Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳ ...

 

 

020.0933.250111

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 427-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻ, 429-ՐԴ ԵՎ 430-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 հունվարի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչներ Տ. Սաֆարյանի, Ա. Ճուղուրյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Կարեն Հարությունյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի երկրորդ մասի, 429-րդ և 430-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Կ. Հարությունյանի` 11.08.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի վիճարկվող դրույթները և հոդվածները զետեղված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ 12-րդ բաժնի նույնանուն 49-րդ գլխում:

Օրենսգրքի 427-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասում սահմանված է. «...2. Օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո»:

Օրենսգրքի 429-րդ և 430-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են դատական որոշումն ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքները և դատական որոշման վերաբերյալ կասկածների ու անհստակությունների լուծման կարգը:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. օգոստոսի 7-ին կայացրած դատավճռով դիմողին դատապարտել է երեք տարի ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նշանակվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

Վերոհիշյալ դատավճռի դեմ մեղադրողը ներկայացրել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 2007 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ դատավճռի դեմ մեղադրող կողմը ներկայացրել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007թ. սեպտեմբերի 28-ի դատավճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության, այն հիմնավորմամբ, որ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելն անարդարացի է` ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում դատապարտյալի կատարած հանցագործության ծանրությանը և դատապարտյալի անձին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գործի նոր քննության արդյունքում իր` 2008թ. ապրիլի 25-ի որոշմամբ դարձյալ օրինական ուժի մեջ է թողել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007թ. օգոստոսի 7-ին կայացրած դատավճիռը: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Դիմողի վերաբերյալ քրեական գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2008թ. մայիսի 15-ին:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքում դիմողի նկատմամբ կայացված դատավճիռն ստացվել է 2008 թվականի հունիսի 24-ին, և հիմք ընդունելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի. «Փորձաշրջանը հաշվարկվում է դատապարտյալին ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումում, իսկ զինծառայողին` նրա զորամասի հրամանատարության կողմից հաշվառման վերցնելու պահից», փորձաշրջանն սկսվել է հաշվարկվել այդ օրվանից:

Հետագայում, գտնվելով փորձաշրջանի մեջ, դիմողը կատարել է մեկ այլ հանցագործություն, ինչի համար Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հունիսի 23-ի դատավճռով դատապարտվել է ազատազրկման երեք տարի ժամկետով, նախկին դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է, և նախկին դատավճռով նշանակված և չկրած պատժից երկու տարի ժամկետով ազատազրկումը գումարվել է վերջին դատավճռով նշանակված պատժին: Արդյունքում` դիմողի նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում հինգ տարի ժամկետով:

Այնուհետև դիմողը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի ժամկետը հաշվարկել իր նկատմամբ կայացված առաջին դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Միջնորդության հիմքում դիմողի կողմից դրվել է այն փաստը, որ իր նկատմամբ կայացված առաջին դատական ակտը չկատարելու արդյունքում փորձաշրջանի հաշվարկն սկսվել է շուրջ ինն ամիս ուշացումով: Միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավճռի ի կատար ածման փուլում կասկածներ կամ անհստակություններ չկան:

3. Դիմողը որպես օրենսգրքի վիճարկվող 427-րդ հոդվածի երկրորդ մասի հակասահմանադրականության հիմնական փաստարկ ներկայացնում է այն, որ հիշյալ դրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով որ այն չի նախատեսում դատական որոշումները կատարման ուղարկելու հստակ ընթացակարգ:

Օրենսգրքի 429-րդ և 430-րդ հոդվածների առնչությամբ դիմողը գտնում է, որ նշված հոդվածներում առկա է օրենսդրական բաց, որը հնարավորություն չի տալիս դատապարտյալին գործը վերադաս դատական ատյանից չվերադարձվելու կամ ուշ վերադարձվելու և որպես հետևանք` օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ի կատար չածվելու կամ ուշ ի կատար ածվելու դեպքում «իր համար վրա հասած վատ հետևանքները վերացնելու» նպատակով օգտվելու դատական պաշտպանությունից:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, նախ գտնում է, որ դիմողի փաստարկներն ուղղված են միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի հակասահմանադրականությունը հիմնավորելուն, ինչը վկայում է այն մասին, որ դիմողն ըստ էության վիճարկում է միայն նշված նորմի սահմանադրականությունը:

Որոշումը կայացրած դատարանը վերադաս դատական ատյանների կայացրած որոշումների մասին իրազեկվում է միայն համապատասխան դատական ակտը և գործը տվյալ դատարան ուղարկելու միջոցով: Բացի դրանից, դատական որոշումների կատարման ընթացքում երբեմն առաջանում են իրավական բնույթի հարցեր, առանց որոնց լուծման հնարավոր չէ ապահովել դատական որոշումների ի կատար ածումը: Այդ հարցերը քննվում և լուծվում են միայն դատարանի կողմից` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Ըստ պատասխանողի` դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրենսդիրն օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման հանձնելը պայմանավորել է վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործն ստանալու հանգամանքով:

Ըստ պատասխանողի` օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթը համապատասխանում է նաև իրավական որոշակիության սկզբունքին: Այդ դրույթը սահմանում է դատական որոշումը կատարման հանձնելու, պատժի ժամկետի հաշվարկման կարգը:

Վկայակոչելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված` փորձաշրջանի հաշվարկման կարգը, առանձին ենթաօրենսդրական ակտերով սահմանված համապատասխան իրավակարգավորումը` պատասխանողը գտնում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի հաշվարկման կարգը հստակ է և դատապարտյալին հնարավորություն է տալիս հստակ կանխորոշելու իր վարքագիծը և կանխատեսելու դրա հնարավոր հետևանքները:

5. Դիտարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ բաժնի 49-րդ գլխի հոդվածները` իրավակարգավորման առարկայի ամբողջականության մեջ, դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու, դատարանի որոշումը կատարման հանձնելու, դատական որոշումն ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովման, դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծման, դատական որոշման կատարման հետաձգման հարցերով իրավակարգավորման բաց կամ անհստակություն չունեն:

Միաժամանակ, առկա է հասկացութային որոշ անհստակություն: Մասնավորապես, եթե դատական ակտերի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը լուծելիս օրենսդիրն օրենսգրքի նույն 427-րդ հոդվածի 1-ին մասում կիրառում է «դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտ», «դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտ», «վերաքննիչ դատարանի և վճռաբեկ դատարանի դատական ակտեր» եզրույթները (որոնց մեկնաբանությունն ըստ էության տրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում), ապա օրենսգրքի 427-րդ հոդվածի` վիճարկվող 2-րդ մասում, կարգավորելով դատական ակտերի ի կատար ածման հետ կապված հարաբերությունները` օրենսդիրը կիրառում է «դատական որոշում» եզրույթը (այն տեղ է գտել նաև օրենսգրքի 52, 54, 289, 428, 429, 430, 431, 437, 499.15-րդ հոդվածներում):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի վերնագրում նախկինում տեղ է գտել «դատարանի որոշման» բառակապակցությունը, որը հետագայում` 28.11.2007թ. ՀՕ-270-Ն օրենքով փոխարինվել է «դատական ակտերի» բառակապակցությամբ, նույնն էլ վերաբերում է նույն օրենքի հիման վրա վերոհիշյալ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությանը, որտեղ նույնպես «դատարանի որոշում» բառակապակցությունը փոխարինվել է «դատական ակտեր» բառակապակցությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները» վերտառությամբ 6-րդ հոդվածի 9) ենթակետում սահմանվում է «որոշում» եզրույթը` «որոշում` քրեական գործով դատարանի որոշումները, բացի դատավճռից, ինչպես նաև մինչդատական վարույթի ընթացքում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կայացրած որոշումները», իսկ 7) ենթակետում տրվում է «դատավարական որոշումներ» եզրույթի սահմանումը, այն է` «դատավարական որոշումներ` քրեական դատավարության ընթացքում իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ընդունվող` սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ` դատավճիռներ, որոշումներ»: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում «դատական որոշում» եզրույթի որևէ մեկնաբանություն առկա չէ, որը հանգեցնում է հասկացութային անհստակության:

Սահմանադրական դատարանը միևնույն ժամանակ արձանագրում է, որ իրավակիրառական պրակտիկայի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասում տեղ գտած «դատական որոշում» եզրույթը մեկնաբանվում է որպես օրինական ուժի մեջ մտած և կիրառման ենթակա ցանկացած դատական ակտ, ինչը բխում է օրենսդրության տրամաբանությունից: Այսինքն` օրենսգրքի վերոհիշյալ դրույթներում տեղ գտած` վերը նշված հասկացություններն իրավակիրառական պրակտիկայում առկա մեկնաբանության շրջանակներում չեն առաջացնում իրավական անորոշություն և դրա արդյունքում` անձանց սահմանադրական իրավունքների խախտման վտանգ:

6. Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ գործը վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանից առաջին ատյանի դատարան ուղարկելու առանձին ընթացակարգ: Դա վերաբերում է նաև հիշյալ դատարաններից գործն առաջին ատյանի դատարան ուղարկելու հստակ ժամկետներին, որով անմիջականորեն պայմանավորված են մի շարք պատժամիջոցների հաշվարկման ժամկետները: Սակայն հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման նպատակն ու առարկան` սահմանադրական դատարանը գտնում է, որ վերը նշված բացը պայմանավորված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի առկա ձևակերպմամբ:

i

Իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864 և ՍԴՈ-914 որոշումներում իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումը հանդիսանում է օրենսդիր իշխանության իրավասությունը: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումների` «Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է»: Հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները` սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավունքի բացի վերաբերյալ ՍԴՈ-864 և ՍԴՈ-914 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև սույն գործի շրջանակներում:

7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 429-րդ հոդվածի առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ հոդվածի առանձին դրույթներ, մասնավորապես, 429-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերությունները, 4-րդ մասի երկրորդ նախադասությունը դիմողի նկատմամբ չեն կիրառվել:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածի մյուս դրույթներին և 430-րդ հոդվածին, ապա դրանց առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ հաշվի չի առնված «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև:

Նշված պահանջը չկատարելու պարագայում` սահմանադրական դատարանը հաշվի առնելով 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար», գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ և 430-րդ հոդվածների առնչությամբ դիմումն ակնհայտ անհիմն է:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն. «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը ... գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի երկրորդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի պահանջների հիման վրա` գործի վարույթը մասամբ` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ և 430-րդ հոդվածների մասով, կարճել:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 հունվարի 2011 թվականի

ՍԴՈ-933

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.01.2011
N ՍԴՈ-933
Որոշում