Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄ ...

 

 

020.0843.011209

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀ, ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ, ՎԹԱՐԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 1 դեկտեմբերի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ.Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի սեպտեմբերի 5-ին Մոսկվայում ստորագրված` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի սեպտեմբերի 5-ին` Մոսկվայում:

2. Նշված համաձայնագրի նպատակն է համագործակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների, ինչպես նաև դրանց կազմի մեջ մտնող զորքերի և զորական կազմավորումների համար կադրերի պատրաստման գործում` ըստ համաձայնեցված մասնագիտությունների և ուսումնական ծրագրերի:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

- ՀՀ իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների միջոցով իրականացնել համագործակցություն` ՀՀ օրենսդրությանը և ՀՀ-ի մասնակցությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան,

- համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ՀՀ-ի կողմից ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը և իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների ցանկը հանձնել ավանդապահին, ինչպես նաև մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցել ավանդապահին նշված ցանկում կատարված փոփոխությունների մասին,

- կադրերի պատրաստումն իրականացնել կողմերի իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների կողմից կնքվող պայմանագրի հիման վրա` հաշվի առնելով գաղտնիության պայմանակարգի, սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկատվության և ընդունող կողմի` գաղտնի տեղեկատվության պահպանության ապահովման հետ կապված սահմանափակումները, ինչպես նաև Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին 2004 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը,

- որպես ընդունող կողմ որոշել կադրերի համատեղ և առանձին պատրաստման կազմակերպումը, ինչպես նաև կադրերի պատրաստումը և ուսումնառության ընթացքում մեթոդաբանական ապահովումն իրականացնել ռուսերենով,

- որպես ուղարկող կողմ կրել կադրերի պատրաստման ծախսերը, ինչպես նաև կադրերի պատրաստումն իրականացնել արտոնյալ կամ անվճար հիմունքով` ըստ ընդունող կողմի սահմանած քվոտաների,

- արտոնյալ հիմունքով կադրերի պատրաստման դեպքում, որպես ընդունող կողմ, կրել ուսուցման ծախսերը, իսկ որպես ուղարկող կողմ` կրել ապրուստի ծախսերը, ներառյալ բնակության ու սննդի համար վճարումը,

- անվճար հիմունքով կադրերի պատրաստման դեպքում, որպես ընդունող կողմ, կրել ուսուցման և ապրուստի ծախսերը, ներառյալ բնակության ու սննդի համար վճարումը,

- ուսուցման հայտերը ներկայացնել ընդունող կողմին մինչև ուսուցումն սկսվելու տարվա հունվարի 15-ը,

- որպես ընդունող կողմ` մինչև ուսուցումն սկսվելու տարվա մայիսի 15-ը ուղարկող կողմին տեղեկացնել իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների` ուսուցման ընդունվող աշխատակիցների քանակի մասին, այդ թվում` արտոնյալ և անվճար հիմունքով պատրաստման քվոտաներով, նշելով ուսումնական հաստատությունները, մասնագիտությունները, ուսուցման ծրագրերը, ինչպես նաև` ըստ յուրաքանչյուր մասնագիտության, ուսումնական ծրագրի տրամադրվող տեղերի քանակը,

- որպես ընդունող կողմ` ՀՀ իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների միջոցով սահմանել ուսուցման թեկնածուների ընտրության պահանջները,

- որպես ուղարկող կողմ անցկացնել ուսուցման թեկնածուների ընտրությունն ու նրանց բուժզննումը` ելնելով ընդունող կողմի ուսումնական հաստատություններ ընդունվելու պայմաններից և պահանջներից,

- որպես ընդունող կողմ ապահովել, որպեսզի ուսուցման թեկնածուները ՀՀ իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ համատեղ, ընդունելության քննությունների արդյունքների համաձայն, ընդունվեն ուսումնական հաստատություններ, որոնք, ըստ անհրաժեշտության, անցկացվում են ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղարկող կողմի տարածքում,

- իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցներին իրավունք ընձեռել շարունակելու ուսուցումը և ավարտելու ՀՀ ուսումնական հաստատությունները, որտեղ նրանք ընդունվել են մինչև համաձայնագրի ուժի մեջ մտնելն ավելի վաղ կնքված պայմանագրերի պայմաններով,

- ճանաչել ընդունող կողմի ուսումնական հաստատություններն ավարտելու, ինչպես նաև գիտական աստիճանների ու կոչումների շնորհման մասին փաստաթղթերի համարժեքությունը,

- կողմերին օգնություն ցուցաբերել իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների պատրաստման ուղղությամբ ազգային ուսումնական հաստատությունների զարգացման գործում,

- ուսումնական նպատակներին հասնելու համար անհրաժեշտության դեպքում մյուս կողմի հետ համատեղ իրականացնել գիտական, ուսումնական, տեղեկատվական և այլ նյութերի պատրաստում և հրատարակում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

1 դեկտեմբերի 2009 թվականի

ՍԴՈ-843

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
01.12.2009
N ՍԴՈ-843
Որոշում