Սեղմել Esc փակելու համար:
«ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.0864.050210

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 151 ԵՎ 152-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 5 փետրվարի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմողի` «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կ. Մեժլումյանի, պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 151 և 152-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության` 09.09.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, օրենսդրության այլ ակտեր և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007թ. նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից այն ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության կարգը» վերտառությամբ վիճարկվող 151-րդ հոդվածը սահմանում է.

«Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերը հարուցվում են օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների և պաշտոնատար անձանց (այսուհետ` իրավասու մարմիններ) հայցադիմումների հիման վրա»:

Օրենսգրքի վիճարկվող 152-րդ հոդվածը սահմանում է.

«1. Ֆիզիկական, պաշտոնատար կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, պետք է նաև ներառի`

1) վարչական իրավախախտման մասին արձանագրության կազմման համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման վայրը և ժամանակը.

2) վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմած անձի պաշտոնը, անունը, ազգանունը.

3) տեղեկություններ այն անձի մասին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրությունը.

4) այն օրենքի դրույթները, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում վարչական իրավախախտման մասին արձանագրության կազմման համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար.

5) դիմողի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:

2. Դիմումին կցվում են վարչական իրավախախտման մասին արձանագրությունը և արձանագրությանը կցվող փաստաթղթերը»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` դիմող) հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և վերջինիս տնօրենի` ՊՈԱԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու և ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներով:

ՀՀ վարչական դատարանը 14.04.2009թ. որոշմամբ հայցադիմումը վարչական դատարանին ընդդատյա մասով` վարույթ է ընդունել, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով` հայցադիմումի ընդունումը մերժել: Դիմողը վարչական դատարանի այս որոշումը բողոքարկել է: ՀՀ վարչական դատարանի 11.05.2009թ. որոշմամբ վարչական դատարանը բողոքը մերժել է: Նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս իր` 12.08.2009թ. որոշմամբ մերժել է դիմողի վճռաբեկ բողոքը: Ինչպես վարչական դատարանի, այնպես էլ վճռաբեկ դատարանի որոշումներում այն դիրքորոշումն է արտահայտվել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 և 152-րդ հոդվածների համաձայն վարչական դատարանում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործեր կարող են հարուցվել միայն օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների հիման վրա:

3. Վիճարկվող դրույթների` ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանելու առնչությամբ դիմողը բերում է մի շարք փաստարկներ: Հատկապես կարևորվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.7-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձանց կողմից տեղեկություն տալու իրենց պարտականությունը չկատարելու համար: Նույն օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն` նշված իրավախախտման համար պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասու մարմինը դատարանն է: Վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածը պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հայցադիմումով վարչական դատարան դիմելու իրավունք վերապահում է միայն օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների և պաշտոնատար անձանց` նման իրավունք չվերապահելով նաև անձանց, ում իրավունքները խախտվել են տվյալ վարչական իրավախախտմամբ: Ըստ դիմողի` Վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածը, այնքանով, որքանով հնարավորություն չի տալիս տեղեկատվությունը տալու պարտականությունը չկատարած պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու գործ հարուցել նաև տուժողի հայցադիմումի հիման վրա, խախտում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և խախտված իրավունքը վերականգնելու ու դատարանի կողմից իր գործը ողջամիտ ժամկետում քննելու իրավունքը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականությանը, ապա դիմողը փաստարկում է, որ այնպիսի պայմաններում, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ինչպես 189.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման, այնպես էլ օրենսգրքի 223-րդ հոդվածում նշված մի շարք իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելու լիազորություն ունեցող իրավասու մարմին նախատեսված չէ, վիճարկվող հոդվածով սահմանված` հայցադիմումում իրավախախտման վերաբերյալ արձանագրության մասին տեղեկություններ ներառելու և հայցադիմումին նշված արձանագրությունը կցելու պահանջով դատարան դիմող անձի համար սահմանվում է մի պարտականություն, որն առկա օրենսդրական դաշտում հնարավոր չէ կատարել: Որպես փաստարկ ներկայացվում է, որ 2005-2009թթ. ընթացքում ՀՀ դատարանները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.7-րդ հոդվածով որևէ պաշտոնատար անձի պատասխանատվության չեն ենթարկել: Նշված պատճառաբանությամբ դիմողը գտնում է, որ օրենսգրքի 152-րդ հոդվածը ևս հակասում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների պահանջներին:

4. Պատասխանողի պնդմամբ` դիմող կողմն իր հիմնավորումներում շփոթում է «խախտված իրավունքը վերականգնելու» և «պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու»` էությամբ միմյանցից տարբեր իրավական նշանակություն ունեցող հասկացությունները: Ըստ պատասխանողի` վիճարկվող հոդվածները չեն շոշափում դիմողի իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, քանի որ ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14, 15 և 17-րդ հոդվածների, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի համակարգային վերլուծությունը վկայում է, որ վարչական իրավախախտում կատարած պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելը չի դիտարկվում որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակ:

Պատասխանողը գտնում է, որ պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունը չի կարող համարվել անձի խախտված իրավունքների վերականգնման բաղադրատարր:

Միաժամանակ, պատասխանողը գտնում է, որ առկա է օրենքի բաց այն առումով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում բացակայում են պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության գործերի ենթակայության մասին համապատասխան դրույթներ»:

5. Սույն գործի քննության շրջանակներում հարկ է պարզել, թե արդյո՞ք անձի իրավունքները խախտած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելը հանդիսանում է անձի իրավունքի դատական պաշտպանության բաղադրատարր: Այս կապակցությամբ հարկ է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող հոդվածները դիտարկել վարչական պատասխանատվության նպատակի, օրենսգրքով նախատեսված ողջ իրավակարգավորման հիմքում ընկած տրամաբանության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, ինչպես նաև «անձի խախտված իրավունքների վերականգնում» հասկացության բովանդակության համատեքստում:

Նման համադրումը վկայում է, որ վարչական պատասխանատվությունը` ընդհանրապես, և վարչական պատասխանատվության միջոց հանդիսացող վարչական տույժը` մասնավորապես, հետապնդում են այլ նպատակ, քան անձի խախտված իրավունքի դատական կարգով վերականգնումն է: Վարչական պատասխանատվության նպատակն առավելապես կրում է հանրային բնույթ, իրավախախտ անձը պատասխանատվություն է կրում հասարակության, այլ ոչ թե մասնավոր անձի առջև, վարչական պատասխանատվությունն առնչվում է ոչ այնքան մասնավոր, որքան հանրային շահերին: Իսկ հանրային իրավահարաբերությունների ոլորտում մասնավոր շահերի պաշտպանության նպատակով սահմանված է այլ կարգ` հաշվի առնելով վարչադատավարական իրավահարաբերությունների առանձնահատկությունները, վարչաիրավական հարաբերությունների հետևանքով խախտված իրավունքների վերականգնման կարգի առանձնահատկությունները, խախտված իրավունքների փաստացի վերականգնելիության հնարավորությունն ու աստիճանը:

Վարչական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունը, մասնավորապես, օրենսգրքի 1-ին հոդվածով սահմանված` օրենսգրքի իրավակարգավորման առարկայի, օրենսգրքով սահմանված` ընդհանուր և հատուկ վարույթների վերաբերյալ դրույթների, հայցատեսակների, օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված` վարչական դատարանի միջոցով անձի իրավունքների դատական պաշտպանության շրջանակների ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսգրքով սահմանված ողջ իրավակարգավորումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ հանրային իրավահարաբերությունների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության ինստիտուտը տարանջատված է անձանց` դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտից: Այսինքն` օրենսգրքով օրենսդիրը սահմանել է իրավակարգավորման երկու` միմյանցից տարբերվող ուղղություն, որոնք վերաբերում են համապատասխանաբար` հանրային իրավահարաբերությունների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության ինստիտուտին և անձանց` դատական կարգով վարչական պատասխանատվության ինստիտուտին: Իր հերթին, նշված տրամաբանությունը բխում է այն օբյեկտիվ իրողությունից, որ առաջին դեպքում իրավախախտման աղբյուրը պետությունն է, մյուս դեպքում` ֆիզիկական կամ իրավաբանական անձը: Այս տրամաբանությանը համապատասխան` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով անձը վարչական դատարանում իրացնում է վարչական մարմնի կողմից խախտված իր իրավունքների պաշտպանությունը: Այն է` վիճարկման հայց (65), պարտավորեցման հայց (66), գործողության կատարման հայց (67) և ճանաչման հայց (68): Սահմանվում են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ դրույթներ, որոնց միջոցով ապահովվում է վարչական մարմնի գործողությամբ (անգործությամբ) կամ վարչական ակտով, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերին կամ Սահմանադրությանը հակասելու հետևանքով խախտված իրավունքների դատական կարգով վերականգնումը:

Միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածով սահմանված իրավակարգավորման տրամաբանությանը համահունչ, Վարչական դատավարության օրենսգրքով սահմանվում է այն հայցադիմումների քննության կարգը (գլուխներ 26 և 27), որոնք վերաբերում են օրենսգրքով սահմանված իրավակարգավորման երկրորդ ուղղությանը, այն է` անձանց` դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտին, որոնց միջոցով վարչական մարմինները դատարանի միջոցով հանրային շահը պաշտպանում են իրավախախտ անձանցից: Օրենսգրքի վիճարկվող 151-րդ հոդվածով, օրենսգրքի 1-ին հոդվածին և 3-րդ հոդվածի երկրորդ մասին համահունչ, որով որպես վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարան դիմելու իրավասու սուբյեկտ են դիտարկվում միայն վարչական մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի հարուցման հիմք են համարվում իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումները:

Ինչ վերաբերում է «անձի խախտված իրավունքների վերականգնում» հասկացության բովանդակությանը, ապա անձի խախտված իրավունքը վերականգնված է համարվում այն դեպքում, երբ վերականգնվում է մինչև իրավախախտման պահը գոյություն ունեցող իրավիճակը կամ վերացվում է իրավունքի իրացմանը խոչընդոտող հանգամանքը: Տվյալ դեպքում պաշտոնատար անձի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և նրան տեղեկատվություն տրամադրելու արդյունքում դիմողը հնարավորություն է ստացել իրացնել տեղեկատվություն ստանալու իր իրավունքը:

Ելնելով վերոշարադրյալից` սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական կարգով անձանց, այդ թվում` անձի իրավունքը խախտած պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելը չի հանդիսանում անձի խախտված իրավունքների պարտադիր բաղադրատարր և, հետևաբար, անձանց` վարչական պատասխանատվության ենթարկելու հայցադիմումով դատարան դիմելու իրավասություն չվերապահելը չի կարող խոչընդոտել այդ անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների իրացմանը, և խնդրո առարկա հարցով դատարան դիմելու իրավասությունը բացառապես վարչական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց վերապահելն իրավաչափ է ու օրենսգրքի իրավակարգավորման հիմքում ընկած տրամաբանության շրջանակներում է:

Նման դիրքորոշման մասին կարող է վկայել նաև այն փաստը, որ եվրոպական երկրներում կամ նախատեսված է վարչական պատասխանատվության միայն արտադատարանական կարգ, կամ առկա է դատական կարգով վարչական պատասխանատվության ինստիտուտից հրաժարվելու միտում:

6. Նկատի ունենալով դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի հարաբերակցությունը հանրային շահերի պաշտպանության խնդրի հետ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի դրույթները, սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում հարկ է համարում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները դիտարկել հանրային շահերի պաշտպանության և իրավական անվտանգության տեսանկյունից: Այս կապակցությամբ հարկ է վիճարկվող դրույթները դիտարկել օրենսգրքի մյուս հոդվածների, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հետ համակարգային փոխկապակցության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ուսումնասիրությունից բխում է, որ նշված օրենսգրքով նախատեսված է անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու երկու կարգ` արտադատարանական, որն իրականացվում է նույն օրենսգրքով սահմանված` կոնկրետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից, և դատական, որն իրականացվում է դատարանների կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածը մատնանշում է նույն օրենսգրքի այն բոլոր հոդվածները, որոնցով նախատեսված իրավախախտումների համար նախատեսվում է դատական կարգով վարչական պատասխանատվություն:

Վարչական դատավարության օրենսգրքի` վիճարկվող հոդվածները ներառող 26-րդ գլխի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների համակարգային վերլուծությունը վկայում է, որ անձին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի իրավակարգավորումը սահմանելիս չի դրսևորվել համակարգային մոտեցում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հստակ սահմանված չեն բոլոր այն կոնկրետ վարչական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք, որոնք իրավասու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել և այն ներկայացնել դատարան` անձանց դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածում մատնանշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումները կատարելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ իրավական համակարգում առկա է իրավակարգավորման բաց, ինչը թույլ չի տալիս պետությանն իրականացնել վարչական իրավահարաբերությունների ոլորտում օրինականության նկատմամբ վերահսկողության և հանրային շահերի պաշտպանության իր գործառույթները, ապահովել առանձին վարչական իրավախախտումների համար ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության անխուսափելիությունը, դրանով իսկ երաշխավորելու նաև իրավունքների պաշտպանության արդյունավետությունը: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ չնայած 1995-2007 թվականներին ավելի քան 10 անգամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածում փոփոխություններ են կատարվել, սակայն մինչ օրս շարունակում է տեղ գտնել «ՀՀ գերագույն դատարանի դատավորները քննում են...» դրույթը:

Իրավակարգավորման նշված բացը, սակայն, պայմանավորված է ոչ թե ինքնին օրենսգրքի վիճարկվող դրույթներով, այլ դատական կարգով վարչական պատասխանատվության ինստիտուտի ոչ ամբողջական իրավակարգավորմամբ, որի հաղթահարումը ՀՀ Ազգային ժողովի իրավասության հարցն է: Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք:

Ելնելով վերոհիշյալից` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Ազգային ժողովի խնդիրն է լրացնել նշված իրավունքի բացը` ապահովելով օրենքի իրացման գործուն կառուցակարգ, վարչական իրավախախտումների համար պաշտոնատար և այլ անձանց վարչական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի գործադրման իրական երաշխիքներ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

5 փետրվարի 2010 թվականի

ՍԴՈ-864

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
05.02.2010
N ՍԴՈ-864
Որոշում