Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՅՈՒ ...

 

 

020.0826.080909

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 սեպտեմբերի 2009 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող),Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում և արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2009 թ. օգոստոսի 22-ի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան և արձանագրությունն ստորագրվել են 2009թ. հունիսի 23-ին` Լյուքսեմբուրգում: Կոնվենցիայի նպատակը Պայմանավորվող կողմերի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:

2. Կոնվենցիայով նախատեսված է, որ այն կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ` կապված Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմինների կողմից եկամտի և գույքի նկատմամբ սահմանվող հարկերի հետ` անկախ դրանց գանձման եղանակից:

Կոնվենցիայով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գանձվող հարկերի տեսակները: Ըստ կոնվենցիայի` այն կիրառվում է նաև դրանում նախատեսված ցանկացած նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք սահմանվում են կոնվենցիան ստորագրելուց հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն:

3. Կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում.

- իր իրավասու մարմինների միջոցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությանը ծանուցել իր հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին,

- ապահովել Հայաստանում կրկնակի հարկման բացառումը հետևյալ կերպով`

ա) այն դեպքում, երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որը, կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Լյուքսեմբուրգում, ապա Հայաստանը թույլ է տալիս` նվազեցնել այդ ռեզիդենտի եկամտի հարկից Լյուքսեմբուրգում վճարված եկամտահարկին հավասար գումար, ինչպես նաև նվազեցնել այդ ռեզիդենտի գույքի վրա դրվող հարկից Լյուքսեմբուրգում վճարված գույքահարկին հավասար գումար,

բ) այն դեպքում, երբ Կոնվենցիայի ցանկացած դրույթին համապատասխան, Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը Հայաստանում ազատված է հարկումից, Հայաստանը, այնուամենայնիվ, այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի նկատմամբ հարկի գումարը հաշվարկելիս կարող է հաշվի առնել ազատված եկամուտը կամ գույքը,

- Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության կատարման, մասնավորապես` կապված ռեզիդենտության հետ, քան հարկումը ու դրա հետ կապված պարտավորությունների կատարումն է, որոնց, միևնույն հանգամանքների դեպքում, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

- ապահովել, որպեսզի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ձեռնարկության տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի հարկումը Հայաստանի Հանրապետությունում չլինի նվազ բարենպաստ, քան Հայաստանի Հանրապետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հարկումը,

- Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է Լյուքսեմբուրգի մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան Հայաստանի Հանրապետության այլ նման ձեռնարկությունները,

- ապահովել իր իրավասու մարմինների միջոցով այնպիսի տեղեկությունների փոխանակումը, որոնք ենթադրաբար անհրաժեշտ են կոնվենցիայի դրույթների կիրառման կամ Պայմանավորվող պետությունների կամ նրանց իշխանության տեղական մարմինների կողմից սահմանված ցանկացած տեսակի և բնույթի հարկերին վերաբերող ներպետական օրենսդրության կիրառման կամ կատարման համար` այնքանով, որքանով այդ փաստաթղթով նախատեսված հարկումը չի հակասում կոնվենցիային:

4. Կոնվենցիան ստորագրելիս Պայմանավորվող պետությունները կնքել են նաև կոնվենցիայի անբաժանելի մասը կազմող արձանագրություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2009 թվականի հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում և արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 սեպտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-826

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.09.2009
N ՍԴՈ-826
Որոշում