Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0244/02/09

    դատարանի որոշում                                                2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0244/02/08

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի փետրվարի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Սեկանս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ «Ժիլյո» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) հայցի ընդդեմ «Նոր Ակունք» ՓԲԸ-ի, Ընկերության, երրորդ անձ «Հատուկէներգոմոնտաժ» ՍՊԸ-ի` կատարողական ակտերը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը.

 

Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել 08.06.2005 թվականի թիվ 3, 01.12.2005 թվականի թիվ 5, 15.05.2006 թվականի թիվ 6, 18.09.2006 թվականի թիվ 8 կատարողական ակտերը` 56.197,86 եվրոյի մասով` Կոոպերատիվի կողմից աշխատանքները համարելով կատարված:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոոպերատիվը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.12.2007 թվականի վճռով հաստատվել է, որ Ընկերությունը պատշաճ կատարել է 21.03.2005 թվականի պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Իսկ վիճարկվող կատարողական ակտերը կնքվել են նշված պայմանագրի հիման վրա: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Տնտեսական դատարանի կողմից հաստատված վերոնշյալ փաստը չի նշանակում, որ աշխատանքները փաստացի կատարվել են հենց Ընկերության կողմից:

Անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Տնտեսական դատարանի կողմից քննվել է գումարի բռնագանձման պահանջ, իսկ սույն գործով պահանջն այլ է, քանի որ գումարի բռնագանձման գործի շրջանակներում Կոոպերատիվի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի հիմքում դրվել են այն բոլոր ապացույցները, որոնք ներկայացվել են սույն գործով: Տնտեսական դատարանի կողմից գնահատվել են բոլոր ապացույցները, ինչի արդյունքում հաստատված է համարվել, որ Ընկերությունը պատշաճ ձևով կատարել է իր պարտականությունները, հետևաբար, հակընդդեմ հայցը մերժվել է:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն` ամբողջությամբ մերժելով հայցապահանջը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը կարող էր կիրառվել, եթե սույն գործի շրջանակներում վկայակոչված փաստարկներն արդեն իսկ քննված և փաստագրված լինեին այլ գործի քննության ընթացքում, մինչդեռ, սույն գործով վկայակոչված փաստերը Տնտեսական դատարանի կողմից չեն քննարկվել և չեն հաստատվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.12.2007 թվականի վճռով հաստատված է համարվել, որ. «Ընկերության կողմից ամբողջությամբ կատարվել է պայմանագրով ստանձնված պարտավորությունները` կատարելով աշխատանքներ 128.285 եվրո արժեքով, ինչը հաստատվում է գործում առկա կատարողական ակտերով` հաստատված նաև պատվիրատուի և Կոոպերատիվի կողմից»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Այսինքն, օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե գործին մասնակցող անձանց, թե դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մաս): Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն:

i

Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տես` «Սաթնէ» ՍՊԸ ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների` հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-93(ՎԴ)):

Տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.12.2007 թվականի վճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից ամբողջությամբ կատարվել են պայմանագրով ստանձնված պարտավորությունները` կատարելով աշխատանքներ 128.285 եվրո արժեքով, որը հաստատվել է գործում առկա կատարողական ակտերով` հաստատված նաև պատվիրատուի և Կոոպերատիվի կողմից: Մինչդեռ, սույն գործով վիճարկվում են կատարողական ակտերը, որոնց գնահատմամբ Տնտեսական դատարանը հաստատված է համարել, որ նշված պայմանագրով Ընկերության ստանձնած պարտականությունները կատարվել են Ընկերության կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 21.03.2005 թվականի պայմանագրով Ընկերության ստանձնած պարտականություններն Ընկերության կողմից կատարված լինելու հանգամանքը կրկին ապացուցման ենթակա չէ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Տնտեսական դատարանի կողմից հաստատված վերոնշյալ հանգամանքը նախադատելի չէ, անհիմն է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.10.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. «Ժիլյո» արտադրական կոոպերատիվի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.02.2009
N ԵՔԴ/0244/02/09
Որոշում