Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ, Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում         Վարչական գործ թիվ ՎԴ/0677/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0677/05/08                             2009 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ «Բի Լայն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) դիմումի ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ Գործակալություն), երրորդ անձ «Վիմպել Կոմմունիկացիի» ԲԲԸ-ի` պետական մարմնի անգործությունը վիճարկելու, Գործակալության որոշման կիրառումն արգելելու և վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով «Բի Լայն» ՍՊԸ-ի բողոքը` ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքներով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.04.2008 թվականի վճռով մերժվել է Ընկերության դիմումն ընդդեմ Գործակալության, երրորդ անձ «Վիմպել Կոմմունիկացիի» ԲԲԸ-ի` պետական մարմնի անգործությունը վիճարկելու, Գործակալության որոշման կիրառումն արգելելու և վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջների մասին:

Դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ բերված Ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է:

Ընկերությունը ներկայացրել է բողոք` նոր հանգամանքներով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի որոշումը վերանայելու մասին:

Բողոքի պատասխան է ներկայացրել «Վիմպել Կոմմունիկացիի» ԲԲԸ-ն:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Գործակալության բողոքարկման խորհուրդը, մասնակիորեն բավարարելով «Վիմպել Կոմմունիկացիի» ԲԲԸ-ի դիմումները, 30.10.2007 թվականի որոշմամբ դադարեցրել է Ընկերությանը պատկանող նույնանուն ապրանքային նշանների գրանցումը (գրանցման վկայականներ թիվ 2429, 6323, 6324, 6325): Դատարանը վճռում նշված պատճառաբանություններով եզրահանգել է, որ «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը չի հակասում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին: Մինչդեռ, նույնանման այլ գործով ՀՀ տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ վարչական մարմնի որոշումը, որով այդ գործով դիմողն ապրանքների մի շարք դասերի մասով զրկվել է սեփականության իրավունքից, ընդունվել է որոշման ընդունման պահին գործող ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի երրորդ նախադասությամբ սահմանված կանոնի խախտմամբ: Այսինքն` ՀՀ տնտեսական դատարանը նշված գործով եզրահանգել է, որ «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի երկրորդ մասին (նշված գործով վիճարկվող որոշման ընդունման պահին գործող խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի երրորդ նախադասություն): Փաստորեն, երկու տարբեր դատարանների կողմից ցուցաբերվել է նույն օրենքի միանգամայն տարատեսակ կիրառություն: Շարադրվածը նկատի ունենալով` Ընկերությունը դատարանի վճռի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը հիմնավորել է օրենքի միատեսակ կիրառության համար ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքով: ՀՀ վճռաբեկ դատարանն Ընկերության բողոքը վերադարձրել է գտնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան չի հիմնավորվել վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը` որոշմամբ որևէ կերպ չպատճառաբանելով, թե ինչու է ՀՀ վճռաբեկ դատարանն եկել նման եզրահանգման:

ՀՀ Սահմանադրական դատարանի 08.10.2008 թվականի որոշմամբ հակասահմանադրական և անվավեր է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասության այն դրույթը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի համար բացառություն է նախատեսում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանված լինելու համար: Այսինքն, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված:

Վերոգրյալի հիման վրա` Ընկերությունը պահանջել է նոր հանգամանքների հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, Դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ բերված Ընկերության վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և քննել ըստ էության` կայացնելով համապատասխան դատական ակտ:

 

2.1 Բողոքի պատասխանում բերված փաստարկը.

i

Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան կատարել է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և պատճառաբանել իր հետևություններն ու համոզմունքի ձևավորումը: Այսինքն` Դատարանի վճիռը օրինական է և հիմնավորված:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ բերված Ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմք են ՀՀ սահմանադրական դատարանի ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է Դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ բերված Ընկերության վճռաբեկ բողոքն այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին չհամապատասխանելու հիմքով:

ՀՀ սահմանադրական դատարանի 08.10.2008 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը` «բացառությամբ սույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի» բառակապակցության մասով, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Վերանայելով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել ուժի մեջ, իսկ բողոքը` առանց բավարարման:

Այսպես, վճիռ կայացնելիս Դատարանը պատճառաբանել է, որ «Սահմանադրական նորմի ուժով մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված հարաբերությունների կանոնակարգումը ըստ սահմանադրական նորմի իրականացվում է օրենքով: Նշված օրենքը հենց «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է, որի 22-րդ հոդվածի 4-րդ մասով էլ սահմանված է վիճարկվող վարչական ակտն ընդունելու վարչական մարմնի իրավասությունը», «ելնելով մտավոր սեփականության և դրա պաշտպանության առանձնահատկություններից, որպես յուրօրինակ սեփականության հարաբերություններ, հենց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը կատարել է վերապահում մտավոր սեփականության հարցի կարգավորումը օրենքով ամրագրելու վերաբերյալ», «Գործակալության բողոքարկման խորհուրդը ոչ թե անգործություն է դրսևորել տվյալ հարցի հետ կապված, այլ իր 05.11.2007 թ. որոշմամբ մերժել է «Բի Լայն» ՍՊԸ-ի 31.10.2007 թվականի դիմումը: Այսինքն պետական մարմինը չի կատարել դիմողի ցանկությունը, որը դիմողը համարում է անգործություն», «գործակալության բողոքարկման խորհրդի որոշումները «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության բողոքարկման խորհուրդ բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման կարգի» 85-րդ կետի համաձայն ուժի մեջ են մտել դրանք «Բի Լայն» ՍՊԸ-ին ուղարկելու պահից, և բողոքարկման խորհրդի համապատասխան որոշումները կատարվել են, քանի որ այն չկատարելու որևէ հիմք չի եղել»:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, գնահատելով գործում առկա ապացույցները, պարզելով գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, կիրառելով սույն գործով կիրառման ենթակա օրենքները, իրավացիորեն մերժել է Ընկերության դիմումը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի որոշման կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի դեմ բերված Ընկերության վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոքում նշված փաստարկը, որ Դատարանի կողմից թույլ է տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտում, հետևաբար, Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ բողոքում նշված դրույթների միատեսակ կիրառության համար, անհիմն է, քանի որ առկա չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Վերը նշվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը 12.09.2008 թվականի որոշմամբ վերադարձրել է Դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ բերված Ընկերության վճռաբեկ բողոքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու արդյունքում դատարանն իրավասու է նախորդ դատական ակտը թողնել ուժի մեջ, բողոքը` առանց բավարարման:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արձանագրված պատճառաբանություններով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել ուժի մեջ, իսկ Ընկերության բողոքը` առանց բավարարման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ վճռաբեկ դատարանի 12.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել ուժի մեջ, իսկ «Բի Լայն» ՍՊԸ-ի բողոքը` առանց բավարարման:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2009
N ՎԴ/0677/05/08
Որոշում