Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 228-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-477 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                      2007 թ.

քաղաքացիական գործ թիվ 05-1763/2005 թ.

նախագահող դատավոր` Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

դատավորներ` Գ. ՄԱՏԻՆՅԱՆ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/,

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Քրիստինե Առաքելյանի վճռաբեկ բողոքն ըստ հայցի Քրիստինե Առաքելյանի ընդդեմ Վանո, Գոռ և Արևիկ Հայրապետյանների` սեփականության իրավունքը մասնակի անվավեր ճանաչելու և ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.07.2005 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով առաջին ատյանի դատարան, հայցվոր Քրիստինե Առաքելյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Վանո, Գոռ և Արևիկ Հայրապետյանների սեփականության իրավունքն Արարատի մարզի Նորաբաց գյուղի 8-րդ փողոցի թիվ 11 տան նկատմամբ և իրեն ու երեխաներին ճանաչել այդ տան 1/2 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգներ:

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 13.04.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.07.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն`

1) մասնակի անվավեր է ճանաչվել Վանո, Արևիկ և Գոռ Հայրապետյանների սեփականության իրավունքն Արարատի մարզի Նորաբաց գյուղի 8-րդ փողոցի թիվ 11 տան նկատմամբ,

2) Քրիստինե Առաքելյանն ու նրա երեք երեխաները` Լիաննա, Արման և Արտակ Երվանդի Հայրապետյանները ճանաչվել են ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգներ Նորաբաց գյուղի 8-րդ փողոցի թիվ 11` 1992 թվականի դրությամբ 60 քմ ընդհանուր մակերեսով տան 1/8 մասի նկատմամբ:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է հայցվոր Քրիստինե Առաքելյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորմամբ.

1) սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք, որը սույն գործի համար ունի էական նշանակություն:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը վիճարկվող վճիռը կայացնելիս հիմք է ընդունել «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի փորձագետ Զավեն Ավագյանի 15.06.2005 թվականի թիվ 6-03 եզրակացությունը:

Բողոքին կից ներկայացված քրեական գործով վարույթը կարճելու և Զավեն Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 12.07.2006 թվականի որոշմամբ և քրեական գործի շրջանակներում տրված փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ փորձագետ Զավեն Ավագյանի եզրակացությունը կեղծ է, ինչի վերաբերյալ վերջինս ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Բողոք բերած անձը պահանջել է նշված եզրակացության կեղծ լինելու փաստը համարել սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանի վճիռը վերանայելու հիմք, բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.07.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 1991 թվականի թիվ 6 տնտեսական գրքի 430 անձնական հաշվում Գրիգոր Հայրապետյանի անվամբ գրանցված է եղել 60 քմ բնակելի շինություն:

2) «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի փորձագետ Զավեն Ավագյանի 15.06.2005 թվականի թիվ 6-03 եզրակացությամբ վեճի առարկա հանդիսացող` Արարատի մարզի Նորաբաց գյուղի 8-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 406,85 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տան շին-մոնտաժային աշխատանքները սկսվել են 1993-94 թվականներին:

3) ՀՀ փորձագիտական կենտրոն ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 17.04.2006 թվականի թիվ 06760607 եզրակացությամբ Արարատի մարզի նորաբաց գյուղի 8-րդ փողոցի թիվ 11 տան հիմնական կոնստրուկտիվ տարրերը տեղակայվել և մոնտաժվել են մինչև 1980 թվականը:

Կեղծ եզրակացություն տալու փաստով 26.05.2006 թվականին Մասիսի քննչական բաժանմունքում Զավեն Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել և 08.07.2006 թվականին վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննության մարմնի 12.07.2006 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 07.07.2006 թվականի որոշման 6-րդ մասի «դ» կետի հիմքով քրեական գործի վարույթը կարճվել է և Զավեն Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է:

4) Կեղծ եզրակացություն տալու փաստի հիման վրա 26.05.2006 թվականին հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Զավեն Ավագյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

5) Զավեն Ավագյանի 08.07.2006 թվականին տրված նախաքննական ցուցմունքով հաստատվել է, որ վերջինս Արարատի մարզի Նորաբաց գյուղի 8-րդ փողոցի թիվ 11 տան վաղեմությունը որոշելու համար կատարված փորձաքննության ժամանակ շինանյութի նմուշառում չի կատարել, լաբորատոր ստուգման չի ենթարկել և իր տված եզրակացությունը իրականությանը չի համապատասխանում:

6) Քրեական գործի վարույթը կարճելու և Զավեն Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 12.07.2006 թվականի որոշմամբ հաստատվել է, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 8-րդ փողոցի թիվ 11 տան վաղեմությունը որոշելու համար Զավեն Ավագյանը կատարել է փորձաքննություն և վեճի առարկա տունը 1980 թվականին կառուցված լինելու պայմաններում` նշված տան հիմնական շինմոնտաժային աշխատանքները 1993-94 թվականներին սկսված լինելու վերաբերյալ տվել է կեղծ եզրակացություն:

7) Վերը նշված որոշումը մտել է օրինական ուժի մեջ և չի բողոքարկվել:

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը նշված հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.07.2005 թվականի վճռի հիմքում դրվել է «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի փորձագետ Զավեն Ավագյանի 15.06.2005 թվականի թիվ 6-03 եզրակացությունը: Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ հաստատվել է դատարանի վճռի համար հիմք հանդիսացած վերը նշված փորձագիտական եզրակացության կեղծ լինելու հանգամանքը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի փորձագետ Զավեն Ավագյանի 15.06.2005 թվականի թիվ 6-03 եզրակացության կեղծ լինելու հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է հանդիսանում, քանի որ այդ հանգամանքը կողմերին հայտնի լինելու և այն դատարանին ներկայացվելու պարագայում կարող էր կայացվել այլ վճիռ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր է համարում և դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.07.2005 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է համարում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.07.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.03.2007
N 3-477(ՎԴ)
Որոշում