Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ, 93-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ          Քաղաքացիական գործ թիվ 3-711 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ3-29/2005 թ.                          2007 թ.

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/,

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հաղարծին-1» արտադրական կոոպերատիվի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 08.02.2005 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «Հաղարծին» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ)` 31.01.1996 թվականի ինքնակամ շինության սեփականության թիվ 28 վկայականը անվավեր ճանաչելու, ինքնակամ շինությունից վտարելու և վարձակալության իրավունքի խախտումները վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել ինքնակամ շինության 31.01.1996 թվականի թիվ 28 սեփականության վկայականը, պատասխանողին վտարել ինքնակամ շինությունից և վերացնել վարձակալության իրավունքի խախտումները:

ՀՀ տնտեսական դատարանի 08.02.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է «Հաղարծին-1» արտադրական կոոպերատիվը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, ինչպես նաև 93-րդ հոդվածի պահանջները:

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջները, ինչը հիմնավորվում է նրանով, որ հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները դատարանի կողմից «Հաղարծին-1» արտադրական կոոպերատիվին պատշաճ ձևով ուղարկելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ:

Բացի այդ, Կոոպերատիվի ներկայացուցչին, պատշաճ ձևով չտեղեկացնելով նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննվել է վերջինիս բացակայության պայմաններում:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 08.02.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Շինության սեփականատերը «Հաղարծին-1» արտադրական կոոպերատիվն է:

2) «Հաղարծին-1» արտադրական կոոպերատիվին 08.02.2005 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատարանի կողմից պատշաճ տեղեկացնելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել «Հաղարծին-1» արտադրական կոոպերատիվի ներկայացուցչի բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):

Սույն գործի փաստերի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանող «Հաղարծին-1» արտադրական կոոպերատիվը պատշաճ ձևով չի ծանուցվել, դիմումը քննվել է վերջինիս ներկայացուցչի բացակայությամբ: Գործում առկա չէ գործի քննության ժամանակի և վայրի մասին նրանց պատշաճ տեղեկացվելու փաստը հաստատող որևէ ապացույց:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով դատավարական օրենքի էական խախտում է հանդիսանում:

Վճռաբեկ դատարանն այս հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականին կայացված թիվ 2-2128 (Ա) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի խախտում: Այս եզրահանգմանը Վճռաբեկ դատարանը հանգեց հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն` դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները: Պատասխանողին հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենների ուղարկելու դատարանի պարտականությունը սահմանելով, օրենսդիրը պատասխանողին հնարավորություն է տվել մինչև գործի դատական քննությունը ծանոթանալ իր դեմ ներկայացված հայցին, դրա դեմ նույն օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով երկշաբաթյա ժամկետում կատարել հայցի դեմ առարկություններ ներկայացնելու իր դատավարական պարտականությունը:

Հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտում է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը: Վճռաբեկ դատարանն այս հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 17.11.2006 թվականի թիվ 3-1894 (ՏԴ) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդիմպեքս» ՍՊԸ-ի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին):

Այսպիսով Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր է համարում և դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի առաջին մասի և երկրորդ մասի 2-րդ կետի ուժով ՀՀ տնտեսական դատարանի 08.02.2005 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 08.02.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2007
N 3-711(ՏԴ)
Որոշում