Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ԵՎ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-136 (Ա)

    Երևանի  Շենգավիթ համայնքի առաջին                            2007 թ.

ատյանի դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 28146/2005 թ.

Նախագահող դատավոր` Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչիկ Կասինյանի վճռաբեկ բողոքն ըստ Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Հրաչիկ Կասինյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 17.11.2005 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան` Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ն պահանջել է Հրաչիկ Կասինյանից բռնագանձել 86.958 ՀՀ դրամ` մատուցված ծառայության դիմաց հաշվարկված գումար:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 17.11.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրաչիկ Կասինյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը գործը քննել է պատասխանող Հ. Կասինյանի բացակայությամբ, որը պատշաճ կերպով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում, այն է` պատասխանողին պատշաճ ձևով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և վերջինիս բացակայությամբ վճիռ է կայացրել, ինչի արդյունքում պատասխանողը հնարավորություն չի ունեցել դատարանին ներկայացնել առարկություններ:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, բավարարելով հայցը, չի պարզել, թե ով է հանդիսանում Երևանի Արագածի փողոց 26 շենքի թիվ 54 բնակարանի սեփականատերը, քանի որ դեռևս 12.09.1998 թվականին նշված հասցեի բնակարանը` նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրով վաճառվել է Արաիկ Ներսիսյանին: Նոր սեփականատիրոջ կողմից բնակարանի ջրամատակարարման բաժանորդային քարտը չի անվանափոխվել, որպիսի հանգամանքի մասին է վկայում այն փաստը, որ պայմանագրում նշված անձնագրային տվյալներն ու ստորագրությունը չեն համապատասխանում պատասխանողի անձնագրային տվյալներին և ստորագրությանը:

3) Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք, որը քաղաքացիական գործի քննության ընթացքում հայտնի չի եղել ինչպես հայցվորին, այնպես էլ դատարանին:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Պատշաճ ձևով ծանուցված չլինելով քննվող քաղաքացիական գործի մասին` իրենից անկախ պատճառներով չի կարողացել դատարան ներկայացնել Երևանի Արագածի փողոց 26 շենքի թիվ 54 բնակարանի առուծախի վերաբերյալ 12.09.1998 թվականին կնքված ու նոտարական կարգով վավերացված պայմանագիրը, որով նշված հասցեի բնակարանը վաճառել է Արաիկ Ներսիսյանին: Բացի այդ, Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի վճռի մասին տեղեկացել է միայն 02.08.2006 թվականին` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից վճիռը կատարելու վերաբերյալ համապատասխան գրությամբ:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 17.11.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հրաչիկ Կասինյանի և Արաիկ Ներսիսյանի միջև 12.09.1998 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված բնակելի տան առուվաճառքի պայմանագրով Հրաչիկ Կասինյանը վաճառել, իսկ Արաիկ Ներսիսյանը գնել է Արագածի փողոց 26 շենքի թիվ 54 բնակարանը: Նշված պայմանագրով բնակարանի նկատմամբ Հրաչիկ Կասինյանի սեփականության, ինչպես նաև բնակվելու իրավունքը նույն թվականից դադարել է:

2) Բնակարանի նոր սեփականատիրոջ կողմից բնակարանի ջրամատակարարման բաժանորդային քարտը չի անվանափոխվել, ջրամատակարարման պայմանագիրը կազմվել է Հրաչիկ Կասինյանի անվամբ, սակայն պայմանագրում նշված անձնագրային տվյալներն ու ստորագրությունը չեն համապատասխանում Հրաչիկ Կասինյանի անձնագրային տվյալներին և ստորագրությանը:

3) Հրաչիկ Կասինյանը սույն քաղաքացիական գործով դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կերպով չի տեղեկացվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Սույն քաղաքացիական գործով պատասխանողը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Գործում առկա չէ գործի քննության ժամանակի և վայրի մասին նրանց պատշաճ տեղեկացվելու փաստը հաստատող որևէ ապացույց:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական օրենքի էական խախտում:

Վճռաբեկ դատարանն այս հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 21.12.2006 թվականին կայացված թիվ 3-2236/Ա որոշմամբ (քաղաքացիական գործն ըստ հայցի Շենգավիթի թաղապետարանի ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտումն առկա է, ինչը բոլոր դեպքերում դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

2) բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում քննության առարկա դարձնել հետևյալ պատճառաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել` կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:

3) բողոքն երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կամ հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ եթե նույնիսկ հայտնի են եղել, սակայն նրանցից անկախ պատճառներով չէին կարող ներկայացվել դատարան:

Նշված կետերի բովանդակությունից հետևում է, որ նոր երևան եկած հանգամանքներ կարող են ներկայացնել միայն գործին մասնակից դարձած անձինք և այդ հանգամանքները պետք է անհայտ եղած լինեն նրանց, կամ թեև հայտնի լինեն, սակայն դրանց ներկայացումը դատարան անհնար եղած լինի: Միաժամանակ, այդ հանգամանքները գործի համար պետք է ունենան էական նշանակություն:

Տվյալ դեպքում բողոք բերած անձը գործի քննությանը չի մասնակցել և վճիռը կայացվել է վերջինիս բացակայությամբ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Արագածի փողոց 26 շենքի թիվ 54 բնակարանի առուծախի վերաբերյալ 12.09.1998 թվականի պայմանագիրը և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գրությունը սույն գործի համար նոր երևան եկած հանգամանքներ չեն կարող ճանաչվել:

Նման իրավիճակներում, երբ անձը դատաքննությանը մասնակից չդարձվելու պատճառով զրկված է լինում դատարանին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, և եթե դատական ակտը վերաբերում է նրա իրավունքներին, անձը օրենքի ուժով հնարավորություն է ստանում վիճարկել դատական ակտը դատավարական իրավունքի խախտման հիմքով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով, գտնում է, որ դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու բավարար հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 17.11.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.03.2007
N 3-136(Ա)
Որոշում