Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ԵՎ 280-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-624 (ՎԴ)

    դատարանի որոշում                                              2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1410

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ` Վ. Թորոսյան

Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արսեն Հարությունյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արսեն Հարությունյանի ընդդեմ Մհեր Հարությունյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասով Գարուշ Հարությունյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արսեն Հարությունյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Մուշավանի 5 փողոցի թիվ 16 հասցեում իր տիրապետման տակ գտնվող ըստ հատակագծի 15 քմ մակերեսով ննջարանի, 20 քմ մակերեսով հյուրասենյակի, 14 քմ մակերեսով ավտոտնակի, 16 քմ մակերեսով նկուղի, օժանդակ շինությունների` աստիճանավանդակի, հարթակի, և դրանցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ և այդ մասով անվավեր ճանաչել Գարուշ Հարությունյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 25.12.2007 թվականի վճռով հայցը` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասով, մերժվել է, իսկ Գարուշ Հարությունյանի սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2008 թվականի որոշմամբ Արսեն Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 25.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ և դրանք հիմնավորող ապացույցներ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Էրեբունի շրջանի Շորբուլաղի գյուղխորհրդի գործկոմի 26.06.1992 թվականի թիվ 7/3 որոշմամբ, Գարուշ Հարությունյանի դիմումի հիման վրա, Արսեն Հարությունյանը համարվել է առանձին տնտեսություն: Արսեն Հարությունյանը տիրապետել է վիճելի տան 15 քմ և 20 քմ մակերեսներով սենյակները, նկուղը, ավտոտնակը, իսկ 1992 թվականին ավտոտնակի վրա կառուցել է խոհանոց, լոգարան, որտեղ մուտք գործելու նպատակով կառուցել է նաև աստիճանավանդակ և հարթակ: Այդ բոլոր աշխատանքները կատարվել են Գարուշ Հարությունյանի համաձայնությամբ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Գարուշ Հարությունյանի կտակը վավերացվել է 16.07.1991 թվականին, իսկ տնտեսության բաժանության մասին թիվ 7/3 որոշումը կայացվել է 26.06.1992 թվականին: Հետևաբար, Գարուշ Հարությունյանը գիտակցել է իր գործողությունների հետևանքը և փաստորեն հրաժարվել է Արսեն Հարությունյանի կողմից տիրապետվող գույքից:

i

Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-1451 (ՎԴ) գործով արտահայտած իրավական դիրքորոշումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 16.07.1991 թվականի կտակով Գարուշ Հարությունյանն իրեն պատկանող Երևանի Շորբուլաղի 5-րդ փողոցի թիվ 16 բնակելի տունը կտակել է Մհեր Հարությունյանին:

2) Երևանի Էրեբունի շրջանի Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 26.06.1992 թվականի թիվ 7/3 որոշմամբ, Գարուշ Հարությունյանի դիմումի հիման վրա, որոշվել է նրա տնտեսությունը բաժանել իր տղայից` Արսեն Հարությունյանից, և համարել առանձին տնտեսություններ:

3) Կադաստրային գործում առկա է վիճելի բնակարանում բնակվող անձանց` այդ թվում Արսեն Հարությունյանի կողմից տրված համաձայնությունը` տունը Գարուշ Հարությունյանի անունով օրինականացնելու վերաբերյալ:

4) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 23.03.2007 թվականի թիվ 06-0391 փորձագիտական եզրակացության համաձայն` Երևանի Մուշավանի 5-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տնից Արսեն Հարությունյանի ընտանիքի օգտագործման ներքո գտնվում է 108,28 քմ մակերեսով շինություն, որից օրինական օգտագործելի մակերեսը կազմում է 54,76 քմ: Արսեն Հարությունյանի ընտանիքի օգտագործման ներքո գտնվող անշարժ գույքով և աստիճանավանդակի հարթակով ծանրաբեռնված հողամասի մակերեսը կազմում է 90,57 քմ, այդ թվում` 86,80 քմ-ն հանդիսանում է օրինական, իսկ 3,77 քմ-ն` փողոցին հարակից հատվածից ինքնակամ զբաղեցված հողամաս:

5) Գարուշ Հարությունյանը մահացել է 29.03.2007 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը նշել է, որ վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու հիմքով տեղի ունեցած գործարքի արդյունքում ընդմիջվել է այդ գույքի նկատմամբ Արսեն Հարությունյանի ձեռքբերման վաղեմության տիրապետման ժամկետը, քանի որ այդ գույքի նկատմամբ կնքվել է օրենքով նախատեսված գործարք (կտակ), որի արդյունքում գույքը մեկ անձի տիրապետումից փոխանցվել է այլ անձի: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման առարկա չի դարձվել Գարուշ Հարությունյանի կտակը և տնտեսության բաժանության մասին 26.06.1992 թվականի թիվ 7/3 որոշումը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կտակը վավերացվել է 16.07.1991 թվականին, իսկ տնտեսության բաժանության մասին թիվ 7/3 որոշումը կայացվել է 26.06.1992 թվականին, որից հետևում է, որ Գարուշ Հարությունյանը կտակը կազմելուց հետո հրաժարվել է Արսեն Հարությունյանի կողմից տիրապետվող գույքից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2008 թվականի որոշումը` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասով, և այդ մասով գործն ուղարկել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N 3-624(ՎԴ)
Որոշում