Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ,«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական դատարանի որոշում
ՎԴ/1689/05/09
  2010 թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/1689/05/09
Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան  

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
  Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի

     

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ Սերգեյ Մարդոյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` կառուցապատման իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սերգեյ Մարդոյանը պահանջել է 11.02.2009 թվականին Քաղաքապետարան ներկայացված դիմումին և նախագծային փաստաթղթերին համապատասխան շինարարության թույլտվությունը ճանաչել տրամադրված և նշված շինարարության թույլտվության հիման վրա ճանաչել Երևանի Հանրապետության փողոցի 62-րդ շենքի թիվ 114 տարածքի աստիճանների վրա շվաքարանի, գովազդային վահանակի և ճակատի ձևավորման կառուցապատման իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է` ճանաչվել է Սերգեյ Մարդոյանի կառուցապատման իրավունքը Երևանի Հանրապետության փողոցի 62-րդ շենքի թիվ 114 տարածքի աստիճանների վրա շվաքարանի, գովազդային վահանակի և ճակատի ձևավորման նկատմամբ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սերգեյ Մարդոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 48-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շինարարական թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» թիվ 91 որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 17-րդ կետը, խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 130-րդ, 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Դատարանի վճիռը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառման մասով, առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, մասնավորապես` թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2009 թվականի որոշմանը:

Դատարանն անտեսել է, որ դեռևս սահմանված կարգով չհամաձայնեցված և չհաստատված նախագծի հիման վրա Քաղաքապետարանը չէր կարող Սերգեյ Մարդոյանին տրամադրել շինարարության թույլտվություն: Բացի այդ, Սերգեյ Մարդոյանի կողմից Քաղաքապետարան ներկայացված դիմումը չէր համապատասխանում Կարգով նախատեսված դիմումի ձևին:

Դատարանն անտեսել է նաև, որ մինչև նախագծի համաձայնեցումը և շինարարության թույլտվություն ստանալը Սերգեյ Մարդոյանն արդեն իսկ սկսել էր շինարարական աշխատանքները, և մոնտաժվել էին մետաղական «կոնստրուկցիաները»:

Դատարանը հաշվի չի առել, որ Երևանի Հանրապետության փողոցի 62-րդ շենքը պատմաճարտարապետական հուշարձան-շենք է, հետևաբար դրա հետ կապված ցանկացած փոփոխություն (նորոգում, վերականգնում, վերակառուցում և այլն) պետք է իրականացվի այդ բնագավառի իրավասու մարմնի` ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության համաձայնությամբ կամ համապատասխան եզրակացության տրամադրմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.12.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով 17.04.2009 թվականի որոշումը, որի վրա բողոք բերած անձը հղում է կատարել, սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի չէ:

Դատարանը, հիմք ընդունելով մարդու և քաղաքացու սահմանադրական կարևորագույն երաշխիքը` իրավունքի գերակայության հիմնարար պահանջը, և դրան համապատասխան կիրառելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, հանգել է ճիշտ հետևության` վարչական մարմնի կողմից օրենքով սահմանված ժամկետում հայցվող վարչական ակտը չընդունելու պայմաններում այն ճանաչելով ընդունված և արձանագրելով, որ Սերգեյ Մարդոյանն իրավասու է ձեռնամուխ լինել դրանից բխող իրավունքի իրականացմանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննարկելով իշխանությունների կողմից սեփականատիրոջ նկատմամբ շինարարության արգելքներ մտցնելու և (կամ) դրանք կիրառելու հետ կապված հարցերը, արդեն իսկ գտել է, որ այդպիսիք իրենցից ներկայացնում են միջամտություն գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ (Sporrong and Lonnroth v. Sweden, applications nos. 7151/75 և 7152/75):

Բացի այդ, գործի նյութերից երևում է, որ Քաղաքապետարան ներկայացրած` շինարարության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դիմումին Սերգեյ Մարդոյանը կցել է քննարկվող շենքի մուտքի աստիճանների վրա շվաքարանի իրականացման և ճակատի ձևավորման նախագիծ, ըստ որի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանության մասով երբևիցե առարկություն չի ներկայացվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սերգեյ Մարդոյանը Քաղաքապետին ուղղված 11.02.2009 թվականի դիմումով խնդրել է թիվ ՎԴ/4292/05/08 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 20.01.2009 թվականի վճռի հիման վրա հաստատել համապատասխան նախագիծը և իրեն տրամադրել Երևանի Հանրապետության փողոցի 62-րդ շենքի թիվ 114 տարածքի աստիճանների վրա շվաքարանի, գովազդային վահանակի և ճակատի ձևավորման շինարարության թույլտվությունը (գ.թ. 9):

2) Ի պատասխան Սերգեյ Մարդոյանի դիմումի` Քաղաքապետարանի 20.03.2009 թվականի թիվ 18-08/2-4283 գրությամբ հայտնվել է, որ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը ՀՀ վարչական դատարանի 20.01.2009 թվականի վճռին համապատասխան 12.05.2008 թվականի հայտի հիման վրա ճարտարապետահատակագծային առաջադրանքը ճանաչում է Սերգեյ Մարդոյանին տրամադրված: Սակայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն` նախագծի մշակման համար տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք` չափորոշիչներով և պահանջներով, որոնք տվյալ դեպքում բացակայում են: Ուստի անհրաժեշտություն է առաջանում ներկայացնել նշված չափորոշիչների վերաբերյալ դատարանի կողմից տրված պարզաբանումը:

Նշված շենքն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի հուշարձան-շենքերի ցանկում: Ուստի հարցին սահմանված կարգով ընթացք տալու համար մինչև Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հետ համաձայնեցնելը, ըստ «տրված» ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջների, շվաքարանի իրականացման նախագիծն անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման գործակալության հետ:

Նկուղային հարկում առկա է ինքնակամ իրականացված 7.1 քմ մակերեսով կցակառույց, ինչը գրանցված է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 14.09.2007 թվականի թիվ 2292443 վկայականում: Անհրաժեշտ է նախապես ճշտել վերջինիս կարգավիճակը (օրինականացնել կամ քանդել):

Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունն իրավասու չէ նախագիծը քննարկել այն դեպքում, երբ շինարարական աշխատանքները սկսված են, և մոնտաժված են մետաղական «կոնստրուկցիաները»:

Նույն գրությամբ հայտնվել է նաև, որ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը նախագծի քննարկմանը կարող է անդրադառնալ վերոգրյալ դիտողությունները սահմանված կարգով կարգավորելուց և տարածքը նախկին տեսքի բերելուց հետո (գ.թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:

i

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» ենթակետի դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած վարչական ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նաև հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի հիման վրա, չխախտեն այլոց իրավունքներն ու ազատությունները: Հետևաբար նշված նորմի բովանդակության մաս պետք է կազմի նաև հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը (տե՛ս ըստ Սերգեյ Գասպարյանի հայցի ընդդեմ Քաղաքապետարանի` վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու, վարչական մարմնին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և շինարարություն իրականացնելու իրավունքը ճանաչելու պահանջների մասին, թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2009 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ Սերգեյ Մարդոյանի 11.02.2009 թվականի դիմումի վերաբերյալ Քաղաքապետարանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա ժամկետում որևէ վարչական ակտ չի ընդունել: Հետևաբար Սերգեյ Մարդոյանի դիմումը համարվում է բավարարված, այսինքն` կառուցապատման իրավունքը վերջինիս տրամադրված, և Սերգեյ Մարդոյանը կարող է ձեռնամուխ լինել այդ իրավունքի իրականացմանը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Դատարանը, ճանաչելով Սերգեյ Մարդոյանի կառուցապատման իրավունքը Երևանի Հանրապետության փողոցի 62-րդ շենքի թիվ 114 տարածքի աստիճանների վրա շվաքարանի, գովազդային վահանակի և ճակատի ձևավորման նկատմամբ, գնահատման առարկա չի դարձրել դրա իրավաչափության հարցը, որի դեպքում միայն հնարավոր կլիներ փաստել Սերգեյ Մարդոյանի կողմից հայցվող վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սերգեյ Մարդոյանի պահանջը ենթակա չէ դատարանում քննության հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ճանաչման հայց կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ ներկայացնել վիճարկման կամ պարտավորեցման հայց:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` հնարավոր էր և չէր բացառվում Սերգեյ Մարդոյանի կողմից Քաղաքապետարանի 20.03.2009 թվականի թիվ 18-08/2-4283 գրությունը` որպես միջամտող վարչական ակտ, վերացնելու կամ այն փոփոխելու, ինչպես նաև շինարարության թույլտվությունը տրամադրելու և դրա հիման վրա կառուցապատման իրավունքը ճանաչելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու վերաբերյալ հայցերի ներկայացման հնարավորությունը (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերոնշյալ որոշումը):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի ուժով Դատարանի վճիռը բեկանելու և սույն վարչական գործի վարույթը կարճելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ և 118-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.12.2009 թվականի վճիռը և գործի վարույթը կարճել:

2. Սերգեյ Մարդոյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2010
N ՎԴ/1689/05/09
Որոշում