Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 227-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 159- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-691 (ՎԴ)

    դատարանի որոշում                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1702

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով գործին մասնակից չդարձած Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրաչյա Մելքոնյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Նախարարություն) և երրորդ անձ «Գյումրի վերականգնող» սպառողական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ)` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հրաչյա Մելքոնյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 «ա» շենքի թիվ 57 բնակարանի նկատմամբ և պարտավորեցնել Կադաստրին այն գրանցել:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 02.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.06.2008 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 02.05.2007 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, 159-163-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած Քաղաքապետարանի իրավունքների վերաբերյալ:

Իրավունքի ճանաչումը սույն գործով պետք է կատարվեր քաղաքապետարանի կողմից 1998 թվականին սահմանած ընթացակարգով: Բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, թե դատարանը վճռով Քաղաքապետարանի շահերին չի անդրադարձել, քանի որ վեճի առարկա բնակարանի նկատմամբ Քաղաքապետարանը որևէ շահ չի ունեցել և ունենալ չէր կարող:

Պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Քաղաքապետարանի կողմից բողոքարկվել է նույն շենքի երեք այլ բնակիչների վերաբերող, նույն հիմքով, նույն պատասխանողների դեմ վճիռները: Երեք գործերով էլ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել է նոր քննության:

Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-163-րդ հոդվածների պահանջները, երբ պարտավորեցրել է Կադաստրին գրանցել Հրաչյա Մելքոնյանի սեփականության իրավունքը` պատճառաբանելով, որ Կադաստրի կողմից բնակարանի պետական գրանցման մերժումը կրում է ձևական բնույթ, քանի որ Կադաստրի կողմից մերժումն օրինաչափ է, մերժմամբ օրենքի խախտում թույլ չի տրվել և շատ ճիշտ կերպով շարադրվել են մերժման հիմքերը` նշելով Քաղաքապետարանի դերը այդ հարցում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այդ հանգամանքը:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 219-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից չի պարզվել, թե Հրաչյա Մելքոնյանը երկրաշարժից հետո անօթևան է, թե` ոչ, կամ ինչպես է նա վարկային պայմանագիր կնքել Նախարարության հետ, եթե նա համապատասխան շենքում բնակարան ստանալու համար Կոոպերատիվի անդամ չէ, այդ քանդված շենքերի նախկին բնակիչ չէ:

Վերաքննիչ դատարանը որպես ապացույց է գնահատել Հրաչյա Մելքոնյանի կողմից ներկայացված` իրեն անօթևան ճանաչելու մասին որոշումը, որը չի ներկայացվել առաջին ատյանի դատարանում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.06.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության` ապահովելով Քաղաքապետարանի մասնակցությունը դատական նիստին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Պետական աջակցության ծրագրի շրջանակներում 1988 թվականի երկրաշարժից փլուզված Գյումրու Սայաթ-Նովա թիվ 9 և 11 հասցեի շենքերի փոխարեն նույն տեղում կառուցվել են Գյումրու Սայաթ-Նովա 9/9 և 9/9»ա» հասցեի շենքերը:

2) Գյումրու քաղաքապետի 30.01.1998 թվականի թիվ 31 որոշման 1-ին կետով Գյումրու Սայաթ-Նովա փողոցի երկրաշարժի հետևանքով քանդված թիվ 9 և 11 քանդված շենքերի բնակիչներին թույլատրվել է նշված շենքերի շինարարությունը փայատիրական հիմունքներով իրականացնելու նպատակով կազմավորել բնակարանային շինարարական ընկերություն:

Որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ գլխավոր պատվիրատուի պարտականություններն իրականացնում է Քաղաքապետարանը` ի դեմս քաղաքաշինության և շինարարության բաժնի:

Որոշման 3-րդ կետով հանձնարարվել է Գյումրու Սայաթ-Նովա թիվ 9 և 11 բնակելի շենքերի բնակիչներին ներկայացնող նախաձեռնող խմբերին գրանցել ընկերությունը և 23.02.1998 թվականին գրանցվել է Կոոպերատիվը:

3) Շենքի կառուցման ֆինանսավորմանը մասնակցել են Նախարարությունը` 143,5 մլն ՀՀ դրամի, Քաղաքապետարանը` 60 մլն ՀՀ դրամի և «Հայաստան» համահայկական հիմնադրամը 60 մլն ՀՀ դրամի չափերով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյան, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել այն փաստը, որ Քաղաքապետարանը ներդրած գումարների դիմաց Գյումրու Սայաթ-Նովա փողոցի թիվ 9/9 և 9/9»ա» շենքերում ստացել է շենքի առաջին հարկերը, կիսանկուղային բացվածքները և թվով 5 չորսսենյականոց բնակարաններ: Վերոնշյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ Քաղաքապետարանը, նշված շենքերում այլևս գույք չունենալով, վեճի առարկա հանդիսացող բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման գործում որևէ շահ չունի, և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 02.05.2007 թվականի վճռով վերջինիս իրավունքների վերաբերյալ վճիռ չի կայացրել:

Վերոնշյալ պատճառաբանությունը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ շենքերի կառուցման պատվիրատու լինելու պայմաններում Քաղաքապետարանը պետք է մասնակից դարձվեր սույն գործի քննությանը.

2) բողոքի մյուս հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.

Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին Քաղաքապետարանի պատճառաբանությունները Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում, քանի որ նշված փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձվել` դատավարական իրավունքների սահմանափակման (գործի քննությանը մասնակից չդառնալու) արդյունքում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Վարչական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N 3-691(ՎԴ)
Որոշում