Սեղմել Esc փակելու համար:
ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՆԱՍԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Պայմանավորվող կողմերը,

ընդունելով միջուկային էներգիայի որոշակի տեսակների խաղաղ օգտագործման հետևանքով ծագող վնասից ֆինանսական պաշտպանության ապահովման համար որոշ նվազագույն չափանիշներ սահմանելու ցանկալիությունը,

հավատալով, որ «Միջուկային վնասի համար քաղաքացիական պատասխանատվության մասին» Կոնվենցիան կնպաստի նաև ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը` անկախ այդ ազգերի սահմանադրական և սոցիալական համակարգերից,

որոշեցին այդ նպատակով կնքել Կոնվենցիա և այդ կապակցությամբ համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

ա) «Անձ» նշանակում է` ցանկացած անհատ, ընկերակցություն, մասնավոր կամ պետական մարմին, լինի իրավաբանական անձ, թե ոչ, կայանքի պետության օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ցանկացած միջազգային կազմակերպություն, ցանկացած պետություն կամ նրա բաղկացուցիչ ստորաբաժանում:

բ) «Պայմանավորվող կողմի քաղաքացի» հասկացությունը ներառում է Պայմանավորվող կողմին կամ նրա բաղկացուցիչ ստորաբաժանումները, Պայմանավորվող կողմի տարածքում ստեղծված ընկերակցությանը կամ ցանկացած մասնավոր կամ պետական մարմնի` լինի իրավաբանական անձ, թե ոչ:

գ) «Շահագործող» հասկացությունը միջուկային կայանքի կապակցությամբ նշանակում է` անձ, որը կայանքի պետության կողմից նշանակված կամ ճանաչված է որպես այդ կայանքը շահագործող:

դ) «Կայանքի պետություն» հասկացությունը միջուկային կայանքի կապակցությամբ նշանակում է` Պայմանավորվող կողմ, որի տարածքում տեղադրված է այդ կայանքը, կամ, եթե այն տեղադրված չէ որևէ պետության տարածքում, Պայմանավորվող կողմ, որը գործարկում է, կամ որի իրավասության ներքո գործարկվում է միջուկային կայանքը:

ե) «Իրավասու դատարանի օրենք» նշանակում է` սույն Կոնվենցիայի համաձայն իրավազորություն ունեցող պետության դատարանի օրենք` ներառյալ այդ իրավունքի` իրավունքների հակասություններին վերաբերող ցանկացած նորմ:

զ) «Միջուկային վառելիք» նշանակում է` ցանկացած նյութ, որն ունակ է միջուկի բաժանման ինքնապահպանման շղթայական գործընթացի միջոցով արտադրելու էներգիա:

է) «Ռադիոակտիվ նյութ կամ թափոն» նշանակում է` ցանկացած ռադիոակտիվ նյութ, որն ստացվում է միջուկային վառելիքի արտադրության կամ օգտագործման գործընթացում, կամ ցանկացած նյութ, որը դարձել է ռադիոակտիվ միջուկային վառելիքի արտադրության կամ օգտագործման հետևանքով տեղի ունեցած ճառագայթահարման ազդեցությամբ, սակայն չի ներառում ռադիոիզոտոպներ, որոնք հասել են պատրաստման վերջնական փուլին այնպես, որ գործածելի են ցանկացած գիտական, բժշկական, գյուղատնտեսական, առևտրային կամ արդյունաբերական նպատակով:

ը) «Միջուկային նյութ» նշանակում է.

i. միջուկային վառելիք, բացառությամբ բնական ուրանի և աղքատացված ուրանի, որը, առանձին կամ որևէ այլ նյութի հետ համակցված, ունակ է արտադրելու էներգիա միջուկային ռեակտորից դուրս միջուկի բաժանման ինքնապահպանման շղթայական գործընթացի միջոցով, և

ii. ռադիոակտիվ նյութեր կամ թափոն:

թ) «Միջուկային ռեակտոր» նշանակում է` ցանկացած կառուցվածք, որը պարունակում է միջուկային վառելիք այնպիսի տեղադրությամբ, որ նրանում կարող է տեղի ունենալ միջուկի բաժանման ինքնապահպանման շղթայական գործընթաց` առանց նեյտրոնների լրացուցիչ աղբյուրի:

ժ) «Միջուկային կայանք» նշանակում է.

i. ցանկացած միջուկային ռեակտոր` բացառությամբ այնպիսի ռեակտորի, որով որպես էներգիայի աղբյուր օգտագործելու համար սարքավորված է ծովային կամ օդային փոխադրամիջոցը` շարժման մեջ դրվելու կամ ցանկացած այլ նպատակով,

ii. ցանկացած գործարան, որն օգտագործում է միջուկային վառելիք միջուկային նյութ արտադրելու համար, կամ միջուկային նյութ մշակող ցանկացած գործարան` ներառյալ ճառագայթահարված միջուկային վառելիք վերամշակող ցանկացած գործարան, և

iii. ցանկացած տարածք, որտեղ պահեստավորվում է միջուկային նյութ` բացառությամբ այդպիսի նյութի տեղափոխման հետ կապված պահեստավորման, և

iv. ցանկացած այլ կայանք, որտեղ կա միջուկային վառելիք կամ ռադիոակտիվ նյութեր կամ թափոն, ինչպես ժամանակ առ ժամանակ որոշում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը,

պայմանով, որ կայանքի պետությունը կարող է սահմանել, որ մեկ շահագործողի` նույն տարածքում տեղակայված մի քանի միջուկային կայանքները դիտվում են որպես մեկ միասնական միջուկային կայանք:

ժա) «Միջուկային վնաս» նշանակում է.

i. մահ, ցանկացած մարմնական վնասվածք կամ գույքի կորուստ կամ գույքին պատճառված ցանկացած վնաս, որոնք ծագում կամ բխում են միջուկային կայանքի ներսում ռադիացիոն աղբյուրից կամ միջուկային վառելիքից կամ ռադիացիոն նյութերից, կամ թափոն, կամ միջուկային կայանքից դուրս ելնող, նրանում առաջացող կամ նրա մեջ մտնող միջուկային նյութից բխող իոնացնող ռադիացիայից` անկախ նրանից` դա տեղի է ունենում նման նյութի ռադիոակտիվ հատկանիշների՞, թե ռադիոակտիվ հատկանիշների` այդ նյութի թունավոր, պայթուցիկ կամ այլ վտանգավոր հատկանիշների համակցման հետևանքով,

ii. ցանկացած այլ կորուստ կամ վնաս, որոնք ծագում են նման կերպ կամ հանդիսանում են դրա արդյունք, եթե դա նախատեսված է իրավասու դատարանի օրենքով և նման օրենքի սահմանած շրջանակներում, և

iii. մահ, ցանկացած մարմնական վնասվածք կամ գույքի ցանկացած կորուստ, որոնք ծագում կամ հանդիսանում են միջուկային կայանքի ներսում ճառագայթման այլ աղբյուրի կողմից արձակվող այլ իոնացնող ճառագայթման արդյունք, եթե դա նախատեսված է կայանքի պետության օրենսդրությամբ,

ժբ) «Միջուկային պատահար» նշանակում է` միևնույն ծագումն ունեցող ցանկացած վթար կամ վթարների շարք, որոնք պատճառում են միջուկային վնաս:

2. Կայանքի պետությունը կարող է, եթե դա հիմնավորվում է վտանգի փոքր ծավալով, ցանկացած միջուկային նյութի փոքր քանակություն բացառել սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներից` պայմանով, որ.

ա. նման քանակության առավելագույն սահմանները սահմանել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը, և

բ. կայանքի պետության կողմից կատարված ցանկացած բացառում չի գերազանցում սահմանված այդպիսի սահմանները:

Այդ առավելագույն սահմանները պարբերաբար վերանայվում են կառավարիչների խորհրդի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Միջուկային կայանքը շահագործողը պատասխանատու է միջուկային վնասի համար, եթե ապացուցված է, որ այդպիսի վնասը պատճառվել է միջուկային պատահարի պատճառով`

ա) իր միջուկային կայանքում, կամ

բ) կապված իր կայանքից դուրս եկող կամ արտադրվող միջուկային նյութի հետ, և որը տեղի է ունեցել.

i. նախքան մեկ այլ միջուկային կայանքի շահագործողի կողմից, գրավոր պայմանագրի հստակ ձևակերպված պայմանների համաձայն, միջուկային նյութի հետ կապված միջուկային պատահարների կապակցությամբ քաղաքացիական պատասխանատվության ստանձնումը,

ii. այդպիսի հստակ ձևակերպված պայմանների բացակայության դեպքում` նախքան մեկ այլ միջուկային կայանք շահագործողի կողմից միջուկային նյութի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելը, կամ

iii. եթե այդ միջուկային նյութը նախատեսված է այնպիսի միջուկային ռեակտորում բանեցնելու համար, որով որպես էներգիայի աղբյուր օգտագործելու համար սարքավորված է փոխադրամիջոցը` շարժման մեջ դրվելու կամ ցանկացած այլ նպատակով, նախքան տվյալ ռեակտորի շահագործման համար պատշաճ կերպով լիազորված անձի կողմից այդ միջուկային նյութի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելը, սակայն,

iv. եթե այդ միջուկային նյութը ուղարկվել է ոչ Պայմանավորվող պետության տարածքում գտնվող որևէ անձի` նախքան այն փոխադրամիջոցից բեռնաթափելը, որով այդ նյութը հասցվել է տվյալ ոչ Պայմանավորվող պետության տարածք,

գ) կապված իր միջուկային կայանք առաքված միջուկային նյութի հետ, և տեղի է ունեցել.

i. մեկ այլ միջուկային կայանք շահագործողի կողմից, գրավոր պայմանագրի հստակ ձևակերպված պայմանների համաձայն, միջուկային նյութի հետ կապված միջուկային պատահարների կապակցությամբ քաղաքացիական պատասխանատվության ստանձնումից հետո,

ii. այդպիսի հստակ ձևակերպված պայմանների բացակայության դեպքում իր կողմից այդ միջուկային նյութի նկատմամբ պատասխանատվության ստանձնումից հետո, կամ

iii. այն միջուկային ռեակտորը շահագործող անձի կողմից միջուկային նյութի նկատմամբ պատասխանատվության ստանձնումից հետո, որով որպես էներգիայի աղբյուր օգտագործելու համար սարքավորված է փոխադրամիջոցը` շարժման մեջ դրվելու կամ ցանկացած այլ նպատակով, սակայն,

iv. եթե այդ միջուկային նյութը, շահագործողի գրավոր համաձայնությամբ, ուղարկվել է ոչ Պայմանավորվող պետության տարածքում գտնվող անձի կողմից այդ նյութն այն փոխադրամիջոց բեռնելուց հետո միայն, որով պետք է տեղափոխվի այդ պետության տարածքից,

պայմանով, որ եթե միջուկային վնասը պատճառվել է միջուկային կայանքում տեղի ունեցած միջուկային պատահարի հետևանքով և կապված է տեղափոխման նպատակով դրանում պահեստավորված միջուկային նյութի հետ, ապա սույն կետի «ա» ենթակետի դրույթները չեն կիրառվում, երբ, սույն կետի «բ» կամ «գ» ենթակետերին համապատասխան, պատասխանատու է միայն մեկ այլ շահագործող կամ անձ:

2. Կայանքի պետությունը կարող է օրենսդրությամբ նախատեսել, որ, այդ օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան, միջուկային նյութը փոխադրողը կամ ռադիոակտիվ թափոնի հետ գործ ունեցող անձը կարող է, իր խնդրանքով և համապատասխան շահագործողի համաձայնությամբ, վերջինիս փոխարեն նշանակվել կամ ճանաչվել շահագործող, համապատասխանաբար, այդպիսի միջուկային նյութի կամ ռադիոակտիվ թափոնի նկատմամբ: Այդ դեպքում նման փոխադրողը կամ նման անձը սույն Կոնվենցիայի բոլոր նպատակների համար դիտվում է որպես այդ պետության տարածքում գտնվող միջուկային կայանք շահագործող:

3. ա) Եթե միջուկային վնասը կապված է մեկից ավելի շահագործողների պատասխանատվության հետ, ապա այդ շահագործողները, այնքանով, որքանով նրանցից յուրաքանչյուրին հատուկ պատասխանատվությունը հիմնավորապես անբաժանելի է, կրում են միասնական և համապարտ պատասխանատվություն:

բ) Եթե միջուկային պատահարը տեղի է ունենում միջուկային նյութի տեղափոխության ժամանակ` կա՛մ միևնույն փոխադրամիջոցում, կա՛մ, տեղափոխության նպատակով պահեստավորման դեպքում, միևնույն միջուկային կայանքում, և պատճառում է միջուկային վնաս, որը կապված է մեկից ավելի շահագործողների պատասխանատվության հետ, ապա պատասխանատվության ընդհանուր չափը չի կարող գերազանցել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան կիրառվող առավելագույն չափը:

գ) Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում հիշատակված դեպքերից ոչ մեկի ժամանակ յուրաքանչյուր շահագործողի պատասխանատվությունը չպետք է գերազանցի նրա նկատմամբ սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան կիրառվող պատասխանատվության չափը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան, եթե միևնույն շահագործողի մի քանի միջուկային կայանքներ ներգրավված են միևնույն միջուկային պատահարների մեջ, ապա այդ շահագործողը պատասխանատու է ներգրավված յուրաքանչյուր միջուկային կայանքի համար` մինչև նրա նկատմամբ սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան կիրառվող պատասխանատվության չափը:

5. Բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ սույն Կոնվենցիան այլ բան է նախատեսում, որևէ անձ, շահագործողից բացի, միջուկային վնասի համար պատասխանատու չէ: Սա, այնուամենայնիվ, չի ազդում տրանսպորտի ոլորտի ցանկացած միջազգային կոնվենցիայի կիրառման վրա, որն ուժի մեջ է կամ բաց է ստորագրման, վավերացման կամ միանալու համար այն օրը, երբ սույն Կոնվենցիան բաց կլինի ստորագրման համար:

6. Ոչ ոք պատասխանատու չէ ցանկացած կորստի կամ վնասի համար, որը, սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետին համապատասխան, միջուկային վնաս չէ, բայց որը կարող էր որպես այդպիսին սահմանվել այդ ենթակետի համաձայն:

7. ՈՒղղակի հայց հարուցվում է այն անձի նկատմամբ, որը, սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածին համապատասխան, ֆինանսական երաշխավորություն է տրամադրում, եթե դա նախատեսված է իրավասու դատարանի օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Կոնվենցիային համապատասխան` պատասխանատու շահագործողը փոխադրողին ապահովում է հավաստագրով, որը տրվում է ապահովագրողի կամ 7-րդ հոդվածով պահանջվող ֆինանսական երաշխավորություն տրամադրող այլ ֆինանսական երաշխավորի կողմից կամ անունից: Հավաստագրում նշվում է շահագործողի անունն ու հասցեն, ինչպես նաև ապահովագրման գումարը, ձևը և ժամկետը, և այդ տեղեկությունները չի կարող վիճարկել այն անձը, որի կողմից կամ անունից տրված է հավաստագիրը: Հավաստագրում նշվում է նաև այն միջուկային նյութը, որի նկատմամբ կիրառվում է ապահովագրությունը, և այն ներառում է կայանքի պետության իրավասու պետական մարմնի հավաստումն առ այն, որ նշված անձը շահագործող է հանդիսանում սույն Կոնվենցիայի իմաստով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Սույն Կոնվենցիայի համաձայն` միջուկային վնասի համար շահագործողի պատասխանատվությունը բացարձակ է:

2. Եթե շահագործողն ապացուցում է, որ միջուկային վնասն ամբողջությամբ կամ մասամբ արդյունք է կա՛մ այն անձի կոպիտ անզգուշության, որին վնաս է պատճառվել, կա՛մ այդ անձի` վնաս պատճառելու դիտավորությամբ կատարված գործողության կամ անգործության, ապա իրավասու դատարանը, եթե դա թույլատրվում է նրա օրենսդրությամբ, կարող է շահագործողին ամբողջությամբ կամ մասամբ ազատել այդ անձին պատճառված վնասի կապակցությամբ փոխհատուցում վճարելու պարտավորությունից:

3. ա) Սույն Կոնվենցիայի համաձայն` շահագործողը միջուկային վնասի համար ոչ մի պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ միջուկային վնասն ուղղակի հետևանք է զինված ընդհարման, ռազմական գործողությունների, քաղաքացիական պատերազմի կամ ապստամբության,

բ) բացառությամբ այն դեպքերի, երբ կայանքի պետության օրենսդրությունը կարող է նախատեսել հակառակը, այդ շահագործողը պատասխանատվություն չի կրում բացառիկ բնույթի ծանր տարերային աղետի արդյունքում անմիջականորեն ծագող միջուկային պատահարի պատճառած միջուկային վնասի համար:

4. Եթե միջուկային վնասը և, միջուկային վնասից բացի, այլ վնասը պատճառվել են միջուկային պատահարի հետևանքով կամ միջուկային պատահարի և այլ բնույթի մեկ կամ ավելի պատահարների համատեղ հետևանքով, ապա այդպիսի ոչ միջուկային վնասը, այնքանով, որքանով այն չի կարող հիմնավորապես առանձնացվել միջուկային վնասից, սույն Կոնվենցիայի նպատակների համար համարվում է միջուկային պատահարի հետևանքով պատճառված միջուկային վնաս: Երբ, այնուամենայնիվ, միջուկային վնասը պատճառվում է սույն Կոնվենցիայով նախատեսված միջուկային պատահարի և սույն Կոնվենցիայով չնախատեսված իոնացնող ճառագայթման արտահոսքի համատեղ հետևանքով, ապա սույն Կոնվենցիայում ոչինչ չի սահմանափակում կամ որևէ այլ կերպ չի շոշափում իոնացնող ճառագայթման արտահոսքի համար պատասխանատու անձի պատասխանատվությունը կա՛մ այն անձի կապակցությամբ, որին վնաս է պատճառվել, կա՛մ հետադարձ պահանջի կամ փոխհատուցման պահանջի կապակցությամբ:

5. Շահագործողը, սույն Կոնվենցիային համապատասխան, պատասխանատու չէ այն միջուկային վնասի համար, որը պատճառվել է.

ա) հենց միջուկային կայանքին կամ այդ կայանքի տեղակայման վայրում գտնվող ցանկացած գույքի, որն օգտագործվում է կամ պետք է օգտագործվի այդ կայանքի հետ կապված, կամ

բ) փոխադրամիջոցին, որի վրա միջուկային պատահարի ժամանակ գտնվել է այդ միջուկային նյութը:

6. Կայանքի ցանկացած պետություն կարող է օրենսդրական կարգով նախատեսել, որ սույն հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետը չի կիրառվում` պայմանով, որ տվյալ շահագործողի պատասխանատվությունը միջուկային վնասի նկատմամբ, ի տարբերություն փոխադրամիջոցին պատճառված միջուկային վնասի, ոչ մի դեպքում չի նվազեցվի 5 մլն ԱՄՆ դոլարից յուրաքանչյուր միջուկային պատահարի համար:

7. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի ազդում.

ա) այն միջուկային վնասի համար ցանկացած անձի պատասխանատվության վրա, որի համար շահագործողը, սույն հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով, սույն Կոնվենցիային համապատասխան, պատասխանատվություն չի կրում, և որն այդ անձը պատճառել է վնասելու դիտավորությամբ գործողության կամ անգործության միջոցով, կամ

բ) սույն Կոնվենցիայի գործողության շրջանակից դուրս շահագործողի պատասխանատվությանը միջուկային վնասի համար, որի համար նա, սույն հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, սույն Կոնվենցիայով պատասխանատվություն չի կրում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Շահագործողի պատասխանատվությունը կարող է սահմանափակվել կայանքի պետության կողմից յուրաքանչյուր միջուկային պատահարի համար առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի չափով:

2. Պատասխանատվության ցանկացած սահման, որը կարող է սահմանվել սույն հոդվածին համապատասխան, չի ներառի միջուկային վնասի համար փոխհատուցման մասին հայցերով դատարանի սահմանած տոկոսներ կամ դատական ծախսեր:

3. Սույն Կոնվենցիայում նշված ԱՄՆ դոլարը հանդիսանում է հաշվարկային միավոր, որը համարժեք է 1963 թվականի ապրիլի 29-ի դրությամբ ԱՄՆ դոլարի արժեքին ոսկե փոխարժեքով, այսինքն` 35 ԱՄՆ դոլար մեկ երրորդ մաքուր ոսկու ունցիայի համար:

4. 4-րդ հոդվածի 6-րդ կետում և սույն հոդվածի 1-ին կետում նշված գումարը կարող է փոխակերպվել ազգային արժույթով` արտահայտված կլոր թվերով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Ըստ սույն Կոնվենցիայի` փոխհատուցման իրավունքներն ուժը կորցնում են, եթե հայց չի հարուցվում միջուկային պատահարի օրվանից հետո տասը տարվա ընթացքում: Եթե, այնուամենայնիվ, կայանքի պետության օրենսդրության համաձայն` շահագործողի պատասխանատվությունը 10 տարին գերազանցող ժամկետի ընթացքում ծածկվում է ապահովագրությամբ կամ այլ ֆինանսական երաշխավորությամբ կամ պետական միջոցներով, ապա իրավասու դատարանի օրենսդրությունը կարող է սահմանել, որ շահագործողից փոխհատուցում ստանալու իրավունքներն ուժը կորցնում են միայն ժամկետի ավարտից հետո, որը կարող է գերազանցել 10 տարին, սակայն չի գերազանցի ժամկետի տևողությունը, որի ընթացքում շահագործողի պատասխանատվության է ենթարկվում կայանքի պետության օրենսդրությամբ: Հայցի նկատմամբ իրավունքների կորստի նման երկարաձգումը ոչ մի դեպքում չի շոշափում սույն Կոնվենցիային համապատասխան ցանկացած անձի պատկանող փոխհատուցման իրավունքը, որը շահագործողի դեմ հայց է հարուցել նախքան նշված տասնամյա ժամկետի ավարտը մահ կամ մարմնական վնասվածք պատճառելու համար:

2. Եթե միջուկային վնասը պատճառվել է այն միջուկային նյութի հետ կապված միջուկային պատահարով, որը այդ միջուկային պատահարի ժամանակ առևանգվել էր, կորսվել, դուրս նետվել կամ թողնվել առանց հսկողության, ապա, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ժամկետը հաշվարկվում է այդ միջուկային պատահարի ծագման օրվանից, սակայն այդ ժամկետը ոչ մի դեպքում չպետք է գերազանցի առևանգման, կորստի, դուրս նետման կամ առանց հսկողության թողնման օրվանից հետո 20 տարին:

3. Իրավասու դատարանի երկրի օրենքով կարող է սահմանվել սույն Կոնվենցիային համապատասխան փոխհատուցման իրավունքների իրացման վաղեմության ժամկետ, եթե հայցը չի ներկայացվել երեք տարվա ընթացքում` սկսած այն օրից, երբ վնաս կրած անձն իմացել է կամ պետք է իմանար պատճառված վնասի և վնասի համար պատասխանատու շահագործողի մասին` պայմանով, որ այդ ժամկետները չպետք է գերազանցեն սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ժամկետները:

4. Եթե իրավասու դատարանի երկրի օրենքն այլ բան չի նախատեսում, ցանկացած անձ, ով պնդում է, թե իրեն միջուկային վնաս է պատճառվել, և ով փոխհատուցման համար հայց է հարուցել սույն հոդվածի համաձայն կիրառվող ժամկետում, ելնելով վնասի չափերի ընդլայնումից` կարող է փոփոխել իր հայցը նույնիսկ այդ ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ վերջնական վճիռը դեռևս չի կայացվել:

5. Երբ ընդդատությունը պետք է որոշվի 11-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան, և սույն հոդվածի համաձայն կիրառվող ժամկետում խնդրանք է ներկայացվել Պայմանավորվող կողմերից նրան, որն իրավասու է որոշելու դա, բայց եթե որոշումից հետո մնացել է վեց ամսից պակաս ժամանակ, ապա հայցը ներկայացնելու ժամկետը սահմանվում է վեց ամիս` նշված օրվանից հաշված:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Շահագործողից պահանջվում է միջուկային վնասի համար իր պատասխանատվության ապահովագրումը կամ այլ ֆինանսական երաշխավորությունը պահպանել այն չափով, ձևով և պայմաններով, ինչպես սահմանում է կայանքի պետությունը: Կայանքի պետությունն ապահովում է միջուկային վնասի համար շահագործողի դեմ ներկայացված փոխհատուցման պահանջների բավարարումը` նախատեսելով անհրաժեշտ միջոցներ այն չափով, ինչ չափով ապահովագրության կամ այլ ֆինանսական երաշխավորության միջոցները չեն բավականացնում նման պահանջները բավարարելու համար, սակայն 5-րդ հոդվածի համաձայն սահմանված չափից ոչ ավելի, եթե այդպիսի չափ գոյություն ունի:

2. Պայմանավորվող կողմից կամ նրա կազմի մեջ մտնող ցանկացած պետական կազմավորումներից, ինչպիսիք են նահանգները կամ հանրապետությունները, սույն հոդվածի 1-ին կետում ոչինչ չի պահանջում իրականացնելու ապահովագրություն կամ այլ ֆինանսական երաշխավորություն` ծածկելու համար իրենց պատասխանատվությունը` որպես շահագործողներ:

3. Կայանքի պետության կողմից ապահովագրությամբ, այլ ֆինանսական երաշխավորությամբ կամ սույն հոդվածի 1-ին կետի համաձայն տրամադրվող միջոցները նախատեսված են բացառապես սույն Կոնվենցիային համապատասխան փոխհատուցման համար:

4. Ո՛չ ապահովագրողը, ո՛չ այլ ֆինանսական երաշխավոր չի կարող կասեցնել կամ դադարեցնել ապահովագրությունը կամ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ֆինանսական երաշխավորությունը` առանց իրավասու պետական մարմնին այդ մասին գրավոր ծանուցելու առնվազն երկու ամիս առաջ կամ, եթե այդպիսի ապահովագրությունը կամ այլ ֆինանսական երաշխավորությունը վերաբերում է միջուկային նյութի տեղափոխմանը, այդ տեղափոխման ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման պայմանով` փոխհատուցման բնույթը, ձևն ու չափը, ինչպես նաև դրա արդարացի բաշխումը կարգավորվում են իրավասու դատարանի օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Եթե առողջության ապահովագրության, սոցիալական ապահովագրության, սոցիալական ապահովության, աշխատողների փոխհատուցման կամ մասնագիտական հիվանդությունների դեպքում փոխհատուցման պետական և հասարակական համակարգերի դրույթները ներառում են փոխհատուցում միջուկային վնասի համար, ապա այդ համակարգերից օգտվող անձանց` սույն Կոնվենցիայի համաձայն փոխհատուցում ստանալու իրավունքները և նման համակարգերի ուժով պատասխանատու շահագործողի դեմ հետադարձ պահանջի իրավունքները որոշվում են, ըստ սույն Կոնվենցիայի դրույթների, այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որտեղ ստեղծված են այդպիսի համակարգեր, կամ այն միջկառավարական կազմակերպության կանոններով, որն ստեղծել է այդպիսի համակարգեր:

2. ա) Եթե անձը, որը Պայմանավորվող կողմի քաղաքացի է, բացի շահագործողից, միջուկային վնասի համար փոխհատուցում է վճարել միջազգային կոնվենցիայի կամ ոչ Պայմանավորվող պետության օրենսդրության հիման վրա, ապա նա իր վճարած գումարի սահմաններում սուբրոգացիայի կարգով ձեռք է բերում այդպիսի փոխհատուցում ստացող անձի` սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքներ: Այդ կարգով ոչ մի իրավունք ձեռք չի բերվում ցանկացած անձի կողմից այն ծավալով, ինչ ծավալով շահագործողը, սույն Կոնվենցիայի համաձայն, հետադարձ պահանջի իրավունք ունի այդ անձի նկատմամբ:

բ) Սույն Կոնվենցիայում ոչինչ չի խոչընդոտում շահագործողին, որը միջուկային վնասի համար փոխհատուցում է վճարել, սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցներից բացի, այլ միջոցներից, այդ կետին համապատասխան ֆինանսական երաշխավորություն տրամադրած անձից կամ կայանքի պետությունից իր վճարածի սահմաններում հետ ստանալ այն գումարը, որն այդ կարգով փոխհատուցում ստացած անձը կարող էր ստանալ սույն Կոնվենցիային համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Շահագործողը հետադարձ պահանջի իրավունք ունի, եթե միայն.

ա) այդ իրավունքը հստակորեն նախատեսված է գրավոր պայմանագրով, կամ

բ) միջուկային պատահարն արդյունք է վնաս պատճառելու դիտավորությամբ կատարված գործողությամբ կամ անգործությամբ պատճառված վնասի ընդդեմ այն անձի, որը գործել է կամ համապատասխան գործողություն չի կատարել այդ դիտավորությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հոդվածով այլ բան է նախատեսված, 2-րդ հոդվածի համաձայն ներկայացվող հայցերն ընդդատյա են միայն այն Պայմանավորվող կողմի դատարաններին, որի տարածքում միջուկային պատահարը տեղի է ունեցել:

2. Եթե միջուկային պատահարը տեղի է ունեցել ցանկացած Պայմանավորվող կողմի տարածքից դուրս, կամ եթե միջուկային պատահարի վայրը հնարավոր չէ ճշգրիտ որոշել, ապա նման հայցերն ընդդատյա են պատասխանատու շահագործողի կայանքի պետության դատարաններին:

3. Եթե, սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերին համապատասխան, իրավազորություն ունեն մեկից ավելի Պայմանավորվող կողմերի դատարաններ, ապա իրավազոր են.

ա) եթե միջուկային պատահարը մասամբ տեղի է ունեցել որևէ Պայմանավորվող կողմի տարածքից դուրս և մասամբ այդ Պայմանավորվող կողմի տարածքի սահմաններում, վերջինիս դատարանները, և

բ) ցանկացած այլ դեպքում` այն Պայմանավորվող կողմի դատարանները, որը որոշվել է այն Պայմանավորվող կողմերի միջև համաձայնագրով, որոնց դատարանները պետք է իրավազոր լինեն` սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. 11-րդ հոդվածին համապատասխան իրավազորություն ունեցող դատարանի ընդունած վերջնական վճիռը ճանաչվում է ցանկացած մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, բացառությամբ այն դեպքերի`

ա) երբ վճիռը կայացվել է խաբեությամբ,

բ) երբ կողմին, որի դեմ վճիռը կայացվել է, իր գործը ներկայացնելու արդարացի հնարավորություն չի ընձեռվել, կամ

գ) երբ վճիռը հակասում է այն Պայմանավորվող կողմի հասարակական իրավակարգին, որի տարածքում ճանաչումը հայցվում է, կամ չի համապատասխանում արդարադատության հիմնական նորմերին:

2. Վերջնական վճիռը, որը կատարման է ներկայացվում այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ պահանջվող կարգի համաձայն, որտեղ կատարումը հայցվում է, ունի պարտադիր ուժ, ինչպես եթե այն լիներ այդ Պայմանավորվող կողմի դատարանի վճիռը:

3. Հայցի առարկան, որի կապակցությամբ կայացվել է վճիռը, ենթակա չէ հետագա քննության:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Կոնվենցիան և նրան համապատասխան կիրառման ենթակա ներպետական օրենսդրությունը կիրառվում են առանց քաղաքացիության, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրի հիմքով խտրականության:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Բացառությամբ կատարման հետ կապված միջոցառումների` ներպետական կամ միջազգային նորմերով ընդդատությունից անձեռնմխելիությունը չի կարող վկայակոչվել 11-րդ հոդվածի համաձայն իրավասու դատարաններում սույն Կոնվենցիային համապատասխան հայցերի կապակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Պայմանավորվող կողմերը համապատասխան միջոցներ են ձեռնարկում` ապահովելու, որ միջուկային վնասի համար դատարանի կողմից սահմանված փոխհատուցումը, տոկոսներն ու դատական ծախսերը, ապահովագրական ու վերաապահովագրական վճարները և ապահովագրությամբ, վերաապահովագրությամբ կամ այլ ֆինանսական երաշխավորությամբ տրամադրվող միջոցները կամ, սույն Կոնվենցիայի համաձայն, կայանքի պետության կողմից տրամադրվող միջոցներն ազատորեն փոխարկելի լինեն այն Պայմանավորվող կողմի արժույթով, որի տարածքում վնասը պատճառվել է, և այն Պայմանավորվող կողմի, որի տարածքում հայցվորը մշտապես բնակվում է, և ապահովագրության կամ վերաապահովագրության վճարների ու մուծումների կապակցությամբ ապահովագրության կամ վերաապահովագրության պայմանագրով նախատեսված արժույթին:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Ոչ մի անձ իրավունք չունի սույն Կոնվենցիայի հիման վրա փոխհատուցում ստանալու այն ծավալով, ինչ ծավալով միևնույն միջուկային վնասի կապակցությամբ փոխհատուցում է ստացել միջուկային էներգիայի ոլորտում քաղաքացիական պատասխանատվությանը վերաբերող այլ միջազգային կոնվենցիաների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Կոնվենցիան իր մասնակիցների հարաբերություններում չի ազդում միջուկային էներգիայի ոլորտում քաղաքացիական պատասխանատվության վերաբերյալ այն միջազգային համաձայնագրերի կամ միջազգային կոնվենցիաների վրա, որոնք ուժի մեջ են կամ բաց են ստորագրման, վավերացման կամ միանալու համար այն օրը, երբ սույն Կոնվենցիան բացվում է ստորագրման:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Կոնվենցիան չի ազդում Պայմանավորվող կողմի` միջուկային վնասի վերաբերյալ հանրային միջազգային իրավունքի համաձայն իրականացվող իրավունքների և պարտականությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

1. 11-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան համաձայնագիր կնքող ցանկացած Պայմանավորվող կողմ այդպիսի համաձայնագրի պատճենն անհապաղ ուղարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենին` տեղեկատվության և մյուս Պայմանավորվող կողմերին տրամադրելու համար:

2. Պայմանավորվող կողմերը տեղեկատվության և մյուս Պայմանավորվող կողմերին տրամադրելու համար Գլխավոր տնօրենին ներկայացնում են սույն Կոնվենցիային առնչվող հարցերի վերաբերյալ իրենց օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պատճենները:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Անկախ սույն Կոնվենցիայի` ցանկացած Պայմանավորվող կողմի նկատմամբ կիրառման դադարեցումից, որը կատարվել է 25-րդ հոդվածին համապատասխան` կիրառման դադարեցման կամ, 27-րդ հոդվածին համապատասխան, չեղյալ հայտարարման միջոցով, սույն Կոնվենցիայի դրույթները շարունակում են կիրառվել նախքան այդ դադարեցումը միջուկային պատահարի պատճառած ցանկացած միջուկային վնասի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Սույն Կոնվենցիան բաց է 1963 թվականի ապրիլի 29-ից մայիսի 19-ին Վիեննայում կայացած միջուկային վնասի համար քաղաքացիական պատասխանատվության միջազգային համաժողովում ներկայացված պետությունների ստորագրման համար:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, և վավերագրերը ի պահ են հանձնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրը ի պահ տալուց երեք ամիս հետո, իսկ այն դրանից հետո վավերացրած յուրաքանչյուր պետության համար` իր վավերագիրը ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

1. Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունները կամ ցանկացած մասնագիտական հաստատության կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամները, որոնք ներկայացված չեն եղել 1963 թվականի ապրիլի 29-ից մայիսի 19-ին Վիեննայում կայացած միջուկային վնասի համար քաղաքացիական պատասխանատվության միջազգային համաժողովում, կարող են միանալ սույն Կոնվենցիային:

2. Միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենին:

3. Սույն Կոնվենցիան միացող պետության համար ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնվելուց երեք ամիս հետո, սակայն ոչ շուտ սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո գործում է 10 տարվա ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է, այդ ժամկետը ավարտվելուց առնվազն տասներկու ամիս առաջ ծանուցելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենին, դադարեցնել սույն Կոնվենցիայի կիրառումը այդ տասնամյա ժամկետի վերջում:

2. Սույն Կոնվենցիան այդ տասնամյա ժամկետից հետո մնում է ուժի մեջ հինգ տարի այն Պայմանավորվող կողմերի համար, որոնք չեն դադարեցրել դրա կիրառումը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, և դրանից հետո ուժի մեջ է մնում հետագա հնգամյա ժամանակաշրջաններով այն Պայմանավորվող կողմերի համար, որոնք նման ժամանակաշրջաններից մեկի վերջում չեն դադարեցրել դրա կիրառումը` այդ ժամանակաշրջաններից մեկի ավարտից առնվազն տասներկու ամիս առաջ ծանուցելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից հնգամյա ժամկետի ավարտից հետո ցանկացած ժամանակ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենը հրավիրում է խորհրդաժողով Կոնվենցիայի վերանայման հարցը քննարկելու նպատակով, եթե նման ցանկություն է հայտնում Պայմանավորվող կողմերի մեկ երրորդը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հրավիրված վերանայման առաջին խորհրդաժողովից հետո տասներկու ամսվա ընթացքում ծանուցելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենին:

3. Չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում ծանուցումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենի ստանալու օրվանից մեկ տարի հետո:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

1963 թվականի ապրիլի 29-ից մայիսի 19-ին Վիեննայում կայացած միջուկային վնասի համար քաղաքացիական պատասխանատվության միջազգային համաժողով հրավիրված և սույն Կոնվենցիային միացած պետություններին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենը ծանուցում է.

ա) 23-րդ հոդվածին համապատասխան` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,

բ) 25-րդ և 26-րդ հոդվածներին համապատասխան` կիրառման դադարեցումների և չեղյալ հայտարարումների ծանուցումների մասին,

գ) 26-րդ հոդվածին համապատասխան` վերանայման խորհրդաժողով հրավիրելու խնդրանքների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

Սույն Կոնվենցիան գրանցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենը` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ կհանձնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենին, որը կուղարկի դրա հաստատված պատճենները:

Ի վկայություն որի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Վիեննա քաղաքում 1963 թվականի մայիսի 21-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 24-ից:

 

 

pin
''
21.05.1963
Միջազգային պայմանագիր