Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 207-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0785/02/08

    դատարանի որոշում                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0785/02/08

Նախագահող դատավոր` Վ. Թորոսյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                    

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վրեժ Կնյազյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` Երևանի քաղաքապետի 14.11.2007 թվականի թիվ Վ19/3 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վրեժ Կնյազյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 14.11.2007 թվականի թիվ Վ19/3 որոշումը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.07.2008 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքը մերժվել է` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.04.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վրեժ Կնյազյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ և 24-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Մերժելով վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել Երևան քաղաքի շրջխորհրդի գործկոմի 20.08.1992 թվականի թիվ 18/24 որոշումը, որով Նորքի 7-րդ միկրոշրջանի 34-րդ և 38-րդ շենքի բնակիչներին թույլատրվել է կոոպերատիվ հիմունքներով կառուցել ստորգետնյա կառույցներ` անտեսելով, որ Վրեժ Կնյազյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել շենքին հարող տարածքում հողազավթմամբ վերգետնյա քարե շինություն կառուցելու համար:

Իսկ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «Ավտոտնակ-7» կոոպերատիվը (այսուհետ` Կոոպերատիվ), ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ձեռք է բերել վարձակալության իրավունք և հողհատկացման մասին Երևանի քաղխորհրդի գործկոմի 25.12.1991 թվականի որոշման հիման վրա օրենքի ուժով դարձել է հողամասի վարձակալը, վերաքննիչ բողոքը մերժելու հիմք չէ, քանի որ այդ որոշումից հետևում է, որ ստորգետնյա ավտոտնակներ կառուցելու համար հողամասը հատկացվել է Կոոպերատիվին, այլ ոչ թե Վրեժ Կնյազյանին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2008 թվականի որոշումը և փոփոխել` Վրեժ Կնյազյանի հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Վրեժ Կնյազյանի ավտոտնակը գտնվում է 32 ավտոտնակների կենտրոնում, որոնց մեծամասնությունը կառուցված են, իսկ մի քանիսը գտնվում են կիսակառույց վիճակում:

Վրեժ Կնյազյանի ավտոտնակի վերևի մասի քարերը տարիների ընթացքում քամուց և անձրևից փլվել են, իսկ Վրեժ Կնյազյանն ընդամենն ամրացրել է դրանք:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի շրջխորհրդի գործկոմի 25.12.1991 թվականի որոշմամբ Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ միկրոշրջաններում կոոպերատիվ հիմունքներով ստորգետնյա ավտոտնակների շինարարության համար հատկացվել են հողամասեր:

2) Երևանի շրջխորհրդի գործկոմի 20.08.1992 թվականի որոշմամբ թույլատրվել է Նորքի 7-րդ միկրոշրջանի 34-38-րդ շենքերի բնակիչներին կոոպերատիվ հիմունքներով կառուցել գետնափոր ավտոտնակներ, գրանցել կոոպերատիվի կանոնադրությունը և այն անվանել «Ավտոտնակ-7»:

3) Երևանի Նոր Նորքի թաղապետարանի և Վրեժ Կնյազյանի միջև 05.12.2003 թվականին կնքվել է Նոր Նորքի 7-րդ փողոցի 38-րդ շենքի 4-րդ բնակարանի հասցեում գտնվող, Վրեժ Կնյազյանի կողմից որպես ավտոտնակ օգտագործվող 18 քմ հողամասի ժամանակավոր հողօգտագործման վարձավճարի պայմանագիր: Պայմանագրի ժամկետ է սահմանվել 01.01.2003 թվականից մինչև 01.01.2004 թվականը:

4) Գործում առկա վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 14.11.2007 թվականի թիվ Վ-19/3 արձանագրության համաձայն` Վրեժ Կնյազյանը բացատրություն է տվել այն մասին, որ 30 քմ մակերեսով քարե շինության շինարարական աշխատանքներն իրականացվել են նրա կողմից:

5) Երևանի քաղաքապետի 14.11.2007 թվականի թիվ Վ-19/3 որոշմամբ Վրեժ Կնյազյանը պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանք կատարելու, այն է` Նոր Նորքի 7-րդ զանգվածի 38-րդ շենքին հարող տարածքում պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում մոտ 30 քմ մակերեսով քարե շինություն կառուցելու համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության կիրառման պարտադիր վավերապայմաններն են` անձի մոտ հողօգտագործման իրավունքի բացակայությունը, ինչպես նաև շենքեր կամ շինություններ ինքնակամ կառուցելու փաստի առկայությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ օրենսդրական նորմերը, ինչպես նաև Երևանի շրջխորհրդի գործկոմի 20.08.1992 թվականի որոշումը, գտել է, որ հողամասը, որի վրա կառուցվել է վիճարկվող ավտոտնակը, վարձակալության իրավունքով պատկանում է Վրեժ Կնյազյանին և վերջինիս կողմից իրականացված շինարարական աշխատանքներն օրինական են: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործի դատաքննությամբ պատասխանողը, կրելով ակտի հիմքում ընկած հանգամանքների ապացուցման պարտականությունը, չի ապացուցել հայցվորի` հողօգտագործման իրավունք չունենալու, ապօրինի հողազավթում, նշված հողամասի վրա ինքնակամ շինություն իրականացնելու հանգամանքները, որոնք սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի շրջխորհրդի գործկոմի 20.08.1992 թվականի որոշմամբ թույլատրվել է Նոր Նորքի 7-րդ միկրոշրջանի 34-38-րդ շենքերի բնակիչներին կոոպերատիվ հիմունքներով կառուցել գետնափոր ավտոտնակներ, գրանցել կոոպերատիվի կանոնադրությունը և այն անվանել «Ավտոտնակ-7», իսկ Երևանի շրջխորհրդի գործկոմի 25.12.1991 թվականի որոշմամբ Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ միկրոշրջաններում կոոպերատիվ հիմունքներով ստորգետնյա ավտոտնակների շինարարության համար հատկացվել են հողամասեր: Բացի այդ, վարչական վարույթի շրջանակներում Վրեժ Կնյազյանը բացատրություն է տվել այն մասին, որ իրականացրել է 30 քմ մակերեսով քարե շինության շինարարական աշխատանքները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի շրջխորհրդի գործկոմի 25.12.1991 և 20.08.1992 թվականների որոշումներով Վրեժ Կնյազյանին վերգետնյա ավտոտնակ կառուցելու թույլտվություն չի տրվել: Այդ թույլտվությունը տրվել է ստորգետնյա ավտոտնակներ կառուցելու համար: Ավելին, ստորգետնյա ավտոտնակներ կառուցելու համար անհրաժեշտ է համարվել կոոպերատիվ հիմունքներով դրանց կառուցումը:

Մինչդեռ Վրեժ Կնյազյանը, խախտելով վերոգրյալ որոշման` ավտոտնակը գետնափոր կառուցելու պայմանը, և չունենալով հողամասի վրա վերգետնյա շինարարություն իրականացնելու համապատասխան շինարարական թույլտվություն, կառուցել է ապօրինի շինություն:

Ինչ վերաբերում է հողամասի` պետական սեփականություն լինելու կանխավարկածի վերաբերյալ բողոքի հիմնավորումներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք նույնպես հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողը և բնական այլ պաշարները պետական սեփականություն են:

i

Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումներում արձանագրվել է, որ գոյություն ունի հողի նկատմամբ պետական սեփականության կանխավարկածի սկզբունք, որի բովանդակությունը կայանում է նրանում, որ սեփականատեր չունեցող բոլոր հողերը համարվում են պետության սեփականությունը (Տե՛ս Գոհար Հակոբյանն ընդդեմ Հրածին Վարդանյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-410 (ՎԴ) գործով 18.05.2007 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայության վերաբերյալ ապացույցի բացակայության դեպքում նույնպես պետք է գործի այդ հողամասի պետական սեփականություն լինելու կանխավարկածը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Վրեժ Կնյազյանի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ԵԿԴ/0785
Որոշում