Սեղմել Esc փակելու համար:
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՓԱՐԻԶՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՍՊՈՐՏՈՒՄ ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ...

 

 

020.0838.031109

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՍՊՈՐՏՈՒՄ ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 3 նոյեմբերի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի հոկտեմբերի 19-ին Փարիզում ստորագրված` Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան 12.10.2009թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 2005թ. հոկտեմբերի 19-ին` Փարիզում: Կոնվենցիայի նպատակն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության ծրագրի և ռազմավարության շրջանակներում նպաստել սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառում դոպինգի օգտագործման կանխարգելմանն ու դոպինգի դեմ պայքարին` նպատակ ունենալով վերացնել այն:

2. Կոնվենցիայի բաղկացուցիչ մասն են կազմում երկու հավելվածներ, որոնցում սահմանված են արգելված նյութերի ցանկը և միջազգային չափանիշները, ինչպես նաև բուժման նպատակով օգտագործման թույլտվության տրամադրման միջազգային չափանիշները:

3. Կոնվենցիայի գերագույն մարմինն է Մասնակիցների խորհրդաժողովը, որն իր հերթական նիստերը գումարում է երկու տարին մեկ, իսկ արտահերթ նիստ գումարվում է Մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդի պահանջով:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի սկզբունքներին համապատասխան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ներպետական և միջազգային մակարդակներում խրախուսելու միջազգային համագործակցության բոլոր ձևերը` ուղղված մարզիկների պաշտպանության ապահովմանը, սպորտում էթիկայի սկզբունքների ապահովմանը և հետազոտությունների արդյունքների համատեղ օգտագործմանը, ինչպես նաև աջակցել դոպինգի դեմ պայքարի ոլորտում բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը,

- միջոցներ ձեռնարկել նյութերի (սուբստանցների) և միջոցների մատչելիության սահմանափակման ուղղությամբ` սպորտում մարզիկների կողմից դրանց օգտագործման սահմանափակման նպատակով, եթե դրանք չեն օգտագործվում բուժման նպատակով օգտագործման թույլտվության հիման վրա, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ խնդրի իրականացման համար ստեղծել ներպետական համապատասխան մարմիններ,

- անհրաժեշտության դեպքում ՀՀ բյուջեի շրջանակներում տրամադրել միջոցներ բոլոր մարզաձևերում թեստավորման ազգային ծրագրերի ֆինանսավորման համար կամ օգնություն ցուցաբերել մարզական և հակադոպինգային կազմակերպություններին դոպինգ-ստուգումը ֆինանսավորելու համար ուղղակի սուբսիդիաների կամ դրամաշնորհների տեսքով, կամ այդ կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիաների կամ դրամաշնորհների ընդհանուր գումարը որոշելիս այդ ստուգման համար նախատեսված ծախսերը հաշվանցելով,

- դադարեցնել այն մարզիկին կամ նրան օժանդակող անձնակազմին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որոնց մասնակցությունը կասեցվել էր հակադոպինգային կանոնների խախտման հետևանքով, ինչպես նաև մասամբ կամ ամբողջությամբ դադարեցնել ցանկացած մարզական կամ հակադոպինգային կազմակերպության ֆինանսական աջակցությունը, որը խախտում է օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնները,

- պաշտպանել պետական մարմինների և օլիմպիական շարժման կողմից Համաշխարհային հակադոպինգային գործակալության հաստատած հիմնական տարեկան բյուջեն հավասարաչափ ֆինանսավորելու սկզբունքը,

- մշակել կամ իրականացնել դոպինգի դեմ պայքարի վերաբերյալ կրթական և վերապատրաստման ծրագրեր և աջակցել դրանց, խրախուսել համապատասխան իրավասու մասնագիտացված ասոցիացիաներին և հաստատություններին` մշակելու և կիրառելու սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին վարվեցողության կանոնագիրք,

- անհրաժեշտության դեպքում փոխանակել անցկացրած հակադոպինգային հետազոտությունների արդյունքները մասնակից մյուս պետությունների և Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ,

- երկու տարին մեկ անգամ Մասնակիցների խորհրդաժողով ներկայացնել ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

5. Կոնվենցիայով սահմանված են նաև մոնիտորինգի իրականացման կարգը, կոնվենցիայում և դրան կից հավելվածներում փոփոխություններ կատարելու ընթացակարգը, այն վավերացնելու, ընդունելու, վերապահումներ անելու, հաստատելու կամ միանալու, ինչպես նաև այն ուժի մեջ մտնելու և չեղյալ հայտարարելու կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2005 թվականի հոկտեմբերի 19-ին Փարիզում ստորագրված` Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

3 նոյեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-838

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.11.2009
N ՍԴՈ-838
Որոշում