Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ ...

 

 

020.0830.160909

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 սեպտեմբերի 2009 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում ստորագրված` Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին ուղղված Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 02.09.2009 թ.:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը և վերջինիս անբաժանելի մասը կազմող Կանոնադրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Խնդրո առարկա պայմանագիրն ստորագրվել է 2009 թվականի հունիսի 9-ին` Մոսկվայում: Պայմանագիրն ստորագրվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից:

Պայմանագիրը բաղկացած է 8 հոդվածից և կից Կանոնադրությունից, որը պայմանագրի հավելվածն է:

2. Պայմանագրին համապատասխան հիմնադիր պետությունները ստեղծելու են Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամ` ազգային տնտեսությունների կողմից համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու, դրանց տնտեսական և ֆինանսական կայունությունն ապահովելու, ինչպես նաև հիմնադրամի մասնակից պետությունների տնտեսությունների ինտեգրման հետագա խորացմանն աջակցելու նպատակով:

Համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի` հիմնադրամի միջոցները, մասնավորապես, օգտագործվելու են հետևյալ նպատակների համար`

- հիմնադրամի մասնակից պետություններին անկախ փոխառություններ տրամադրելու,

- եկամտային ցածր մակարդակով կայունացման վարկեր տրամադրելու,

- միջազգային ներդրումային նախագծեր ֆինանսավորելու:

Հիմնադրամի միջոցները տրամադրվում են վճարման, ժամկետային սահմանափակման և վերադարձման պայմաններով:

3. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կրում է ֆինանսական պարտավորություններ:

Ըստ պայմանագրի 3-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կողմից կատարվող նախնական հատկացումը կազմելու է 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Հիմնադիր պետությունների կողմից նախնական վճարումները կատարվելու են հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 6 /ամսվա/ ընթացքում:

Ընդ որում, վերոնշյալ գումարի 10%-ը հիմնադիր պետություններից յուրաքանչյուրը վճարում է ԱՄՆ դոլարով և /կամ եվրոյով, մնացած 90%-ը վճարվելու է պարզ, չշրջանառվող ու անտոկոս պարտամուրհակի թողարկման միջոցով, որի մարումն իրականացվում է հիմնադրամի մասին Կանոնադրությամբ սահմանված կարգին համապատասխան:

Հիմնադրամի հիմնադիր պետությունները դառնում են դրա մասնակիցներ դրա նախնական վճարման պարտավորությունները կատարելուց հետո, ներառյալ դրամական միջոցների վճարումը և պարտամուրհակների հանձնումը:

Պայմանագիրը բաց է ցանկացած շահագրգիռ պետության կամ կազմակերպության մասնակցության համար:

Համաձայն պայմանագրի 4-րդ հոդվածի` հիմնադրամի միջոցների կառավարումն իրականացվելու է հիմնադրամի խորհրդի կողմից, որի անդամներն են հիմնադրամի մասնակից պետությունների ֆինանսների նախարարները և հիմնադրամի մասնակից միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, հիմնադրամի միջոցների կառավարչի հետ համատեղ:

Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթների կատարումը վերապահվում է Եվրասիական զարգացման բանկին հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրի հիման վրա, որը կնքվում է հիմնադիր պետությունների և բանկի միջև:

4. Պայմանագրի հավելվածն է հանդիսանում հիմնադրամի Կանոնադրությունը, որը բաղկացած է 4 բաժնից, 23 հոդվածից:

Կանոնադրության 1-ին բաժնով սահմանվում է հիմնադրամի կարգավիճակը` այն իրավաբանական անձ կամ կազմակերպություն չի հանդիսանում:

Հիմնադրամի մասնակիցները պատասխանատվություն են կրում հիմնադրամի գործառնությունների շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունների համար` հիմնադրամի միջոցներում իրենց ունեցած մասնաբաժնի սահմաններում:

Կանոնադրության 2-րդ բաժինը կանոնակարգում է հիմնադրամի միջոցների ձևավորման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Համաձայն Կանոնադրության 6-րդ հոդվածի` հիմնադրամի միջոցների գոյացման աղբյուրներն են`

ա. հիմնադրամին կատարվող վճարումները,

բ. հիմնադրամի ժամանակավորապես ազատ միջոցների տեղաբաշխումից ստացված մուտքերը,

գ. վերադարձման հիմքով հիմնադրամի միջոցների տրամադրումից ստացված մուտքերը,

դ. հիմնադրամին կատարվող նվիրաբերությունները,

ե. հիմնադրամին ուղղված այլ մուտքերը:

Կանոնադրության 3-րդ բաժինը նախատեսում է հիմնադրամի միջոցների կառավարման ընդհանուր սկզբունքները, հիմնադրամի խորհրդի, խորհրդի նախագահի և հիմնադրամի միջոցների կառավարչի կարգավիճակը և լիազորությունների շրջանակը:

Կանոնադրության 4-րդ բաժինը նվիրված է հիմնադրամի կազմից մասնակիցների դուրս գալու, գործառնությունների ժամանակավոր կասեցման, դադարեցման և վեճերի լուծման կարգին ու պայմաններին:

Հարկ է արձանագրել, որ պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանզի կոչված են զարգացնելու կողմերի միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ինչպես նաև ստեղծել բարենպաստ պայմաններ հակաճգնաժամային ծրագրեր իրականացնելու, ֆինանսական կայունություն հաստատելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում ստորագրված` Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 սեպտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-830

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.09.2009
N ՍԴՈ-830
Որոշում