020.0820.080909
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
8 սեպտեմբերի 2009թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25,38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հուլիսի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագիր (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 22.07.2009 թ. դիմումը սահմանադրական դատարան:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագիր (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի հուլիսի 15-ին` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը մեղմացնելու համար Հայաստանի Հանրապետությանն աջակցելու նպատակով:
2. Վարկային համաձայնագիրը բաղկացած է վեց հոդվածներից և հինգ հավելվածներից:
Համաձայնագիրը ներառում է հոդվածներ վարկի, վարկի տրամադրման կարգի, սահմանումների, վարկային միջոցների օգտագործման, հատուկ պայմանավորվածությունների, համաձայնագրի գործողության ժամկետի, ինչպես նաև դրա իրականացման այլ դրույթների վերաբերյալ:
Հավելվածները ներառում են Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրի նկարագրությունը, վճարների ժամանակացույցը, վարկային միջոցների մասհանումների պայմանները և այլն:
3. Վարկային համաձայնագրով նախատեսվում է ԱԶԲ-ի Հատուկ ֆոնդի ռեսուրսներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` երկու մասով, համապատասխանաբար` 29,735,000 և 21,643,000 Հատուկ փոխառության իրավունքներին (ՀՓԻ) համարժեք գումար` տարբեր արտարժույթներով, ընդհանուր գումարով` 51, 378,000 ՀՓԻ, որը համարժեք է 80,000,000 ԱՄՆ դոլարին:
Վարկային համաձայնագրի տևողությունն է 24 տարի, որից 8 տարին արտոնյալ ժամանակահատված է:
Վարկի առաջին մասով նախատեսված է տարեկան 1% տոկոսադրույքով վարկային վճար արտոնյալ ժամանակաշրջանի ընթացքում և տարեկան 1.5%` մարման ժամանակահատվածում: Վարկի երկրորդ մասով նախատեսված է տարեկան 1.6% տոկոսադրույք` վարկի մարման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
Վճարման արժույթը ԱՄՆ դոլարն է:
Որպես վարկի տրամադրման վերջնաժամկետ նախատեսված է 2009 թվականի դեկտեմբերի 31-ը կամ Վարկառուի և ԱԶԲ-ի միջև փոխհամաձայնեցված այլ օր:
4. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- համամասնորեն մարել վարկային հաշվից ստացված վարկի մայր գումարը` համաձայնագրի հավելված 2-ում նշված ամորտիզացիոն վճարների ժամանակացույցի համաձայն,
- ապահովել, որ վարկային միջոցներն ուղղվեն ծրագրային ծախսերի ֆինանսավորմանը` վարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան,
- Ծրագրի իրականացման ընթացքում կատարել կամ ապահովել վարկային համաձայնագրի հավելված 5-ում շարադրված բոլոր պարտավորությունների կատարումը,
- տրամադրել, կամ ապահովել տրամադրումը, ԱԶԲ-ին եռամսյակային հաշվետվություններ` Ծրագրի առաջընթացի և Քաղաքականության նամակով նախանշված գործողությունների ընթացքի վերաբերյալ,
- լիարժեք համագործակցել ԱԶԲ-ի հետ` կատարողականի գնահատման և հսկման համակարգ մշակելու գործում, ինչպես նաև ԱԶԲ-ի հետ մշակել և օգտագործել հատուկ չափորոշիչներ` գնահատելու Ծրագրի արդյունքները և ազդեցությունները:
5. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2009 թվականի հուլիսի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագիր (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
8 սեպտեմբերի 2009 թվականի
ՍԴՈ-820