Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ...

 

 

020.0819.080909

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 սեպտեմբերի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ.Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության առաջին գործողություն» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան 23.07.2009թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. հուլիսի 7-ին` զարգացման քաղաքականության ֆինանսավորման նպատակով: Համաձայնագրով նախատեսված է տրամադրել 40400000 (քառասուն միլիոն չորս հարյուր հազար) Հատուկ փոխառության իրավունքներին (SDR) համարժեք գումարի վարկ:

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում երկու առդիր և մեկ հավելված, որոնցում սահմանված են ծրագրի գործողությունները, ֆինանսավորման միջոցների հասանելիությունը, վարկի մայր գումարի վերադարձման ժամանակացույցը, սահմանումները և ընդհանուր դրույթներում կատարվող փոփոխությունները:

3. Համաձայնագրով սահմանված են տրամադրվող ֆինանսավորման մասհանման կարգը, չմասհանված հաշվեկշռի դիմաց վճարվելիք պարտավորության վճարի առավելագույն դրույքաչափը, մասհանված հաշվեկշռի դիմաց վճարվելիք սպասարկման վճարի չափը, վճարման ամսաթվերը:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ֆինանսավորման չմասհանված հաշվեկշռի դիմաց մյուս կողմին վճարել պարտավճար, ինչպես նաև վարկի մասհանված հաշվեկշռի դիմաց վճարել սպասարկման վճար` համաձայնագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան,

- վարկի մայր գումարը և տոկոսագումարները վերադարձնել համաձայնագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան,

- մյուս կողմի ուսումնասիրմանն ու մեկնաբանմանը ներկայացնել ծրագրի իրականացման մասով ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև կարծիքներ փոխանակել դրա վերաբերյալ, անհապաղ տեղեկացնել յուրաքանչյուր իրադրության մասին, որը կարող է էական վնաս հասցնել ծրագրի նպատակներին,

- ուժեղացնել բանկային հատվածի վերահսկողությունը և ավելացնել իրացվելիությունը` պարբերաբար անցկացնելով բանկային սթրես թեստեր, կատարելագործելով հաշվետվողական պահանջները և, ընդլայնելով վարկային գրավի տեսակները, հնարավոր դարձնել ժամանակավոր հիմունքներով բանկային իրացվելիության ապահովումը,

- կրճատել ձեռնարկությունների գրանցման հետ կապված ծախսերը` վերացնելով նվազագույն կապիտալի, կնիքի առկայության և կանոնադրության հաստատման պահանջները,

- համագործակցելով զարգացման գծով գործընկերների հետ` մշակել և հրապարակել պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության պաշտոնական գնահատումը, որը հիմք կհանդիսանա հետագա բարեփոխումների համար,

- ապահովել ֆինանսավորման գումարը ՀՀ հաշվին ավանդ դնելուց հետո ՀՀ բյուջեի կառավարման համակարգում համարժեք գումարի հաշվառումը,

- ֆինանսավորման միջոցները չօգտագործել անընդունելի ծախսերի ֆինանսավորման համար,

- համաձայնագրի փակման ժամկետի ավարտից հետո դեռևս 2 տարի պահպանել ֆինանսավորման ընթացքում կատարված ծախսումները հավաստող բոլոր գրառումները, ինչպես նաև թույլատրել մյուս կողմի ներկայացուցիչներին ստուգելու դրանք,

- փակման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս հետո կազմել կամ հանձնարարել կազմել և մյուս կողմին տրամադրել ծրագրի իրականացման հաշվետվություն:

5. Համաձայնագրով սահմանված են նաև վճարման արժույթը, դադարեցման և փոփոխությունների կատարման կարգը, փակման ժամկետը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության առաջին գործողություն» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 սեպտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-819

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.09.2009
N ՍԴՈ-819
Որոշում