Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 188-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 188-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 10-ՐԴ, 56-Ր ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական դատարանի որոշում
ՎԴ/5664/05/08
2010 թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/5664/05/08
Նախագահող դատավոր`  Ա. Ղազարյան 

   

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
  Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
 Է. Հայրիյանի

    

 

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետարանի և Գնել Պապիկյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 02.11.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) և Գնել Պապիկյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Տատյանա, Գեղամ Առաքելյանների, Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների, երրորդ անձ Արման Ներսիսյանի` հողամասի նկատմամբ Արման Ներսիսյանի սեփականության իրավունքի գրանցումը, Արման Ներսիսյանի և Արամ Գրիգորյանի միջև 30.03.2004 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արամ Գրիգորյանի սեփականության իրավունքի գրանցումը, Արամ Գրիգորյանի և Տատյանա Առաքելյանի միջև 02.04.2004 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Տատյանա և Գեղամ Առաքելյանների սեփականության իրավունքի գրանցումը, տնամերձ հողամասի նկատմամբ Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և Տատյանա, Գեղամ Առաքելյաններին ինքնակամ շինությունն ու պարիսպը քանդելուն, ճանապարհի սահմանները 1993 թվականի սիտուացիոն պլանի համաձայն վերականգնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գյուղապետարանը և Գնել Պապիկյանը պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել 1190 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Արման Ներսիսյանի սեփականության իրավունքի գրանցումը, Արման Ներսիսյանի և Արամ Գրիգորյանի միջև 30.03.2004 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արամ Գրիգորյանի սեփականության իրավունքի գրանցումը, Արամ Գրիգորյանի և Տատյանա Առաքելյանի միջև 02.04.2004 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Տատյանա և Գեղամ Առաքելյանների սեփականության իրավունքի գրանցումը և 0.326 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև Տատյանա, Գեղամ Առաքելյաններին պարտավորեցնել քանդել ինքնակամ շինությունն ու պարիսպը և 1993 թվականի սիտուացիոն պլանի համաձայն վերականգնել ճանապարհի սահմանները:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.11.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Գյուղապետարանը և Գնել Պապիկյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Գնել Պապիկյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 23-րդ, 24-րդ, 113-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է սույն գործով ներկայացված հայցապահանջի մի մասը` Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Էմմա, Սաթենիկ Գրիգորյանների սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը, և այդ մասով ընդհանրապես քննություն չի կատարել:

Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Գնել Պապիկյանը որևէ կերպ չի հիմնավորել, որ վիճելի հողատարածքը ոչ թե 1190 քմ, այլ 1100 քմ է: Մինչդեռ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես` 13.04.1993 թվականի առուծախի պայմանագիրը և 27.04.2007 թվականի արխիվային տեղեկանքը, որոնցով հիմնավորվում է Արաքսի Սարգսյանի կողմից Արման Ներսիսյանին 1100 քմ մակերեսով հողամաս վաճառելու հանգամանքը:

Դատարանը թեև հաստատված է համարել, որ 1190 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքը առուվաճառքի պայմանագիրն է, սակայն գտել է, որ Տատյանա և Գեղամ Առաքելյաններին պատկանող տնամերձ հողամասը գրանցվել է քարտեզագրման և համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակների համաձայն, մինչդեռ գործով դրա վերաբերյալ որևէ ապացույց չկա:

Դատարանը կադաստրային գործում գտնվող ճանապարհի սիտուացիոն պլանը վերաբերելի ապացույց չի համարել` պատճառաբանելով, որ այն կազմվել է մասնավոր անձանց կողմից և նրանց կամքով: Մինչդեռ նշված փաստաթուղթը սույն վեճի լուծման առումով գլխավոր ապացույցն է և ի պաշտոնե կազմվել է Կադաստրի և Գյուղապետարանի ներկայացուցիչների կողմից:

Բացի այդ, Դատարանը ուշադրություն չի դարձրել նշված սիտուացիոն պլանի կեղծված լինելու հանգամանքին, իսկ այդ կապակցությամբ Գնել Պապիկյանի ներկայացուցչի կատարած դատաձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունն առանց որևէ պատճառաբանության մերժել է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 02.11.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

i

2.1 Գյուղապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 56-րդ, 60-րդ հոդվածները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գտել է, որ Կադաստրի կողմից Գյուղապետարանի որևէ իրավունք չի խախտվել, և սույն գործով Գյուղապետարանը հայց ներկայացնելու իրավունք չուներ:

Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ վիճելի ճանապարհը որևէ քաղաքացու սեփականությունը չի կարող հանդիսանալ, այն բնակավայրերի հողերի` ընդհանուր օգտագործման հողերի շարքին է դասվում և համայնքային սեփականություն է, հետևաբար սեփականության իրավունքի վիճարկվող պետական գրանցումները կատարելիս խախտվել է համայնքի սեփականության իրավունքը:

Բացի այդ, Դատարանը քննության առարկա չի դարձրել ինքնակամ շինությունը քանդելու հարցը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 02.11.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 13.04.1993 թվականի առուծախի պայմանագրի համաձայն` Արաքսի Սարգսյանը ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող 1100 քմ մակերեսով տնամերձ հողամասը վաճառել է Արման Ներսիսյանին (հ. 1, գ.թ. 21):

2) 05.03.2004 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1779752 վկայականի և Կադաստրի 21.05.2008 թվականի գրության համաձայն` վերը նշված առուծախի պայմանագրի հիման վրա 05.03.2004 թվականին գրանցվել է Արման Ներսիսյանի սեփականության իրավունքը 1190 քմ մակերեսով հողամասի նկատմամբ (հ. 1, գ.թ. 23, հ. 2, գ. թ. 4):

3) Կադաստրային գործում առկա 30.03.2004 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի և 01.04.2004 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1619346 վկայականի համաձայն` Արման Ներսիսյանը ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող 1190 քմ մակերեսով տնամերձ հողամասը վաճառել է Արամ Գրիգորյանին, և այդ գործարքից ծագած սեփականության իրավունքը 01.04.2004 թվականին ենթարկվել է պետական գրանցման:

4) Կադաստրային գործում առկա 02.04.2004 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի և 06.04.2004 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1619386 վկայականի համաձայն` Արամ Գրիգորյանը ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող 1190 քմ մակերեսով տնամերձ հողամասը վաճառել է Տատյանա Առաքելյանին, և նշված հողամասի նկատմամբ 06.04.2004 թվականին գրանցվել է Տատյանա և Գեղամ Առաքելյանների ընդհանուր սեփականության իրավունքը:

5) Կադաստրի 18.07.2008 թվականի գրության և կադաստրային գործում գտնվող 05.12.2006 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1574461 վկայականի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող 0.326 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ գրանցվել է Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հ. 2, գ.թ. 4):

6) Ըստ գործում առկա սիտուացիոն պլանի` Գնել Պապիկյանի, Տատյանա և Գեղամ Առաքելյանների, ինչպես նաև Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների բնակելի տները և տնամերձ հողամասերը գտնվում են հարևանությամբ, և դրանց միջև առկա է 5.50 մ լայնությամբ ընդհանուր ճանապարհ (հ. 1, գ.թ. 26):

7) Կադաստրային գործում առկա նույն սիտուացիոն պլանում Գնել Պապիկյանի, Տատյանա և Գեղամ Առաքելյանների, ինչպես նաև Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների բնակելի տների ու տնամերձ հողամասերի միջև առկա ընդհանուր ճանապարհի լայնությունը նշված է 2.18 մ:

8) Սույն գործում առկա սիտուացիոն պլանում և կադաստրային գործում եղած սիտուացիոն պլանում առկա ընդհանուր ճանապարհի չափերի հակասությունը պարզելու համար Գնել Պապիկյանի ներկայացուցիչը միջնորդել է նշանակել դատաձեռագրաբանական և փաստաթղթաբանական համալիր փորձաքննություն, սակայն Դատարանի 08.07.2009 թվականի որոշմամբ միջնորդությունը մերժվել է (հ. 2, գ.թ. 73, 97-100, 155):

9) 08.07.2009 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` վկա Ռուբիկ Սարիբեկյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 1100 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի ժամանակ գնորդը` Արման Ներսիսյանը և վաճառողն իր և կադաստրի ներկայացուցչի մասնակցությամբ որոշել են, որ ճանապարհի լայնությունը պետք է լինի 5.50 մ, ինքն ու կադաստրի ներկայացուցիչը ստորագրել են այդ փաստաթուղթը, իսկ գյուղապետն այն հաստատել է (հ. 2, գ.թ. 97-100, 155):

10) ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչատուգանային հանձնաժողովի 25.07.2008 թվականի որոշման համաձայն` առանց թույլտվության Գնել Պապիկյանի ճանապարհամերձ հատվածում շինարարական աշխատանքներ կատարելու համար Տատյանա Առաքելյանը ենթարկվել է վարչական տուգանքի` 100.000 ՀՀ դրամի չափով (հ. 1, գ.թ. 36):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գնել Պապիկյանի վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ապացույցը գնահատելու կամ փաստը հաստատելու համար դատարանին կօգնի գիտական, տեխնիկական կամ այլ հատուկ իմացությունը, ապա անձը, որն իր կրթության, ունակության, հմտության կամ փորձի շնորհիվ կարող է փորձագետ համարվել, կարող է դատարանին ցուցմունք տալ տվյալ ապացույցի կամ փաստի վերաբերյալ եզրակացության ձևով: Նույն օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է նշանակել փորձագետ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում մեկնաբանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը:

i

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու համար դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Գնել Պապիկյանի, Տատյանա և Գեղամ Առաքելյանների, ինչպես նաև Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների բնակելի տները և տնամերձ հողամասերը գտնվում են հարևանությամբ, և դրանց միջև առկա է ընդհանուր ճանապարհ: 13.04.1993 թվականի առուծախի պայմանագրի հիման վրա Արման Ներսիսյանը ձեռք է բերել 1100 քմ մակերեսով հողամաս, սակայն 05.03.2004 թվականին նրա սեփականության իրավունքը գրանցվել է 1190 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հետագայում, առուվաճառքի պայմանագրերի համաձայն նշված 1190 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է նախ Արամ Գրիգորյանի, այնուհետև Տատյանա և Գեղամ Առաքելյանների սեփականության իրավունքը: ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող 0.326 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ գրանցվել է Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Վկա Ռուբիկ Սարիբեկյանի ցուցմունքի համաձայն` 1100 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի ժամանակ ընդհանուր ճանապարհի լայնությունը որոշվել է 5.50 մ: Ընդ որում, սույն գործում առկա սիտուացիոն պլանում վերը նշված ընդհանուր ճանապարհի լայնությունը 5.50 մ է, իսկ կադաստրային գործում առկա նույն սիտուացիոն պլանում` 2.18 մ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն այն է, թե սույն գործով կողմերի բնակելի տների և տնամերձ հողամասերի միջև առկա ընդհանուր ճանապարհի չափերը փոխվել են, թե ոչ: Հետևաբար միայն նշված փաստը պարզելուց հետո դատարանը գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ կարող է հաստատել տվյալ փաստի առկայությունը կամ բացակայությունը:

Սույն գործով Դատարանը մերժել է գործում առկա սիտուացիոն պլանում և կադաստրային գործում եղած նույն սիտուացիոն պլանում առկա ընդհանուր ճանապարհի չափերի հակասությունը պարզելու համար դատաձեռագրաբանական և փաստաթղթաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին Գնել Պապիկյանի ներկայացուցչի միջնորդությունը` պատճառաբանելով, որ փորձաքննության ենթարկվելիք փաստաթղթի նշանակությունը սույն գործի համար էական չէ, ինչպես նաև նշված սիտուացիոն պլանն ապացույց չի դիտել` նկատի ունենալով, որ անկախ գյուղական խորհրդի գործկոմի կողմից հաստատվելու հանգամանքից այն կազմվել է առանց որևէ օրենքով սահմանված իրավական հիմքի և մասնավոր անձանց կամքով: Միաժամանակ Դատարանը նշել է, որ Գնել Պապիկյանը չի ներկայացրել որևէ ապացույց, որ վիճելի հողատարածքը եղել է ոչ թե 1190 քմ, այլ` 1100 քմ:

Մինչդեռ գործում առկա սիտուացիոն պլանի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը պարզեց, որ այն կազմվել է ընդհանուր ճանապարհից օգտվող անձանց համաձայնությամբ, Գառնիի գյուղխորհրդի գործկոմի ինժեների ներկայությամբ և հաստատված է Գառնիի գյուղխորհրդի գործկոմի նախագահի ստորագրությամբ ու կնիքով, այսինքն` այն տեղական ինքնակառավարման մարմնի ակտ է: Հետևաբար նշված ապացույցը վերաբերելի է սույն վարչական գործին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը, տվյալ դեպքում փորձաքննության նշանակումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ: Հետևաբար Դատարանը պարտավոր էր հայեցողական լիազորություն իրականացնել և փորձաքննություն նշանակել` գործում առկա սիտուացիոն պլանում և կադաստրային գործում եղած նույն սիտուացիոն պլանում առկա ընդհանուր ճանապարհի չափերի հակասությունը պարզելու համար:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 13.04.1993 թվականի առուծախի պայմանագրով հիմնավորվում է Արման Ներսիսյանի կողմից 1100 քմ մակերեսով հողամաս ձեռք բերելու հանգամանքը, այնինչ նրա սեփականության իրավունքը գրանցվել է 1190 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այսինքն` Դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել նշված ապացույցը և չի պարզել, թե 13.04.1993 թվականի պայմանագրով ձեռք բերված 1100 քմ մակերեսով հողամասը 90 քմ մակերեսով վիճելի ճանապարհի հաշվին է ավելացել, թե ոչ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվել է նաև 0.326 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների սեփականության իրավունքի գրանցումն այն հիմքով, որ այդ գրանցմամբ էլ են խախտվել վիճելի ճանապարհի սահմանները, մինչդեռ Դատարանն ընդհանրապես քննության առարկա չի դարձրել Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը, որպիսի պայմաններում խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` բողոք բերած անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, չպարզելով Արման Ներսիսյանի, Արամ Գրիգորյանի, Տատյանա, Գեղամ Առաքելյանների և Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների սեփականության իրավունքի գրանցմամբ Գնել Պապիկյանի, Տատյանա, Գեղամ Առաքելյանների և Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների բնակելի տների և տնամերձ հողամասերի միջև առկա ընդհանուր ճանապարհի չափերը փոխվելու հանգամանքը, չի որոշել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները և պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները:

 

Գյուղապետարանի վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 

i

ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հողային հարաբերությունների կարգավորման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները սահմանված կարգով տնօրինում են համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը:

i

ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բնակավայրերի հողեր են համարվում բնակավայրերի զարգացման, կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման, բարեկարգման համար նախատեսված հողերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բնակավայրերի հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են`

1) բնակելի կառուցապատման.

2) հասարակական կառուցապատման.

3) խառը կառուցապատման.

4) ընդհանուր օգտագործման հողերի.

5) այլ հողերի:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` ընդհանուր օգտագործման հողեր են համարվում բնակավայրերի այն հողատարածքները, որոնք զբաղեցված են փողոցներով, հրապարակներով, զբոսայգիներով և հանրության կողմից օգտագործվող այլ տարածքներով:

i

ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքային և գյուղական համայնքների սեփականությանն են պատկանում տվյալ համայնքի սահմանագծի ներսում գտնվող հողերը, բացառությամբ պետությանը, քաղաքացիներին, իրավաբանական անձանց և սեփականության այլ սուբյեկտներին պատկանող հողերի:

i

ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ):

i

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են համայնքներին:

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ վեճի առարկա ճանապարհի լայնությունը որոշվել է մասնավոր անձանց և ոչ թե պետական մարմինների կողմից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, հանգել է այն հետևության, որ Կադաստրի կողմից Գյուղապետարանի իրավունքները չեն խախտվել, հետևաբար վերջինս սույն գործով հայց ներկայացնելու իրավունք չուներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:

Տվյալ դեպքում կողմերի միջև ծագած վեճը վերաբերում է համայնքի սահմանագծի ներսում գտնվող հողամասին` Գնել Պապիկյանի, Տատյանա և Գեղամ Առաքելյանների, ինչպես նաև Արամ, Սոֆիկ, Վահրամ, Լիլիթ, Սաթենիկ Գրիգորյանների ընդհանուր օգտագործման ճանապարհին, որը համայնքային սեփականություն է, իսկ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով այն չի կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն ուղղակիորեն առնչվում է Գյուղապետարանի իրավունքներին, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Գյուղապետարանը սույն հայցով դատարան դիմելու իրավունք ուներ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը քննության առարկա չի դարձրել Տատյանա, Գեղամ Առաքելյաններին ինքնակամ շինությունն ու պարիսպը քանդելուն և ճանապարհի սահմանները, համաձայն 1993 թվականի սիտուացիոն պլանի, վերականգնելուն պարտավորեցնելու պահանջը, ինչի հետևանքով խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` Գյուղապետարանի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.11.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2010
N ՎԴ/5664/05/08
Որոշում