Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 408-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 408-ՐԴ, 409-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ, 411-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ
թիվ ՀՔԴ3/0016/02/08
2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ3/0016/02/08
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան 
                  Դատավորներ` Ս. Միքայելյան
                                               Դ. Խաչատրյան

 

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
  Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Ա. Մաթևոսյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի փետրվարի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Հայրապետյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.09.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նատալյա Հակոբյանի ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Նատալյա Հակոբյանը պահանջել է բռնագանձել Վարդան Հայրապետյանից 22.997.000 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում:

Հարավային քաղաքացիական դատարանի 05.05.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.09.2008 թվականի որոշմամբ Հարավային քաղաքացիական դատարանի 05.05.2008 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Հայրապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի երկրորդ կետը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ, 409-րդ հոդվածները, 411-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն առանց որևէ հիմքի հաստատված է համարել, որ հայցվորին բաց թողնված օգուտի տեսքով պատճառվել է վնաս և այդ վնասը կազմում է 22.997.000 դրամ, այնինչ բաց թողնված օգուտի պարագայում պետք է հիմնավորվի պարտատիրոջ իրավունքների խախտման հանգամանքը և այն, թե որքան եկամուտ կստանար անձը քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե իրավունքը չխախտվեր: Նշված հանգամանքները պետք է ապացուցվեն այն անձի կողմից, որը նշում է, որ վնասներ է կրել:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածը սահմանում է պարտավորության խախտման հասկացությունը, որի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը, իսկ նույն օրենսգրքի 409-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն` բաց թողնված օգուտը որոշելիս հաշվի են առնվում այն ստանալու համար պարտատիրոջ ձեռնարկած միջոցները և այդ նպատակով կատարված նախապատրաստությունները: Վերը նշված հոդվածները կարգավորում են պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված վնասը, այնինչ տվյալ պարագայում կողմերի միջև պարտավորական հարաբերություններ առկա չեն եղել, ուստի այդ հոդվածները կիրառելի չեն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.09.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Հարավային քաղաքացիական դատարանի 05.05.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 10.03.2003 թվականին Նատալյա Հակոբյանի և Վարդան Հայրապետյանի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն Վարդան Հայրապետյանը վաճառել է Նատալյա Հակոբյանին Պտղունք գյուղում գտնվող 11.500 քմ հողամասը` 5.000 ԱՄՆ դոլար գումարով: Նշված պայմանագիրը նոտարական վավերացում չի ստացել և պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել:

2. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 20.11.2007 թվականի վճռի համաձայն` դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Նատալյա Հակոբյանի ընդդեմ Վարդան Հայրապետյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցրել է գործարքի առոչնչության, կիրառել է անվավերության հետևանքներ և վճռել է Վարդան Հայրապետյանից հօգուտ Նատալյա Հակոբյանի բռնագանձել 2.964.250 դրամ` որպես անվավեր պայմանագրով ստացած գումար, 1.333.912 դրամ` որպես 2.964.250 դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված 2004-2007 թ.թ. համար բանկային տոկոսների գումար: Միաժամանակ, դատարանը վճռել է «10.03.2007 թվականից մինչև գումարի վերադարձը 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.964.250 դրամ գումարի նկատմամբ հաշվարկել համապատասխան ժամանակահատվածներում ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսները և այդ գումարը ևս պատասխանող Վարդան Հայրապետյանից բռնագանձել հօգուտ հայցվոր Նատալյա Հակոբյանի»:

3. 2007 թվականի դեկտեմբերի 27-ին Նատալյա Հակոբյանի կողմից Վաղարշապատի տարածքային նոտարական գրասենյակում տրված հայտարարության համաձայն` Նատալյա Հակոբյանը հայտարարություն է տվել այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 20.11.2007 թվականի թիվ 2-864 վճռով բռնագանձված 4.298.162 ՀՀ դրամն ամբողջությամբ ստացել է և նշված վճռով Վարդան Հայրապետյանից պարտք ու պահանջ չունի:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձն ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ սույն օրենքով կամ պայմանագրով:

i

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ հաստատված է համարվել պատասխանողի անօրինական գործողության արդյունքում հայցվորին պատճառված վնասի առկայությունը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասի հատուցման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ բաց թողած օգուտի առկայությունը, այսինքն` անձի իրավունքի չխախտման պարագայում եկամուտի ստացման իրական հնարավորությունը որոշելը, յուրաքանչյուր գործով ինքնուրույն գնահատման ենթակա հարց է, որի ընթացքում պետք է հաշվի առնվեն տվյալ գործի առանձնահատկությունները:

i

Ընդ որում, բաց թողած օգուտի առկայությունը որոշելու համար նախ և առաջ պետք է հաշվի առնվի մինչև իրավունքի խախտումը քաղաքացիական շրջանառությունում համապատասխան գույքի ունեցած կարգավիճակը, (մասնավորապես, սույն քաղաքացիական գործով այդպիսին կարող է լինել իրավունքի ենթադրյալ խախտման պահին, այսինքն` 5000 ԱՄՆ դոլար գումարը պահանջելու պահին այլ անձի հետ Նատալյա Հակոբյանի կողմից մեկ այլ հողամասի վերաբերյալ այլ պայմանագիր կնքած լինելը) կամ սեփականատիրոջ իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունն այդ գույքի տնօրինման եղանակների առնչությամբ (այդպիսին կարող է լինել, օրինակ` իրավունքը խախտված անձի կողմից այլ անձանց ուղարկված համապատասխան օֆերտան) (տես` Ջուլիետա Պետրոսյան, Կարեն Դավթյան և Արման Դավթյան ընդդեմ Թևոս Սաֆարյանի` պատճառված վնասների հատուցման պահանջի մասին, թիվ 3-691(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 30.07.2007 թ. որոշումը):

Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել բաց թողած օգուտի առկայությունը` առանց վերը նշված հանգամանքները հաշվի առնելու:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցված չէ Նատալյա Հակոբյանի մոտ բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասի առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասի փաստի բացակայության պայմաններում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ, 409-րդ հոդվածների, 411-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները սույն գործով կիրառելի չեն:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Հարավային քաղաքացիական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.09.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Հարավային քաղաքացիական դատարանի 05.05.2008 թվականի վճռին:

2. Նատալյա Հակոբյանից բռնագանձել 1.379.820 ՀՀ դրամ, որից 689.910 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա, իսկ 689.910 ՀՀ դրամ` վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահ` Ա. Մկրտումյանի
Դատավորներ` Ս. Սարգսյանի
Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
  Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Ա. Մաթևոսյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.02.2009
N ՀՔԴ3/0016
Որոշում