Սեղմել Esc փակելու համար:
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2564/02/08

    դատարանի որոշում                                               2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2564/02/08

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մհեր Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ Մհեր Դավթյանի հայցի ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի (այսուհետ` Խորհուրդ)` որոշումն անվավեր ճանաչելու և գրավոր թեսթը հանձնած հավակնորդ համարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մհեր Դավթյանը պահանջել է անվավեր ճանաչել Խորհրդի 29.08.2008 թվականի թիվ 14-րդ նիստի թիվ 14/11-Ա որոշումը և իրեն համարել փաստաբանական գործունեության արտոնագրեր ստանալու համար անցկացվող որակավորման քննությունների գրավոր թեսթը հանձնած հավակնորդ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 07.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 07.10.2008 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մհեր Դավթյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը և 51-րդ հոդվածը, չի կիրառել «Փաստաբանական գործունեության արտոնագրեր ստանալու համար հավակնորդներից որակավորման քննություններ ընդունելու և դրանք հանձնելու կարգ»-ի 7.10 կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ Պալատի որակավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կարծիքը սույն գործով չի կարող դիտվել որպես վերաբերելի և թույլատրելի ապացույց, քանի որ «Փաստաբանական գործունեության արտոնագրեր ստանալու համար հավակնորդներից որակավորման քննություններ ընդունելու և դրանք հանձնելու կարգ»-ի համաձայն` գրավոր փուլի քննության արդյունքները հավակնորդի կողմից բողոքարկվելու դեպքում համապատասխան եզրակացություն կազմելու և Խորհրդին ներկայացնելու լիազորություն ունի միայն որպես զեկուցող նշանակված Խորհրդի անդամներից մեկը, իսկ Հանձնաժողովին նման իրավասություն վերապահված չէ:

Մինչդեռ Հանձնաժողովի 27.08.2008 թվականի կարծիքը Մհեր Դավթյանի պահանջը հիմնավորող և վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքի առկայությունը հաստատող ապացույց է, որով հաստատվում է քրեական ուղղվածության «Բ» տարբերակի 2-րդ և 3-րդ հարցերին ճիշտ կամ սխալ պատասխանած լինելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Խորհրդի որոշումը պատճառաբանված չէ, մասնավորապես, որոշման պատճառաբանական մասը նշում չի պարունակում դիմումում նշված փաստարկների հիմնավոր կամ անհիմն լինելու, ինչպես նաև Հանձնաժողովի 27.08.2008 թվականի գրավոր կարծիքում շարադրված փաստարկների հիմնավոր և հավաստի չլինելու վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.10.2008 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Անհիմն է Մհեր Դավթյանի պնդումն առ այն, որ Վերաքննիչ դատարանի կողմից Հանձնաժողովի 27.08.2008 թվականի կարծիքը սույն գործով թույլատրելի ապացույց չհամարելու հետևանքով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը և 51-րդ հոդվածը:

«Փաստաբանական գործունեության արտոնագրեր ստանալու համար հավակնորդներից որակավորման քննություններ ընդունելու և դրանք հանձնելու կարգ»-ի 7-րդ գլխի դրույթների համաձայն` բողոք բերողը գրավոր փուլի քննության արդյունքները կարող է բողոքարկել Խորհրդին, որի վերաբերյալ եզրակացություն կազմելու և Խորհրդին ներկայացնելու լիազորություն ունի միայն որպես զեկուցող Պալատի նախագահի կողմից նշանակված Խորհրդի անդամներից մեկը:

Հանձնաժողովը իրավասու չէ գրավոր կարծիք հայտնել բողոքի վերաբերյալ, ուստի այն չի կարող սույն գործով վերաբերելի և թույլատրելի ապացույց լինել:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն հատվածին, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Խորհրդի որոշումը պատճառաբանված չէ, ապա պետք է նշել, որ Խորհրդի որոշման պատճառաբանական մասում հստակ նշվել է. «քանի որ հնարավոր չէ մշակել ստույգ չափանիշներ, ապա նմանատիպ դիմումները պետք է մերժվեն»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Մհեր Դավթյանը 23.08.2008 թվականին մասնակցել է փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար անցկացվող որակավորման քննությունների գրավոր փուլին` թեսթավորմանը, որի արդյունքում հավաքել է 83 միավոր, ինչը երկու միավորով պակաս է գրավոր փուլը հանձնած հավակնորդ համարվելու համար (գ.թ. 11-14):

2. Մհեր Դավթյանը 25.08.2008 թվականին դիմում է ներկայացրել Պալատի նախագահին` խնդրելով վերանայել իրեն գրավոր թեսթը չհանձնած հավակնորդ համարելու մասին որոշումը` պատճառաբանելով, որ թեսթավորման արդյունքում ինքը չի հավաքել սահմանված 85 միավորը տեխնիկական վրիպակի պատճառով (գ.թ. 7-8):

3. 26.08.2008 թվականին Հանձնաժողովը կարծիք հայտնելու նպատակով Պալատի նախագահի կողմից ստացել է Մհեր Դավթյանի դիմումի պատճենը կից փաստաթղթերով և 27.08.2008 թվականի քննարկման արդյունքում կազմել է հիշյալ դիմումի վերաբերյալ կարծիքը, համաձայն որի` Հանձնաժողովը, քննարկելով հավակնորդի դիմումը, հանգել է այն եզրակացության, որ դիմումում նշված փաստարկները համապատասխանում են իրականությանը: Համադրելով հարցաշարի պատասխանների թերթիկի տվյալները նրա կողմից հարցաշարում կատարված նշումների հետ` պարզվել է, որ հավակնորդի կողմից երկրորդ հարցի պատասխանում թյուրիմացաբար նշվել է նաև երրորդ հարցի ճիշտ պատասխանը, որի պատճառով երրորդ հարցի համար նախատեսված վանդակում որևէ նշում չի կատարվել, ինչը հանձնաժողովի կողմից գնահատվել է որպես տեխնիկական վրիպակ (գ.թ. 8):

4. Հանձնաժողովը, համարելով հավակնորդի դիմումը հիմնավոր, միջնորդել է Խորհրդին բավարարել այն և նրա ստացած միավորներին ավելացնելով ևս երկու միավոր յուրաքանչյուր հարցի համար` համարել գրավոր թեսթը հանձնած հավակնորդ (գ.թ. 8):

5. Պալատի նախագահի կողմից զեկուցող նշանակված Մելանյա Առուստամյանի եզրակացության համաձայն` Մհեր Դավթյանի դիմումում նշված փաստարկները համապատասխանում են իրականությանը (գ.թ. 7):

6. Խորհրդի 29.08.2008 թվականի թիվ 14-րդ նիստի թիվ 14/11-Ա որոշմամբ դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «հավակնորդների վերը նշված սխալների և վրիպումների հաշվի առնելը և դրա հիման վրա միավորներ ավելացնելը կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ և նմանատիպ դիմումներով դիմեն նաև չափազանց քիչ միավորներ ստացած հավակնորդները: ԵՎ, քանի որ հնարավոր չէ մշակել ստույգ չափանիշներ, ապա նմանատիպ դիմումները պետք է մերժվեն» (գ.թ. 7):

7. Փաստաբանական գործունեության արտոնագրեր ստանալու համար հավակնորդներից որակավորման քննություններ ընդունելու և դրանք հանձնելու 2008 թվականի կարգի (այսուհետ` Կարգ) 7.1. կետով` հավակնորդը նույն Կարգի համաձայն կարող է գրավոր կամ բանավոր փուլի քննության արդյունքները բողոքարկել Պալատի խորհրդին:

Կարգի 7.7. կետի համաձայն` Կարգի 7.3. կետի պահանջներին բավարարող բողոք ստանալու դեպքում Պալատի նախագահը Խորհրդի անդամներից մեկին նշանակում է զեկուցող և բողոքը կից փաստաթղթերով հանձնում է զեկուցողին: Պալատի խորհրդի նիստի ժամանակ զեկուցողը ներկայացնում է բողոքը և իր եզրակացությունը բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:

8. Կարգի 5.31. կետի համաձայն` քննության ավարտից հետո թեսթավորման արդյունքներն ամփոփելու նպատակով Հանձնաժողովը գումարում է նիստ: Այդ գործընթացը, որին մասնակցում են նաև դիտորդները, հիմնվում է միմիայն գրավոր քննության պատասխանների թերթիկների համակարգչային գնահատման արդյունքների վրա:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Նշված հոդվածի իմաստով տեղեկությունն ապացույց համարելու համար անհրաժեշտ է երկու պայմանի միաժամանակյա առկայություն. նախ` տեղեկությունը պետք է ձեռք բերված լինի օրենքով նախատեսված կարգով (ապացույցի թույլատրելիություն) և երկրորդ` տեղեկության միջոցով պետք է հիմնավորվի գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները (ապացույցի վերաբերելիություն):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն և դատարանը հանում է ապացույցների կազմից:

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հանձնաժողովի կարծիքը սույն գործով վերաբերելի և թույլատրելի ապացույց չէ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի կարծիքը, ինչպես նաև վերոնշյալ դիմում-բողոքի քննության համար Պալատի նախագահի կողմից նշանակված զեկուցողի եզրակացությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով տեղեկություններ են, որոնք անհրաժեշտ են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար և որոնց միջոցով կարող են հիմնավորվել Մհեր Դավթյանի պահանջի հիմքում ընկած հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ «Փաստաբանական գործունեության արտոնագրեր ստանալու համար հավակնորդներից որակավորման քննություններ ընդունելու և դրանք հանձնելու կարգ»-ի 7-րդ մասի դրույթները, համաձայն որոնց` գրավոր փուլի քննության արդյունքները հավակնորդի կողմից բողոքարկվելու դեպքում համապատասխան եզրակացություն կազմելու և Խորհրդին ներկայացնելու լիազորություն ունի միայն որպես զեկուցող նշանակված Խորհրդի անդամներից մեկը, չեն կարող հիմք ընդունվել Հանձնաժողովի կարծիքը, որպես ոչ թույլատրելի ապացույց համարելու համար հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է որակավորման քննությունները կազմակերպելու և դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննությունները կազմակերպելու և դրանց արդյունքներն ամփոփելու իրավասություն ունենալու պարագայում տրամաբանական է քննության արդյունքների ամփոփման հետ կապված հարցերով Հանձնաժողովի կարծիքի կարևորությունը: Բացի այդ, սույն գործում առկա փաստերը վկայում են, որ պահպանվել է «Փաստաբանական գործունեության արտոնագրեր ստանալու համար հավակնորդներից որակավորման քննություններ ընդունելու և դրանք հանձնելու կարգ»-ի 7-րդ մասով սահմանված բողոքարկման կարգը. Մհեր Դավթյանի կողմից ներկայացված դիմում-բողոքը քննվել է Խորհրդի նիստում, որի ժամանակ էլ ստացվել է զեկուցողի եզրակացությունը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Հանձնաժողովի կարծիքը բավարարում է թույլատրելի և վերաբերելի համարվելու օրենքով սահմանված պահանջներին:

Ինչ վերաբերում է Խորհրդի որոշման պատճառաբանությանը, որի համաձայն` «հավակնորդների վերը նշված սխալների և վրիպումների հաշվի առնելը և դրա հիման վրա միավորներ ավելացնելը կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ և նմանատիպ դիմումներով դիմեն նաև չափազանց քիչ միավորներ ստացած հավակնորդները, և քանի որ հնարավոր չէ մշակել ստույգ չափանիշներ, ապա նմանատիպ դիմումները պետք է մերժվեն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պատճառաբանությունը բավարար չէ Մհեր Դավթյանին գրավոր թեսթը չհանձնած հավակնորդ համարելու համար, քանի որ Խորհրդի պարտավորությունն է քննել և պատասխանել հավակնորդների ցանկացած դիմումին:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ինչ վերաբերում է գրավոր թեսթը հանձնած հավակնորդ համարելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ մասով սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ Հանձնաժողովի թեսթավորման արդյունքների ամփոփումը հիմնվում է միմիայն գրավոր քննության պատասխանների թերթիկների համակարգչային գնահատման արդյունքների վրա, որի պայմաններում գրավոր փուլը հանձնած հավակնորդ համարելու մասին պահանջը ենթակա չէ դատարանում քննության:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ պատճառաբանությամբ մերժվում են սույն վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Մհեր Դավթյանի հայցը բավարարել մասնակիորեն` անվավեր ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 29.08.2008 թվականի թիվ 14-րդ նիստի թիվ 14/11-Ա որոշումը: Գրավոր թեսթը հանձնած հավակնորդ համարելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2009
N ԵԿԴ/2564/02/08
Որոշում