Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ, 14-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ, 14-ՐԴ, 83-ՐԴ, 94-ՐԴ ԵՎ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԿԴ/2946/02/08
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2946/02/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան
                  Դատավորներ` Ն. Հովսեփյան
                                               Ն. Բարսեղյան

 

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
  Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

                                              

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ Սյուզաննա Գևորգյանի հայցի ընդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի (այսուհետ` Ընկերություն)` 06.09.2006 թվականին կնքված թիվ 6-12 աշխատանքային պայմանագրի 1.1 կետը, ինչպես նաև մասնաճյուղի համապատասխան հրամանը` 06.09.2008 թվականի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացած լինելու հիմքով ազատման մասին, անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած պայմանագրի դադարեցման օրվանից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի` ամսական 320.000 ՀՀ դրամ բռնագանձելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սյուզաննա Գևորգյանը պահանջել է անվավեր ճանաչել 06.09.2006 թվականին կնքված թիվ 6-12 աշխատանքային պայմանագրի 1.1 կետը, 06.09.2008 թվականի Ընկերության հրամանը` աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացած լինելու հիմքով աշխատանքից ազատելու մասին, վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած պայմանագրի դադարեցման օրվանից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի` ամսական 320.000 ՀՀ դրամ չափով գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սյուզաննա Գևորգյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանումը հիմնավորել է նրանով, որ Դատարանը կիրառելի չի համարել Վճռաբեկ դատարանի որոշումը և թույլ է տվել այնպիսի սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Դատական ակտի բեկանման կամ փոփոխման համար հիմք կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն դատական սխալը, մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ որևէ խոսք չկար նյութական կամ դատավարական իրավունքի խախտման առկայության մասին:

Վճռաբեկ դատարանի որոշման չկիրառումը համարելով սխալ` Վերաքննիչ դատարանը չի մատնանշել որևէ իրավական ակտ, չի բերել որևէ հիմնավորում, ուստի դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված: Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի պատասխանի մի հատվածին, որը վերաբերում է առաջին ատյանի դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը չկիրառելու օրինաչափությանը, որն էլ կայանում է նրանում, որ սույն քաղաքացիական գործի և Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի թիվ 3-321/ՎԴ որոշման փաստական հանգամանքները նույնական չեն:

Այսպես` Վճռաբեկ դատարանը հաստատված է համարել, որ տվյալ գործով կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` հայցվորի ընդունակության կամ վարքի, ինչպես նաև այլ պահանջների հետ առնչություն չունենալու հիմքով, մինչդեռ սույն գործով աշխատանքային հարաբերությունները դադարել են աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու և ժամկետից հետո հայցվորի գործելակերպով պայմանավորված ՀՀ օրենքով պայմանագիրը լուծված համարվելու հիմքով:

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման փաստերից է նաև այն, որ քաղաքացու աշխատանքից ազատելու հրամանը տրվել է պայմանագրի ժամկետը լրանալուց չորս օր առաջ, մինչդեռ սույն գործում նման փաստը բացակայում է: Ավելին, սույն գործով հայցվորը բաց է թողել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճի կապակցությամբ այս հիմքով դատարան դիմելու մեկամսյա ժամկետը, ուստի 06.09.2006 թվականի պայմանագրի կետն անվավեր ճանաչելու պահանջը վերաքննիչ դատարանում չէր կարող քննարկման առարկա դառնալ: 23.08.2008 թվականին հայցվորը ստացել է ծանուցում այն մասին, որ իր պայմանագրի ժամկետը լրանում է 06.09.2008 թվականին, սակայն 06.10.2008 թվականի հայցադիմումի մեջ նման պահանջ չի դրվել, իսկ 06.11.2008 թվականին միջնորդությամբ առաջ է քաշվել նոր պահանջ` պայմանագրի կետը և աշխատանքից ազատելու մասին մասնաճյուղի հրամանն անվավեր ճանաչելու մասին:

Վերոգրյալը վկայում է այն մասին, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված գործերի փաստական հանգամանքների էական տարբերությունները, դրսևորել է զուտ ձևական մոտեցում, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումը կիրառելի է համարել միայն այն պատճառով, որ երկու գործերի դեպքում էլ նույն հայցապահանջն է ներկայացվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 30.12.2008 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով կայացված որոշումը ոչ միայն չի հակասում ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ընդունված նախկին որոշումներին, այլ ամբողջությամբ համահունչ է և բխում է Վճռաբեկ դատարանի նախադեպային նշանակություն ունեցող մի շարք որոշումներից: Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հանդես է եկել ելակետային նշանակություն ունեցող մեկնաբանություններով, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն` որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով կնքված պայմանագրերով և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքումը: Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում են ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված նախապայմանները:

Մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին օրն աշխատողի կողմից ակնկալվել է պայմանագիր կնքելու գործատուի առաջարկը, որն այդպես էլ չի հետևել և նոր աշխատանքային պայմանագիր չկնքելու պայմաններում պայմանագիրը լուծվել է ժամկետը լրանալու հիմքով` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ինչպես նաև աշխատողին հասցեագրված ծանուցմամբ: Սույն գործով գնահատման առարկա պետք է լինի ոչ թե աշխատողին աշխատանքից ազատելու գործընթացի իրավաչափության հարցը, դրա համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի պահանջներին, այլև քաղաքացիական գործով առկա աշխատանքային հարաբերության բնույթը: Մինչդեռ քննարկվող աշխատանքի մշտական բնույթի մասին է վկայում այն հանգամանքը, որ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո, Ընկերությունն աշխատանքի է ընդունել այլ իրավաբանի:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 06.09.2006 թվականին Ընկերության և Սյուզաննա Գևորգյանի միջև կնքվել է թիվ 6-12 աշխատանքային պայմանագիրը: Նշված պայմանագրի 1.1-րդ կետով սահմանվել է, որ գործատուի մոտ աշխատողի աշխատանքի անցնելու պայմանագրի ամսաթիվը 06.09.2006 թվականն է, և պայմանագրի գործողության ժամկետը մեկ տարի է: Պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն` աշխատողը պետք է աշխատի որպես իրավախորհրդատու, որի համար պայմանագրի «Բ» հավելվածի համաձայն սահմանվել է ամսական 320.000 ՀՀ դրամ աշխատավարձ (գ.թ. 111-125):

2. Ընկերության և Սյուզաննա Գևորգյանի միջև 06.09.2007 թ. կնքվել է թիվ 6-12 աշխատանքային պայմանագրի թիվ 1 փոփոխությունը, որով կողմերը համաձայնել են փոփոխել պայմանագրի 1.1-րդ կետով սահմանված պայմանագրի ժամկետը` այն երկարաձգելով մինչև 06.09.2008 թվականը (գ.թ. 129):

3. Ընկերության տնօրենի 23.08.2008 թվականի ծանուցման համաձայն` Սյուզաննա Գևորգյանը ծանուցվել է, որ կողմերի միջև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 06.09.2008 թվականին, և աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտման օրվան նախորդող տասնօրյա ժամկետում նոր ժամկետով աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքում Սյուզաննա Գևորգյանը կազատվի աշխատանքից որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով: Նշված ծանուցումը ստորագրությամբ հանձնվել է Սյուզաննա Գևորգյանին (գ.թ. 22):

4. Ընկերության տնօրենի 08.09.2008 թվականի թիվ 60-Կ հրամանի համաձայն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Սյուզաննա Գևորգյանը ազատվել է աշխատանքից և հրամայվել է նրա հետ կատարել վերջնահաշվարկ (գ.թ. 151):

5. Սյուզաննա Գևորգյանի` Ընկերության տնօրենին հասցեագրված 13.09.2008 թվականի դիմումի համաձայն` դիմումատուն հայտնել է, որ 04.09.2008 թվականին աշխատավայրում Աղավնի Եղիազարյանից բանավոր տեղեկացել է այն մասին, որ իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի երկարացվելու: 2008 թվականի սեպտեմբերի 8-ին ներկայանալով աշխատավայր` կրկին բանավոր իրազեկվել է այն մասին, որ դա իր վերջին աշխատանքային օրն է: Արդյունքում խնդրել է օրենքով սահմանված կարգով իրեն տրամադրել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային իրավահարաբերությունները դադարեցվելու մասին փաստաթղթերը, վերջնահաշվարկից ձևավորված գումարը փոխանցել իր հաշվեհամարին և ծանուցել մասնաճյուղի գտնվելու վայրում համապատասխան մասնաճյուղի աշխատակցից աշխատանքային գրքույկը ստանալու մասին (գ.թ. 23):

6. Սյուզաննա Գևորգյանին հասցեագրված` Ընկերության ներկայացուցչի 18.09.2008 թվականի գրությամբ հայտնվում է, որ կողմերի միջև աշխատանքային հարաբերությունները դադարել են 08.09.2008 թվականին, քանի որ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային վերջին օրը` 2008 թվականի սեպտեմբերի 6-ը, շաբաթ օր էր, այսինքն` ոչ աշխատանքային օր, որպիսի պարագայում պայմանագրի ժամկետն ավարտված է համարվում հաջորդ աշխատանքային օրը: Վերջին աշխատանքային օրվան հաջորդող օրը` 09.09.2008 թվականին, Սյուզաննա Գևորգյանն աշխատանքի դուրս չի եկել, իսկ մինչ այդ Ընկերության վարչական գծով տնօրենին հայտնել է, որ նոր աշխատանք է գտել: Նման վարքագիծը վկայում է աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու նրա հստակ և պարզ մտադրության մասին: Միաժամանակ հայտնվել է, որ վերջնահաշվարկի արդյունքում ձևավորված գումարը փոխանցվել է հայցվորի նշած բանկային հաշվին (գ.թ. 24-25):

7. «ԷյջԷսԲիՍի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից տրված «գործարքի հաստատում» փաստաթղթի համաձայն` 18.09.2008 թվականին Սյուզաննա Գևորգյանի հաշվեհամարին Ընկերության կողմից փոխանցվել է 81.000 ՀՀ դրամ` վերջնահաշվարկի գումարը (գ.թ. 27):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերություններն աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններ են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ: Նույն օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա: Նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ, իսկ 84 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը սահմանում է, որ աշխատանքային պայմանագիրը պետք է ներառի աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է` 1. անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ, 2. որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է: Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները: Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ մինչև պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտը, սակայն հինգ տարուց ոչ ավելի ժամկետով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն` որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով պայմանագրով և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը: Այսինքն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքերում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում են ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված նախապայմանները:

Սույն գործի փաստերի համաձայն` Սյուզաննա Գևորգյանի և գործատու «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորվել են 06.09.2006 թվականին կնքված աշխատանքային պայմանագրով: Նշված աշխատանքային պայմանագիրը կնքելիս դրանում հստակ սահմանված է եղել թե կատարվելիք աշխատանքի բնույթը (որն իր էությամբ կրել է որոշակի ծրագրերի և առաջադրանքների կատարման բնույթ, որպիսի հանգամանքն էլ հիմնավորվում է թե աշխատանքային պայմանագրի թիվ Ա հավելվածով և թե «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններով) և թե վերջինիս գործողության ժամկետը, որին կողմերը տեղյակ են եղել, միաժամանակ Սյուզաննա Գևորգյանը, հանդիսանալով Ընկերության իրավախորհրդատու, քաջատեղյակ է եղել պայմանագրերի բովանդակությանը և որ պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով: Տվյալ դեպքում Սյուզաննա Գևորգյանի համաձայնությամբ վերջինիս հետ կնքվել է որոշակի ժամկետով 06.09.2006 թվականի թիվ 6-12 աշխատանքային պայմանագիրը: Դեռ ավելին, Սյուզաննա Գևորգյանը 23.08.2008 թվականի ծանուցմամբ սահմանված կարգով ծանուցվել է, նրա և Ընկերության միջև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի 06.09.2008 թվականին լրանալու մասին, ինչպես նաև տեղեկացվել է աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտման օրվան նախորդող տասնօրյա ժամկետում նոր ժամկետով նոր աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով աշխատանքից ազատվելու մասին:

Դատարանը, հայցը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Սյուզաննա Գևորգյանն օրենքով սահմանված կարգով ծանուցվել է, որ կողմերի միջև կնքված թիվ 6-12 աշխատանքային պայմանագրի թիվ 1 փոփոխությամբ սահմանված պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծվելու է: Սյուզաննա Գևորգյանի աշխատանքից ազատման հրամանի համար հիմք է հանդիսացել 06.09.2006 թվականի որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը և քանի որ նշված պայմանագիրը լուծվել է գործողության ժամկետի լրանալու հիմքով և հրամանն էլ տրված է օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ, հետևաբար Ընկերության կողմից տրված աշխատանքի ազատման վերաբերյալ թիվ 60-Կ հրամանը չի կարող անվավեր ճանաչվել: Բացի այդ, Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից վկայակոչած` Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի թիվ 3-321(ՎԴ) նախադեպային որոշումը սույն քաղաքացիական գործով կիրառելի չէ:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս պատճառաբանել է. «քանի որ գործի քննության այս փուլում նշված հանգամանքներն ամբողջական գնահատելու համար սույն գործում առկա չեն բավարար տեղեկություններ և ապացույցներ, Դատարանը, կիրառելի չհամարելով Վճռաբեկ դատարանի որոշումը, թույլ է տվել այնպիսի սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Վերջինիս իմաստով Վերաքննիչ դատարանը գտնում է նաև, որ եթե դատարանը հանգի հետևության, որ աշխատանքի բնույթը մշտական է, կիրառելի է նաև Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար նախատեսված պայմանների բացակայությամբ կնքված պայմանագրի իրավական հետևանքների վերաբերյալ դիրքորոշումը»:

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանն իրավացիորեն գտել է, որ սույն քաղաքացիական գործով որպես նախադեպ կիրառելի չէ Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի թիվ 3-321(ՎԴ) որոշումը, քանի որ նշված քաղաքացիական գործերի փաստական հանգամանքները նույնանման չեն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև տվյալ իրավիճակում գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 30.12.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.10.2009
N ԵԿԴ/2946/02/08
Որոշում