Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ...

 

 

020.0805.260509

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 29 մայիսի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 22.05.2009թ. սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) ստորագրվել է 2009թ. մայիսի 20-ին` Մոսկվայում:

Համաձայնագրի նպատակը 2009 թվականին Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության կողմից 500 մլն ԱՄՆ դոլարի չափով պետական ֆինանսական վարկ տրամադրելն է:

Ըստ համաձայնագրի` Ռուսական կողմը վարկի միջոցները փոխանցում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության արտարժութային (ԱՄՆ դոլարով) հաշվին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 7 (յոթ) օրվա ընթացքում:

Վարկի օգտագործման ամսաթիվ է հանդիսանում վարկի միջոցների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թղթակցային հաշվին հաշվեգրման ամսաթիվը:

Ըստ համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- վարկի մարումն իրականացնել ԱՄՆ դոլարով հավասար կիսամյակային մասնաբաժիններով` վճարումներն իրականացնելով յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին,

- առաջին վճարումն իրականացնել 2013թ. հունիսի 15-ին, իսկ վերջին վճարումը` 2024 թ. հունիսի 15-ին,

- համաձայնագրի գծով պարտքի անվանական մնացորդի վաղաժամկետ մարում իրականացնելու դեպքում վճարել մինչև վաղաժամկետ մարման ամսաթիվը հաշվարկված տոկոսավճարները` Ռուսական կողմին նման որոշման մասին գրավոր տեղեկացնելով վճարման ամսաթվից առնվազն 14 օրացուցային օր առաջ,

- Ռուսական կողմին վարկի օգտագործման համար վճարել տոկոսներ ԱՄՆ դոլարով արտահայտված 6-ամսյա դեպոզիտների համար LIBOR դրույքաչափին գումարած 3 (երեք) տոկոս տարեկան տոկոսադրույքով,

- Ռուսական կողմին վարկի օգտագործման համար վճարվող վարկի տոկոսները հաշվարկել վարկի օգտագործման ամսաթվից սկսած` վարկի օգտագործման փաստացի օրերի քանակի համար` ելնելով տարին 360 օր հաշվարկից (հիմք` 365/360) և վարկի տոկոսները վճարել ԱՄՆ դոլարով յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին,

- ապահովել, որպեսզի վճարման ենթակա բոլոր գումարները ծանրաբեռնված չլինեն ոչ մի տեսակ հարկերով և վճարվեն առանց որևէ սահմանափակումների, նվազեցումների, պահումների կամ փոխհատուցումների:

Ըստ համաձայնագրի` այն դեպքում, երբ համաձայնագրին համապատասխան վարկի հիմնական գումարի մարման և (կամ) տոկոսների վճարման գծով ցանկացած վճարում չի իրականացվել այդ հոդվածներով սահմանված վճարման համապատասխան ամսաթվին, այդ պարտքը համարվում է ժամկետանց և նրա վրա հաշվարկվում են տոկոսներ ԱՄՆ դոլարով արտահայտված 6-ամսյա դեպոզիտների համար LIBOR դրույքաչափին գումարած 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով` ժամկետանց պարտքի առաջացման պահից մինչև այդ պարտքի ամբողջական մարման ամսաթիվը ներառյալ:

Համաձայնագրով նախատեսված է, որ վարկի գծով Հայկական կողմի վճարման պարտավորությունների գծով վճարումների հետաձգումը 90 օրը գերազանցելու դեպքում Ռուսական կողմն իրավունք ունի համաձայնագրի շրջանակում չմարված ամբողջ պարտքը համարել մարման ենթակա և այդ պարտքի վրա հաշվարկել տոկոսներ ԱՄՆ դոլարով արտահայտված 6-ամսյա դեպոզիտների համար LIBOR դրույքաչափին գումարած 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով` մինչև ժամկետանց պարտքի մարման ամսաթիվը:

Համաձայնագրի գծով հաշվարկների և հաշվառման կարգը սահմանվում է Հայկական և Ռուսական կողմերի լիազոր գործակալների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և «Զարգացման և արտաքին տնտեսական գործունեության բանկի (Վնեշէկոնոմբանկ)» պետական կորպորացիայի միջև համաձայնագրով:

Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները պետք է լուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 մայիսի 2009 թվականի

ՍԴՈ-805

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.05.2009
N ՍԴՈ-805
Որոշում