Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Վարչական դատարանի վճիռ                  Վարչական գործ թիվ ՎԴ/0262/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0262/05/08                                 2008 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 25.06.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Նոր Շին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 18.12.2007 թվականի թիվ 1034648 ակտի 1-ին և 4-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 18.12.2007 թվականի թիվ 1034648 ակտի 1-ին և 4-րդ կետերը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

i

Դատարանը ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու համար, մասնավորապես տեղյակ լինելով «Շվեյկ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) և Ընկերության տնօրենների միջև մատակարարման կեղծ պայմանագրեր կնքելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի առկայության մասին գործի ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չի պահանջել, ինչի հետևանքով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարել: Սույն գործով վճիռ կայացնելուց շուրջ մեկ ամիս առաջ թիվ ԳԴ 5/0002/01/08 գործով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2008 թվականի դատավճռով Կազմակերպության տնօրեն Ռոբերտ Երիցյանը Ընկերության տնօրեն Արման Մաթևոսյանին առանց ապրանքների փաստացի մատակարարման կեղծ հաշիվ-ապրանքագրեր տրամադրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով ճանաչվել է մեղավոր և դատապարտվել է: Դատարանը հաշվի չի առել այդ դատավճիռը, և դրանով հաստատված այն հանգամանքը, որ Ռոբերտ Երիցյանը մեղավոր է ճանաչվել այն բանում, որ Ընկերության տնօրեն Արման Մաթևոսյանի հետ 15.08.2006 և 20.11.2006 թվականներին կնքված ընդհանուր առմամբ 8.415.340 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների մատակարարման պայմանագրերով Ընկերությանը փաստացի մատակարարել է շուրջ 1.300.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ, իսկ մնացած գումարի դիմաց առանց ապրանքների մատակարարման տրամադրել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 2.243.600 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափի վնաս: Փաստորեն տարբեր դատական մարմիններ միևնույն հանգամանքների և փաստաթղթերի իրավաչափության հարցի կապակցությամբ կայացրել են տարբեր, իրար հակասող դատական ակտեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 25.06.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

i

Սույն գործով Ընկերության համար առկա են եղել ոչ բարենպաստ փաստական հանգամանքներ, որոնց առկայության դեպքում փաստի ապացուցումը հանդիսացել է հարկային պետական ծառայության պարտականությունը: Փաստորեն Ծառայության կողմից իր պարտականությունների չկատարման հանգամանքը սույն վճռաբեկ բողոքում ներկայացվում է որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտում, այն էլ այն դեպքում, երբ Դատարանը քրեական գործի նյութեր պահանջելու իրավունք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա չուներ: Դատարանի խնդիրը կազմված ակտի օրինականությունն ստուգելն է: Ինչ վերաբերում է թիվ ԳԴ 5/0002/01/08 գործով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2008 թվականի դատավճռով հաստատված հանգամանքները գնահատելուն, ապա պետք է նշել, որ այդ դատավճիռն իրավական հետևանքներ է առաջացնում բացառապես այլ սուբյեկտի համար, այն որևէ իրավունքներ Ընկերության համար չի առաջացնում: Ավելին, Դատարանը չէր կարող վերոնշյալ դատավճիռը որպես պարտավորությունների առաջացումը հիմնավորող ապացույց դնել տվյալ քրեական գործին մասնակից չդարձած անձի նկատմամբ կայացվող դատական ակտի հիմքում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 18.12.2007 թվականի թիվ 1034648 ստուգման ակտով արձանագրվել է, որ Կազմակերպության կողմից դուրս են գրվել 6.731.200 ՀՀ դրամի հաշիվ-ապրանքագրեր Ընկերությանն ապրանքներ մատակարարելու մասին, սակայն ապրանքներ չեն մատակարարվել, որի համար Ընկերությանն առաջադրվել են շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով պարտավորություններ:

2) Գործում առկա են Կազմակերպության և Ընկերության միջև կնքված թիվ 1, թիվ 2 մատակարարման պայմանագրերը, որով մատակարարը պարտավորվել է ապրանքները հանձնել գնորդին:

3) Գործում առկա են նաև հաշիվ-ապրանքագրեր մատակարարված ապրանքների տեսականու վերաբերյալ:

4) Թիվ 1, 2, 3 և 8 վճարման հանձնարարականների համաձայն` Ընկերությունը Կազմակերպությանը փոխանցել է գումարներ` համապատասխանաբար թիվ 3 հաշիվ ապրանքագրի, թիվ 2, 4 և 2 պայմանագրերի:

5) Գործում առկա են Կազմակերպության կողմից մատակարարված և Ընկերության կողմից ընդունված ապրանքների հանձնման-ընդունման ակտերը:

6) Կազմակերպության տնօրեն Ռոբերտ Երիցյանի 06.12.2007 թվականի բացատրության համաձայն` վերջինս Ընկերության տնօրենի հետ կնքել է թիվ 1 և թիվ 2 մատակարարման պայմանագրերը, դրանցով Ընկերության կողմից փոխանցվել է գումար, որի մի մասը վերջինս վերադարձրել է Ընկերության տնօրեն Արման Մաթևոսյանին:

7) Կազմակերպության տնօրենի 15.12.2007 թվականի տեղեկանքի համաձայն` 15.08.2007 թվականի և 20.11.2007 թվականի պայմանագրերով սահմանված կարգով Կազմակերպությունը պատշաճ կերպով կատարել է իր պայմանագրային պարտավորությունները, Ընկերությունն էլ պատշաճ կերպով կատարել է գումար վճարելու իր պարտավորությունները, և Կազմակերպությունը վերջինիս նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունի:

8) Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2008 թվականի դատավճռով Կազմակերպության տնօրեն Ռոբերտ Երիցյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով` առանց ապրանքներ մատակարարելու կեղծ հաշիվ-ապրանքագրեր տրամադրելու համար: Նույն դատավճռով բավարարվել է քաղաքացիական հայցը, և որոշվել է Ռոբերտ Երիցյանից բռնագանձել 2.243.600 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնասի հատուցում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության կիրառման առումով անապրանք փաստաթուղթը հարկերի հաշվարկման և (կամ) վճարման համար հիմք հանդիսացած (հարկային հաշվառման մեջ ներառված)` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող վճարահաշվարկային այն փաստաթուղթն է, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում կամ աշխատանքի կատարում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջև փաստացի չի կատարվել կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով: Փաստաթղթերը չեն համարվում անապրանք, և նույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձն ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն կրում է գործարքը կատարելու պարտավորություն:

Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ակտը կազմվել է Ռոբերտ Երիցյանի բացատրության հիման վրա, որի հետ Ընկերությունը չի ծանոթացել: Միաժամանակ, Դատարանը նշել է, որ կողմերի միջև կնքված գործարքները և դրանց հիման վրա կազմված հաշիվ-ապրանքագրերը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով չէին կարող համարվել անապրանք, քանի որ հենց Կազմակերպությունն է կրել գործարքը կատարելու, այն է` ապրանք մատակարարելու պարտավորությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կիրառելի չէ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասը, քանի որ կողմերն ընդունել են միմյանց միջև մատակարարման պայմանագրի համաձայն պարտավորությունների կատարված լինելու հանգամանքը, իսկ վերոնշյալ նորմը վերաբերում է այն դեպքերին, երբ պայմանագրի կողմը դեռևս ունի պայմանագիրը կատարելու պարտավորություն:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ Դատարանի պարտականությունն է պահանջել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր պարունակող ապացույցներ:

Մինչդեռ Դատարանը, գործի քննության ընթացքում պարզելով, որ Կազմակերպության և Ընկերության տնօրենների միջև առկա է մատակարարման կեղծ պայմանագրեր կնքելու փաստի առթիվ հարուցված քրեական գործ, որևէ միջոց չի ձեռնարկել նշված քրեական գործի մասին լրացուցիչ տեղեկություններ պահանջելու համար, այն պայմաններում, երբ վճռի կայացման օրվա դրությամբ առկա էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2008 թվականի դատավճիռը, առավել ևս, որ դատաքննության ընթացքում Ծառայությունը միջնորդել էր կասեցնելու գործի վարույթը, համապատասխան քրեական գործի առկայության պատճառով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 08.05.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N ՎԴ/0262/05/08
Որոշում