Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 42-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ            Վարչական գործ թիվ ՎԴ3/0411/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ3/0411/05/08                              2009 թ.

Նախագահող դատավոր`   Ա. Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Վ. Աբելյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Տ. Պետրոսյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի օգոստոսի 11-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Նապոլեոն Ամիրջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.03.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Նապոլեոն Ամիրջանյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Գաչայ, Զարվարթ և Աշոտ Բալասյանների` անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և որոշակի գործողության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նապոլեոն Ամիրջանյանը պահանջել է մասնակիորեն` իր ավտոտնակի և Գաչայ, Զարվարթ, Աշոտ Բալասյանների բնակելի տան պատի կողմից 70 սմ լայնությամբ և 10,65 մ երկարությամբ հողամասի մասով, անվավեր ճանաչել Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գաչայ, Զարվարթ, Աշոտ Բալասյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը և պարտավորեցնել Կադաստրին գրանցելու իր և իր ընտանիքի անդամների սեփականության իրավունքն այդ տարածքի նկատմամբ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.03.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նապոլեոն Ամիրջանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածների պահանջները, ինչի արդյունքում սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասը, չի կիրառել նշված օրենքի 21-րդ հոդվածի «թ» կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի գյուղապետի կողմից կազմված հանձնաժողովը` Կադաստրի աշխատակիցների մասնակցությամբ, տեղում կատարված փաստացի չափագրումից պարզել է, որ վիճելի տարածքի հանութագրումը կոնկրետ կատարված չէ և կազմել է նոր իրադրության հատակագիծ: Նշված հատակագծով, բողոք բերած անձի ներկայացրած քաղվածքով և տեղեկանքով ապացուցվում է, որ պատասխանողների սեփականության իրավունքի գրանցման վկայականում սխալմամբ նշվել է նաև ձեռք բերման պահից բողոք բերած անձի կողմից տնօրինվող, տիրապետվող և օգտագործվող 10,65 մ երկարությամբ և 0,7 մ լայնությամբ վիճելի հողակտորը: Մինչդեռ Դատարանը վճիռ է կայացրել նշված ապացույցների ոչ օբյեկտիվ գնահատմամբ և չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 11.03.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 16.12.1988 թվականի շինության փոխանակման պայմանագրի, Արարատի մարզի Դարբնիկ գյուղի գյուղապետի 26.07.2007 թվականի և 01.10.2007 թվականի տեղեկանքների համաձայն` Նապոլեոն Ամիրջանյանը 06.10.1988 թվականին Բաքու քաղաքում գտնվող բնակարանը փոխանակել է Դարբնիկ գյուղի նախկին բնակիչ, ադրբեջանցի Մամեդով Ռզա Իբրահիմ Օղլու տան հետ, իսկ Գաչայ Բալասյանը 16.12.1988 թվականին Բաքու քաղաքում գտնվող իրեն պատկանող տնատիրության 1/2 բաժինը փոխանակել է Դարբնիկ գյուղի նախկին բնակիչ, ադրբեջանցի Յուսուբով Օրուջ Յուսուբ Օղլու տնատիրության հետ (գ.թ. 32-33, 94):

2) Գործում առկա հատակագծերի համաձայն` փոխանակված տները գտնվում են հարևանությամբ, իսկ վեճի առարկա 10,65 մ երկարությամբ և 0,7 մ լայնությամբ հողամասը գտնվում է Նապոլեոն Ամիրջանյանին պատկանող ավտոտնակի և Գաչայ, Զարվարթ, Աշոտ Բալասյաններին պատկանող բնակելի տան սահմանագծի հատվածում (գ.թ. 9, 12): Սույն գործով կողմերն ընդունել են այն փաստը, որ փոխանակումից մինչ օրս տնամերձ հողամասերի սահմանները որևէ փոփոխության չեն ենթարկվել:

3) 06.03.1998 թվականի հողի սեփականության իրավունքի թիվ 021544 պետական ակտի համաձայն` հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի թիվ 7 որոշման հիման վրա Նապոլեոն Ամիրջանյանին Դարբնիկ գյուղում սեփականության իրավունքով հատկացվել է 0,65 հա հողամաս (գ.թ. 83):

4) 25.04.2003 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0225967 վկայականի համաձայն` Դարբնիկ համայնքի տնտեսական թիվ 1 գրքից 14.01.1999 թվականի քաղվածքի, համայնքի ղեկավարի 20.03.2003 թվականի թիվ 20 տեղեկանքի հիման վրա Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող 411,1 քմ մակերեսով բնակելի տան, 5,7 քմ մակերեսով լողարանի, 37,5 քմ մակերեսով հավաբնի, 9,7 քմ մակերեսով տնտեսական պահեստի, 0,224 հա մակերեսով հողամասի, այդ թվում և վեճի առարկա 10,65 մ երկարությամբ և 0,7 մ լայնությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է Գաչայ, Զարվարթ, Աշոտ Բալասյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (գ.թ. 9-11):

5) Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 22.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Գաչայ Բալասյանի հայցը բավարարվել է և վճռվել Նապոլեոն Ամիրջանյանին պարտավորեցնել իր ավտոտնակի փայտե տանիքն ազատել Գաչայ Բալասյանի բնակելի շենքից` այն հեռացնելով 55 սմ չափով դեպի Նապոլեոն Ամիրջանյանի և Գաչայ Բալասյանի հողամասերի միջև որպես սահմանագիծ անցնող քարե պատը: Նշված գործով Գաչայ Բալասյանի հայցի առարկան եղել է սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու և նախկին վիճակը վերականգնելու պահանջը: Դատաքննության ընթացքում Գաչայ Բալասյանը չի պնդել նախկին վիճակը վերականգնելու իր պահանջը, այլ միայն պահանջել է վերացնել սեփականատիրոջ իրավունքի խախտումը` բնակելի տան 2-րդ հարկի պատն ազատել ավտոտնակի տանիքից (գ.թ.15):

6) Կադաստրի և Արարատի մարզի Դարբնիկի գյուղապետարանի կողմից 22.10.2008 թվականին կազմված ակտի և կից իրադրության հատակագծի համաձայն` Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչներ Նապոլեոն Ամիրջանյանի և Գաչայ Բալասյանի տնամերձ հողամասերի փաստացի չափագրումից պարզվել է, որ կադաստրային քարտեզում կան անճշտություններ. կադաստրային քարտեզով 022-003 ծածկագրի տակ գտնվող Նապոլեոն Ամիրջանյանի և 022-004 ծածկագրի տակ Գաչայ Բալասյանի տնամերձ հողամասերի սահմանագիծը ճիշտ ցույց տրված չէ: Նշված սահմանագիծը փողոցի կողմից 10,65 մ երկարությամբ և 0,7 մ լայնությամբ պետք է տեղաշարժվի 022-004 ծածկագրի տակ գտնվող հողամասի կողմը (գ.թ. 46-47):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

Նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի առանձին միավորների նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող հետևյալ փաստաթղթերը` անշարժ գույքի սուբյեկտներին հատկացված և որպես սեփականություն կամ օգտագործման անցած հողերի (տնամերձ, այգեգործական (ամառանոցային), բնակելի տան շինարարության և դրա սպասարկման, գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն ծավալելու համար) և շենքերի, շինությունների մասին:

Նույն օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե պետական գրանցումը կատարվել է որևէ իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի հիման վրա, ապա թույլ տրված սխալների ուղղումը պետական գրանցման փաստաթղթերում կարող է կատարվել միայն ներկայացված փաստաթղթում` տվյալ մարմնի կողմից համապատասխան ուղղում կատարելուց հետո:

Սույն գործի փաստերի համաձայն` Դարբնիկ համայնքի տնտեսական թիվ 1 գրքից 14.01.1999 թվականի քաղվածքի, համայնքի ղեկավարի 20.03.2003 թվականի թիվ 20 տեղեկանքի հիման վրա Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող 411,1 քմ մակերեսով բնակելի տան, 5,7 քմ մակերեսով լողարանի, 37,5 քմ մակերեսով հավաբնի, 9,7 քմ մակերեսով տնտեսական պահեստի, 0,224 հա մակերեսով հողամասի, այդ թվում և` վեճի առարկա 10,65 մ երկարությամբ և 0,7 մ լայնությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է Գաչայ, Զարվարթ, Աշոտ Բալասյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, իսկ Կադաստրի և Արարատի մարզի Դարբնիկի գյուղապետարանի կողմից 22.10.2008 թվականին տրված ակտով և կից իրադրության հատակագծով Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչներ Նապոլեոն Ամիրջանյանի և Գաչայ Բալասյանի տնամերձ հողամասերի փաստացի չափագրումից պարզվել է, որ կադաստրային քարտեզում կան անճշտություններ. կադաստրային քարտեզով 022-003 ծածկագրի տակ գտնվող Նապոլեոն Ամիրջանյանի և 022-004 ծածկագրի տակ Գաչայ Բալասյանի տնամերձ հողամասերի սահմանագիծը ճիշտ ցույց տրված չէ: Նշված սահմանագիծը փողոցի կողմից 10,65 մ երկարությամբ և 0,7 մ լայնությամբ պետք է տեղաշարժվի 022-004 ծածկագրի տակ գտնվող հողամասի կողմը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գաչայ, Զարվարթ, Աշոտ Բալասյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է Դարբնիկ համայնքի տնտեսական թիվ 1 գրքից 14.01.1999 թվականի քաղվածքի, համայնքի ղեկավարի 20.03.2003 թվականի թիվ 20 տեղեկանքի հիման վրա, հետագայում Կադաստրի և Դարբնիկի գյուղապետարանի կողմից 22.10.2008 թվականին տրված ակտով և կից իրադրության հատակագծով իրավասու մարմնի կողմից ըստ էության կատարվել է սխալների ուղղում, ինչը հիմք է պետական գրանցման փաստաթղթերում թույլ տրված սխալներն ուղղելու համար:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն պատճառաբանությունը, որ Կադաստրը 25.04.2003 թվականին պատասխանողների անվամբ կատարված պետական գրանցման հիմքում դրել է Դարբնիկի գյուղապետի տված քաղվածքը, տեղեկանքը և իրադրության հատակագիծը, որոնք հետագայում նույն գյուղապետի կողմից չեն ենթարկվել փոփոխության:

Ինչ վերաբերում է հայցի մերժման հիմքում ընկած այն պատճառաբանությանը, որ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 22.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է այն փաստը, որ Նապոլեոն Ամիրջանյանի և Գաչայ Բալասյանի հողամասերի սահմանագծում ստեղծված իրավիճակը, որից բխում է նաև սույն վարչական գործով հայցի առարկան, խախտում է սեփականատեր Գաչայ Բալասյանի իրավունքները, որպիսի խախտումը ենթակա է վերացման, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 22.10.2007 թվականի վճռի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով Գաչայ Բալասյանը ներկայացրել է երկու պահանջ` 70 սմ հողատարածքն ամբողջությամբ ազատել և բնակելի տան 2-րդ հարկի պատն ազատել ավտոտնակի տանիքից` վերականգնելով նախկին վիճակը: Դատաքննության ընթացքում Գաչայ Բալասյանը չի պնդել նախկին վիճակը վերականգնելու իր պահանջը` 70 սմ հողատարածքն ամբողջությամբ ազատելը, այլ միայն պահանջել է վերացնել սեփականատիրոջ իրավունքի խախտումը` բնակելի տան 2-րդ հարկի պատն ազատել ավտոտնակի տանիքից: Այսինքն` տվյալ գործով վեճի առարկան միայն Նապոլեոն Ամիրջանյանի ավտոտնակի տանիքն է:

Մինչդեռ սույն վարչական գործով վեճի առարկան է` 10,65 մ երկարությամբ և 0,7 մ լայնությամբ հողամասը և քննարկման են ենթակա վիճելի հողամասի նկատմամբ պատասխանողների սեփականության իրավունքի ծագման հիմքերի, սեփականության իրավունքի գրանցման ընթացքում Կադաստրի գործողությունների իրավաչափության հարցերը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը, պատճառաբանելով, որ ստեղծված իրավիճակը խախտում է սեփականատեր Գաչայ Բալասյանի իրավունքները, որպիսի խախտումն էլ ենթակա է վերացման, հիմք է ընդունել հետևյալ հաստատված փաստերը` Նապոլեոն Ամիրջանյանի և Գաչայ Բալասյանի տնամերձ հողամասերի երկայնքով անցնում է սահմանագիծ Նապոլեոն Ամիրջանյանի կողմից շարված քարե պատով և Նապոլեոն Ամիրջանյանի ավտոտնակի փայտե տանիքը հենված է Գաչայ Բալասյանի տան 2-րդ հարկի պատին և ընդգրկում է այն գրեթե ամբողջ երկարությամբ: Այսինքն, որպես սեփականատեր Գաչայ Բալասյանի իրավունքների խախտման փաստ դիտել է Նապոլեոն Ամիրջանյանի ավտոտնակի տանիքը նրա տան պատին հենելը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 22.10.2007 թվականի վճռով սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ փաստ չի հաստատվել, հետևաբար այդ վճռով հաստատված փաստերի հիման վրա Դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով սույն գործով հայցը մերժելը հիմնավոր չէ:

Դատարանի այն պատճառաբանությունը, որ բողոք բերող անձի կողմից սույն գործի շրջանակներում չի վիճարկվել պետական գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթերի իրավաչափությունը, ինչը վկայում է այդ փաստաթղթերի դեմ նրա առարկությունների և նրանցում ամրագրված տեղեկատվության վերաբերյալ անհամաձայնության բացակայության մասին, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ Նապոլեոն Ամիրջանյանն իր հայցադիմումով ուղղակիորեն վիճարկել է նախկինում Դարբնիկի գյուղապետարանի կողմից Գաչայ Բալասյանին տրամադրված, իրավունքի պետական գրանցման հիմք հանդիսացած փաստաթղթերը և իր անհամաձայնությունը դրանց հետ հաստատել է ներկայացված կոնկրետ ապացույցներով, մասնավորապես` Կադաստրի և Դարբնիկի գյուղապետարանի կողմից 22.10.2008 թվականին կազմված ակտով և իրադրության հատակագծով, որով գյուղապետարանն ու Կադաստրն ընդունել են Նապոլեոն Ամիրջանյանին պատկանող հողամասի վիճելի մասը սխալմամբ Գաչայ Բալասյանի և նրա ընտանիքի անդամների անվամբ գրանցելու փաստը:

Ինչ վերաբերում է Դատարանի այն հետևությանը, որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց վիճելի անշարժ գույքի` ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող և պատասխանողների անվամբ գրանցված վիճելի հողամասի նկատմամբ իր իրավունքների առկայության և պատասխանողների կողմից դրանք խախտելու մասին, իսկ պատասխանողների տնամերձ հողամասի հարևանությամբ գտնվող անշարժ գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը չգրանցվելու հետևանքով չի ծագել նրա սեփականության իրավունքը, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ. 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Սույն գործի փաստերի համաձայն` Նապոլեոն Ամիրջանյանը 06.10.1988 թվականին Բաքու քաղաքում գտնվող իր բնակարանը փոխանակել է Դարբնիկ գյուղի նախկին բնակիչ, ադրբեջանցի Մամեդով Ռզա Իբրահիմ Օղլու տան հետ, իսկ կողմերն ընդունել են այն փաստը, որ փոխանակումից հետո մինչ օրս տնամերձ հողամասերի սահմանները որևէ փոփոխության չեն ենթարկվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված նորմի ուժով Նապոլեոն Ամիրջանյանը դարձել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող վեճի առարկա հողամասի սեփականատեր:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 11.03.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Վ. Աբելյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.08.2009
N ՎԴ3/0411/05/08
Որոշում