Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ, 53-ՐԴ, 130-ՐԴ ԵՎ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0985/02/09

    դատարանի որոշում                                               2010 թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0985/02/09

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի        

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի            

                                              Վ. Աբելյանի            

                                              Ս. Անտոնյանի           

                                              Վ. Ավանեսյանի          

                                              Ա. Բարսեղյանի          

                                              Գ. Հակոբյանի           

                                              Է. Հայրիյանի           

                                              Տ. Պետրոսյանի          

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Խաչիկ Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Խաչիկ Թադևոսյանի` 867.162 ՀՀ դրամ (որից 850.159 ՀՀ դրամը` որպես պարտքի գումար, 17.003 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար) բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Խաչիկ Թադևոսյանից 867.162 ՀՀ դրամ, որից 850.159 ՀՀ դրամը` որպես պարտքի գումար, 17.003 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.04.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.07.2010 թվականի որոշմամբ Դատարանի 13.04.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով Վճռաբեկ բողոք է ներկայացրել Խաչիկ Թադևոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 130-րդ և 221-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 որոշումը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել «Շրջանառու տեղեկանք» ապացույցը, քանի որ դրանում նշված են բաժանորդին մատուցված ծառայությունները, այնուհանդերձ «Շրջանառու տեղեկանք»-ից չի երևում պայմանագրերի հիման վրա Խաչիկ Թադևոսյանին տրամադրված 091-42-12-20, 091-19-11-24 և 091-19-12-54 հեռախոսահամարների համար հաշվարկված գումարներն իր ելքային հեռախոսազանգերինն են, թե` ոչ, և հետևաբար այդ գումարների վճարումը Խաչիկ Թադևոսյանի պարտավորությունն է, թե` ոչ:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 նախադեպային որոշմանը, սխալ է մեկնաբանել այն, որի արդյունքում հանգել է սխալ եզրակացության: Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ ամրագրել է, որ «Շրջանառու տեղեկանք»-ը բավարար չէ հայցվող գումարի չափը հիմնավորելու համար: Վերաքննիչ դատարանը, չներկայացնելով որևէ ծանրակշիռ փաստարկ, չի կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 նախադեպային որոշումը:

Վերոգրյալի հիման վրա Խաչիկ Թադևոսյանը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.07.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.04.2010 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Խաչիկ Թադևոսյանը 07.02.2007 և 29.03.2007 թվականներին բաժանորդագրության համար դիմել է Ընկերությանը` կատարելով համապատասխան վճարումներ, և կողմերի միջև կնքվել է պայմանագրեր, որոնց հիման վրա հատկացվել են 091-42-12-20, 091-19-11-24 և 091-19-12-54 բջջային հեռախոսահամարները: Հետևաբար, Խաչիկ Թադևոսյանը կրում է բաժանորդների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես` մատուցված ծառայությունների համար պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով կատարել վճարումներ: Ընկերությունը Դատարան է ներկայացրել Խաչիկ Թադևոսյանի պարտքը հիմնավորող, պարտքի կուտակման ժամանակահատվածի` 2007 թվականի փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների շրջանառու տեղեկանքը, որը յուրաքանչյուր ամսվա համար պարունակում է պարտքի մնացորդը ժամանակահատվածի սկզբին, ամսական վարձը, խոսակցությունների և միանվագ ծառայությունների վարձերը, ԱԱՀ-ն, վճարումները հաշվետու ժամանակահատվածի վերջում (առկայության դեպքում), ինչպես նաև բացվածք, որի համաձայն` յուրաքանչյուր հեռախոսահամարի համար առանձին նշված է մատուցված ծառայությունների ծավալը, տեսակը, զանգերի ուղղությունները և յուրաքանչյուր ծառայության համար նրա արժեքն ըստ ամիսների:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 07.02.2007 թվականին և 29.03.2007 թվականին Ընկերության և Խաչիկ Թադևոսյանի միջև կնքվել է թիվ 90383, թիվ 92257 և թիվ 92258 բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրերը: Պայմանագրերի հիման վրա Խաչիկ Թադևոսյանին հատկացվել է 091 42-12-20, 091 19-11-12 և 091 19-12-54 բջջային հեռախոսահամարները (գ.թ.4,6):

2. Ընկերության կողմից ներկայացված «Շրջանառու տեղեկանք»-ի համաձայն` բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման համար Խաչիկ Թադևոսյանի պարտքը կազմում է 850.159 /ութ հարյուր հիսուն հազար հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ (գ.թ. 8-11):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նշված հոդվածը վկայում է, որ յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Սույն գործով Դատարանը, մերժելով Ընկերության հայցը, պատճառաբանել է, որ հայցապահանջում նշված գումարը հիմնավորելու համար Դատարան է ներկայացվել «շրջանառու տեղեկանք», որում նշված է Խաչիկ Թադևոսյանի յուրաքանչյուր ամսվա համար ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը, սակայն չի ներկայացվել դրա գոյացման հիմքերը հիմնավորող ապացույցները:

Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես` «շրջանառու տեղեկանքը» պատշաճ ապացույց չհամարելով` չի նշել դրա վերաբերյալ որևէ իրավական հիմնավորում: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները տվյալ դեպքում կիրառելի չեն` նկատի ունենալով, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 որոշման և սույն գործով Դատարանի կողմից որպես նախադեպ կիրառված Վճռաբեկ դատարանի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները նույնական չեն:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել է հայցապահանջը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը` Պայմանագիրը, որով հավաստվում է Ընկերության կողմից բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման և Խաչիկ Թադևոսյանի կողմից դրա դիմաց վճարելու պարտականությունը, «Շրջանառու տեղեկանք» կոչվող փաստաթուղթը, որն արտահայտում է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար նշված ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյո՞ք Խաչիկ Թադևոսյանի կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 գործի փաստական հանգամանքները նույնական են սույն գործի փաստական հանգամանքների հետ` և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար:

ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը:

Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 գործի փաստական հանգամանքների համաձայն` Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել էր հայցապահանջը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը` Պայմանագիրը, որով հավաստվում է Ընկերության կողմից բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման և բաժանորդի կողմից դրա դիմաց վճարելու պարտականությունը, «շրջանառու տեղեկանք» կոչվող փաստաթուղթը, որն արտահայտում է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար նշված ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը: Վերոգրյալի հիման վրա նույն գործով Վճռաբեկ դատարանը գտել էր, որ «Շրջանառու տեղեկանք»-ը բավարար չէ հայցվող գումարի չափը հիմնավորելու համար: Մասնավորապես` վերոնշյալ տեղեկանքում միայն նշված է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը, իսկ այդ գումարի գոյացման հիմքը հիմնավորող ապացույց դատարան չի ներկայացվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե սույն քաղաքացիական գործի և թե Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական են: Մասնավորապես, թե սույն քաղաքացիական գործի և թե Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներն են` Պայմանագիրը, որով հավաստվում է Ընկերության կողմից բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման և բաժանորդի կողմից դրա դիմաց վճարելու պարտականությունը, «Շրջանառու տեղեկանք» կոչվող փաստաթուղթը, որն արտահայտում է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար նշված ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը: Մասնավորապես, նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ««Շրջանառու տեղեկանք»-ը բավարար չէ հայցվող գումարի չափը հիմնավորելու համար: Մասնավորապես` վերոնշյալ տեղեկանքում միայն նշված է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը, իսկ այդ գումարի գոյացման հիմքը հիմնավորող ապացույց դատարան չի ներկայացվել»:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 գործով կայացված որոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով նույնական փաստական հանգամանքների առկայությունը բավարար է` Ընկերության պահանջը` Խաչիկ Թադևոսյանից 867.162 ՀՀ դրամ բռնագանձելու մասին մերժելու համար:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ սույն գործի փաստական հանգամանքները նույնական չեն Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 գործի հետ, և Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 որոշումը պարտադիր չէ Վերաքննիչ դատարանի համար, թույլ է տվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.04.2010 թվականի վճռին:

2. «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 25.505 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

|Պխ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2010
N ԱՎԴ/0985/02/09
Որոշում