Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 16-ՐԴ, 78-ՐԴ ԵՎ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-390 (Ա)

    Կոտայքի մարզի առաջին ատյանի                                 2007 թ.

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 2-669/2006 թ.

Նախագահող դատավոր` Գ. Հեբոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում քննելով «Մերֆաստ Տրեյդինգ Լիմիտեդ» ՍՊԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.10.2006 թվականի վճռի դեմ ըստ Արսեն Միլիտոսյանի հայցի ընդդեմ Ընկերության` վաճառված բաժնետոմսերը վերադարձնելու պահանջի մասին քաղաքացիական գործով,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է հետ վերադարձնել 11.12.2002 թվականին կնքված` «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրով պատասխանողին վաճառված բաժնետոմսերը:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.10.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին ներկայացվել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Դատարանի կողմից 28.09.2006 թվականին առաքված ծանուցագիրը պատասխանողի մոտ ստացվել է 18.10.2006 թվականին, մինչդեռ դատարանի վճիռը կայացվել է 11.10.2006 թվականին: Այսինքն, դատարանը վճիռ է կայացրել պատասխանողի բացակայությամբ, որը պատշաճ կերպով չի տեղեկացվել դատական նիստի վայրի և ժամանակի մասին:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի, 83-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Բաժնետոմսերի առուվաճառքն իր էությամբ առնչվում է ձեռնարկատիրական գործունեության ոլորտին, հետևաբար սույն գործը ենթակա է ՀՀ տնտեսական դատարանի քննությանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոք բերած անձը որևէ փաստարկ չի ներկայացրել:

3) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառելի չէ, քանի որ կողմերի միջև 11.12.2002 թվականին կնքված բաժնետոմսերի առուծախի պայմանագրի 5-րդ կետի համաձայն` բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդի մոտ ծագել է պայմանագրի կնքման պահից, իսկ բաժնետոմսերի համար վճարման կոնկրետ ժամկետ պայմանագրով սահմանված չէ:

Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածի 3-րդ մասը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վաճառված գույքի նկատմամբ պահպանվել է վաճառողի սեփականության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.10.2006 թվականի վճիռը բեկանել և փոփոխել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

Ըստ բողոքի պատասխանի`

1) Բողոքում նշված փաստարկն այն մասին, որ բաժնետոմսը գույք չէ, ակնհայտ անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գույք է համարվում նաև արժեթուղթը, իսկ նույն օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն` արժեթղթերի թվին են դասվում նաև բաժնետոմսերը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը սույն գործով կիրառելի է:

2) Բողոքի այն փաստարկը, թե դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը` անհիմն է, քանի որ հայցվորի կողմից իր իրավունքները չարաշահելու վերաբերյալ որևէ ապացույց բողոք բերած անձը չի ներկայացրել:

3) Ընկերությունը դատական քննության տեղի և ժամանակի մասին ծանուցվել է միջազգային փոստային ծառայության միջոցով, սակայն չի ներկայացել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Ա. Միլիտոսյանի միջև 11.12.2002 թվականին կնքվել է «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, որով Ընկերությանն է վաճառվել «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը: Նշված պայմանագրով բաժնետոմսերի համար վճարելու որոշակի ժամկետ սահմանված չէ: Պայմանագրի 5-րդ կետի համաձայն` գնորդը բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերում պայմանագրի ստորագրման պահին:

2) Ընկերությունը ձեռք բերած բաժնետոմսերի դիմաց չի վճարել վաճառողին:

3) Ընկերությունը հանդիսանում է Կիպրոսի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ:

4) Պատասխանողը դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքները` նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Ընկերությունը պատշաճ ձևով տեղեկացված է եղել դատական նիստի մասին, քանի որ դատական առաջին նիստը նշանակված է եղել 28.09.2006 թվականին, իսկ Ընկերությանը ծանուցումն ուղարկվել է 05.09.2006 թվականին և Ընկերության կողմից ստացվել է 11.09.2006 թվականին:

Պատասխանողին պատշաճ ծանուցելու փաստը հաստատվում է DHL սուրհանդակային ծառայության կողմից տրամադրված` հանձնման մասին տեղեկագրով, որի պատճենն առկա է քաղաքացիական գործում:

Առաջին դատական նիստին Ընկերության ներկայացուցչի չներկայանալու հետևանքով 28.09.2006 թվականին դատարանը երկրորդ դատական նիստի օր է նշանակել 11.10.2006 թվականը և այդ մասին Ընկերությանը 28.09.2006 թվականին ծանուցագիր է ուղարկել: Այդ ծանուցագիրն Ընկերությունը ստացել է 04.10.2006 թվականին:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի գործողությունները` ուղղված պատասխանողին ծանուցելուն, լիովին համապատասխանում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին, քանի որ պատասխանողին դատական նիստի մասին ծանուցելու համար դատարանը ձեռնարկել է օրենքով նախատեսված պատշաճ միջոցներ:

2) Բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն նաև քննել օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե պատասխանողը ՀՀ տարածքում ունի գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գույք է նաև արժեթուղթը: Նույն օրենսգրքի 157-րդ հոդվածի իմաստով բաժնետոմսն արժեթուղթ է, հետևաբար այն գույք է: ՈՒստի Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի գույք:

i

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով սույն գործն ընդդատյա է Հայաստանի Հանրապետության դատարանին, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի խախտման վերաբերյալ սույն բողոքի փաստարկը անհիմն է:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա են նաև անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ չունեցող քաղաքացիների և առևտրային կազմակերպություն չհանդիսացող կազմավորումների մասնակցությամբ տնտեսական վեճերը և այլ գործեր, եթե դրանք իրենց էությամբ առնչվում են ձեռնարկատիրական գործունեության ոլորտին (տնտեսական վեճեր):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

Ընկերության բաժնետոմսերի սեփականության իրավունքը ենթադրում է մասնակցություն ընկերության կառավարմանը, ինչը սեփականատիրոջ կողմից իր ռիսկով իրականացվող գործունեություն է, որի նպատակը շահույթ ստանալն է: Հետևաբար, Արսեն Միլիտոսյանի և «Մերֆաստ Տրեյդինգ Լիմիտեդ» ՍՊԸ-ի միջև ծագած վեճը ըստ էության տնտեսական վեճ է:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով ենթակա է ՀՀ տնտեսական դատարանին, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի խախտման վերաբերյալ փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում:

3) Բողոքն երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածը ամբողջությամբ նվիրված է առուվաճառքի գործարքների դեպքում վաճառողի սեփականության իրավունքի պահպանմանը: Այս հոդվածի համաձայն` գնորդը դառնում է ապրանքի սեփականատեր ապրանքի համար վճարելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված ժամկետում հանձնված ապրանքի համար չի վճարվել, վաճառողն իրավունք ունի գնորդից պահանջել վերադարձնելու ապրանքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Սույն հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ հանձնված ապրանքի համար պայմանագրով նախատեսված ժամկետում չվճարվելու դեպքի համար այն պարունակում է որոշակի սանկցիա, այն է` վաճառողի իրավունքը գնորդից պահանջել վերադարձնելու ապրանքը:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` կողմերի միջև կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրով բաժնետոմսերի համար վճարելու ժամկետ նախատեսված չէ: Դեռ ավելին, պայմանագրի 5-րդ կետի համաձայն, գնորդը պայմանագրի ստորագրման պահից դարձել է «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատեր: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածի 3-րդ մասը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ վաճառող Արսեն Միլիտոսյանի մոտ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը չի պահպանվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:

Նշված պարտականության խախտման հետևանքը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 3-րդ մասում, ըստ որի` եթե գնորդը ժամանակին չի վճարել առուվաճառքի պայմանագրին համապատասխան հանձնված ապրանքի համար, վաճառողն իրավունք ունի պահանջել վճարելու ապրանքի համար և տոկոսներ` նույն օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան:

Սույն գործով վիճելի` 11.12.2002 թվականի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում վճարման համար կոնկրետ ժամկետ նախատեսված չէ: Հետևաբար, Ընկերությունը գնված բաժնետոմսերի համար պետք է վճարեր դրանք ստանալուց կա՛մ անմիջապես առաջ, կա՛մ անմիջապես հետո:

Հետևաբար սույն գործով գնորդի կողմից վճարելու` իր պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 3-րդ մասը:

Այսպիսով, վերը նշված հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը սույն բողոքի երրորդ հիմքը հիմնավոր համարելով` դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.10.2006 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է համարում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.10.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ տնտեսական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2007
N 3-390(Ա)
Որոշում