Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ԵԱԴԴ/0604/02/09

    Վարչական գործ թիվ ԵԱԴԴ/0604/02/08                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի փետրվարի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 04.08.2008 թվականի վճռի դեմ` ըստ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Գոռ Մարտիրոսյանի` գումար բռնագանձելու, ինչպես նաև ըստ Գոռ, Սերյոժա, Սամվել և Արմեն Մարտիրոսյանների, Վարսիկ Մինասյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Քաղաքապետարանի` հայցն ամբողջությամբ մերժելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Գոռ Մարտիրոսյանից բռնագանձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ որպես վարչական տուգանքի գումար:

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 13.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2008 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 13.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2008 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և ըստ առարկայական ընդդատության հանձնվել է Վարչական դատարանի քննությանը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.08.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Գոռ Մարտիրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն առոչինչ է, քանի որ այն կայացվել է ոչ իրավասու մարմնի կողմից, մասնավորապես, քաղաքապետի փոխարեն այն ստորագրել է քաղաքապետի առաջին տեղակալը:

Դատարանը, վճիռ կայացնելիս անտեսել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վարչական մարմինը Երևանի քաղաքապետն է և ոչ թե այդ պաշտոնը զբաղեցրած անձը:

Հետևաբար, Դատարանը, գտնելով, որ ակտն ընդունվել է ոչ իրավասու վարչական մարմնի կողմից, սխալ է մեկնաբանել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը:

Երևանի քաղաքապետի 18.08.2003 թվականի որոշմամբ սահմանված է, որ Երևանի քաղաքապետի բացակայության ժամանակ քաղաքապետին փոխարինում է առաջին տեղակալը: Հետևաբար, Երևանի քաղաքապետի բացակայության դեպքում տեղակալի կողմից որոշում ստորագրելն այն առոչինչ ճանաչելու հիմք չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.08.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 19.06.2007 թվականի թիվ 004225 արձանագրության համաձայն` Երևանի Աջափնյակ համայնքի Չուխաջյան փողոցի թիվ 26-րդ տան բնակիչ Գոռ Մարտիրոսյանն առանց քաղաքաշինական փաստաթղթերի սեփական տանը կից կառուցում է մոտ 80 քմ մակերեսով քարե շարվածքով շինություն:

i

2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 06.07.2007 թվականի թիվ Վ-4/6 եզրակացությամբ առաջարկվել է Գոռ Մարտիրոսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տուգանքի 200.000 ՀՀ դրամի չափով:

3) Երևանի քաղաքապետի 06.07.2007 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-4/6 որոշմամբ Գոռ Մարտիրոսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի: Նշված որոշման մեջ գրված է «Երևանի քաղաքապետ» «Ե. Զախարյան», սակայն այն ստորագրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի կողմից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն` հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` առոչինչ է այն վարչական ակտը, որում առկա է, մասնավորապես հետևյալ ակնառու կոպիտ սխալը` ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը:

i

«Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի հրամանագրի 1.7 կետի համաձայն` Երևանի քաղաքապետն ունի տեղակալ (տեղակալներ), որոնք իրականացնում են Քաղաքապետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկը փոխարինում է Երևանի քաղաքապետին նրա բացակայության ժամանակ:

Այսինքն, Երևանի քաղաքապետին` որպես վարչական մարմին, փոխարինելու ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի լիազորություններն անցնում են նրա տեղակալին:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման թիվ Վ-4/6 վարչական գործի վերաբերյալ որոշման կայացման համար իրավասու մարմին է համարվում Երևանի քաղաքապետը: Հետևաբար, «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 06.07.2007 թվականի թիվ Վ-4/6 որոշումը, որն ստորագրվել է նրա տեղակալի կողմից, ընդունվել է ոչ իրավասու վարչական մարմնի կողմից, ուստի այն առոչինչ է:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես, պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ Դատարանի պարտականությունն է ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պահանջել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր պարունակող ապացույցներ:

Մինչդեռ Դատարանը սույն գործի լուծման համար անհրաժեշտ համարելով Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում ընդունելու լիազորության առկայության փաստի հաստատումը, Քաղաքապետարանի ներկայացուցչից չի պահանջել այդ փաստը հաստատող ապացույց և բավարարել է հայցը:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը կիրառել է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետը, որի համաձայն` վարչական ակտը պետք է պարունակի ակտն ընդունող վարչական մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, նրա ստորագրությունը: Սույն գործի փաստերի համաձայն` «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» Երևանի քաղաքապետի 06.07.2007 թվականի թիվ Վ-4/6 որոշման մեջ գրված է «Երևանի քաղաքապետ» «Ե. Զախարյան», սակայն այն ստորագրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացվում են այլ պաշտոնատար անձի` Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից, համապատասխան վարչական ակտի մեջ պետք է նշվեն այն ստորագրող պաշտոնատար անձի վերաբերյալ տվյալները:

Վերոնշյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում այս մասով Դատարանի պատճառաբանությունը, սակայն գտնում է, որ վերոնշյալ ձևական խախտումը հիմք չէ Քաղաքապետարանի հայցը մերժելու համար:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 04.08.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Ա. Մաթևոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.02.2009
N ԵԱԴԴ/0604/02/09
Որոշում