Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 277...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 277-ՐԴ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ՇԴ2/0012/02/08

    դատարանի որոշում                                               2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ2/0012/02/08

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևիկ Երիցյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հակոբ Գալստյանի ընդդեմ Լևիկ Երիցյանի, Արթիկի քաղաքապետարանի` տիրապետումից զրկելու հետ չկապված սեփականատիրոջ իրավունքների խախտումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հակոբ Գալստյանը պահանջել է պարտավորեցնել Լևիկ Երիցյանին քանդել ավտոտնակի 11,8 քմ մակերեսով ինքնակամ մասը և նույն հատվածում կառուցել ջրատար ուղի` փակելով մակերեսային ջրերի հոսքը դեպի Հակոբ Գալստյանի բնակելի տուն:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.10.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2009 թվականի որոշմամբ վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևիկ Երիցյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հակոբ Գալստյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 277-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 219-րդ, 220-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի պահանջները, հայցը բավարարելիս չի հիմնավորել իր հետևությունները: Բացի այդ, Լևիկ Երիցյանը պարտավորեցվել է քանդել ինքնակամ շինությունն այն դեպքում, երբ այն Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի որոշմամբ ճանաչվել է օրինական, այսինքն` վիճելի 11,8 քմ մակերեսով շինությունն ինքնակամ չէ, ինչը Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել: Արդյունքում խախտվել է Լևիկ Երիցյանի սեփականության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա` վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, կամ օրինական ուժ տալ Դատարանի 10.10.2008 թվականի վճռին, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, գործում առկա ապացույցների օբյեկտիվ և բազմակողմանի գնահատման արդյունքում հանգել է ճիշտ հետևության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Գյումրու Շահումյան փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքի բնակիչների դիմումի հիման վրա Լևիկ Երիցյանին հասցեագրված Արթիկի քաղաքապետի 03.06.2008 թվականի գրությամբ պահանջվել է քանդել Լևիկ Երիցյանի սեփականության ներքո գտնվող ավտոտնակի 11,8 քմ մակերեսով ինքնակամ մասը և նույն հատվածում կառուցել ջրատար ուղի` փակելով մակերեսային ջրերի հոսքը դեպի Լ. Երիցյանի, Վ. Երիցյանի, Հ. Գալստյանի բնակելի տները (գ.թ.4):

2. Արթիկի քաղաքապետի 26.09.2008 թվականի գրության համաձայն` իրավիճակը համապատասխան հանձնաժողովի միջոցով ուսումնասիրելու վերաբերյալ Լևիկ Երիցյանի դիմումի հիման վրա 26.08.2008 թվականի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով (գ.թ.44): Հանձնաժողովի 26.08.2008 թվականի եզրակացության համաձայն` Լևիկ Երիցյանի ավտոտնակը հատող ջրատար խողովակը գտնվում է բարվոք վիճակում և հնարավորություն ունի հեռացնել հավաքված մակերեսային ջրերը (գ.թ.22):

3. Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի որոշմամբ օրինական է ճանաչվել Լևիկ Երիցյանի սեփականության ներքո գտնվող ավտոտնակի 11,8 քմ մակերեսով ինքնակամ մասը (գ.թ.83):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես` Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843 (ՎԴ)):

Վերաքննիչ դատարանը, հայցը բավարարելիս, պատճառաբանել է, որ Արթիկի քաղաքապետի 03.06.2008 թվականի գրությամբ Լևիկ Երիցյանից պահանջվել է քանդել ավտոտնակի 11,8 քմ մակերեսով ինքնակամ մասը, ինչը չի կատարվել, իսկ իրավիճակը կրկին ուսումնասիրելու վերաբերյալ Արթիկի քաղաքապետի 26.09.2008 թվականի կարգադրությամբ կազմված հանձնաժողովը չի ստուգել Հ. Գալստյանի տան խոնավության և վնասվածքի առկայությունը: Նշվածի հիման վրա` Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հանձնաժողովի եզրակացությունը չի կարող լինել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի, հետևաբար Լևիկ Երիցյանը պարտավոր է քանդել ինքնակամ շինությունը` չտալով նման եզրահանգման իրավական հիմնավորումը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Լևիկ Երիցյանը պարտավոր է քանդել ավտոտնակի ինքնակամ 11,8 քմ մակերեսով մասը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Արթիկի քաղաքապետի 26.09.2008 թվականի գրությունը և 23.10.2008 թվականի որոշումը:

Նշված գրության համաձայն` ավտոտնակի ինքնակամ մասը քանդելու վերաբերյալ 03.06.2008 թվականի կարգադրությունն արձակելուց հետո Արթիկի քաղաքապետը նպատակահարմար է գտել հարցն ուսումնասիրել հանձնաժողովի միջոցով, հետևաբար ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որն իրավիճակի ուսումնասիրության արդյունքում կազմել է համապատասխան եզրակացություն, ըստ որի` Լևիկ Երիցյանի ավտոտնակը հատող ջրատար խողովակը հնարավորություն ունի հեռացնել հավաքված մակերեսային ջրերը, իսկ եզրակացությունից հետո Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի որոշմամբ վիճելի 11,8 քմ մակերեսով շինությունն օրինական է ճանաչվել, հետևաբար հիմնավոր չէ եզրակացության ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված ապացույցներն էական նշանակություն ունեն սույն վեճի լուծման համար, քանի որ Լևիկ Երիցյանին առաջադրվել է ինքնակամ շինությունը քանդելու պարտավորություն այն դեպքում, երբ շինությունն Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի որոշմամբ օրինական է ճանաչվել:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Հակոբ Գալստյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2009
N ՇԴ2/0012/02/08
Որոշում