Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳ ...

 

 

020.0835.201009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 հոկտեմբերի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի սեպտեմբերի 4-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է` մուտքագրված 2009 թվականի հոկտեմբերի 1-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի սեպտեմբերի 4-ին` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև:

Ըստ համաձայնագրի` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետև` Բանկ) կենսական նշանակության ավտոճանապարհների 140 կմ երկարությամբ ընտրված հատվածներն արդիականացնելու և շինարարության ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելու ծրագրի (այսուհետև` Ծրագիր) իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը (այսուհետև` Վարկառու) տրամադրելու է 36.600.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի վարկ:

2. Վարկային համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում երեք ժամանակացույց և մեկ հավելված, որոնցում ամրագրված են համաձայնագրի այն միջոցառումները, որոնց իրականացմանն ուղղվում է վարկավորումը, և համաձայնագրում ներառված սահմանումները:

3. Վարկային համաձայնագրով սահմանված են Վարկառուին տրամադրվելիք վարկի չափը, վարկի մարման և փակման ժամանակացույցը, վճարման արժույթի տեսակը: Վարկի հիմնագումարը պետք է մարվի կիսամյակային մուծումներով` յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին` 2019թ. նոյեմբերի 1-ից մինչև 2034թ. մայիսի 1-ը: Ընդ որում, 2019թ. նոյեմբերի 1-ից մինչև 2033թ. նոյեմբերի 1-ը մասնակի մարման բաժինը կազմելու է 3,33%, իսկ 2034թ. մայիսի 1-ին` 3,43%: Վարկառուի կողմից վճարման ենթակա սկզբնական վճարը հավասար է վարկի գումարի 0,25 տոկոսին (91.500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար):

4. Համաձայնագրի համաձայն Վարկառուի կողմից յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարվելիք տոկոսավճարը պետք է հավասար լինի վարկի արժույթի համար սահմանված ԼԻԲՈՐ-ին` գումարած տատանումների տարբերությունը:

5. Վարկային համաձայնագրով Վարկառուն պարտավորվում է պատշաճ և արդյունավետ իրագործել համաձայնագրի 1-ին ժամանակացույցում ամփոփված Ծրագրի նպատակները, 2-րդ ժամանակացույցում ամփոփված Ծրագրի իրականացման միջոցառումները, պահպանել 3-րդ ժամանակացույցում ամփոփված վարկի մարման ժամկետները:

6. Համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի Բաժին 4-ի Ա կետի 2-րդ ենթակետում ներկայացված աղյուսակի համաձայն Ծրագրի իրականացման համար տեղաբաշխված վարկի գումարը 36.508.500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար է, որը կազմում է ֆինանսավորման ենթակա ծախսերի 80%-ը: Վարկառուն պարտավորվում է իր միջոցների հաշվին համաֆինանսավորում տրամադրել մնացած 20%-ի չափով:

7. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նաև հետևյալ պարտավորությունները.

- Ծրագրի տևողության ընթացքում տարեկան բյուջեում ապահովի ճանապարհաշինության ոլորտի համար միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման նպատակով անհրաժեշտ միջոցների առկայությունը,

- ՏԿՆ-ի միջոցով մինչև Ծրագրի ավարտը պետք է ԾԻԳ-ը և ՀԱՃՏ-ն ապահովի Բանկի պահանջները բավարարող աշխատակազմով, միջոցներով և իրավասություններով և նրանց հանձնարարի Ծրագրի իրականացման և համակարգման ընդհանուր կառավարման պարտավորությունը,

- ՏԿՆ-ի միջոցով պահպանի Իրականացման համաձայնագրի` Բանկին բավարարող ձևն ու բովանդակությունը, պատշաճ կերպով կատարի Իրականացման համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները և չփոխանցի, չփոփոխի, չեղյալ չհայտարարի Իրականացման համաձայնագիրը կամ հրաժարվի դրանից` առանց Բանկի նախնական համաձայնության,

- ոչ ուշ, քան Վարկառուի պառլամենտի կողմից սույն Համաձայնագրի վավերացումից երկու շաբաթ հետո բացի Ծրագրի հաշիվ Բանկի համար ընդունելի որևէ բանկում և այդ հաշվին մուտքագրի Վարկառուի` Ծրագրի համաֆինանսավորման գումարի 20%-ը,

- ապահովի, որ Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթներին, ինչպես նաև Բանկին բավարարող բնապահպանական չափորոշիչներին և ուղեցույցներին համապատասխան,

- իրականացնի Ծրագրի առաջընթացի մոնիտորինգ և պատրաստի Ծրագրի մասին հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների դրույթների և Բանկի հետ համաձայնեցված ցուցանիշների հիման վրա: Ծրագրի յուրաքանչյուր հաշվետվություն պետք է ընդգրկի մեկ օրացուցային եռամսյակ և Բանկին ներկայացվի եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան 45 օր հետո,

- ապահովի ապրանքների և աշխատանքների գնումների կատարումը բացառապես Գնումների ուղեցույցների Բաժին 1-ի պահանջներին համապատասխան:

8. Համաձայնագրում ամրագրված են նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կարգն ու ժամկետները: Ծրագրի ավարտի վերջնաժամկետը 2011 թվականի դեկտեմբերի 31-ն է:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2009 թվականի սեպտեմբերի 4-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 հոկտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-835

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.10.2009
N ՍԴՈ-835
Որոշում