Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունները, ի դեմս` Ադրբեջանի Հանրապետության, Ալբանիայի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության, Ռումինիայի, Ռուսաստանի Դաշնության, ՈՒկրաինայի, այսուհետ սույն Համաձայնագրում` «ՍԾՏՀ մասնակից պետություններ», մասնավոր և ձեռնարկչական նախաձեռնությունները խրախուսելու և ֆինանսական ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով, համաձայնեցին հիմնադրել Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (այսուհետ` Բանկ), որը կգործի սույն Համաձայնագրի ներքոնշյալ հոդվածների հիման վրա: ՍԾՏՀ այն մասնակից պետությունները, որոնք ուղղակիորեն կամ նշանակված ներկայացուցիչների միջոցով սույն Համաձայնագրի հոդվածների դրույթներին համապատասխան կդառնան Բանկի անդամներ, այսուհետ կկոչվեն «Անդամ պետություններ»:

 

Գլուխ 1
Նպատակը, գործառույթները, լիազորությունները և անդամակցությունը

 

ՀՈԴՎԱԾ 1

Նպատակը

 

Բանկի նպատակն է արդյունավետ կերպով օժանդակել Անդամ պետությունների անցումային շրջանի գործընթացներին տարածաշրջանի բնակչության տնտեսական բարգավաճման համար և ֆինանսավորել ու աջակցել տարածաշրջանային ծրագրերին և այլ բանկային ծառայություններ մատուցել Անդամ պետությունների հանրային և մասնավոր ոլորտների ծրագրերին և Անդամ պետությունների միջև առևտրային միջոցառումներին:

 

ՀՈԴՎԱԾ 2

Գործառույթները և լիազորությունները

 

Իր նպատակը իրականացնելու համար, Բանկը պետք է ունենա հետևյալ գործառույթները և լիազորությունները.

ա) աջակցություն Անդամ պետությունների միջև միջտարածաշրջանային, հատկապես հիմնական ապրանքների առևտրի խրախուսմանը,

բ) Անդամ պետություններում ֆինանսավորել արդյունավետ ծրագրեր և ձեռնարկություններ,

գ) համագործակցել զարգացման միջազգային հաստատությունների և Անդամ պետությունների ազգային ֆինանսական և զարգացման գործակալությունների հետ,

դ) հիմնադրել և աշխատացնել Հատուկ հիմնադրամներ առանձնահատուկ նպատակների համար, որոնք կսահմանվեն Կառավարիչների խորհրդի կողմից,

ե) հետազոտություններ և ուսումնասիրություններ կատարել Անդամ պետությունների կամ Անդամ պետություններից որևէ մեկի տարածաշրջանի տնտեսական զարգացումը խթանելու համար` զարգացումն ու անցումային շրջանը խթանելու նպատակով,

զ) աջակցել զարգացման համար տարածաշրջանային համագործակցության նպատակին և համագործակցել Անդամ պետությունների հետ նրանց զարգացման քաղաքականությունները ուղղելու իրենց ռեսուրսների ավելի լավ օգտագործմանը իրենց տնտեսությունները ավելի համապարփակ դարձնելու և Անդամ պետությունների տնտեսությունների պարբերաբար աճի խթանման նպատակին համապատասխան ձևով և գործելով որպես խորհրդատու` տնտեսական քաղաքականությունները իմաստավորելու համար,

է) խրախուսել ներդրումները Անդամ պետությունների տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերում` հանրային և մասնավոր ոլորտներին երաշխիքներ, գործընկերություն և այլ ֆինանսական օգնություն տրամադրելու միջոցով,

ը) ձեռնարկել այլ միջոցառումներ և ապահովել այլ ծառայություններ, որոնք կարող են առաջ քաշել նրա նպատակները:

 

ՀՈԴՎԱԾ 3

Անդամակցություն

 

1. Բանկին անդամակցել կարող են.

ա) ՍԾՏՀ մասնակից պետությունները` անմիջապես կամ իրենց կողմից նշանակված ներկայացուցիչների միջոցով,

բ) այլ բազմազգ բանկերը և ֆինանսական հաստատությունները:

2. «Անդամներ» նշանակում է ՍԾՏՀ այն մասնակից պետությունները, որոնք Բանկի անդամ են դարձել և այն բազմազգ բանկերը և ֆինանսական հաստատությունները, որոնք նույնպես Բանկի անդամ են դարձել:

3. «Հիմնադիր անդամներ» նշանակում է ՍԾՏՀ այն մասնակից պետությունները, որոնք Բանկի անդամ են դարձել Վերջնաժամկետից առաջ կամ ժամանակ, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի 59-րդ հոդվածի 2-րդ կետում:

 

Գլուխ 2
Ֆինանսական ռեսուրսներ

 

ՀՈԴՎԱԾ 4

Կանոնադրային կապիտալ

 

1. Բանկի հաշվարկային միավորն է փոխառության հատուկ իրավունքները (այսուհետ` ՓՀԻ), ինչպես սահմանված է Միջազգային արժութային հիմնադրամի (այսուհետ` ՄԱՀ) Համաձայնագրի հոդվածներով:

2. Բանկի նախնական կանոնադրային կապիտալը կազմում է 1 միլիարդ ՓՀԻ (1.000.000.000 ՓՀԻ) բաժանված մեկ միլիոն (1.000.000) բաժնեմասերի, որոնցից յուրաքանչյուրի նվազագույն արժեքը հազար (1.000) ՓՀԻ է:

3. Բանկի կանոնադրային կապիտալը կարող է ավելացվել ցանկացած ժամանակ և ցանկացած պայմաններով, եթե նպատակահարմար համարվի:

 

ՀՈԴՎԱԾ 5

Բաժնեմասերի նշանակումը և բաժանումը

 

1. ՍԾՏՀ յուրաքանչյուր մասնակից պետություն, անմիջապես կամ իր կողմից նշանակած ներկայացուցիչների միջոցով, իրավունք ունի ստանալ Բանկի նախնական կանոնադրային կապիտալի բաժնեմասը հետևյալ չափերով.

Ադրբեջանի Հանրապետություն - 20.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 20.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի երկու (2) տոկոսը,

Ալբանիայի Հանրապետություն - 20.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 20.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի երկու (2) տոկոսը,

Բուլղարիայի Հանրապետություն - 135.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 135.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի տասներեք ու կես (13.5) տոկոսը,

Թուրքիայի Հանրապետություն - 165.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 165.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի տասնվեց ու կես (16.5) տոկոսը,

Հայաստանի Հանրապետություն - 20.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 20.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի երկու (2) տոկոսը,

Հունաստանի Հանրապետություն - 165.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 165.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի տասնվեց ու կես (16.5) տոկոսը,

Մոլդովայի Հանրապետություն - 20.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 20.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի երկու (2) տոկոսը,

Վրաստանի Հանրապետություն - 20.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 20.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի երկու (2) տոկոսը,

Ռումինիա - 135.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 135.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի տասներեք ու կես (13.5) տոկոսը,

Ռուսաստանի Դաշնություն - 165.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 165.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի տասնվեց ու կես (16.5) տոկոսը,

ՈՒկրաինա - 135.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 135.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի տասներեք ու կես (13.5) տոկոսը:

2. Նախնական կանոնադրային կապիտալի բաժնեմասերը յուրաքանչյուր Անդամին կհատկացվեն և շրջանառության մեջ կդրվեն հետևյալ ձևով.

ա) 10% կլինի լրիվ վճարված բաժնեմասերը,

բ) 20% կլինի հատկացված բաժնեմասերը, որոնք վճարվում են ինչպես սահմանված է 6-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում,

գ) 70% կլինի վճարման ոչ ենթակա, սակայն արտոնյալ բաժնեմասեր, որոնք կարող են մարվել, ինչպես սահմանված է 6-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում:

3. Կառավարիչների խորհուրդը, առնվազն 5 տարին մեկ անգամ, պետք է ստուգի Բանկի հիմնական կապիտալը: Հիմնական կապիտալի ավելացման դեպքում, յուրաքանչյուր Անդամ, սույն պարբերությանը համապատասխան, պետք է ունենա պատճառաբանված հնարավորություն բաժանորդագրվել, այնպիսի ընդհանուր ժամկետներով և պայմաններով, որոնք Կառավարիչների խորհուրդը կսահմանի կապիտալի ավելացման չափի հարաբերակցությունը նախքան այդ ավելացումը կանոնադրային կապիտալի բաժանորդագրված բոլոր բաժնեմասերի հարաբերակցությանը: Քանի դեռ յուրաքանչյուր Հիմնադիր անդամ չի բաժանորդագրվել Բանկի նախնական կանոնադրային կապիտալի բաժնեմասերի նույն քանակի մինչև այլ Հիմնադիր անդամներ, ապա յուրաքանչյուր Հիմնադիր անդամ, որը բաժանորդագրվել է ավելի քիչ բաժնեմասերի քան այլ Հիմնադիր անդամները կստանա զգալի նախապատվություն բաժանորդագրվելու ցանկացած ավելացված բաժնեմասերի մինչ այն ժամկետը, երբ բոլոր Հիմնադիր անդամները կբաժանորդագրվեն բաժնեմասերի հավասար քանակի: Որևէ Անդամ պարտավորված չի լինի բաժանորդագրվել կանոնադրային կապիտալի ավելացված բաժնեմասերի:

4. ա) Եթե 59-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված Վերջնաժամկետում ՍԾՏՀ որևէ մասնակից պետություն չի բաժանորդագրվել Բանկի նախնական կանոնադրային կապիտալի բոլոր բաժնեմասերին, որին իրավասու է սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, Կառավարիչների խորհուրդը կարող է Բանկի նախնական կանոնադրային կապիտալի այդ չբաժանորդագրված բաժնեմասերը առաջարկել այլ Անդամ պետությունների սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան բաժանորդագրվելու համար, կամ եթե նման բաժնեմասերը հասու են դառնում որպես Բանկի նախնական կանոնադրային կապիտալի ավելացման արդյունք:

բ) Եթե սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան որևէ բաժնեմաս առաջարկվում է բաժանորդագրության համար և Անդամը չի բաժանորդագրվել իրեն հասանելիք բոլոր բաժնեմասերին բաժանորդագրության ժամկետի սկզբից մեկ տարվա ընթացքում, չբաժանորդագրված բաժնեմասերը բաժանորդագրության համար կառաջարկվեն այլ Անդամների` վերոհիշյալ 3-րդ կետում սահմանված ընթացակարգին համապատասխան:

5. Բանկի նախնական կանոնադրային կապիտալի բաժնեմասերը կթողարկվեն նվազագույն արժեքով: Մնացած բաժնեմասերը կթողարկվեն նվազագույն արժեքով, քանի դեռ Կառավարիչների խորհուրդը չի որոշի թողարկել դրանք հատուկ հանգամանքներում այլ պայմաններով:

6. Նոր Անդամների անդամակցությունը և նրանց քվոտաների սահմանումը ենթակա է այն պայմանին, որ Հիմնադիր անդամները միշտ պետք է ունենան բաժնեմասերի մեծամասնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

Բաժանորդագրության վճար

 

1. ՍԾՏՀ յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է բաժանորդագրի բաժնեմասերի տոկոսադրույքը, որը պետք է հանդիսանա 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված Բանկի նախնական կանոնադրային կապիտալի` 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` կազմակերպության մասնակից պետության քվոտայից պակաս կամ հավասար մասը:

2. 5-րդ հոդվածի 2-րդ կետի (ա) ենթակետում նշված բաժնեմասերի համար վճարումը կատարվում է յուրաքանչյուր անդամի կողմից 60 օրվա ընթացքում այն օրվանից, երբ նա դառնում է 59-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված կարգով Բանկի անդամ:

3. 5-րդ հոդվածի 2-րդ կետի (բ) ենթակետում նշված բաժնեմասերի համար վճարները կատարվում են յուրաքանչյուր անդամի կողմից մուրհակների կամ նման անդամի կողմից տրված այլ պարտատոմսերի միջոցով: Նման մուրհակները կամ պարտատոմսերը չպետք է լինեն բանակցային և շահույթ հետապնդող, և պետք է արտահայտվեն ՓՀԻ-ով և ենթակա լինեն վճարման Բանկին ութ /8/ հերթական ամենամյա հավասար վճարներով` նոմինալ արժեքի սահմանման այն օրից սկսած մեկ տարվա ընթացքում, երբ սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտել համաձայն 61-րդ հոդվածի:

4. 5-րդ հոդվածի 2-րդ կետի (գ) ենթակետի համաձայն Բանկի կապիտալի մասը ենթակա է վճարման միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է կատարել Բանկի պարտավորությունները, որոնք սահմանված են 18-րդ հոդվածի 1-ին կետի (ա) ենթակետով կամ Բանկի գործառնությունների համար պահանջվում են այլ եղանակով կատարման:

5. Յուրաքանչյուր հերթական մասնակի վճարի դեպքում պետք է կիրառվեն հետևյալ կանոնները.

ա) յուրաքանչյուր վճարում պետք է կատարվի ՓՀԻ տարադրամով և համապատասխան անդամ պետության տարադրամով,

բ) յուրաքանչյուր անդամ ազատ է տարադրամը կամ տարադրամները ընտրելու և բաշխելու գործում, որով վճարումը կատարվում է: Համապատասխան անդամ պետության ազգային տարադրամի մասը յուրաքանչյուր վճարման դեպքում չպետք է գերազանցի նման վճարի գումարի հիսուն (50) տոկոսը:

գ) Յուրաքանչյուր ազգային տարադրամի արժեքը սահմանվում է Բանկի կողմից, ուշադրության առնելով նման վճարման ժամանակ շուկայում գերազանցող փոխանակման արժեքը: Այդ նպատակով, Բանկը կարող է խորհրդակցել շահագրգիռ երկրի համապատասխան մարմինների և Միջազգային արժութային հիմնադրամի հետ:

դ) Բացառությամբ 19-րդ հոդվածում սահմանվածից, Բանկը սույն հոդվածին համապատասխան սահմանում է ցանկացած նման վճարման վայրը` ոչ ուշ, քան մեկ (1) ամիս` Կառավարիչների խորհրդի պաշտոնական հանդիպումից հետո, որը նախատեսվում է նախքան նման սահմանումը և նման վճարումները կատարվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին` որպես Բանկի շահառու:

 

ՀՈԴՎԱԾ 7

Կանոնադրական կապիտալին առնչվող պայմաններ

 

1. Կապիտալի բաժնեմասերը չպետք է պարտավորեցնեն կամ ծանրաբեռնվեն ցանկացած եղանակով և չպետք է փոխանցելի լինեն, բացառությամբ Բանկի` սույն Համաձայնագրի 7-րդ գլխին համապատասխան:

2. Անդամի բաժնեմասերի առնչությամբ պատասխանատվությունը պետք է սահմանափակվի նրա կանոնադրական վճարի անհատուցելի մասով:

3. Ոչ մի անդամ, զուտ իր անդամակցության հիմքով պատասխանատու չէ Բանկի պարտավորությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

Սովորական կապիտալ պաշարներ

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող` բանկի «սովորական կապիտալ պաշարներ» հասկացությունը պետք է ներառի հետևյալը.

ա) Բանկի բաժնեմասերը, ներառյալ առձեռն, վճարվելիք և վճարման ենթակա բաժինները` նախատեսված սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն,

բ) Բանկի փոխառնությունից ծագած միջոցները, որոնք սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի 1-ին կետի (ա) ենթակետի համաձայն տրվում են իրավասու մարմինների կողմից, որոնց կիրառումը նախատեսված է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն,

գ) վարկերի կամ երաշխիքների վերավճարումից ստացված միջոցները և առանց շահույթի ներդրումների տիրապետումը շարունակվում է սույն հոդվածի (ա) և (բ) ենթակետերում նշված պաշարներից կատարվել,

դ) վարկերից և առանց շահույթի ներդրումներից ծագած եկամուտները, որոնք կատարվում են սույն հոդվածի (ա) և (բ) ենթակետերում նշված միջոցներից և Բանկի հատուկ գործառնությունների մաս չկազմող երաշխիքներից ծագած վճարներից, և

ե) Բանկի կողմից ստացված եկամուտները կամ ցանկացած այլ միջոցները, որոնք սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածով նախատեսված նրա ռեսուրսների հատուկ միջոցների մասը չեն կազմում:

 

Գլուխ 3
Գործառնություններ

 

ՀՈԴՎԱԾ 9

Ռեսուրսների օգտագործումը

 

Բանկի ռեսուրսներն ու շինությունները բացառապես պետք է օգտագործվեն սույն Համաձայնագրի 1 և 2-րդ հոդվածներում նշված գործառույթներն ու նպատակները իրականացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 10

Սովորական և հատուկ գործառնություններ

 

Բանկի գործառնությունները պետք է բաղկացած լինեն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածում նշված Բանկի սովորական կապիտալ միջոցներից ֆինանսավորվող սովորական գործողություններից և հատուկ գործառնություններից, որոնք ֆինանսավորվում են սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածով նշված հատուկ միջոցների պաշարներից: Գործառնությունների երկու տեսակները կարող են միավորվել:

 

ՀՈԴՎԱԾ 11

Գործառնությունների բաշխումը

 

1. Բանկի սովորական կապիտալ պաշարները և պաշարների հատուկ միջոցները, ցանկացած ժամանակ և բոլոր հարաբերություններում պահվում, օգտագործվում, կատարվում, ներդրվում կամ այլ կերպով են տիրապետվում` մեկը մյուսից ամբողջությամբ առանձին: Բանկի ֆինանսական հաշվետվությունները պետք է ցույց տան Բանկի պահուստները` նրա սովորական և հատուկ գործառնությունների հետ միասին և առանձին:

2. Բանկի սովորական կապիտալ պաշարները ոչ մի հանգամանքում չպետք է օգտագործվեն կամ չօգտագործվեն, որպեսզի ազատվեն հատուկ գործառնություններից կամ գործողություններից առաջացած կորուստներից կամ պարտքերից, որոնց համար պաշարների հատուկ միջոցները սկզբնապես օգտագործվել կամ կատարվել են:

3. Սովորական գործառնություններին անմիջապես պատկանող ծախսերը պետք է կատարվեն Բանկի սովորական կապիտալ միջոցներից: Հատուկ գործառնություններին անմիջապես պատկանող ծախսերը պետք է կատարվեն պաշարների հատուկ միջոցներից: Ցանկացած այլ ծախս, համաձայն սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի, կատարվում է այնպես, ինչպես սահմանված է Բանկի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 12

Գործառնության մեթոդները

 

Բանկը իրականացնում է իր գործառնությունները` սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված գործառույթների և նպատակների հետ համահունչ` հետևյալ որևէ կամ բոլոր եղանակներով.

ա) առևտրային գործառնություններին աջակցելով,

բ) բազմակողմ հաստատությունների, առևտրային բանկերի կամ այլ շահագրգիռ աղբյուրների հետ համագործակցելու կամ համաֆինանսավորելու միջոցով կամ վարկեր տրամադրելով,

գ) առանց ֆիքսված շահույթի բաժնեմասի կապիտալում ներդնելու միջոցով,

դ) միջազգային ֆինանսական շուկաներում վարկեր ստանալով,

ե) արժեթղթերի ապահովագրված տեղադրմամբ, եթե ֆինանսավորման այլ միջոցները համապատասխան չեն,

զ) շրջանառության մեջ դնելով ռեսուրսների հատուկ միջոցները` դրանց օգտագործումը սահմանող համաձայնագրերին համապատասխան,

է) վարկեր և տեխնիկական օգնություն տրամադրելով ու ապահովելով ենթակառուցվածքի վերաթարմացման կամ զարգացման համար, ներառյալ բնապահպանական ծրագրերը,

ը) մասնակցելով այլ համապատասխան բանկային գործառնություններին, որոնք ակնհայտորեն բացառված չեն սույն Համաձայնագրով կամ Կառավարիչների խորհրդի որոշմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13

Ֆինանսավորմանն առնչվող քննարկումներ

 

1. Իր գործողությունները կատարելիս Բանկը պատշաճ ուշադրություն է դարձնում`

ա) իր ֆինանսավորմանն առնչվող շահերի պաշտպանությանը,

բ) ստացողի և նրա երաշխավորի, եթե այդպիսիք կան, պայմանագրի համաձայն իրենց պարտականությունների կատարմանը,

գ) Անդամ պետությունների տնտեսությունների խթանման նպատակով լրացուցիչ միջոցների վրա,

դ) Անդամ պետություններում մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը աջակցելուն` տնտեսական և սոցիալական զարգացման և զբաղվածության շահութաբերության հնարավորությունները ընդլայնելու համար,

ե) Անդամ պետությունների տարածաշրջանների տնտեսական զարգացմանը խթանելուն` Անդամ պետություններում առաջնայնություն և գերապատվություն հաստատելու միջոցով, ուշադրության առնելով համապատասխան անդամ պետությունների օրենսդրությունը,

զ) գործառնության և դրա իրականացման երկրի օրենսդրությունը և դրա համապատասխան մարմինների հետ համագործակցության միջոցով:

2. Բանկը հատուկ ուշադրություն է հատկացնում տարածաշրջանային ծրագրերին, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք աջակցում և հզորացնում են Անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցությունը:

3. Բանկը կարող է ապահովել Անդամ պետությունների շրջանակներում և միջև ծրագրերի և առևտրային գործողությունների ֆինանսավորումը, որոնք հիմնված են տնօրենների խորհրդի կողմից հաստատված կանոնների և կարգավորումների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 14

Տեղական կանոնների և կանոնակարգերի կիրառում

 

Ելնելով Բանկի տարածաշրջանային բնույթից և Անդամ պետություններում տարբեր օրենքների, նորմերի ու իրավական ակտերի առկայությունից, Բանկը երաշխավորում է, որ բոլոր ֆինանսական պայմանները տրամադրվեն այդ երկրներից որևէ մեկում` ցանկացած եղանակով ու ներառեն և պաշտպանեն ներպետական օրենսդրության դրույթներով այնպես, որ Բանկի պահանջների հետ կապված վճարումները և տուրքերը լինեն անտեսանելի: Այնուամենայնիվ, բոլոր ֆինանսական պայմանները պետք է հիմնվեն Բանկի կողմից ապահովված կանոնների և կարգավորումների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 15

Սովորական գործարքների սահմանափակում

 

1. Սովորական գործարքների ժամանակ բանկի կողմից կատարած երաշխիքները, ներդրումները և տրվելիք վարկերի գույքային ընդհանուր գումարը չպետք է ավելանա ոչ մի դեպքում, եթե այդ ավելացման հետևանքով գործարքների ընդհանուր գումարը կգերազանցի բանկի պահեստային ընդհանուր կապիտալի, ռեզերվների և ավելցուկների ընդհանուր գումարի հարյուր հիսուն տոկոսը (150%), ավելցուկները իրենց հերթին ներառված են բանկի Սովորական կապիտալ ռեսուրսների մեջ:

2. Ցանկացած գույքային ներդրման ընդհանուր գումարը սովորաբար չպետք է գերազանցի շահագրգիռ կազմակերպության գույքի կապիտալի տոկոսաչափը, որը որոշվում է կանոնադրությամբ, որը իր հերթին համաձայնեցվում է Կառավարիչների խորհրդի հետ: Բանկը չպետք է ջանա տվյալ ներդրման միջոցով ձեռք բերել մենաշնորհային դիրք կազմակերպությունում և չպետք է օգտվի իր մենաշնորհային դիրքից կամ ստանձնի ուղղակի պատասխանատվություն ցանկացած կազմակերպության կառավարման գործում, որտեղ բանկը ունի իր ներդրումը, բացառություն է կազմում այն դեպքը, երբ տվյալ կազմակերպությունը գտնվում է բացահայտ կամ մոտալուտ ծանր ֆինանսական կացության մեջ և վտանգված են բանկի այն ներդրումները, որոնք արվել են տվյալ կազմակերպությունում, կամ էլ այն դեպքում, երբ Բանկի կատարած ներդրումները վտանգված են, այդ դեպքում բանկը կարող է իրեն իրավունք վերապահել այդ քայլի դիմել, քանի որ ըստ Բանկի տվյալ քայլի ձեռնարկումը անհրաժեշտ է Բանկի ֆինանսների կայունացման համար:

3. Բանկի կողմից վճարված գույքային ներդրումների ընդհանուր գումարը չպետք է ոչ մի դեպքում գերազանցի Բանկի վճարվելիք կապիտալին, ավելցուկին և գլխավոր ռեզերվին:

 

ՀՈԴՎԱԾ 16

Հատուկ հիմնադրամներ

 

1. Բանկը կարող է ստանձնել Անդամ պետության, Անդամ պետությունների խմբի կամ երրորդ կողմի` վարկատուի կողմից տրամադրված հատուկ հիմնադրամների ղեկավարման գործունեությունը, որոնք նախատեսված են ծառայել Բանկի նպատակներին: Նման հատուկ հիմնադրամների ղեկավարման վճարը պետք է գանձվի հենց այդ հատուկ ֆոնդից:

2. Հատուկ հիմնադրամները, որոնք ստանձնել է Բանկը կարող են օգտագործվել ցանկացած կերպ, ցանկացած պայմաններում, որոնք կարող են նպաստել Բանկի շահերին և նպատակներին համաձայնագրի դրույթների շրջանակներում կամ էլ տվյալ ֆոնդի հետ կապված համաձայնության կամ համաձայնությունների շրջանակներում:

3. Յուրաքանչյուր հատուկ հիմնադրամ պետք է ղեկավարվի հատուկ կանոնների կամ կանոնակարգերի համաձայն, որն ընդունված պետք է լինի կամ հիմնադրամ կամ էլ Կառավարիչների խորհրդի կողմից: Այդ կանոններն ու կանոնակարգը պետք է համապատասխանեն համաձայնագրի դրույթներին և հատուկ հիմնադրամի հետ կապված գործարքներ կնքող երկրի օրենքներին:

 

ՀՈԴՎԱԾ 17

Հատուկ հիմնադրամների ռեսուրսները

 

«Հատուկ հիմնադրամների ռեսուրսներ» հասկացությունը վերաբերում է բոլոր հատուկ հիմնադրամների ռեսուրսներին և ներառում է.

ա) հիմնադրամներ, որոնք Բանկը ստանում է հատուկ հիմնադրամին կցելու համար,

բ) վերավճարված հիմնադրամներ` կապված վարկերի, երաշխիքների և գույքային ներդրման հետագա գործընթացների հետ, որոնք տրամադրվել են հատուկ հիմնադրամների դրամական միջոցներից /ռեսուրսներից/ կամ ստացվել են հատուկ հիմնադրամի կողմից` կանոնների և կանոնակարգերի շրջանակներում, որով առաջնորդվում է հատուկ հիմնադրամը, և

գ) եկամուտը, որը ստացվել է հատուկ հիմնադրամների ռեսուրսների ներդրման հետևանքով:

 

Գլուխ 5
Դրամական փոխառություն և այլ բազմակողմ լիազորություններ

 

ՀՈԴՎԱԾ 18

Ընդհանուր լիազորություններ

 

1. Բանկը ի լրումն համաձայնագրում կամ ցանկացած այլ տեղ նշված լիազորությունների ունի նաև հետևյալ լիազորությունները`

ա) անդամ պետություններից կամ այլ տեղերից պարտք վերցնել պայմանով որ.

(i) նախքան Բանկի Անդամ պետության տարածքում ծառայություն մատուցելը Բանկը պետք է ունենա Անդամ պետության համաձայնությունը,

(ii) այնտեղ, որտեղ Բանկի ծառայությունը պետք է անդամ պետության դրամով կատարվեն Բանկը պետք է ունենա Անդամ պետության նման համաձայնությունը,

բ) ներդնել կամ որպես ավանդ օգտագործել այն հիմնադրամները, որոնք գործարքի համար անհրաժեշտ չեն,

գ) գնել և վաճառել արժեթղթերը Բանկի կողմից թողարկված կամ երաշխավորված արժեթղթերը, որոնց մեջ Բանկը ներդրում է կատարել,

դ) երաշխավորել արժեթղթերը, որոնց մեջ Բանկը ներդրում է կատարել արժեթղթերի վաճառքը խթանելու նպատակով,

ե) երաշխավորել կամ մասնակցել արժեթղթերի երաշխավորման գործընթացին, որոնք թողարկված են ցանկացած կազմակերպության կողմից, որը համապատասխանում է Բանկի շահերին և նպատակներին,

զ) տրամադրել տեխնիկական խորհրդատվություն և աջակցություն, որոնք ծառայում են դրա նպատակին և առաջանում են նրա գործառույթի շրջանակներում,

է) իրականացնել նման լիազորություններ և ընդունել այդպիսի կանոններ ու կանոնակարգեր, որոնք կարող են պարտադիր լինել կամ պատշաճ իր շահերին ու նպատակներին` սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

2. Ցանկացած արժեթուղթ, որը թողարկվել է կամ երաշխավորվել Բանկի կողմից պետք է ցայտուն կերպով արտահայտի, թե որ կազմակերպության և Անդամ պետության պարտականությունը չի հանդիսանում այն:

 

Գլուխ 6
Տարադրամներ

 

ՀՈԴՎԱԾ 19

Տարադրամի օգտագործումը և շրջանառությունը

 

1. 6-րդ հոդվածի 5-րդ կետի (բ) ենթակետի համաձայն Անդամ պետությունների տարադրամները ընդունելի են յուրաքանչյուր Անդամ պետության ընդհանուր գումարի մասի վճարման համար հետևյալ կանոնների համաձայն.

ա) Անդամ պետության ազգային դրամի ավանդական արժեքը պետք է հաշվարկվի Բանկի կողմից` օգտվելով ներկայացուցիչների կողմից տրամադրված տարադրամի փոխարժեքի վերաբերյալ նյութից, որը ցույց է տալիս, թե որ տարադրամն է շուկայում բարձր: Այս նպատակի համար Բանկը կարող է դիմել շահագրգիռ երկրի համապատասխան մարմիններին և Արժույթի միջազգային հիմնադրամին,

բ) Բանկի կապիտալի ավանդային հաշիվը պետք է բացվի շահույթ հետապնդող համապատասխան անդամ պետության կենտրոնական բանկում, որը պետք է հավասար լինի ՓՀԻ տարեկան փոխարժեքին: Բոլոր վճարումները կապված կապիտալի ընդհանուր գումարի հետ պետք է արվեն Անդամ պետության ազգային դրամով և պետք է համապատասխանեցվեն կապիտալի ավանդային հաշվին:

գ) Կապիտալի ավանդային հաշվի բալանսը համապատասխան շահույթի կուտակումից հետո ենթակա է վերագնահատման, որպեսզի ցույց տրվի ազգային դրամի փոխանակման փոխարժեքում եղած տարբերությունը` Անդամ պետության և ՓՀԻ հարաբերակցությամբ մեկ տարվա ժամանակահատվածում: Եթե այդ վերագնահատումը ցույց է տալիս բալանսի պակասորդ ՓՀԻ հարաբերակցությամբ, ապա անդամ պետությունը պետք է ավանդ մուտքագրի այդ հաշվի վրա` իր ազգային դրամով, որպեսզի համապատասխանեցնի ՓՀԻ բալանսին: Եթե վերագնահատման արդյունքում ի հայտ կգա բալանսի ավելցուկ հաշվի մեջ, Բանկը պետք է վճարում կատարի այդ հաշվից տվյալ Անդամ պետությանը, որպեսզի այդ հաշվի բալանսը համապատասխանեցնի ՓՀԻ բալանսին: Կառավարիչների խորհուրդը պետք է ընդունի համապատասխան կանոններ և կանոնակարգեր, կազմի ժամացույցեր և այլ ընթացակարգեր, որպեսզի իրականացնի սույն ենթակետի դրույթները` բոլոր Անդամ պետությունների համար միանման հիմքի վրա:

դ) Յուրաքանչյուր Անդամ պետություն պետք է ընդունի իր ազգային դրամը որպես վճարման միջոց ցանկացած վճարման նպատակին ծառայելու համար, որը համապատասխանեցվում է Բանկի կողմից տվյալ Անդամ պետության հետ:

2. Բացառություն է կազմում այն դեպքը, երբ Անդամ պետությունը ավանդ է ներդնում վավերացնելիս կամ հավաստագրելիս. այն է` հռչակագիր, որը տվյալ անդամ պետությանը իրավունք է վերապահում սահմանափակել Բանկի գործարքները, որոնք կատարվում են ազգային դրամով և տվյալ Անդամ պետության տարածքում: Բանկին իրավունք է տրվում մտնել յուրաքանչյուր Անդամ պետության տարածքում կատարվող ցանկացած առևտրային, մասնավորապես, ֆինանսական բնույթ ունեցող գործարքների մեջ, որոնք կատարվում են թե տվյալ Անդամ պետության ազգային դրամով, թե արտաքին օտարերկրյա դրամական միջոցներով և ոչ մի հետագայում սահմանափակում չպետք է դրվի, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանափակումը նախատեսված է ազգային ֆինանսական ինստիտուտների կամ էլ երրորդ կողմի ինստիտուտների կողմից կախված այն բանից, թե վերոհիշյալ որ ինստիտուտներից որին է նախապատվությունը տրվում: Այս գործարքի նպատակի համար Բանկը կարող է օգտվել չսահմանափակված իրավունքից` մտնել ներքին-արտաքին փոխանակման շուկաները և այլ բարենպաստ պայմաններից, որպեսզի կոնվերսիայի ենթարկի Անդամ պետության ազգային դրամը` ավելի հեշտ կոնվերսիայի ենթարկվող մի դրամի ոչ պակաս ձեռնտու պայմանների դեպքում, քան այն բոլոր պայմանները, որոնք մատչելի են նման Անդամ պետության հետ ցանկացած ներքին կամ արտաքին ֆինանսական գործարքներ կնքող ինստիտուտներին:

3. Բանկը պետք է դիմի յուրաքանչյուր Անդամ պետության համապատասխան մարմինների խորհրդակցությանը` կապված տվյալ Անդամ պետության ազգային դրամով կատարվող Բանկի գործարքների հետ, անդամ պետությունը պարտավորվում է բարեխիղճ և արդարացի լուծում տալ բոլոր ծագած վիճահարույց հարցերին, ինչով և կխթանի Բանկի գործընթացին:

4. 2-րդ կետի հետ կապված, եթե Անդամ պետությունը չափից ավել սահմանափակումներ է դնում, կապված իր ազգային դրամի հետ Կառավարիչների խորհուրդը իրավունք է վերապահում մերժել և 6-րդ հոդվածի համաձայն չընդունել նման ազգային դրամով կատարվող վճարումները, նման վճարումները պետք է կատարվեն ՓՀԻ տարադրամով այնքան ժամանակ, որքան որ նման սահմանափակումները ուժի մեջ են:

 

ՀՈԴՎԱԾ 20

Տարադրամի գործարքներ

 

Բանկի արտարժույթը պետք է վերածվի մի այնպիսի դրամի, որով հնարավոր է իրականացնել վճարումներ և որոնցից էլ հենց կազմված է ՓՀԻ: Բանկի ցանկացած արտարժույթը պետք է վերածվի ազատ կոնվերսիայի ենթարկվող տարադրամի, որն ընդունելի է Բանկի կողմից: Բանկի ազգային տարադրամը պետք է վերածվի համապատասխան անդամ պետության տեղական տարադրամի: Այս գործարքների վերադարձման գումարը չպետք է ավելի նվազ լինի, քան միջազգային ֆինանսական շուկաներում կատարվող գործարքներինը:

 

Գլուխ 6
Կառուցվածքը և կառավարումը

 

ՀՈԴՎԱԾ 21

Կառուցվածքը

 

Բանկը կառավարելու է Կառավարիչների խորհուրդը, Տնօրենների խորհուրդը, Նախագահը, մեկ կամ ավել Փոխնախագահները և որոշակի քանակի պաշտոնյաներ և աշխատակազմը, որքան անհրաժեշտ համարվի:

 

ՀՈԴՎԱԾ 22

Կառավարիչների խորհուրդը: Կազմը

 

1. Յուրաքանչյուր Անդամ պետություն ներկայացված է լինելու Կառավարիչների խորհրդում և կնշանակի մեկ կառավարիչ և մեկ ալտերնատ կառավարիչ: Մնացած այլ Անդամների ներկայացուցչությունը կսահմանվի Կառավարիչների խորհրդի կողմից, նախքան անդամակցության համաձայնություն տալը: Յուրաքանչյուր կառավարիչ կամ ալտերնատ կառավարիչ ծառայելու է ի շահ իրեն նշանակած Անդամի: Ոչ մի ալտերնատ կառավարիչ չի կարող քվեարկել բացառությամբ այդ նույն Անդամի կողմից նշանակած կառավարչի բացակայության ժամանակ: Իր տարեկան հանդիպման ժամանակ, Խորհուրդը կառավարիչներից մեկին ընտրում է Նախագահող, որը զբաղեցնում է պաշտոնը մինչև մյուս Նախագահողի ընտրումը Խորհրդի հաջորդ տարեկան հանդիպման ժամանակ:

2. Կառավարիչները և ալտերնատ կառավարիչները իրենց պաշտոններում ծառայում են առանց Բանկից աշխատավարձ ստանալու:

 

ՀՈԴՎԱԾ 23

Կառավարիչների խորհուրդը: Լիազորությունները

 

1. Բանկի բոլոր լիազորությունները կփոխանցվեն Կառավարիչների խորհրդին:

2. Կառավարիչների խորհուրդը կարող է Տնօրենների խորհրդին վերապահել իր լիազորություններից մեկը կամ մի քանիսը, բացառությամբ հետևյալների.

ա) փոփոխել սույն Համաձայնագիրը,

բ) ավելացնել կամ նվազեցնել Բանկի կանոնադրային կապիտալը,

գ) լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կառավարիչների խորհրդի խնդրանքները,

դ) լիազորել այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդհանուր համաձայնագրերի կնքումը,

ե) նշանակել Բանկի նախագահին,

զ) սահմանել Տնօրենների և Ալտերնատ տնօրենների վարձատրությունը և աշխատավարձը և Նախագահի աշխատանքային պայմանագրի այլ դրույթները,

է) աուդիտորների զեկույցը ուսումնասիրելուց հետո, հաստատել Բանկի հիմնական սալդոն և շահույթի ու վնասի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը,

ը) ընդունել նոր Անդամների և սահմանել նրանց անդամակցության պայմանները,

թ) հեռացնել Անդամին,

ժ) սահմանել Բանկի մաքուր շահույթի և մնացորդի պահուստը և բաշխումը,

ժա) որոշում կայացնել Բանկի գործողությունները դադարեցնելու և գույքը բաշխելու վերաբերյալ,

ժբ) իրականացնել այլ լիազորություններ, որոնք սույն Համաձայնագրում հստակորեն վերապահված են Կառավարիչների խորհրդին կամ որևէ այլ կերպ վերապահված են Տնօրենների խորհրդին:

3. Կառավարիչների խորհուրդը կպահպանի լիակատար իշխանությունը իրավասություն իրականացնելու Կառավարիչների խորհրդին սույն հոդվածի 2-րդ պարբերությանը համապատասխան, կամ սույն Համաձայնագրով վերապահված ցանկացած հարցի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 24

Կառավարիչների խորհուրդը: Ընթացակարգ

 

1. Կառավարիչների խորհուրդը պետք է ունենա տարեկան հանդիպումներ և այլ համանման հանդիպումներ, որոնք կարող են պահանջել Կառավարիչների խորհուրդը կամ հրավիրվել Տնօրենների խորհրդի կողմից: Կառավարիչների խորհրդի հանդիպումները կհրավիրվեն Տնօրենների խորհրդի կողմից ցանկացած ժամանակ, սակայն առնվազն չորս Անդամներ կամ Անդամների քվեարկության իրավունքի 1/4 (մեկ քառորդը) ունեցող Անդամների կողմից:

2. Կառավարիչների երկու երրորդը (2/3) Կառավարիչների խորհրդի ցանկացած հանդիպման համար քվորում են կազմում, այդպիսով ապահովելով այնպիսի մեծամասնություն, որը ներկայացնում է Անդամների ընդհանուր ձայների առնվազն երկու երրորդը:

3. 23-րդ հոդվածի 2-րդ կետի ա/, թ/, ժ/ և ժբ/ ենթակետերի վերաբերյալ որոշումը Կառավարիչների խորհուրդը կընդունի մի ընթացակարգով (այսուհետ` «Կոնսենսուս»), որը կհասկացվի Կառավարչի կողմից որևէ առարկության բացակայություն և քննարկվող որոշման ընդունման դեմ այդ Կառավարչի կողմից խոչընդոտի բացակայություն, բացառությամբ, երբ այդ որոշումը զրկում է Անդամին անդամակցությունից, այն կընդունվի այդ Անդամի նշանակած Կառավարչի կողմից առարկության բացակայության դեպքում:

4. Կառավարիչների խորհուրդը, համաձայն կարգավորումներին, սահմանի ընթացակարգ, ըստ որի Տնօրենների խորհուրդը կարող է, եթե նման գործողությունը համարում է նպատակահարմար ստանալ Կառավարիչների ձայնը հատուկ հարցերի վերաբերյալ, առանց Կառավարիչների խորհրդի հանդիպում հրավիրելու:

5. Կառավարիչների խորհուրդը և Տնօրենների խորհուրդը, իրենց լիազորության շրջանակներում, կարող են սահմանել այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ կլինեն Բանկի գործունեությունը վարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 25

Տնօրենների խորհուրդ: Կազմը

 

1. Կառավարիչների խորհուրդն է սահմանում Տնօրենների քանակը, պայմանով, որ յուրաքանչյուր Անդամ պետություն իրավունք կունենա նշանակելու մեկ Տնօրեն:

2. Տնօրենները չեն կարող լինել Կառավարիչների խորհրդի անդամներ և պետք է լավ իրազեկ լինեն տնտեսական և ֆինանսական հարցերին:

3. Կառավարիչների խորհուրդը կարող է ավելացնել կամ նվազեցնել Տնօրենների թիվը կամ վերանայել Տնօրենների խորհրդի կազմը, որը կարող է լինել անհրաժեշտ հաշվի առնելու համար Բանկի անդամների թվում փոփոխությունները:

4. Յուրաքանչյուր Անդամ պետություն պետք է նշանակի մեկ Ալտերնատ տնօրեն, որը Տնօրենի բացակայության դեպքում, լիազորված կլինի կատարելու նրա պարտականությունները: Ալտերնատ տնօրենները կարող են մասնակցել Տնօրենների խորհրդի հանդիպումներին, սակայն կարող են քվեարկել միայն այն դեպքում, երբ նրանք գործում են իրենց պետերի փոխարեն:

5. Տնօրենները նշանակվում են երեք տարի ժամկետով և կարող են վերանշանակվել: Նրանք պետք է շարունակեն իրենց աշխատանքը մինչև իրենց փոխարինող կնշանակվի: Եթե Տնօրենի պաշտոնը ազատվում է նրա ժամկետը լրանալուց ավելի քան 90 օր առաջ, ապա փոխարինողը մնացած ժամկետի համար կարող է նշանակվել կամ ընտրվել այն Անդամի կողմից, ով նշանակել էր նախկին Տնօրենին: Մինչ պաշտոնը մնում է թափուր, նախկին Տնօրենի փոխարինողը պետք է իրականացնի վերջինիս լիազորությունները:

6. Տնօրենները և Ալտերնատ տնօրենները չպետք է անհրաժեշտաբար մշտապես բնակվեն Բանկի կենտրոնակայանում և չպետք է համարվեն Բանկի լրիվ դրույքով աշխատողներ, սակայն նրանք պետք է վարձատրվեն Բանկի կողմից` յուրաքանչյուր Տնօրենների խորհրդի հանդիպման համար, որին նրանք մասնակցել են:

 

ՀՈԴՎԱԾ 26

Տնօրենների խորհուրդ: Լիազորություններ

 

Հոդված 23-ի դրույթների համաձայն, Տնօրենների խորհուրդը պատասխանատու է Բանկի հիմնական գործողությունների ղեկավարման համար և այդ նպատակով, պետք է, ի լրումն սույն Համաձայնագրում հստակ նշված լիազորությունների, իրականացնի Կառավարիչների խորհուրդի կողմից իր վրա դրված բոլոր լիազորությունները, մասնավորապես.

ա) պատրաստել Կառավարիչների խորհրդի աշխատանքը,

բ) ընդունել որոշումներ Բանկի և նրա գործողությունների վերաբերյալ` Կառավարիչների խորհրդի սահմանած հիմնական ուղղություններին համապատասխան,

գ) ամենամյա հանդիպմանը Կառավարիչների խորհրդի կողմից հաստատելու նպատակով յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար ներկայացնել հաշվետվություն,

դ) հաստատել Բանկի բյուջեն:

 

ՀՈԴՎԱԾ 27

Տնօրենների խորհուրդ: Ընթացակարգ

 

1. Տնօրենների խորհուրդը հանդիպումներ կգումարի այնքան հաճախ, որքան որ Բանկի գործունեությունն է պահանջում: Բոլոր սովորական գործուղումների և կեցության ծախսերը, ինչպես նաև Տնօրենների վարձատրությունը ապահովում է Բանկը:

2. Տնօրենների մեծամասնությունը կազմում է քվորում Տնօրենների խորհրդի ցանկացած հանդիպմանը` այդպիսով ապահովելով այնպիսի մեծամասնություն, որը ներկայացնում է Անդամների ընդհանուր ձայների առնվազն երկու երրորդը:

3. Տնօրենների խորհրդի կանոնները և ընթացակարգը հաստատում է Կառավարիչների խորհուրդը:

 

ՀՈԴՎԱԾ 28

Քվեարկություն

 

1. Հաջորդ նախադասության դրույթներին համապատասխան, յուրաքանչյուր Անդամի քվեարկելու իրավունքը, ներառյալ յուրաքանչյուր Կառավարչի (կամ նրան փոխարինող Ալտերնատ կառավարչի) և յուրաքանչյուր Տնօրենի (կամ նրան փոխարինող Ալտերնատ տնօրենի) քվեարկելու իրավունքը պետք է հավասար լինի Բանկի կանոնադրային կապիտալից նրան հատկացված բաժնեմասերի ընդհանուր քանակին: Այն դեպքում, երբ որևէ Անդամ չի կարողանում վճարել սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածին համապատասխան իր կողմից բաժանորդագրված բաժնեմասերի համար, ապա այդ Անդամը չի կարող, քանի դեռ չի վճարել, իրականացնել իր ձայների այն տոկոսը, որը համապատասխանում է վճարվելիք բայց չվճարված գումարին, կապված այդ Անդամի կողմից վճարման ենթակա ընդհանուր գումարին` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածին համապատասխան բաժանորդագրված բաժնեմասերի հետ կապված այդ Անդամի պարտավորության հետ:

2. Քվեարկելով Կառավարիչների խորհրդում կամ Տնօրենների խորհրդում, յուրաքանչյուր Կառավարիչ կամ Տնօրեն իրավասու կլինի հաշվել այն Անդամի ձայները, որին նա ներկայացնում է: Բացառությամբ, եթե այլ բան է նախատեսված սույն Համաձայնագրում, Կառավարիչների խորհրդում ներկայացված բոլոր հարցերը կորոշվեն քվեարկող Անդամների ձայների մեծամասնությամբ:

3. Բացառությամբ, եթե այլ բան է նախատեսված սույն Համաձայնագրում և բացառությամբ ընդհանուր քաղաքական որոշումների, երբ նման քաղաքական որոշումները ընդունվում են քվեարկող Անդամների ընդհանուր ձայների առնվազն երկու երրորդով, Կառավարիչների խորհրդում ներկայացված բոլոր հարցերը կընդունվեն քվեարկող Անդամների ձայների մեծամասնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 29

Կառավարում: Նախագահ

 

1. Կառավարիչների խորհուրդը, Կառավարիչների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, որը կազմում է Անդամների ընդհանուր քվեարկողների առնվազն կեսը, նշանակում է Բանկի նախագահին: Նախագահը պետք է լինի Անդամ պետության քաղաքացի: Նախագահը, մինչ զբաղեցնում է իր պաշտոնը, չպետք է հանդիսանա Կառավարիչ կամ Տնօրեն կամ Ալտերնատ կառավարիչ կամ Ալտերնատ տնօրեն:

2. Նախագահի ծառայության ժամկետը չորս /4/ տարի է: Նա, այնուամենայնիվ, պետք է պաշտոնաթող լինի, եթե այդպես որոշի Կառավարիչների խորհուրդը, որի դեպքում Կառավարիչների խորհուրդը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, նշանակում է փոխարինող 4 տարի ժամկետով: Եթե Կառավարիչների խորհուրդը այլ բան չորոշի, ապա Նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչև իր փոխարինողի նշանակումը:

3. Նախագահը Տնօրենների խորհրդի նախագահողն է: Նա չունի քվեարկելու իրավունք, բացառությամբ երբ նրա ձայնը վճռորոշ է Կառավարիչների խորհրդում ձայների հավասար բաշխման ժամանակ: Նախագահը կարող է մասնակցել Կառավարիչների խորհրդի հանդիպումներին, բայց չի կարող քվեարկել:

4. Նախագահը, որպես Բանկի գործադիր տնօրեն, դրա իրավական ներկայացուցիչն է և, Կառավարիչների խորհրդի ղեկավարությամբ, վարում է Բանկի ընթացիկ գործերը: Նախագահը, համաձայն սույն Համաձայնագրի 30-րդ հոդվածի դրույթների, պատասխանատու է աշխատակիցների և անձնակազմի կազմակերպման, նշանակման և ազատման համար` Տնօրենների խորհրդի ընդունած կանոններին և կարգավորումներին համապատասխան:

5. Նշանակելով աշխատակիցներին և անձնակազմին, Նախագահը պետք է երաշխավորի արդյունավետության և տեխնիկական կոմպետենտության ամենաբարձր չափանիշները և անձնակազմի հավաքագրելիս պետք է ապահովի լայն աշխարհագրական ներկայացուցչությունը` նախապատվություն տալով Անդամ պետությունների քաղաքացիներին:

 

ՀՈԴՎԱԾ 30

Կառավարում: Փոխնախագահ(ներ)

 

1. Մեկ կամ ավել Փոխնախագահ/ներ/ նշանակվում է Տնօրենների խորհրդի կողմից` Նախագահի ներկայացմամբ: Նրանք Բանկի վարչակազմում կկատարեն իրենց պարտականությունները, լիազորությունները և գործառույթները այնքան ժամանակ, երբ ժամանակ առ ժամանակ Կառավարիչների խորհուրդը որոշի: Նախագահի բացակայության կամ անգործունակության դեպքում, Նախագահի կողմից նշանակված փոխնախագահներից որևէ մեկը կկատարի Նախագահի լիազորություններն ու գործառույթները: Փոխնախագահը, մինչ զբաղեցնում է իր պաշտոնը, չպետք է լինի Կառավարիչ կամ Տնօրեն (կամ դրանց ալտերնատները):

2. Փոխնախագահը կարող է մասնակցել Տնօրենների խորհրդի հանդիպումներին, սակայն չի կարող քվեարկել այդ հանդիպումներում:

 

ՀՈԴՎԱԾ 31

Բանկի միջազգային բնույթը և քաղաքական գործունեությամբ զբաղվելու

արգելքը

 

1. Բանկը չպետք է ընդունի փոխառություններ կամ օժանդակություն, որը որևէ ձևով կարող է վնաս հասցնի, սահմանափակի, շրջի ուղուց կամ այլ ձևով փոխի նրա նպատակը կամ գործառույթները:

2. Բանկը, Նախագահը, Փոխնախագահը/ները/, Տնօրենները, պաշտոնյաները և աշխատակազմը, իրենց որոշումներում հաշվի են առնում միայն Բանկի նպատակին, գործառույթներին և գործողություններին համապատասխան կարծիքը: Նման կարծիքը պետք է կշռադատվի անկողմնակալորեն` Բանկի նպատակին և գործառույթներին հասնելու և դրանք իրականացնելու նպատակով:

3. Բանկի Նախագահը, Փոխնախագահները, պաշտոնյաները և անձնակազմը, կատարելով իրենց պարտականությունները, պետք է կատարեն Բանկի առջև իրենց ընթացիկ պարտավորությունները և չենթարկվեն որևէ այլ մարմնի: Բանկի յուրաքանչյուր անդամ պետք է հարգի իր պարտականությունների միջազգային և ոչ քաղաքական բնույթը և իրենց պարտականությունները կատարելիս պետք է զերծ մնա դրանցից որևէ մեկի վրա ազդելու բոլոր փորձերից:

 

ՀՈԴՎԱԾ 32

Բանկի գրասենյակը

 

1. Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում է Սալոնիկ քաղաքում, Հունաստանի Հանրապետությունում:

2. Բանկը, Կառավարիչների խորհրդի հաստատումից հետո, կարող է ցանկացած վայրում հիմնել ներկայացուցչական գրասենյակներ տեղեկություններ հավաքագրելու, Բանկի և Անդամ պետությունների հետ հաղորդակցմանը նպաստելու համար` նպատակ ունենալով դյուրացնել ծրագրերի և առևտրի հետ կապված գործարքները:

3. Բանկը կարող է հարաբերությունների մեջ մտնել այլ կազմակերպությունների հետ տեղեկություններ փոխանակելու կամ այլ նպատակների համար` սույն Համաձայնագրին համապատասխան և Կառավարիչների խորհրդի կողմից հաստատվելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 33

Ֆինանսական տարի

 

Բանկի ֆինանսական տարի օրացուցային տարին է:

 

ՀՈԴՎԱԾ 34

Հաղորդակցության ուղիներ, պահառուներ

 

1. Յուրաքանչյուր Անդամ կարող է նշանակել համապատասխան պաշտոնատար մարմին, որի հետ Բանկը կարող է հաղորդակցվել սույն Համաձայնագրով ծագած որևէ հարցի հետ կապված:

2. Յուրաքանչյուր Անդամ պետություն կարող է իր Կենտրոնական բանկին կամ Բանկի հետ համաձայնեցնելով նման այլ գործակալության նշանակել որպես պահառու, որի հետ Բանկը կարող է պահել այդ Անդամ պետությանը պատկանող տարադրամը, ինչպես նաև Բանկի այլ գույքը:

 

ՀՈԴՎԱԾ 35

Հաշվետվություններ և աուդիտորներ

 

1. Կապված Տնօրենների խորհրդի երաշխիքներից և հավանությունից այլ երկրներում որակավորված աուդիտորներ, որոնք միջազգայնորեն ճանաչված են և պետք է նշանակվեն մեկ տարի ժամկետով, որը կարող է հետագայում երկարացվել նույն հիմունքների և պայմանների վրա, որոնք Տնօրենների խորհրդի հավանությանն են արժանացել, վերահսկել Բանկի գործերը և հաշվետվության ներկայացնել Տնօրենների խորհրդին ժամանակ առ ժամանակ` կախված Տնօրենների խորհրդի որոշումից:

2. Բանկը պետք է փոխանցի Անդամներին, Անդամ պետությունների կառավարություններին և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջազգային քարտուղարությանը ամենամյա հաշվետվություն, որն իր մեջ կպարունակի հաշիվների աուդիտային հաստատում, ներառյալ առանձին հաշվետվություն կապված հատուկ հիմնադրամների գործարքների հետ և կհրապարակի բոլոր հաշվետվությունները: Բանկը եռամյակը մեկ պետք է փոխանցի իր անդամներին և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջազգային քարտուղարությանը ամփոփ հաշվետվություն, որը կներկայացնի Բանկի ֆինանսական վիճակը, շահույթի և կորստի մասին վկայող տեղեկագիրը, որը ցույց կտա Բանկի գործարքների արդյունքները:

3. Բանկը կարող է տպագրել նման հաշվետվությունները նաև այն դեպքում, երբ համարի, որ տպագրումը կխթանի և կնպաստի Բանկի շահերին և նպատակներին: Նման հաշվետվությունները պետք է փոխանցվեն Անդամներին, Անդամ պետությունների կառավարություններին և ՍԾՏՀ միջազգային քարտուղարությանը:

 

ՀՈԴՎԱԾ 36

Մաքուր շահույթի բաշխումը

 

Կառավարիչների խորհուրդը պետք է որոշի, թե Բանկի սովորական գործարքների հետևանքով առաջացած մաքուր շահույթի կամ ավելցուկի որ մասը պետք է անցնի ռեզերվ այն պայմանով, որ Բանկի մաքուր շահույթի կամ ավելցուկի ոչ մի մասը չպետք է բաշխվի համաչափ` ըստ անդամների ունեցած բաժնետոմսերի մինչև Բանկի գլխավոր ռեզերվները չեն հասել կապիտալի ընդհանուր գումարի 10% ցուցանիշին, ներառելով բոլոր չվճարված, բայց վճարման ենթակա և չվճարված, բայց վճարվելիք կապիտալը:

 

Գլուխ 7
Բանկային գործարքների ավարտ և այդ գործարքներից դուրս գալը

 

ՀՈԴՎԱԾ 37

Դուրս գալը

 

1. Ցանկացած Անդամ կարող է դուրս գալ ցանկացած ժամանակ փոխանցելով նախազգուշական ծանուցում Բանկին և նրա կենտրոնակայանին:

2. Անդամի որոշումը դուրս գալ կազմից պետք է ուժի մեջ մտնի և Անդամի անդամակցությունը պետք է դադարի ծանուցման մեջ նշված օրը, բայց ոչ մի դեպքում այն չպետք է դադարի ավելի շուտ, քան Բանկի կողմից ծանուցումը ստանալուց հետո: Այնուամենայնիվ, մինչև կազմից դուրս գալու որոշումը ուժի մեջ կմտնի Անդամը իրավասու է տեղյակ պահել Բանկին, որ պատրաստվում է չեղյալ հայտարարել իր նախազգուշական ծանուցման մեջ նշված կազմից դուրս գալու մասին որոշումը:

 

ՀՈԴՎԱԾ 38

Անդամակցության կասեցում

 

1. Եթե Անդամը չի կարողանում կատարել իր պարտականությունները Բանկի հանդեպ, ապա Բանկը կարող է կասեցնել վերջինիս անդամակցությունը: Անդամակցության կասեցման մասին որոշումը պետք է կայացնի Կառավարիչների խորհուրդը: Անդամակցության կասեցումից հետո մեկ տարվա ընթացքում Կառավարիչների խորհուրդը պետք է կրկին որոշում կայացնի կամ վերականգնի անդամակցությունը նախկին կարգավիճակի կամ չեղյալ հայտարարի տվյալ Բանկի անդամակցությունը:

2. Անդամակցությունից կասեցված անդամը չի կարող օգտվել համաձայնագրի մեջ սահմանված իրավունքներից, բացառությամբ կազմից դուրս գալու իրավունքից, բայց և այնպես Անդամը կշարունակի պատասխանատվություն կրել իր բոլոր պարտականությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 39

Անդամակցության կասեցման արդյունքում ծագած խնդիրների լուծում

 

1. Անդամին անդամակցությունից զրկելու ամսաթվից հետո, Անդամը դեռևս պետք է պատասխանատվություն կրի Բանկի հանդեպ իր անմիջական պարտավորությունների համար: Անդամը նույնպես շարունակում է պատասխանատվություն կրել իր չսահմանված պարտականությունների համար այնքան ժամանակ, որքան որ վարկերի ցանկացած մասը, գույքային ներդրումները և երաշխիքները սահմանված են այնքան ժամանակով, որքանով որ ուժի մեջ է անդամակցությունը, բայց Անդամը չպետք է ենթարկվի պարտականություններին, որոնք կապված են վարկերի և երաշխիքների հետ, որոնք իրենց հերթին ընդունվել են Բանկի կողմից անդամակցությունից զրկելուց հետո, անդամը նաև չպետք է շահաբաժին ունենա Բանկի եկամուտներից կամ ծախսերից:

2. Այն դեպքում, երբ Անդամը զրկվում է իր անդամակցությունից Բանկը պետք է կազմակերպի տվյալ Անդամի բաժնետոմսերի հետ գնումը /վերագնումը/` Բանկի կողմից որպես տվյալ Անդամի հետ կապված խնդրի լուծման մի մաս սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին համապատասխան: Այս նպատակով բաժնետոմսերի հետ գնման գինը պետք է ներկայացնի արժեք, որը պետք է համապատասխանի Բանկի հաշիվներին այն օրը, երբ անդամը զրկվում է անդամակցությունից:

3. Բանկի կողմից հետ գնված բաժնետոմսերի վճարը սույն հոդվածի համաձայն պետք է ղեկավարվի հետևյալ պայմանների առկայության դեպքում.

ա) Անդամին տրվելիք ցանկացած գումար պետք է պահվի այնքան ժամանակ, որքան որ Անդամը, ներառյալ կենտրոնական բանկը կամ կենտրոնական բանկի ցանկացած գործակալություն, միջոցներ /հենակետեր/ կամ քաղաքական ստորաբաժանումներ, ունի չիրագործած պարտականություններ Բանկի նկատմամբ: Ցանկացած գումար, որը պետք է տրվի Անդամին կախված Բանկի որոշումից կարող է դասվել վերոհիշյալ պարտականություններին, երբ Բանկը համարի այն անհրաժեշտ:

բ) Մաքուր գումարը, որը հավասար է բաժնետոմսերի հետ գնման հետևանքով առաջացած ավելցուկին (սույն հոդվածի 2-րդ կետի համապատասխան) կապված անդամին Բանկին տրվելիք ընդհանուր գումարի հետ ենթակա են վճարման ոչ ավել, քան հինգ տարվա ընթացքում` կախված Բանկի որոշումից և համապատասխան առևտրային վկայականի հանձնման հետ:

գ) Բանկի կողմից վճարումները պետք է իրականացվեն ՓՀԻ-ով և Անդամ պետությունների համապատասխան տարադրամով, կախված Բանկի` ֆինանսական դրությանը համապատասխան որոշումից:

դ) Եթե Բանկը կորուստներ է կրում կապված ցանկացած վարկի կամ երաշխիքի հետ, որոնք չեն իրագործվել այն ժամանակ, երբ Անդամը զրկվեց իր անդամակցությունից և այդ կորուստների թիվը գերազանցում է այն ռեզերվային գումարին, որը նախատեսված էր օրվա կորուստները հատուցելու համար, նման Անդամը պարտավորվում է վճարել, պահանջի դեպքում, այն թիվը, որքանով որ բաժնետոմսերի հետ գնման գինը պակասել է, քանի որ հետ գնումը որոշելիս կորուստները հաշվի չեն առնվել:

4. Սույն Համաձայնագրի 41-րդ հոդվածի համաձայն, եթե Բանկը կասեցնում է իր գործարքները Անդամին անդամակցությունից զրկելու ժամկետից սկսած վեց ամսվա ընթացքում, տվյալ անդամի բոլոր իրավունքները պետք է որոշվեն 41-43-րդ հոդվածների դրույթներին համապատասխան: Նման Անդամը պետք է պահպանի Անդամի կարգավիճակ` ելնելով վերոհիշյալ հոդվածներից, այնուամենայնիվ անդամը զրկվում է ընտրելու իրավունքից:

 

ՀՈԴՎԱԾ 40

Գործարքների ժամանակավոր կասեցում

 

Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Անդամների ընդհանուր քվեների մեծամասնական որոշման` 2/3-ից ոչ պակաս ձայների առկայության դեպքում Տնօրենների խորհուրդը իրավասու է ժամանակավորապես կասեցնել գործարքները` կապված նոր պարտավորությունների հետ, այդպիսով նախապայմաններ ստեղծելով Կառավարիչների խորհրդին գործելու և հետագա քննարկումներ վարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 41

Գործարքների դադարեցում

 

1. Այն դեպքում, երբ Կառավարիչների խորհուրդը որոշում է կայացնում դադարեցնել Բանկի գործարքները, Բանկը պետք է անմիջապես դադարեցնի ցանկացած գործունեություն, բացառությամբ կանոնավոր կերպով իրականացվող գործողությունների իրագործմանը, պահպանմանը և խոշոր ներդրումների ու պարտականությունների իրագործմանը:

2. Մինչև պարտականությունների վերջնական իրագործումը և խոշոր ներդրումների բաշխումը Բանկը պետք է շարունակի գոյություն ունենալ և թե Բանկի, և թե Բանկի Անդամների երկկողմ իրավունքները և պարտականությունները պետք է մնան չշոշափված:

 

ՀՈԴՎԱԾ 42

Անդամների պատասխանատվությունը և պահանջների բավարարումը

 

1. Բանկային գործարքների դադարեցման դեպքում Անդամների պարտականությունները ընդհանուր կապիտալի չվճարված մասի նկատմամբ պետք է շարունակվեն մինչև որ վարկատուի /պարտատիրոջ/ պահանջները, ներառյալ չնախատեսված պահանջները չբավարարվեն:

2. Բոլոր պարտատերերը, որոնք ունեն անմիջական պահանջներ պետք է առաջնահերթ կերպով վճարվեն Բանկի խոշոր ներդրումներից, իսկ հետո Բանկին վճարվելիք գումարներից: Մինչ անմիջական պահանջներ ներկայացնող պարտատերերին ինչ-որ գումար վճարելը Տնօրենների խորհուրդը պետք է զբաղվի նման գործերով, որոնք ըստ իրեն պարտադիր են, որպեսզի ապահովվի համաչափ բաշխում անմիջական և ոչ անմիջական պահանջներ ներկայացնողների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 43

Խոշոր ներդրումների բաշխում

 

1. Անդամներին չպետք է արվի ոչ մի խոշոր ներդրումների բաշխում` ելնելով իրենց ներդրումներից Բանկի գլխավոր հիմնադրամում, մինչև որ պարտատերերի հանդեպ ունեցած բոլոր պարտականությունները չիրագործվեն: Նման բաշխումը պետք է Կառավարիչների խորհրդի հավանությանը արժանանա:

2. Ցանկացած խոշոր ներդրումների բաշխում պետք է համապատասխանեցված լինի Անդամների գլխավոր հիմնադրամի հետ և պետք է կիրառվի նմանատիպ դեպքերում այնպիսի պայմաններում, որոնք Բանկի կողմից համարվում են արդար և անկողմնակալ, այսինքն ավանդատուներին տրամադրում են արտոնություններ: Խոշոր ներդրումների բաշխման չափը պարտադիր չէ միաձև բնույթ ունենա` կախված խոշոր ներդրման չափից: Ոչ մի անդամ իրավասու չէ ստանալ իր շահաբաժինը խոշոր ներդրումների նման բաշխման միջոցով մինչև որ չիրագործի Բանկի կողմից դրված իր պարտականությունները:

3. Սույն հոդվածի համաձայն ցանկացած Անդամ, որն ունի հասանելիք խոշոր ներդրման բաշխումից, պետք է օգտվի այն բոլոր իրավունքներից կապված խոշոր ներդրման հետ, ինչպես և Բանկը` նախքան բաշխումը:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
''
30.06.1994
Միջազգային պայմանագիր