Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ,»ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական դատարանի որոշում
ՎԴ/0617/05/09
2010 թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/0617/05/09
Նախագահող դատավոր`   Գ. Ղարիբյան

 

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
 Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
  Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի

    

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ալինա Հովհաննիսյանի, Գոհարիկ Եղիկյանի, Անիչկա Մուրադյանի, Նառա Մարտոյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի (այսուհետ` Համայնք)` Պռոշյան համայնքի ավագանու 04.12.2008 թվականի թիվ 2/1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալինա Հովհաննիսյանը, Գոհարիկ Եղիկյանը, Անիչկա Մուրադյանը, Նառա Մարտոյանը պահանջել են անվավեր ճանաչել Պռոշյան համայնքի ավագանու 04.12.2008 թվականի թիվ 2/1 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ, 29-րդ և 35-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի կողմից չի գնահատվել գործում առկա 05.12.2008 թվականի Պռոշյան համայնքի ղեկավարի լուծարման գործընթացը սկսելու և լուծարային հանձնաժողով ստեղծելու մասին թիվ 46 կարգադրությունը, և գործի քննությամբ հաստատված է համարվել այն, որ լուծարային հանձնաժողով չի ստեղծվել:

Դատարանը, «մանկավարժական խորհրդի» 06.02.2009 թվականի նիստի արձանագրության հիման վրա ապացուցված է համարել, որ Ալինա Հովհաննիսյանը, Գոհարիկ Եղիկյանը, Անիչկա Մուրադյանը, Նառա Մարտոյանը մանկավարժական խորհրդի անդամներ են: Մինչդեռ Պռոշյան համայնքի մսուր-մանկապարտեզ հիմնարկի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) 35-րդ կետի համաձայն` մանկավարժական խորհուրդը ձևավորվում է համայնքի ղեկավարի կողմից: Մինչդեռ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ ձևավորվել է մանկավարժական խորհուրդ, և Ալինա Հովհաննիսյանը, Գոհարիկ Եղիկյանը, Անիչկա Մուրադյանը, Նառա Մարտոյանը մանկավարժական խորհրդի անդամներ են:

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հիմնարկն իրավաբանական անձ չէ, և գործում է օրենքների, իրավական այլ ակտերի և հիմնադրի կողմից հաստատված Կանոնադրության հիման վրա: Կանոնադրության 32-րդ և 33-րդ կետերի համաձայն` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, մանկապարտեզի հիմնադիրն ունի հաստատության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու, այդ թվում` հաստատության վերակազմակերպման և լուծարման իրավունք: Ավելին, մանկավարժական խորհուրդը ստեղծվում է միայն ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով:

Բացի այդ, համայնքի զարգացման գործընթացը համայնքի` ի դեմս իր կառավարման մարմինների բացառիկ լիազորությունն է, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 27.07.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման թիվ 01Բ 000782 վկայականի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի մսուր-մանկապարտեզ հիմնարկի հիմնադիրը ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանն է (գ.թ. 26):

2) ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային կենտրոնի 25.11.2008 թվականի թիվ 04/07Տ-24/64 գրությամբ Համայնքի ղեկավարին առաջարկվել է 24.08.2007 թվականին կազմված ակտով արձանագրված խախտումները վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկել մինչև 2009 թվականի գարնանը մանկապարտեզի արմատական վերանորոգման և թերությունների վերացման ուղղությամբ: Միաժամանակ հայտնվել է, որ վերանորոգման և թերությունների վերացման ուղղությամբ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում մանկապարտեզի հետագա շահագործումը կարգելվի (գ.թ.37):

3) Համայնքի ավագանին 04.12.2008 թվականին ընդունել է թիվ 2/1 որոշումը, համաձայն որի`

«1. Լուծարել համայնքային ենթակայության մսուր-մանկապարտեզը` օրենքով սահմանված կարգով:

2. Հիմնանորոգումից հետո շենքը շահագործել նույն նպատակով» (գ.թ.13):

4) Համայնքի ղեկավարի 05.12.2008 թվականի թիվ 46 կարգադրությամբ ստեղծվել է լուծարային հանձնաժողով (գ.թ. 60):

5) Պետական ռեգիստրի Նաիրիի տարածքային բաժնի 09.02.2009 թվականի թիվ 9 գրության համաձայն` Համայնքի մսուր-մանկապարտեզը գտնվում է լուծարային գործընթացում (գ.թ. 40):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով հայցի առարկան է համայնքի ավագանու որոշումը համայնքային ենթակայության ներքո գտնվող մսուր-մանկապարտեզը լուծարելու մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյո՞ք համայնքային ենթակայության ներքո գտնվող մսուր-մանկապարտեզը լուծարելու մասին համայնքի ավագանու որոշումը վարչական ակտ է:

i

ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում: Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է` սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը:

i

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` համայնքն իրավաբանական անձ է, որի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Համայնքն ինքնուրույն տնօրինում է իր սեփականությունը, ունի բյուջե:

i

Նույն օրենքի 52-րդ հոդվածի համաձայն` համայնքն իր լիազորությունների իրականացման նպատակով համայնքի ավագանու որոշմամբ կարող է ստեղծել բյուջետային հիմնարկներ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն` հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի ստեղծած կազմակերպությունը: Հիմնարկն իրավաբանական անձ չէ և գործում է իրավաբանական անձի կանոնադրության հիման վրա: Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների լուծարման մասին:

Համայնքի մսուր-մանկապարտեզ հիմնարկի կանոնադրության 1-ին և 2-րդ կետերի համաձայն` մսուր-մանկապարտեզը բյուջետային հիմնարկ է:

Նույն կանոնադրության 33-րդ կետի ե) և է) ենթակետերի համաձայն` մանկապարտեզի հիմնադրի` համայնքի ղեկավարի բացառիկ լիազորություններն են`

հաստատության վերակազմակերպումը և լուծարումը,

հաստատության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հիմնարկը համայնքի կողմից ստեղծված կազմակերպություն է, որը ստեղծվել է համայնքի լիազորությունների իրականացման նպատակով: Համայնքին է վերապահված ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան տեղական նշանակության հարցերը լուծելու, այդ թվում` համայնքի ենթակայության տակ գտնվող բյուջետային հիմնարկները լուծարելու հարցը:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վարչական ակտի իրավական բնորոշմանը:

i

Մասնավորապես, վերլուծելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ և 20-րդ հոդվածները, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, և այդ բոլոր փուլերը հետապնդում են միասնական նպատակ, այն է` վարչական ակտի ընդունում:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով վարչական ակտի բնորոշման հատկանիշ է համարվում արտաքին ներգործությունը, հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելը, և այդ ակտը պետք է ուղղված լինի անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն (տե՛ս «Ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության ընդդեմ «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 11 191 000 (տասնմեկ միլիոն մեկ հարյուր իննսունմեկ հազար) ՀՀ դրամ բռնագանձելու և հակընդդեմ հայցի` Ծառայության Թալինի տարածքային հարկային տեսչության 2006 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ ՍԱ-148469 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-918(ՏԴ) որոշումը):

Մինչդեռ համայնքի ավագանու 04.12.2008 թվականի թիվ 2/1 որոշումը վերաբերում է միայն համայնքի կողմից ստեղծված և իր ենթակայության տակ գտնվող հիմնարկը` մսուր-մանկապարտեզը, օրենքով սահմանված կարգով լուծարելուն: Այսինքն` այն չունի արտաքին ներգործություն և անմիջականորեն ուղղված չէ այլ անձանց համար իրավունքներ կամ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, այսինքն` նշված ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով չի կարող գնահատվել որպես վարչական ակտ, քանի որ իրենից ներկայացնում է հիմնադրի` համայնքի կողմից իր ենթակայության բյուջետային հիմնարկի` մսուր-մանկապարտեզի գործունեությունը դադարեցնելուն ուղղված իրավական ակտ:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերոնշյալ հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

i

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 27.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Ալինա Հովհաննիսյանի, Գոհարիկ Եղիկյանի, Անիչկա Մուրադյանի, Նառա Մարտոյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2010
N ՎԴ/0617/05/09
Որոշում