Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 104-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 104-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                           ՀՅՔՐԴ2/0086/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ՀՅՔՐԴ 2/0086/01/08

Նախագահող դատավոր`  Մ. Ռեհանյան

    Դատավորներ`          Ա. Դանիելյան

                         Ա. Հովհաննիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

    մասնակցությամբ դատախազ                    Ս. Սարգսյանի

 

    29 հունիսի 2009 թվական                              ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վլադիմիր Շավալի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 10-րդ, 15-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և 137-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 4-ի որոշման դեմ դատապարտյալի և պաշտպան Լ. Գոգինյանի բերած վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի մայիսի 17-ին Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 19111008 քրեական գործը:

2. 2008 թվականի մայիսի 18-ին Վլադիմիր Ղազարյանը ձերբակալվել է:

2008 թվականի մայիսի 21-ին որոշում է կայացվել Վ. Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 10-րդ, 15-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

3. 2008 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ Վ. Ղազարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 10-րդ, 15-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 4-րդ և 137-րդ հոդվածի 1-ին մասերով:

4. 2008 թվականի հուլիսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան:

Հյուսիսային քրեական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 6-ի դատավճռով Վլադիմիր Շավալի Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 10-րդ, 15-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 4-րդ և 137-րդ հոդվածի 1-ին մասերով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 10-րդ, 15-րդ կետերով` ցմահ ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման 2 (երկու) տարի ժամանակով, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 2 (երկու) տարի ժամանակով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով նվազ խիստ պատիժները կլանելով առավել խիստ պատժի մեջ` Վլադիմիր Շավալի Ղազարյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

5. Ամբաստանյալ Վ. Ղազարյանի և պաշտպան Լևոն Գոգինյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի մարտի 4-ի որոշմամբ Հյուսիսային քրեական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ, իսկ ամբաստանյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժել է:

6. Վճռաբեկ բողոքներ են բերել դատապարտյալ Վլադիմիր Ղազարյանը և պաշտպան Լ. Գոգինյանը:

2009 թվականի ապրիլի 23-ին վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել տուժողի իրավահաջորդ Լուսյա Խումարյանը:

2009 թվականի մայիսի 8-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») բողոքն ընդունել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վլադիմիր Ղազարյանը, նախկինում դատապարտված լինելով, այդ թվում` սպանության փորձ կատարելու համար, դատվածությունները դեռևս չմարված, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել է Վահե Խումարյանին` կապված նրա կողմից ծառայողական գործունեության կատարման հետ, բացի այդ ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք, ապօրինի կերպով կրել սառը զենք, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին տվել սպանության սպառնալիքներ:

8. 2008 թվականի մայիսի 17-ին Վ. Ղազարյանը իր մոր` Լենա Ղազարյանի մահվան քառասուներորդ օրվա կապակցությամբ, իր ընկեր Արտակ Դարբինյանի հետ իրենց տանը ալկոհոլ օգտագործելուց հետո գնացել են գերեզմանատուն: Այնտեղից վերադառնալուց հետո Արտակ Դարբինյանը գնացել է իր բարեկամի տուն, իսկ Վլադիմիր Ղազարյանը, նկատի ունենալով, որ նախորդ օրը վճարել է իր բնակարանի հեռախոսի վարձը, սակայն այն չի աշխատել, ժամը 19.40-ի սահմաններում, հեռախոսի անսարքությունը պարզելու նպատակով, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, դուրս է եկել բնակարանից, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում նստել Արտակ Գևորգյանի ՎԱԶ 2107 մակնիշի 36 ՕՍ 835 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենան ու գնացել «Արմենթել» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի` Տիգրան Մեծի պողոտայի 18 հասցեում գտնվող վարչական շենք:

Աշխատանքային ժամի ավարտի պատճառով «Արմոբիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվտանգության ծառայության աշխատակից Վահե Խումարյանը արգելել է նրան մասնաշենք մուտք գործել, որի պատճառով Վ. Ղազարյանը վիճաբանության մեջ է մտել նրա հետ:

Այդ ընթացքում Վ. Խումարյանը հրել է ամբաստանյալին, որի հետևանքով վերջինս գլորվել է աստիճաններից, ապա, գնալով պահակակետ, ասել է, որ հիմա կզանգահարի ոստիկանություն:

Վ. Ղազարյանը, գնացել է Վ. Խումարյանի հետևից, մտել պահակակետ և խուլիգանական դրդումներով, կյանքից զրկելու դիտավորությամբ, չնչին առիթն օգտագործելով իր անձի առավելությունները ընդգծելու համար, իր կողմից նախապես կրած սառը զենք հանդիսացող դանակով սկզբից կտրել է հեռախոսի լարը, իսկ հետո մեկ անգամ հարվածել Վ. Խումարյանի պարանոցի առաջային երեսին, ապա նշված տաքսի ավտոմեքենայով դիմել փախուստի, իսկ Վ. Խումարյանը ստացած մարմնական վնասվածքներից կարճ ժամանակ անց իր աշխատանքի վայրում մահացել է:

Դեպքից հետո ամբաստանյալ Վ. Ղազարյանը գնացել է Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի Ց 6-6/7 հասցեում գտնվող իր բնակարան, թաքնվել ոստիկանության աշխատակիցներից, իսկ երբ վերջիններս փորձել են բնակարան մուտք գործել, իր մոտ ապօրինի պահվող նռնակով սպառնացել է պայթեցնել և վնասել բոլորին, տվել սպանության սպառնալիքներ, որոնց իրականացման համար եղել է իրական վտանգ:

9. Բացի այդ, Վ. Ղազարյանը ապօրինի ձեռք է բերել և իր բնակարանում պահել ռազմամթերք հանդիսացող Ֆ1 տեսակի նռնակ ու սառը զենք հանդիսացող դանակ, որոնք 2008 թվականի մայիսի 18-ին նրա բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել են:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբերները, համաձայն չլինելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 235-րդ, 137-րդ հոդվածներով առաջադրված մեղադրանքի և նշանակված պատժի հետ, գտնում են, որ դրանք հիմնավորված չեն:

Ի հիմնավորումն ասվածի` նրանք նշում են, որ սպանությունը խուլիգանական դրդումներով կատարված կարող է համարվել այն դեպքում, երբ չկա շարժառիթը, կամ եղածն աննշան է: Նրանք նշում են նաև, որ Վ. Ղազարյանի արարքը միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, և 10-րդ կետերով որակելը հիմնավորված չէ, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշների առկայությունը բացառում է նույն մասի 10-րդ կետի կիրառումը:

11. Ըստ բողոքաբերների ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը պատասխանատվություն է նախատեսում նախկինում սպանություն կատարած անձի կողմից կատարելը, իսկ Վ. Ղազարյանը նախկինում կատարել է սպանության փորձ և ոչ թե սպանություն, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նրան մեղադրելն ու դատապարտելը նույնպես հիմնավորված չէ:

12. Բողոք բերող անձինք գտնում են, որ Վ. Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով մեղադրելն ու դատապարտելը բավարար ապացույցներով հիմնավորված չէ, քանի որ սպանության սպառնալիքի ենթարկված տուժողը պետք է լինի կոնկրետ անձ, իսկ դատապարտյալի բնակարանից նռնակի հայտնաբերման փաստի վերաբերյալ որևէ հիմնավոր ապացույց չկա:

Հիմք ընդունելով իրենց կողմից վկայակոչված հանգամանքները` բողոքաբերները եզրակացնում են, որ դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի և 360-րդ հոդվածի պահանջները և չեն պատճառաբանել առավելագույն պատժի` ցմահ ազատազրկման անհրաժեշտությունն ու կարևորությունը` դրանով թույլ տալով առերևույթ դատական սխալ, որը Վ.Ղազարյանի համար առաջացրել է ծանր հետևանքներ: Նրանք գտնում են, որ սույն քրեական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և բացառել դատարանների կողմից հնարավոր դատական սխալները, ուստի խնդրում են մասնակիորեն բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 4-ի որոշումը` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 10-րդ, 15-րդ կետերից Վ.Ղազարյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով` գործի վարույթը կարճել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով դատական ակտը թողնել անփոփոխ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 10-րդ կետերի կիրառելիությունը

13. Սույն գործով վճռաբեկ դատարանի առջև բարձրացվել է այն հարցը, թե Վ. Ղազարյանի կողմից կատարված սպանությունը կարո՞ղ է արդյոք միաժամանակ որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 10-րդ կետերով, այն է` որպես անձի ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված և որպես խուլիգանական դրդումներով կատարված սպանություն:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը քրեական պատասխանատվություն է նախատեսում խուլիգանական դրդումներով կատարված սպանության համար:

Խուլիգանական դրդումներով կատարված սպանության առանձնահատկությունների վերաբերյալ իր դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է Ա. Մաթևոսյանի գործով 2008 թվականի հուլիսի 25-ի ՎԲ-48/08 որոշման 17-21-րդ կետերում, որտեղ անդրադարձ է կատարվել ինչպես այդ հանցագործության առավել վտանգավոր բնույթին, այնպես էլ հանցագործի անձը բնութագրող հանգամանքներին: Հիմք ընդունելով այդ որոշման մեջ առկա հիմնավորումներն ու դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խուլիգանական դրդումներով կատարված սպանությունը անպայման չէ, որ պետք է զուգորդված լինի խուլիգանության հետ, իսկ խուլիգանության հետ զուգորդված սպանությունը ինքնին չի նշանակում, թե այն կատարվել է խուլիգանական շարժառիթներով:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը պատասխանատվություն է նախատեսում անձի կամ նրա մերձավորի սպանության համար` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ:

Սպանության տվյալ տեսակն առանձնանում է նպատակային ուղղվածությամբ, որն արտահայտվում է իր ծառայողական գործունեությունն իրականացնող կամ հասարակական պարտքը կատարող անձին կամ նրա մերձավորներին կյանքից զրկելու մեջ:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով ծառայողական գործունեությունը անձի այնպիսի գործունեությունն է, որը մտնում է նրա ծառայողական պարտականությունների մեջ, որոնք էլ բխում են օրենքով սահմանված կարգով գրանցված պետական կամ մասնավոր կազմակերպությունների հետ կնքած աշխատանքային պայմանագրի դրույթներից: Հետևաբար քննարկվող հանցագործություններից տուժող կարող են հանդիսանալ իրենց օրինական ծառայողական գործառույթներն իրականացնող բոլոր անձինք (ինչպես պաշտոնատար, այնպես էլ ոչ պաշտոնատար) կամ նրանց մերձավորները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ սպանությունը պայմանավորված է տուժողի կողմից հասարակական պարտքի կատարման ընթացքում հանցավորի չարամիտ խուլիգանական գործողությունների կանխմանն ուղղված ակտիվ միջամտությամբ, հանցավորի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` որպես տուժողի կողմից իր հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանություն, իսկ այն դեպքում, երբ տուժողի գործողություններն իրենց մեջ չեն պարունակել հանցավորի խուլիգանական գործողությունների կանխմանն ուղղված ակտիվ միջամտություն, այլ կրել են սոսկ դիտողության բնույթ, հանցավորի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով` որպես խուլիգանական դրդումներով կատարված սպանություն:

16. Սույն գործի նյութերից երևում է, որ առկա պայմաններում տուժող Վ. Խումարյանը գործել է որպես «Արմոբիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվտանգության ծառայության աշխատակից (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), և նրա սպանությունը կապված է վերջինիս կողմից իր ծառայողական պարտքի կատարման հետ: Այսինքն` Վ. Խումարյանին Վ. Ղազարյանը սպանել է ոչ թե իր անձի առավելություններն ընդգծելու մոլուցքից ելնելով, այն է` խուլիգանական դրդմամբ, այլ նրա կողմից իր ծառայողական պարտականությունների իրականացման կապակցությամբ:

 

II. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի կիրառելիությունը

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացվել է նաև այն հարցը, թե նախկինում սպանության փորձ կատարած անձի կողմից սպանություն կատարելու դեպքում նրա արարքը ենթակա՞ է արդյոք որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով` որպես սպանություն նախկինում սպանություն կատարած անձի կողմից:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը պատասխանատվություն է նախատեսում սպանություն կատարելու համար այն անձի կողմից, ով նախկինում սպանություն է կատարել` բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 105-108-րդ հոդվածներով (մեղմացնող հանգամանքներում կատարված սպանություն) նախատեսված արարքների:

Նշված հոդվածի վերլուծությունից երևում է, որ այս հանցագործության համար բնութագրականն այն է, որ սպանություն կատարելուց հետո` որոշ ժամանակ անց, հանցավորի կողմից կատարվում է նախորդի հետ որևէ առնչություն չունեցող նոր սպանություն: Նախորդ և նոր կատարված սպանությունների միջև բացակայում է միասնական դիտավորությունը, և յուրաքանչյուր դեպքում հանցավորը գործում է նոր ծագած դիտավորությամբ: Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված հանցագործության տակ հասկացվում է երկու կամ ավելի անգամ կատարված սպանությունը, այլ կերպ ասած` սպանությունների կրկնակիությունը:

19. Սպանությունների կրկնակիության առումով Վճռաբեկ դատարանն այն իրավական դիրքորոշումն է արտահայտում, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով որակելու ժամանակ իրավական առումով որևէ նշանակություն չի կարող տրվել այն հարցին, թե նախկինում կատարված սպանությունը եղել է ավարտված հանցագործություն, թե` ընդհատվել է հանցափորձի կամ հանցագործության նախապատրաստության փուլում, հանցավորը եղել է սպանության անմիջական կատարողը, թե այլ հանցակից` կազմակերպիչ, դրդիչ, օժանդակող:

Արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով որակելու համար հիմք է հանդիսանում ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սպանությունների կատարումը, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ծանրացնող հանգամանքներում կատարված սպանությունները: Այսինքն` սպանությունը համարվում է կրկնակի կատարված, եթե նրան նախորդել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարքները:

ՈՒստի անհիմն են բողոքաբերի պնդումներն այն մասին, որ Վ.Ղազարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով ենթակա չէր որակման, քանի որ նա նախկինում կատարել էր սպանության փորձ և ոչ թե սպանություն:

20. Ինչ վերաբերում է բողոքաբերների մյուս պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները, հանգել է հիմնավոր հետևության այն մասին, որ Վ.Ղազարյանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 4-րդ և 137-րդ հոդվածի 1-ին մասերով որակված հանցավոր արարքների կատարումը միանգամայն հիմնավորված է

21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն:

Վլադիմիր Շավալի Ղազարյանի վերաբերյալ Հյուսիսային քրեական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 4-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 15-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 137-րդ հոդվածի 1-ին մասով` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանությունները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2009
N ՀՅՔՐԴ/0086
Որոշում