Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 105-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԿԻՐԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ              Քաղաքացիական գործ թիվ 3-1448(ՎԴ)

    դատարանի որոշում                                                2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-2209/2007 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

դատավորներ` Կ. Հակոբյան

Լ. Սոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի սեպտեմբերի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Եսայանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2007 թվականի գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Եսայանի ընդդեմ Վարթկես Հագոփյանի` 13.536.000 ՀՀ դրամ և պարտքի գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային տոկոսադրույքի չափով հաշվեգրելու` 481.539 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և ըստ Վարթկես Հագոփյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Աշոտ Եսայանի` գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը.

Վերաքննիչ դատարանի 04.07.2007 թվականի գործի վարույթը կասեցնելու մասին որոշմամբ կասեցվել է թիվ 07-2209/2007 թ. քաղաքացիական գործի վարույթը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Եսայանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նման որոշում կայացնելիս հիմք է ընդունել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող` ըստ հայցի Վարթկես Հագոփյանի ընդդեմ Աշոտ Եսայանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին քաղաքացիական գործի առկայությունը` առանց հիմնավորելու այդ գործով կայացվելիք որոշման սույն քաղաքացիական գործի քննության հետ պատճառահետևանքային կապը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում քննության չի առնվելու մի այնպիսի հանգամանք, որը քննության առարկա չէ Վերաքննիչ դատարանում:

Վերաքննիչ դատարանի նման որոշմամբ խախտվել է նաև հայցվորի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.07.2007 թվականի` գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քրեական կամ վարչական դատաքննության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն այն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի նշել այն շարժառիթները, որոնց հիման վրա հանգել է հետևության այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող մեկ այլ քաղաքացիական գործի առկայությունը անհնարին է դարձնում սույն քաղաքացիական գործի քննությունը, և բավարարել է ներկայացված միջնորդությունը:

Վերը նշված հիմնավորումներով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին կետի 7-րդ ենթակետի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.07.2007 թվականի գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.09.2007
N 3-1448(ՎԲ)
Որոշում