուղթը` մինչև 2006թ. հոկտեմբերի 15-ը կատարված փոփոխություններով:

4. Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին գյուղական ձեռնարկությունների զարգացմանը:

5. Համաձայնագիրը սահմանում է վարկի մարման կարգը և ժամկետները, գանձվող տոկոսագումարների չափը, ֆինանսավորման չմասհանված հաշվեկշռի դիմաց վճարվելիք պարտավորության վճարի առավելագույն դրույքաչափը, վարկի մասհանված հաշվեկշռի դիմաց վճարվելիք սպասարկման վճարի չափը, վճարման ժամկետները:

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- վարկի մայր գումարը վերադարձնել համաձայնագրով սահմանված վերադարձի ժամանակացույցին համապատասխան,

- հայտարարել Ծրագրի նպատակների հանդեպ իր պարտավորվածությունը և այդ նպատակով իրականացնել ողջ ծրագիրը ԾԻԳ-երի միջոցով և ապահովել Ծրագրի իրականացումը համաձայնագրի դրույթներին համապատասխան,

- պահպանել ԾԻԳ-ը մինչև Ծրագրի ավարտը` Ընկերակցության պահանջները բավարարող աշխատակազմով, միջոցներով և տեխնիկական առաջադրանքներով,

- ապահովել Ծրագրի իրականացումը` համաձայն Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթների,

- Ծրագիրն ուժի մեջ մտնելու պահից վաթսուն օրվա ընթացքում Ընկերակցության նախնական հաստատմանը ներկայացնել նորացված Գործառնական ձեռնարկն ու շրջակա միջավայրի կառավարման նորացված Ծրագիրը,

- ապահովել Ծրագրի իրականացումը շրջակա միջավայրի թարմացված կառավարման ծրագրի դրույթների համաձայն,

- իրականացնել Ծրագրի առաջընթացի մոնիտորինգն ու գնահատումը և պատրաստել հաշվետվություններ, վարել կամ հանձնարարել վարել ֆինանսական կառավարման համակարգ,

- պատրաստել և Ընկերակցությանը ներկայացնել միջանկյալ աուդիտի չենթարկված ծրագրի ֆինանսական հաշվետվությունները,

- ապահովել, որպեսզի աշխատանքները գնվեն Միջազգային մրցակցային սակարկությունների հիման վրա շնորհված պայմանագրերով, բացառությամբ համաձայնագրով սահմանված դեպքերի,

- ապահովել, որպեսզի ծրագրի համար պահանջվող և ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր ապրանքներն ու աշխատանքները գնվեն համաձայնագրով սահմանված կարգով:

7. Համաձայնագիրը սահմանում է նաև գնումների իրականացման կարգը, գնման մեթոդները, ֆինանսավորման միջոցների մասհանման կարգը, պայմանները և ժամանակահատվածը:

8. Համաձայնագրով սահմանված է նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ընթացակարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 մարտի 2009 թվականի

ՍԴՈ-796

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.03.2009
N ՍԴՈ-796
Որոշում