Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական դատարանի որոշում
ՎԴ/7722/05/08
2010 թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/7722/05/08
Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
  Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի

    

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի Էրեբունի վարչական շրջանի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.11.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արմեն Աթանեսյանի ընդդեմ Երևանի Էրեբունի համայնքի` 09.12.2008 թվականի թիվ 1-33/17 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Աթանեսյանը պահանջել է անվավեր ճանաչել Էրեբունի համայնքի ղեկավարի 09.12.2008 թվականի թիվ 1-33/17 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 09.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Աթանեսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն Արմեն Աթանեսյանի հայցը բավարարելու հիմքում դրել է պատճառաբանությունն այն մասին, որ «որպեսզի անձի համար վրա հասնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայի կիրառումը, պարտադիր պայման է հանդիսանում ժամկետանց ապրանք վաճառելը: «Աթանեսյանի Գնդապետ Կամո» ՍՊԸ-ում հսկողություն իրականացնող տեսուչները պարզապես պարտավոր էին արձանագրությունը կազմելիս, իսկ համայնքի ղեկավարն իր 2008 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 1-33/17 որոշումը կայացնելիս հիմնավորել, որ հայտնաբերված ժամկետանց ապրանքներն իսկապես վաճառվել են, այլ ոչ թե պահվել են առաքվող ֆիրմային վերադարձնելու նպատակով»:

Վաճառել եզրույթը Դատարանի կողմից մեկնաբանվել է ոչ այլ կերպ, քան ապրանքը ձեռքից ձեռք փոխանցելու պահը: Այնինչ վաճառել հասկացության տակ պետք է հասկանալ վաճառելու նպատակով ապրանքատեսականու ցուցադրում, ինչն էլ իրականացվել է Արմեն Աթանեսյանի կողմից, քանի որ վաճառասրահի սառնարանը ցուցադրական է, այսինքն` ապակյա ցուցափեղկով, որտեղ վաճառքի համար ցուցադրված ապրանքատեսականու կողքին հայտնաբերվել են ժամկետանց ապրանքներ:

Դատարանն արդարադատություն իրականացնելու, ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պետք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածների կիրառմամբ գնահատեր գործում առկա ապացույցները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.11.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանը, կատարելով բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, կայացրել է օրինական վճիռ: Գործի հանգամանքները ցույց են տալիս, որ վիճարկվող որոշումը կայացվել է օրենքի պահանջների խախտմամբ: Այն ապրանքը, որի համար կայացվել է վիճարկվող որոշումը, գտնվել է սառնարանի պահեստային մասում, որը խանութ մտնող հաճախորդների համար տեսանելի չէ ու չի ցուցադրվել որպես վաճառվող ապրանք: Այսինքն` չի առաջարկվել գնորդներին և թողնվել է սառնարանի պահեստային մասում` մատակարարին վերադարձնելու համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի 25.11.2008 թվականի թիվ 13 հանձնարարագրի հիման վրա Էրեբունի համայնքի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի մասնագետներ Ահարոն Մարգարյանին և Կարեն Վաղարշյանին հանձնարարվել է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների սահմաններում «Աթանեսյանի Գնդապետ Կամո» ՍՊԸ-ում կատարել հսկողություն առևտրի և ծառայությունների ոլորտում, որի համար սահմանվել է ժամկետ 2008 թվականի նոյեմբերի 25-26-ը (գ.թ. 4):

2) Իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտման վերաբերյալ 26.11.2008 թվականի թիվ 12 արձանագրությամբ արձանագրվել է, որ առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի խախտում (գ.թ. 22):

3) Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի 09.12.2008 թվականի թիվ 1-33/17 որոշմամբ Արմեն Աթանեսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 100.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 19):

4) Դատարանը 23.04.2009 թվականին նշանակված նախնական դատական նիստին ապացույցների բեռի բաշխման կանոնին համապատասխան պատասխանող Էրեբունու թաղապետարանի ներկայացուցչին հանձնարարել է ներկայացնել ապացույցներ, մասնավորապես պատասխանողի կողմից վկայակոչած այն լուսանկարները, որոնք վկայում են այն մասին, որ ժամկետանց ապրանքը ստուգման ժամանակ գտնվել է հաճախորդների համար տեսանելի և մատչելի վայրում: Ընդ որում, պատասխանողի ներկայացուցչի կողմից Դատարանի հանձնարարության կատարումն ապահովելու համար որոշվել է հրավիրել ևս մեկ նախնական նիստ 12.09.2009 թվականին` ժամը 16.00-ին (գ.թ. 32):

5) 12.09.2009 թվականին նշանակված նախնական դատական նիստին Դատարանը պարզաբանել է նախորդ դատական նիստի հետաձգման շարժառիթները և պատասխանողի ներկայացուցչից ստացել պատասխան, որ Դատարանի կողմից պահանջված ապացույցները չեն պահպանվել (գ.թ. 41):

6) Վարչական գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ ժամկետանց ապրանքները պահվել են վաճառքի համար նախատեսված վաճառասրահի ցուցադրական և տեսանելի մասում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը տալիս է վտանգավոր սննդամթերք հասկացության սահմանումը, համաձայն որի` սննդամթերք, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար:

i

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը և վտանգավոր սննդային հավելումները ենթակա են առանձին հաշվառման ու պահման, շուկայից հետկանչման և փորձաքննության:

i

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` արգելվում է պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի վերափաթեթավորումը և իրացումը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ պիտանիության ժամկետն անցած սննդամթերքը համարվում է վտանգավոր սննդամթերք, քանի որ դրա սպառումը վնասակար է մարդու կյանքին ու առողջությանը: Հետևաբար պիտանիության ժամկետն անցած սննդամթերքը պետք է ենթարկվի առանձին հաշվառման և պահման:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պիտանիության ժամկետն անցած ապրանքներ վաճառելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի ուժով սահմանված զանցանքը դրսևորվում է ինչպես պիտանիության ժամկետն անցած ապրանքներն ուղղակի վաճառելով, այնպես էլ այդ ապրանքները վաճառասրահի հատուկ կահավորված վայրերում վաճառելու համար` հաճախորդներին տեսանելի վայրերում ցուցադրելով:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը, գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի ուժով վարչական տուգանքը` որպես վարչական պատասխանատվության միջոց, ծագում է նաև պիտանիության ժամկետն անցած ապրանքը վաճառելու նպատակով` հաճախորդների համար տեսանելի վայրում ցուցադրված լինելու հանգամանքի առկայության դեպքում:

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայի կիրառման համար պարտադիր պայման է հանդիսանում ժամկետանց ապրանքը վաճառելը, հաստատված է համարել, որ հսկողություն իրականացրած տեսուչները պարտավոր էին արձանագրությունը կազմելիս, իսկ Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարն իր 09.12.2008 թվականի թիվ 1-33/17 որոշումը կայացնելիս հիմնավորել, որ հայտնաբերված ժամկետանց ապրանքներն իսկապես վաճառվել են և ոչ թե պահվել առաքող կազմակերպությանը վերադարձնելու նպատակով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կարևորելով ժամկետանց ապրանքը վաճառելու պահը, սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված նյութական նորմի խախտումը հիմք չէ դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի դատական ակտերի վճռաբեկ դատարան բողոքարկման կարգի և գործի վարույթի վրա (mutatis mutandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե որն է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը, և որ կողմը պետք է կրի այդ փաստի ապացուցման դատավարական բեռը:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Սույն վարչական գործի փաստերի համադրության արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի պիտանիության ժամկետն անցած ապրանքը վաճառելու նպատակով` հաճախորդների համար տեսանելի վայրում ցուցադրված լինելու հանգամանքը, որը ապացուցելու պարտականությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի ուժով դրված է վարչական մարմնի վրա:

Սույն գործի փաստերի համաձայն` 23.04.2009 թվականին նշանակված նախնական դատական նիստին Դատարանն ապացույցների բեռի բաշխման կանոնին համապատասխան պատասխանողին հանձնարարել է ներկայացնել ապացույցներ, մասնավորապես պատասխանողի կողմից վկայակոչած այն լուսանկարները, որոնք վկայում են, որ ժամկետանց ապրանքը ստուգման ժամանակ գտնվել է հաճախորդների համար տեսանելի և մատչելի վայրում: Նշված ապացույցը ներկայացնելու համար նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 12.09.2009 թվականին` ժամը 16.00-ին: Նշանակված նախնական դատական նիստին պատասխանողի կողմից պահանջված ապացույցը չի ներկայացվել այն պահպանված չլինելու պատճառաբանությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն ի պաշտոնե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պարզել է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը այն ապացուցելու պարտականությունն օրենքի ուժով պատասխանող կողմի վրա դնելով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն այդ փաստի պարզման համար ողջամիտ միջոցներ է ձեռնարկել և վարչական մարմնի կողմից գործի համար էական նշանակություն ունեցող փաստը չապացուցելու պայմաններում հաստատված համարել, որ այն բացակայում է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն փաստարկը, որ Դատարանը կատարել է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և կայացրել գործող օրենսդրության պահանջներից, գործի նյութերից և հանգամանքներից բխող հիմնավոր վճիռ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

i

Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 05.11.2009 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2010
N ՎԴ/7722/05/08
Որոշում