Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 21-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Ա) ԿԵՏԻ, 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Գ) ԿԵՏԻ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-734 (ՎԴ)

    դատարանի որոշում                                              2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1070

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմենակ և Գուլյա Սահակյանների վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2008 թվականի որոշման մասի դեմ` ըստ Արմենակ և Գուլյա Սահակյանների հայցի ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի գումարը փոխհատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմենակ և Գուլյա Սահակյանները պահանջել են բռնագանձել ՀՀ կենտրոնական բանկից իրենց կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում դրամական ավանդ դրված 22.768 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի կեսը` 11.350 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.02.2008 թվականի որոշմամբ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Միաժամանակ որոշվել է Արմենակ և Գուլյա Սահակյաններից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 340 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես չվճարված պետական տուրքի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արմենակ և Գուլյա Սահակյանները:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի ա) կետը, 31-րդ հոդվածի գ) կետը, որոնք պետք է կիրառեր, և կիրառել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դ) կետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արմենակ և Գուլյա Սահակյանները, լինելով կենսաթոշակառուներ, 2-րդ խմբի հաշմանդամներ, չունենալով բավարար նյութական միջոցներ և պետական տուրքը որևէ ձևով վճարելու հնարավորություն, վերաքննիչ բողոքին կից ներկայացված 21.11.2007 թվականի դիմումով խնդրել են ազատել իրենց պետական տուրքի վճարումից:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով 21.11.2007 թվականի դիմում-միջնորդության քննարկման համար էական նշանակություն ունեցող փաստերը, «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 18.12.2007 թվականի որոշմամբ քննարկել և բավարարել է Արմենակ և Գուլյա Սահակյանների` «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին» միջնորդությունը, այնինչ այդպիսի միջնորդություն բողոք բերողների կողմից ընդհանրապես չի ներկայացվել:

Ավելին, Վերաքննիչ դատարանը, պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը վերածելով պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին միջնորդության, ըստ էության ինքնուրույն փոփոխել է բուն դիմում-միջնորդության իմաստն ու բովանդակությունը` դրանով իսկ դուրս գալով դիմումի շրջանակներից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` ազատել իրենց պետական տուրքի վճարումից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Արմենակ և Գուլյա Սահակյանների 21.11.2007 թվականի դիմումի համաձայն` Արմենակ և Գուլյա Սահակյանների ընտանիքը ապրում է միայն կենսաթոշակով և գտնվում է ֆինանսական ծանր վիճակում. չեն կարողանում դեղորայք գնել, հնարավորություն չունեն վճարել պետական տուրքը, խնդրել են վերաքննիչ բողոքն ընդունել առանց պետական տուրքի վճարման:

2. Վերաքննիչ դատարանի 18.12.2007 թվականի որոշմամբ Արմենակ և Գուլյա Սահակյանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, սակայն պետական տուրքի վճարումը տարաժամկետվել է:

3. Արմենակ և Գուլյա Սահակյանները կենսաթոշակառուներ են և երկրորդ խմբի հաշմանդամներ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի ա) կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, իսկ նույն հոդվածի դ) կետի համաձայն` պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի դ) կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն, այդ թվում` պետական տուրքի վճարումից ազատման տեսքով, կարող են սահմանել նաև դատարանները կամ դատավորները` հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը, որն ուղղված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումը անհամատեղելի կլինի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես` Վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365 (ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44):

Սույն գործի փաստերի համաձայն` Արմենակ և Գուլյա Սահակյանները կենսաթոշակառուներ ու երկրորդ խմբի հաշմանդամներ են, գտնվում են ֆինանսական ծանր վիճակում, որի հետևանքով հնարավորություն չունենալով վճարելու պետական տուրքը` Վերաքննիչ դատարանին խնդրել են վերաքննիչ բողոքն ընդունել պետական տուրքի վճարումից ազատելու պայմանով: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի 18.12.2007 թվականի որոշմամբ Արմենակ և Գուլյա Սահակյանների պետական տուրքի վճարումը տարաժամկետվել է:

Վերը նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմենակ և Գուլյա Սահակյանները ներկայացրել են «Պետական տուրքի վճարումից ազատելու մասին» միջնորդություն, որը բխում էր իրենց գույքային դրությունից և որպես պետական տուրքի գծով արտոնություն կարող էր սահմանվել դատարանի կողմից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի 18.12.2007 թվականի որոշմամբ քննարկվել է «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին» միջնորդություն այն դեպքում, երբ Արմենակ և Գուլյա Սահակյանների կողմից նման միջնորդություն չի ներկայացվել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, առանց որևէ իրավական հիմքի, այն է` առանց «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին» միջնորդության առկայության, Արմենակ և Գուլյա Սահակյանների` «Պետական տուրքի վճարումից ազատելու մասին» միջնորդությունը դիտել է որպես «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին» միջնորդություն և Արմենակ ու Գուլյա Սահակյաններին պետական տուրքի վճարումից ազատելու փոխարեն տարաժամկետել է պետական տուրքի վճարումը, որով և խախտել է գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների իրականացման տնօրինչականության սկզբունքը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությունը, որ Վերաքննիչ դատարանն իր նախաձեռնությամբ փոփոխել է կենսաթոշակառուների կողմից ներկայացված միջնորդության իմաստն ու բովանդակությունը` դրանով իսկ դուրս գալով միջնորդության շրջանակներից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մասնակիորեն բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2008 թվականի թիվ 08-1070 որոշումը և այն փոփոխել` որոշման եզրափակիչ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Արմենակ և Գուլյա Սահակյաններին ազատել վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից»:

2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի ա) կետի և 31-րդ հոդվածի դ) կետի հիմքով Արմենակ և Գուլյա Սահակյաններին ազատել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N 3-734(ՎԴ)
Որոշում