Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                        ՎԲ-73/08

քրեական վերաքննիչ դատարանի որոշում

գործ 144/08

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

Դատավորներ` Ս. Համբարձումյան

Գ. Մելիք-Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

 

                   քարտուղար                  Ա. Աբրահամյանի

 

    2008 թվականի դեկտեմբերի 26-ին             ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Արմեն Զախարի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի ապրիլի 14-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

i

1. Արմեն Բաբալարյանի և Արմեն Աբրահամյանի կողմից փոխադարձ ծեծի փաստի առթիվ 2007 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության մարմնի 2007 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Արմեն Աբրահամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2007 թվականի հոկտեմբերի 10-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունվարի 25-ի դատավճռով Արմեն Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտվել կալանքի 1 (մեկ) ամիս ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արմեն Բաբալարյանը, որը վերաքննիչ բողոք չի բերել:

Ամբաստանյալ Արմեն Աբրահամյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ Արմեն Աբրահամյանի մասով բեկանել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունվարի 25-ի դատավճիռը, կարճել է վերջինիս նկատմամբ քրեական գործի վարույթը և դադարեցրել քրեական հետապնդումը` դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ:

3. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի ապրիլի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

i

Վճռաբեկ դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Արմեն Աբրահամյանի կողմից ստացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով վերջինս խնդրել է վճռաբեկ բողոքը վարույթ չընդունել` պատճառաբանելով, որ ինքը որևէ հանցանք չի կատարել, Ա. Բաբալարյանի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրել:

 

2. Գործի փաստական հանգամանքները

 

4. Արմեն Զախարի Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի հուլիսի 25-ին` ժամը 18-ի սահմաններում, խոտհարքի տարածքի պատկանելության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել Արմեն Բաբալարյանի հետ, որի ընթացքում ծեծել և բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

5. Քրեական գործը հարուցվել է 2007 թվականի հուլիսի 25-ին Արմեն Աբրահամյանի կնոջ` Արաքսյա Մակունցի հայտարարության հիման վրա:

6. Քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով Արաքսյա Մակունցի իրավունքների և օրինական շահերի խախտում թույլ չի տրվել, նրան անմիջականորեն բարոյական, ֆիզիկական և գույքային վնաս չի պատճառվել:

 

4. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձը գտնում է, որ վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և անօրինական, քանի որ դատարանը ճիշտ չի գնահատել ձեռք բերված ապացույցները, սխալ է մեկնաբանել օրենքը, անտեսել է հանցագործության վերաբերյալ Ա. Աբրահամյանի կնոջ կողմից վերջինիս խնդրանքով ոստիկանության բաժին ներկայացրած հայտարարությունը, իսկ հետագայում նաև Ա. Աբրահամյանի և Ա. Բաբալարյանի կողմից կատարվածի շուրջ տրված բացատրությունները, որոնք անհիմն գնահատելով որպես բողոքի բացակայության և գործի վարույթը բացառող հիմք, կայացրել է այնպիսի դատական ակտ, որը խաթարում է արդարադատության բուն էությունը:

8. Վերոգրյալի հիման վրա` բողոք բերող անձը պահանջել է Արմեն Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի ապրիլի 14-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունվարի 25-ի դատավճռին:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

i

9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` քրեական հետապնդումն այն բոլոր դատավարական գործողություններն են, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածը սահմանում է, որ կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածը սահմանում է մասնավոր հետապնդման, այսինքն` տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի սպառիչ ցանկը, որոնց մեջ մատնանշված է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ և 183-րդ հոդվածների ուժով մասնավոր մեղադրանքով գործ հարուցելու և դրանով քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը լիովին կախված է դիմողի` հանցավորին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար քրեական հետապնդման մարմնին դիմելու ցանկությունից և կամարտահայտությունից:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, եթե բացակայում է դիմողի բողոքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 33-րդ կետի համաձայն` դիմող հանդիսանում է յուրաքանչյուր անձ, որը դիմել է դատարան, քրեական հետապնդման մարմնին կամ հավատարմագրված փաստաբանին` քրեական դատավարության կարգով խախտված իրավունքների պաշտպանության համար:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը:

Վերոնշյալ երկու հոդվածների վերլուծությունից բխում է, որ մասնավոր մեղադրանքի գործերով «դիմող» եզրույթը ավելի լայն է, քան «տուժողը»: Քրեական դատավարությունում «դիմող» կարող է հանդիսանալ յուրաքանչյուր ոք, ով իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է դատարան, քրեական հետապնդման մարմնին կամ հավատարմագրված փաստաբանին: Անձը «տուժող» ճանաչվում է այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվող ստուգողական գործողությունների արդյունքում պարզվում է, որ անձի իրավունքների խախտումը արդյունք է քրեական օրենքով արգելված արարքի կատարման, և այդ արարքի կատարման հետևանքով դիմողին անմիջականորեն պատճառվել է կամ կարող էր պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս:

«Դիմողը» քրեադատավարական գործունեության ոլորտ ներգրավվում է սեփական նախաձեռնությամբ, առանց վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման, մինչդեռ գործով «տուժող» ճանաչվելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմինները կայացնում են ինքնուրույն դատավարական որոշում: Այսինքն` նյութերի նախապատրաստման փուլում ՀՀ քրեադատավարական օրենսդրության իմաստով տուժող չկա, «տուժող» քրեադատավարական սուբյեկտը քրեական դատավարությունում ի հայտ է գալիս քրեական գործի հարուցումից հետո կամ գործի հարուցման հետ միաժամանակ` վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվող որոշման հիման վրա:

i

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասում առկա այն ձևակերպումը, որի համաձայն` «(...) հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա (...)», հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությանը, քանի որ նշված ձևակերպմամբ ստացվում է, որ մասնավոր հետապնդման գործ հարուցելու մասին որոշում կայացվում է տվյալ դատավարական փուլում գոյություն չունեցող սուբյեկտի բողոքի հիման վրա: ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում թվարկված մասնավոր հետապնդման գործերով վարույթի հարուցման հիմք պետք է դիտել ոչ թե տուժողի, այլ դիմողի բողոքը, որի բացակայության դեպքում վարույթը ենթակա է կարճման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով:

13. Վճռաբեկ դատարանը մասնավոր հետապնդման գործերով «դիմող» դիտում է այն անձանց, ում իրավունքները խախտվել են քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով, ինչպես նաև նրանց, ովքեր օրենքի ուժով հանդիսանում են անչափահաս կամ անգործունակ անձանց օրինական ներկայացուցիչներ, եթե խախտվել են նրանց խնամարկյալների իրավունքները:

Վերոնշյալ մոտեցումից բացառություն է այն դեպքը, երբ անձը, ում իրավունքները խախտվել են, իր անօգնական վիճակի կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման իրավիճակում քրեական գործ հարուցելու առիթն օրինական, իսկ հիմքերը բավարար լինելու դեպքում քրեական գործ հարուցելու մասին որոշում պետք է կայացվի հանրային մեղադրանքի գործերի հարուցման համար սահմանված ընդհանուր կարգով:

14. Սույն գործի նյութերից երևում է, որ Արմեն Աբրահամյանի և Արմեն Բաբալարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում նրանք ծեծել և բռնի գործողություններ են կատարել միմյանց նկատմամբ: Կռվից հետո քրեական հետապնդման մարմնին բողոք է ներկայացրել Արմեն Աբրահամյանի կինը` Արաքսյա Մաքունցը, ում Արմեն Աբրահամյանի և Արմեն Բաբալարյանի գործողություններով անմիջականորեն չի պատճառվել և չէր էլ կարող պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ և Արմեն Աբրահամյանին ու Արմեն Բաբալարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որը հետագայում հիմք է հանդիսացել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի համար նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու և դատապարտելու համար:

15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես մինչդատական վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ առաջին ատյանի դատարանը թույլ են տվել քրեադատավարական օրենքի կոպիտ խախտում` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մասնավոր հետապնդման վարույթ հարուցվել է ոչ թե դիմողի, այսինքն` այն անձի կողմից, ում իրավունքները խախտվել են քրեական օրենքով արգելված արարքի կատարմամբ, այլ երրորդ անձի կողմից, ում վնաս չի պատճառվել: Ո՛չ նախաքննության, ո՛չ դատական մարմինները ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքի վրա, որ վարույթ հարուցվել է ոչ պատշաճ սուբյեկտի բողոքի հիման վրա, այսինքն` գործի հարուցման հիմքը բացակայում է: Վճռաբեկ դատարանն այն դիրքորոշումն է արտահայտում, որ սույն գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, այն է` դիմողի բացակայության պատճառաբանությամբ գործով վարույթի կարճումն օրինական է և բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև 183-րդ հոդվածի 1-ին մասի իմաստից:

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի այն պատճառաբանությունը, թե հանցագործության վերաբերյալ Արաքսյա Մաքունցը հայտարարությունը տվել է իր ամուսնու ցուցումով և քրեական գործը հարուցվել է հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերով, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածների պահանջներից: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը հանգել է ճիշտ հետևության, այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա կարճել քրեական գործի վարույթը և դադարեցրել քրեական հետապնդումը:

Վերը շարադրվածը վկայում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքով նյութական կամ դատավարական օրենքի էական խախտումներ թույլ չեն տրվել, այդ առումով վերաքննիչ դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, լիովին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ, 35-րդ և 183-րդ հոդվածների պահանջներին, ուստի նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Արմեն Զախարի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի ապրիլի 14-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՎԲ-73/08
Որոշում