ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
8 դեկտեմբերի 2011 թվականի N 48
22. ԱՆՁԻ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄՈԴԵԼԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
1) անձի պահպանված աշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) անձի պահպանված աշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թ. դեկտեմբերի 8-ի նիստի
N 48 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԱՆՁԻ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄՈԴԵԼԻ
I. Ներածություն
1. Վերջին տասնամյակում Հայաստանում սկիզբ է առել և աստիճանաբար արմատավորվում է հաշմանդամների նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված արդիական մոտեցումների և սկզբունքների որդեգրման գործընթացը: Փոփոխության է ենթարկվել թե հասարակության վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ, և թե հաշմանդամների վերաբերմունքը իրենց հիմնախնդիրների նկատմամբ:
2. Համահունչ լինելով համաշխարհային մոտեցումներին, մեր պետությունը որդեգրել է հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված քաղաքականություն, ինչը ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովում, նրանց համար հասարակության մյուս անդամների հետ հավասար պայմանների ստեղծում:
3. 2006 թ. ՄԱԿ-ի կողմից Հաշմանդամների իրավունքների կոնվենցիայի ընդունումը, 2007 թ. մարտ ամսին Հայաստանի Հանրապետության կողմից դրա ստորագրումը, իսկ 2010 թ. մայիսին` վավերացումը, նախատեսում է Կոնվենցիայի դրույթներին համահունչ` հաշմանդամներին հասարակություն ներառմանն ուղղված քայլերի ակտիվացում, օրենսդրական դաշտի նորացում, որոշ մոտեցումների փոփոխություն: Ներկայումս հաշմանդամների ոլորտի քաղաքականությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն, որից ելնելով նաև անհրաժեշտություն է առաջանում վերանայել ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը, այն համապատասխանեցնելով Կոնվենցիայի դրույթներին:
II. Առկա վիճակը
Հաշմանդամության ոլորտի վիճակագրությունը և բնութագիրը
4. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների թիվը կազմում է 172356 հազար մարդ (01.07.2011 թ. դրությամբ), այսինքն` նշված թվով մարդ, հիվանդությունների, վնասվածքների կամ խեղումների հետևանքով, ունի կենսագործունեության սահմանափակում կամ սահմանափակ կարողություններ և սոցիալական աջակցության ու համապատասխան պայմանների ապահովման կարիք:
Հաշմանդամների ընդհանուր թվից`
1-ին խմբի հաշմանդամներ - 11033
2-րդ խմբի հաշմանդամներ - 85783
3-րդ խմբի հաշմանդամներ - 67552
հաշմանդամ երեխաներ - 7988
5. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների թվի դինամիկայի վերլուծությունը վկայում է, որ վերջին չորս տարիների ընթացքում տեղի է ունեցել հաշմանդամների թվի աճ բոլոր տարիքային խմբերում, միաժամանակ նկատվել է առաջնակի դիմելիության նվազում, օրինակ` մինչև 18 տարեկան անձինք առաջնակի հաշմանդամ են ճանաչվել` 2008 թ.` 1313 անձ, 2009 թ.` 1064 անձ, 2010 թ.` 1030 անձ: Ընդ որում, հաշմանդամության տիպերի և տարիքային խմբերի տեսակետից` փոփոխություններ գրեթե տեղի չեն ունեցել:
6. ՈՒսումնասիրություններից պարզվել է, որ որպես հաշմանդամության առաջացման պատճառ, առաջին տեղում են ընդհանուր հիվանդությունները, որոնք կազմում են հաշմանդամություն առաջացնող պատճառների մոտ 75.9%-ը, հաջորդ տեղում է մանկուց հաշմանդամությունը` 15.7%, երրորդ տեղում` զինծառայության հետ կապված հաշմանդամությունը` 6.2%, չորրորդ տեղն զբաղեցնում է աշխատանքային խեղումը` 1.7%, Չեռնոբիլյան աղետի բնածին կամ տեխնածին այլ աղետների հետևանքով հաշմանդամ դարձածների թիվը կազմում է հաշմանդամների ընդհանուր թվի 0.3%-ը: Վերջին տեղում է մասնագիտական հիվանդությունների պատճառով հաշմանդամ դարձածների թվաքանակը` 0.2%:
7. Հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների հարաբերական պատկերը առանձնապես չի տարբերվում: Հաշմանդամության պատճառ դարձած հիվանդություններից են` արյան շրջանառության հիվանդությունները` 36.4%, նորագոյացությունները` 16.5%, նյարդային համակարգի հիվանդությունները` 4.4%, հոգեկան առողջության հիվանդությունները` 6.0%, տուբերկուլյոզը` 3,3%, աչքի հիվանդությունները` 6.7%-ը, ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդությունները` 5,8%-ը, էնդոկրին համակարգի հիվանդությունները` 8.6%-ը, շնչառական օրգանների հիվանդությունները` 4,4%-ը, վնասվածքները` 4,5%-ը, մնացած հիվանդությունները կազմում են 3.4%:
Հաշմանդամության սահմանման գործող մոդելը
8. Հայաստանի Հանրապետությունում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական Փորձաքննության գործակալությունը, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանում: Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած դասակարգիչները և հաշմանդամության խմբերը սահմանելու չափանիշները:
9. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամ են ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման հետևանքով կենսագործունեության սահմանափակում ունեցող անձինք: Հաշմանդամությունը սահմանվում է կենսագործունեության տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման արդյունքում:
10. Կենսագործունեության հիմնական տեսակներն են`
ա) ինքնասպասարկման ունակություն` հիմնական ֆիզիոլոգիական պահանջմունքներն ինքնուրույն բավարարելու, ամենօրյա կենցաղային գործունեություն և անձնական հիգիենա իրականացնելու ունակություն,
բ) ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն` կենցաղային, հասարակական և մասնագիտական գործունեության շրջանակներում տարածության մեջ ինքնուրույն տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, տեղաշարժվելու, մարմնի հավասարակշռությունը պահելու կարողություն,
գ) ուսումնառության կարողություն` հանրակրթական, մասնագիտական և այլ գիտելիքներ ընկալելու և վերարտադրելու, սոցիալական, մշակութային, կենցաղային հմտությունների և ունակությունների տիրապետելու կարողություն,
դ) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն` աշխատանքի բովանդակության, ծավալի և կատարման պայմանների պահանջներին համապատասխան գործունեություն ծավալելու կարողություն,
ե) կողմնորոշվելու կարողություն` ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն,
զ) հաղորդակցվելու կարողություն` տեղեկատվության ընկալման, վերամշակման և փոխանցման միջոցով մարդկանց միջև կապ հաստատելու ունակություն,
է) սեփական վարքը հսկելու, կարողություն` բարոյաէթիկական և սոցիալ իրավական նորմերից ելնելով ինքնաճանաչման և համապատասխան վարքի դրսևորման կարողություն,
ը) խաղալու կարողություն` խաղի ընդունակություն, որի շնորհիվ ի հայտ է գալիս արտաքին աշխարհի հետ երեխայի հաղորդակցվելու կարիքը, ձևավորվում և զարգանում են ինտելեկտուալ, ֆիզիկական, բարոյական ու կամային հատկանիշներ, աշխատանքային և այլ ունակությունների տարրեր (տարիքային նորմերին համապատասխան):
11. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին` «հաշմանդամ երեխայի» կարգավիճակ:
12. Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: Ընդ որում` 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև անձի 18 տարին լրանալը: Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող, ինչպես նաև կենսագործունեության` վերականգնման ոչ ենթակա սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ:
ԱՂՅՈՒՍԱԿ 1. Հաշմանդամների թիվն ըստ հաշմանդամության ժամկետների
._____________________________________________.
| |Անժամկետ |Ժամկետով|Ընդամենը|
| |(«հաշմանդամ| | |
| |երեխա» | | |
| |կարգավիճակ | | |
| |ունեցողի | | |
| |դեպքում` | | |
| |մինչև | | |
| |անձի 18 | | |
| |տարեկանը) | | |
|_______________|___________|________|________|
|1-ին խումբ | 9538| 1495| 11033|
|_______________|___________|________|________|
|2-րդ խումբ | 61705| 24078| 85783|
|_______________|___________|________|________|
|3-րդ խումբ | 32605| 34947| 67552|
|_______________|___________|________|________|
|Հաշմանդամ երեխա| 3698| 4290| 7988|
|_______________|___________|________|________|
|Ընդամենը | 107546| 64810| 172356|
._____________________________________________.
ԱՂՅՈՒՍԱԿ 2. Հաշմանդամների թվաքանակի տարիքային բաշխվածությունը 2011 թ. հուլիսի 1-ի դրությամբ`
._____________________________________________.
| |Ընդամենը|
|____________________________________|________|
|Հաշմանդամների թվաքանակը | 172356|
|____________________________________|________|
|նրանցից` անժամկետ | 104588|
|____________________________________|________|
|մինչև 18 տարեկան | 7988|
|____________________________________|________|
|18-ից մինչև 40 տարեկան | 27006|
|____________________________________|________|
|նրանցից` անժամկետ | 18254|
|____________________________________|________|
|40-ից մինչև կենսաթոշակային տարիքի | 91429|
|____________________________________|________|
|նրանցից` անժամկետ | 40971|
|____________________________________|________|
|կենսաթոշակային տարիքի և բարձր | 46030|
|____________________________________|________|
|նրանցից` անժամկետ | 46030|
._____________________________________________.
13. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանում է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման հետևյալ աստիճանները`
ա) 1-ին աստիճան` սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն, սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն,
բ) 2-րդ աստիճան` հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների և (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ, այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն,
գ) 3-րդ աստիճան` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցում:
14. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կայացրած որոշումները կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
15. Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է սոցիալական ծառայությունների հետևյալ փաթեթը`
1) 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ունեն անվճար բուժման և բուժսպասարկման իրավունք,
2) 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաներն ունեն անվճար դեղորայք ստանալու արտոնություն,
3) 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն,
4) 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու արտոնություն,
5) 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ունեն վերականգնողական և պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ անվճար ստանալու իրավունք,
6) 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք` բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ժամանակ, վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ ստանալու դեպքում` իրավունք ունեն սովորելու անվճար հիմունքներով:
7) Զինծառայության ժամանակ ստացած հիվանդությունների, վնասվածքների և խեղման հետևանքով հաշմանդամ դարձած անձինք ունեն անվճար բուժօգնություն ստանալու իրավունք համապատասխան գերատեսչական բուժհիմնարկներում: Բացի հիմնական կենսաթոշակից, նրանք ստանում են դրամական օգնություններ, պատվովճարներ, որոնց չափը կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ` հաշմանդամության խումբ, առաջացման պատճառ, ստացած պարգևներ, հայրենիքի նկատմամբ ունեցած վաստակ, նախկինում ունեցած արտոնություններ և այլն:
III. Հիմնախնդիրները
16. Հաշմանդամության սահմանման գործող կարգի շրջանակներում առկա են մի շարք հիմնախնդիրներ: Մասնավորապես, գործող մոդելի շրջանակներում հաշմանդամությունը դիտարկվում է որպես հիվանդության հետևանք` փոխկապակցված կենսագործունեության որևէ տեսակի սահմանափակմամբ: Արդյունքում, հաշմանդամության խումբը (հետևաբար` հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվող սոցիալական աջակցության ծավալը) որոշելիս` հաշվի չեն առնվում անհատական գործոնները, ինչպիսիք են` անձի մասնագիտական կարողությունները, տարիքը, աշխատանքային փորձն ու նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը և այլն: Գործող համակարգի շրջանակներում հաշվի չի առնվում նաև շրջակա միջավայրի գործոնները: Վերը նշված հանգամանքները հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ բացահայտել հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքները:
17. Հաշմանդամության սահմանման և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի որոշման միջև բացակայում է ուղղակի կապը: Հաշմանդամությունը ուղղակիորեն փոխկապակցված չէ աշխատանքային գործունեություն իրականացնելու կարողության հետ: Անձը կարող է ճանաչվել հաշմանդամ և ձեռք բերել կենսաթոշակի իրավունք առանց աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման: Արդյունքում, մի կողմից, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու սահմանափակման տարբեր աստիճաններ ունեցող հաշմանդամները կարող են ստանալ միևնույն ծավալի սոցիալական աջակցություն, իսկ մյուս կողմից` տրամադրվող սոցիալական աջակցության ծավալը կարող է նույնը լինել նաև ընդհանրապես աշխատանքային գործունեության սահմանափակում չունեցող և ունեցող հաշմանդամների համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 3-րդ խմբի հաշմանդամների մի մասը ընդհանրապես չունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակում:
18. Բավարար չեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնմանն ուղղված միջոցառումները: Վերականգնողական ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների, համապատասխան նյութատեխնիկական բազայի և որակավորված մասնագետների բացակայության պայմաններում հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագրերը հիմնականում չեն իրագործվում:
19. Հաշմանդամության սահմանումը, բժշկասոցիալական փորձաքննության իրականացումը նեղ մասնագիտական գործունեություն է, որը բացի բժշկական գիտելիքներից, պահանջում է նաև փորձագիտական գիտելիքներ: Հաշմանդամության սահմանման գործող չափանիշները քաղաքացիների և բուժող բժիշկների համար մատչելի և հասկանալի չեն, ինչն էլ նպաստում է քաղաքացիների դժգոհությանը:
20. Կենսաթոշակային տարիքի հասած անձինք դիմում են հաշմանդամության սահմանման համար և ստանում են հաշմանդամության կենսաթոշակ և նրանց նկատմամբ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ (2010 թվականի ընթացքում փորձաքննվել են թվով 4065 կենսաթոշակառու): 2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակային տարիքի հասած անձինք կազմում են հաշվառված հաշմանդամների շուրջ 27 տոկոսը:
21. Հաշմանդամ երեխաները ստանում են հաշմանդամության կենսաթոշակ, ինչը հակասում է կենսաթոշակի գաղափարախոսությանը, քանի որ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման հիմքում ընկած է խաղալու կամ ուսումնառելու կարողության սահմանափակումը (տարիքային նորմին համապատասխան), այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության: Փաստորեն, ստացվում է մի իրավիճակ, երբ երեխան չունի աշխատելու իրավունք, սակայն ստանում է կորցրած աշխատանքային եկամուտների փոխհատուցում:
22. Հաշմանդամության սահմանման բողոքարկման մեխանիզմները ևս կատարյալ չեն, քանի որ հաշմանդամության վերաբերյալ ընդունված որոշումները վարչական կարգով կարող են բողոքարկվել միայն ՀՀ ԲՍՓ գործակալության փորձաքննական բաժին:
ԱՂՅՈՒՍԱԿ 3. Հաշմանդամների թիվն ըստ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի (աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգ է սկսել մուտքագրվել 01.01.2009 թ. հետո անձի փորձաքննություն (վերափորձաքննություն) անցկացնելուց հետո, որով և պայմանավորված` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը մուտքագրված է 112575 հաշմանդամի համար)
.____________________________________________________________.
|Աշխատանքային |1-ին խումբ |2-րդ խումբ |3-րդ խումբ |Ընդամենը|
|գործունեությամբ|___________|___________|___________| |
|զբաղվելու |անձ | % | անձ | % | անձ | % | |
|կարողության | | | | | | | |
|սահմանափակման | | | | | | | |
|աստիճանը | | | | | | | |
|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|________|
|1-ին աստիճան | 0| -| 1080| 0.99|54600|98.05| 55680|
|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|________|
|2-րդ աստիճան | 1218| 5.66|46049|91.87| 182| 0.2 | 47449|
|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|________|
|3-րդ աստիճան | 3933|94.34| 3353| 7.07| 0| -| 7286|
|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|________|
|չունի | 0| -| 1394| 0.07| 2160| 1.75| 3554|
|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|________|
|ընդամենը | 5151| |50482|99.93|56942| | 112575|
.____________________________________________________________.
IV. Միջազգային փորձը
23. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասում հաշմանդամության սահմանման հիմքում ընկած է անձի աշխատունակության աստիճանը: Աշխատունակության աստիճանը որոշվում է ելնելով հետևյալ չափանիշների գնահատումից` բժշկական, ֆունկցիոնալ, մասնագիտական և այլն, որոնք ազդում են մարդու աշխատունակության և նրա աշխատանքի տեղավորվելու հնարավորությունների վրա: Եվրոպական երկրների մեծ մասում հաշմանդամների վերաբերյալ առաջադեմ է համարվում ավստրիական մոդելը, որը հիմք է հանդիսացել Եվրոպայի գրեթե բոլոր երկրների, մասնավորապես Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրների հայեցակարգային մոտեցումների վերանայման (վերակառուցման) համար: Ըստ այդ մոդելի, հաշմանդամ են համարվում այն անձինք, որոնք չեն կարող պահպանել պարբերական սոցիալական հարաբերություններ, իրականացնել աշխատանքային գործունեություն և ձեռք բերել խելամիտ, անձի կենսապահանջմունքների և համապատասխան եկամուտ` առանց աջակցության:
24. Դանիայում և զարգացման նույն մակարդակը ունեցող երկրներում անձը համարվում է հաշմանդամ այն ժամանակ, երբ իր կենսագործունեության սահմանափակման հետևանքով հանդիպում է արգելքների, որոնք ինքնուրույն չի կարող հաղթահարել: Այդ երկրներում բացակայում է հաշմանդամության սահմանման համակարգը, մարդն ինքն իր անհատական կարիքներից ելնելով, դիմում է համապատասխան ծառայություններ ստանալու համար:
25. ԱՊՀ բոլոր երկրներում գործում է հին մոդելը, որը նման է Հայաստանում գործող մոդելին: Դա պայմանավորված է պետությունների ներքին համապատասխան հնարավորություններով: Ռուսաստանի Դաշնությունում գործող համակարգը տարբերվում է ԱՊՀ-ի այլ երկրներում գործող մոդելից նրանով, որ ՌԴ-ում առաջին տեղում ընկած է աշխատանքային գործունեության սահմանափակումների 3 աստիճան` համաձայն որի էլ սահմանվում է կենսաթոշակի չափը (հաշմանդամության խումբը կենսաթոշակ նշանակելու համար էական նշանակություն չունի):
26. Լիտվայում և Չեխիայում անձի աշխատունակության մակարդակը որոշվում է ելնելով բժշկական, ֆունկցիոնալ, մասնագիտական և այլ չափանիշների գնահատումից, որոնք ազդում են մարդու աշխատունակության և նրա աշխատանքի տեղավորվելու հնարավորությունների վրա: Նշված երկրներում փորձաքննական գործընթացը կարգավորվում է առողջապահության ու աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարների կողմից հաստատված կարգով և 88 հիմնական հիվանդությունների ցանկով, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին նշված է աշխատունակության ելակետային տոկոսը: Այդ երկրներում առկա է համապատասխան սոցիալական պաշտպանության համակարգ իր վերականգնողական ծառայություններով և զբաղվածության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար բազմաթիվ ծրագրերով:
27. Առանձնացվում է հաշմանդամության հայեցակարգային երկու գլխավոր մոդել
1) Բժշկական մոդել` հաշմանդամությունը դիտարկվում է հիվանդության, վնասվածքի կամ առողջական վիճակի վրա այլ ներգործության արդյունքում ի հայտ եկած հատկանիշ:
2) Սոցիալական մոդել` հաշմանդամությունը դիտարկվում է իբրև սոցիալական խնդիր այլ ոչ թե անձի հատկանիշ: Համաձայն սոցիալական մոդելի` հաշմանդամությունը պահանջում է քաղաքական միջամտություն, քանի որ խնդիրն առաջանում է միջավայրի ոչ հարմարեցվածության, վերաբերմունքի և սոցիալական միջավայրի այլ բացասական գործոնների հետևանքով:
28. Այս երկու մոդելները առանձին վերցված լիարժեք չեն, չնայած որ երկուսն էլ մասամբ հիմնավորված են: Ընդունելի է հաշմանդամության բժշկական և սոցիալական մոդելների բոլոր դրական հատկանիշների համակցումը: Այս` ավելի հարմարավետ (շահավետ) մոդելը, կարող է անվանվել կենսահոգեսոցիալական մոդել: Ֆունկցիաների միջազգային դասակարգումը հիմնվում է բժշկական և սոցիալական ասպեկտները (մոտեցումները) ներառող նման մոդելի վրա:
V. Գործող մոդելի փոփոխության անհրաժեշտությունը և առաջարկվող մոդելը
29. Վերջին տարիներին հաշմանդամության ոլորտում որդեգրված նոր` անձի իրավունքների պաշտպանության վրա հիմնված քաղաքականությունը, հասարակության և հաշմանդամություն ունեցող անձի` իր ներուժի հանդեպ եղած կարծրատիպերի փոփոխությունը պահանջում են նոր սկզբունքների և նոր մոտեցումների ամրագրում: Նման քաղաքականության իրականացումը պահանջում է արմատական փոփոխություններ:
Գործող մոդելի փոփոխության անհրաժեշտությունը կարելի է դիտարկել մի քանի նկատառումներով.
ա) հաշմանդամություն ունեցող անձի հասարակական կյանքում լիակատար մասնակցությունը և ներգրավվածությունը ապահովելու համար կարևորագույն նախապայմաններ են`
. աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությանը համապատասխան սոցիալական աջակցության (կենսաթոշակ, նպաստ, վերականգնողական ծառայություններ, մասնագիտական վերականգնում, աշխատանք) տրամադրումը
. մատչելի միջավայրի առկայությունը,
բ) հաշմանդամության սոցիալական մոդելի սկզբունքների համաձայն, անհրաժեշտ է նոր մոտեցմամբ ընդունել «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունը,
գ) հաշմանդամության սահմանման գործող չափորոշիչները հիմնված են միայն անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանի վրա և հաշվի չեն առնում անձի պահպանված աշխատունակությունը, ինչպես նաև այլ սոցիալական ու միջավայրային գործոններ,
դ) հաշմանդամության սահմանման չափորոշիչները պետք է համապատասխանեն ֆունկցիաների միջազգային դասակարգման մոտեցումներին և սկզբունքներին,
ե) Հայաստանը, միանալով Վերանայված սոցիալական խարտիային, Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու Եվրախորհրդի 2006-2015 թթ. գործողության ծրագրին, վավերացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ստանձնել է պարտավորություններ`
. իրականացնել հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված քաղաքականություն,
. ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը,
. ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը
. բացառել խտրականությունը և այլն:
30. Մոդելի ընտրությունը: Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության սահմանման ներդրվելիք մոդելի ընտրության շրջանակներում ուսումնասիրելով և քննարկելով տարբեր երկրների իրականացրած բարեփոխումները, վերլուծելով հիմնական մոդելների կողմերը, առաջարկում ենք ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման հիմքում դնել Լիտվայի Հանրապետության փորձը:
31. Լիտվական փորձի ընտրությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Մասնավորապես, Լիտվայի մոդելը հիմնված է Ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների, այսինքն հաշմանդամության նոր, ժամանակակից հայեցակարգի վրա:
32. Ֆունկցիաների միջազգային դասակարգումը պարունակում է հիմնարար հասկացություններ կենսագործունեության սահմանափակման, առողջության և գործառնության ոլորտում և իրենից ներկայացնում է միջազգային ստանդարտներ: Կենսագործունեության սահմանափակումը չի կարելի դիտել որպես միակ սոցիալական ֆենոմեն: Կենսագործունեության հիմնական չափանիշները ի հայտ են գալիս կենցաղային մակարդակում և արտացոլում են անձի սոցիալ-կենցաղային ակտիվությունը:
33. Երկու հիմնական չափանիշ` կրթությունը և աշխատունակությունը (մեծահասակների մոտ` արտադրական, ստեղծագործական, իսկ երեխաների մոտ` ընդհանուր կրթության), սոցիալական տեսանկյունից կարևոր են և արտացոլում են անձի հնարավորությունները: Հաշմանդամության նոր հայեցակարգը ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներառմանը հասարակություն` հնարավորություն տալով իրացնել իրենց կարողությունները և սոցիալական միջավայրում, և աշխատանքային գործունեության մեջ:
34. Այս մոդելով աշխատունակությունը դիտարկում ենք որպես ֆիզիկական և մտավոր ունակությունների համակցում, որը հնարավորություն է տալիս մարդուն ակտիվ մասնակցել հանրօգուտ աշխատանքին, հանրային գործունեությանը:
35. Ընդունում ենք, որ աշխատունակությունը կախված է ոչ միայն օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակից, այլև սոցիալական պայմաններից, այսինքն այն հասարակական, արտադրական և այլ հարաբերություններից, որոնց մասնակցում է անձը: Աշխատունակության աստիճանի վրա ազդեցություն ունեն ստեղծված աշխատանքային հարաբերությունների, կրթության, աշխատանքի կազմակերպման, աշխատանքային օրվա և հանգստի ռեժիմը, անձնական և հասարակական հետաքրքրությունը աշխատանքի արդյունքի նկատմամբ: Աշխատունակության պահպանման ամենակարևոր պայմանը դա օրգանիզմի ֆունկցիոնալ կարողություններին արտաքին (ֆիզիկական և սոցիալական) միջավայրի պահանջների համապատասխանությունն է:
._______________________________________________________.
|Աշխատունակության մակարդակը որոշվում է` ելնելով հետևյալ |
| ցուցանիշներից |
._______________________________________________________.
| |
| |
\|/ \|/
._________. .___________________________________________________.
|բժշկական | |ֆունկցիոնալ, մասնագիտական և այլ ցուցանիշներ, որոնք|
._________. |ազդում են մարդու աշխատունակության և աշխատանքի |
|տեղավորման հնարավորության վրա |
.___________________________________________________.
._____________. .________. .____________.
|հիվանդություն| |միջին | |ֆունկցիոնալ,|
|և օրգանիզմի | |գործակից|<_________|մասնագիտական|
|ֆունկցիաներ | | | |և այլ |
|(բազային | | |<_________|ցուցանիշներ |
|աշխատունակու-| | | | |
|թյուն) | | | | |
._____________. .________. .____________.
.________________________________________________________.
|օրգանիզմի ֆունկցիաներ|ֆունկցիոնալության|ակտիվություն և |
|օրգանիզմի կառուցվածք |միջազգային |մասնակցություն |
| |դասակարգում |շրջակա միջավայրի|
| | |գործոններ |
.________________________________________________________.
36. Լիտվան հաշմանդամության սահմանման գործող համակարգին անցում է կատարել 2004 թվականին: Ընդ որում, մինչև նոր համակարգի ներդրումը, Լիտվայում ևս, որպես հետխորհրդային երկիր, կիրառվել է ներկայումս ՀՀ-ում գործող մոդելը Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Լիտվայում հաշմանդամության սահմանման մոդելի բարեփոխումները նախաձեռնվել են փողային տարբերակով և դեռևս գտնվում է ընթացքի մեջ: Վերը նշված հանգամանքները, հնարավորություն են տալու ՀՀ-ում նոր մոդելի ներդրումն իրականացնել առանց ցնցումների` խուսափելով հնարավոր սխալներից, կառավարելով հնարավոր ռիսկերը և հաշվի առնելով անցումային շրջանում Լիտվայում առաջացած խնդիրները, դրանց առաջադրված լուծումները: Տարածքի, բնակչության և հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի առումով Լիտվայի և Հայաստանի Հանրապետության միջև առկա հարաբերական նմանությունները կարող են օգտակար լինել նաև մոդելի կառավարման համակարգի ընտրության հարցում:
VI. Առաջարկվող լուծումներ
37. Առաջարկվում է բժշկասոցիալական փորձաքննությունից անցում կատարել կենսահոգեբանասոցիալական մոդելին, համաձայն որի` անձին հաշմանդամ ճանաչելիս առաջնահերթությունը տրվում է անձի պահպանված աշխատունակությանը, քանի որ աշխատունակությամբ է պայմանավորված հասարակական կյանքին նրա լիարժեք մասնակցությունը և տնտեսական անկախության ապահովումը:
38. Պահպանված աշխատունակությունը որոշելու նպատակով հաշվի առնել ինչպես բժշկական (կենսաբանական), այնպես էլ ֆունկցիոնալ, մասնագիտական, միջավայրային և այլ գործոններ և մշակել համապատասխան չափորոշիչները: Այդ նպատակով անհրաժեշտ է`
1) Հաշմանդամության հանգեցնող բոլոր հիվանդություններից առաջացած ֆունկցիայի խանգարումների ծանրության աստիճանին տալ տոկոսային արժեք: Անձի բազային աշխատունակության սահմանվում է համաձայն հիվանդությունների դասակարգման միջազգային 10-րդ դասակարգչի` հաշմանդամության հանգեցնող բոլոր հիվանդությունները դասակարգվում են ըստ ախտաբանական վիճակների և ֆունկցիայի խանգարումների` նշելով նրանց արտահայտվածության աստիճանը, որոնց տրվում է տոկոսային արժեք (0-100%)` 5-ական տոկոսների ինտերվալով: Որքան թեթև է ֆունկցիայի խանգարումը, այնքան բարձր է աշխատունակությունը, որքան ծանր է ֆունկցիայի խանգարումը, այնքան ցածր է աշխատունակությունը: Նման հիվանդությունների ցանկը նախատեսվում է մշակել ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ, կատարելով ուսումնասիրություն հաշմանդամության կառուցվածքում առկա հիվանդությունների տեսակարար կշռի և ըստ նրանց ծանրության աստիճանի սահմանված հաշմանդամության խմբերի: Որքան թեթև է ֆունկցիայի խանգարումը, այնքան բարձր է աշխատունակության աստիճանը և հակառակը: Հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում չընդգրկված հիվանդություններն ունեցող անձանց աշխատունակությունը չի որոշվի:
2) Բազային աշխատունակության գնահատումից հետո գնահատվում են անձի սոցիալական, հոգեբանական և միջավայրային գործոնները, այսինքն անձի աշխատունակության կամ աշխատանքի տեղավորվելու հնարավորության վրա ազդող (բարենպաստ կամ անբարենպաստ հանգամանք) գործոններ: Հաշվի կառնվեն անձի կրթությունը, մասնագիտությունը, աշխատանքային ունակությունները, օրվա և շաբաթվա ընթացքում աշխատաժամերի հնարավորությունը, տարիքը, ֆիզիկական, աշխատանքային և տեղեկատվական միջավայրի հարմարեցումը և այլ գործոններ: Նշված գործոնների գնահատման համար համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ (կրթություն, առողջապահություն, քաղաքաշինություն և այլ) մշակվելու են համապատասխան հարցաշարեր, որոնք լրացվելու են փորձաքննվող անձանց, սոցիալական աշխատողների, բժիշկների և այլ մասնագետների կողմից:
3) Բարենպաստ և անբարենպաստ հանգամանքներին տրվում են թվային արժեքներ և դրանց միջին թվաբանականն օգտագործվում է որպես գործակից: Գործոնները բաժանվում են երեք կամ ավելի խմբերի` անբարենպաստ, միջին բարենպաստության և բարենպաստ հանգամանք: Իմի բերելով բարենպաստության թվային արժեքները` ստացվում է միջին թվաբանական, որն օգտագործվում է պահպանված աշխատունակությունը հաշվարկելու ժամանակ: Օրինակ, եթե անձի բազային աշխատունակությունը համաձայն հիվանդությունների ցանկի` 50% է, և սոցիալական, հոգեբանական և միջավայրային գործոնների հաշվարկման արդյունքում գործակիցը ստացվել է 0.7, ապա վերջինս կունենա պահպանված աշխատունակության 35 տոկոս և կստանա հաշմանդամության կենսաթոշակ, իսկ եթե գործակիցը ստացվի 1.3 տոկոս, ապա անձի պահպանված աշխատունակությունը կսահմանվի 65 տոկոս, և նա հաշմանդամության կենսաթոշակ չի ստանա:
4) Առաջարկվում է սոցիալական գործակցի հաշվարկման ժամանակ օգտագործել նաև անձի կենսագործունեության սահմանափակումները` կողմնորոշվելու, ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունները և ինքնասպասարկման ապահովման ունակությունը, որոնք սահմանված են գործող չափորոշիչներով:
5) Անձի աշխատունակության վերաբերյալ որոշումը ընդունվելու է բժշկական, ֆունկցիոնալ, մասնագիտական, միջավայրային, սոցիալական, աշխատունակության կամ նրա աշխատանքի տեղավորման վրա ազդող այլ չափանիշների գնահատումից հետո:
6) Հաշվի առնելով անձի աշխատունակությունը որոշելու ընթացքում սահմանված անբարենպաստ կամ բարենպաստ գործոնները և պայմանները, մշակվելու են համապատասխան գործակիցներ: Անձի ելակետային աշխատունակությունը բազմապատկվելու է համապատասխան գործակցով:
Առողջական վիճակը (խանգարում/հիվանդություն)
/|\
|
.___________________.
Օրգանիզմի |Գործունեություն |______> Մասնակցություն
ֆունկցիաներ <______|(սահմանափակումներ) | (խոչընդոտներ)
կառուցվածք .___________________.
(թերություններ) |
._____________________________.
| |
.________________. .____________________.
|Շրջակա միջավայրի| | Անձնական գործոններ |
|գործոններ | | |
.________________. .____________________.
39. Հաշվի առնելով, որ նշված մոդելի հիմքում դրված է անձի աշխատունակությունը, «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաներին տրվող հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի փոխարեն կնշանակվի նպաստ:
40. Բժշկասոցիալական Փորձաքննություն իրականացնող իրավասու մարմինը անձի պահպանված աշխատունակության աստիճանը կորոշի 18 տարին լրացած, ինչպես նաև` 16-ից մինչև 18 տարեկան աշխատող անձանց համար` օրենսդրությամբ սահմանված ժամկետներով: Անաշխատունակության կենսաթոշակ կնշանակվի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակության սահմանափակման աստիճանը որոշելու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 63 կամ 65 տարեկան դառնալը:
41. Եթե փորձաքննվող անձի մոտ պահպանված աշխատունակությունը 60 տոկոս է, ապա նրան կենսաթոշակ չի վճարվում, սակայն անձն օգտվում է պետության կողմից հաշմանդամների համար նախատեսված բոլոր երաշխիքներից, իսկ եթե 55% և ցածր է` ապա սահմանվում է հաշմանդամության կենսաթոշակ` պահպանված աշխատունակության տոկոսներին համապատասխան:
42 Անձի աշխատունակությունը կորոշվի 18 տարին լրացած, ինչպես նաև 16 տարին լրացած աշխատող անձանց համար մինչև տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը:
43 Աշխատունակության աստիճանը` արտահայտված տոկոսներով, հիմք կհանդիսանա կենսաթոշակային ապահովության, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված առանձին արտոնությունների տրամադրման համար:
44. 0-ից մինչև 25% աշխատունակության պահպանման դեպքում անձին կնշանակվի անաշխատունակության կենսաթոշակ, իսկ 30-ից մինչև 55% աշխատունակության պահպանման դեպքում` մասնակի աշխատունակության (սահմանափակ աշխատունակության) կենսաթոշակ: 60% պահպանված աշխատունակություն ունեցող անձին կտրվի եզրակացություն` աշխատանքի պայմանների և բնույթի կամ նոր աշխատանքով ապահովելու վերաբերյալ:
45. Հաշմանդամության սահմանման նոր` աշխատունակության աստիճանը որոշող մոդելի կիրարկման արդյունքում հաշմանդամների որոշ մասը չի ստանա կենսաթոշակ, քանի որ նրանց մոտ առկա է կենսագործունեության որևէ տեսակների սահմանափակում, սակայն պահպանված աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակությունը 60% է: Դա կախված կլինի նաև հիվանդություններով, վնասվածքներով և խեղումներով պայմանավորված` օրգան համակարգերի ֆունկցիայի խանգարման աստիճանից: Այստեղից հետևում է, որ պարզապես սոցիալական դրամական օժանդակության դադարեցումը (60% պահպանված աշխատունակության դեպքում անձին չի նշանակվի կենսաթոշակ)` առանց փոխհատուցող և ակտիվացնող տարբեր տեխնոլոգիաների կիրառման, կհանգեցնի սոցիալական լարվածության:
46. Անհրաժեշտ է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու պահպանված ունակություն ունեցող անձանց համար իրականացնել աստիճանական քայլեր` վերականգնողական, զբաղվածության և այլ ոլորտներում համապատասխան ծրագրերի իրագործման ուղղությամբ: Նշված ծրագրերը ներառված են կցվող միջոցառումների ժամանակացույցում (հավելված 2):
47. Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու և դրանով իսկ նրանց ներուժը հօգուտ հասարակության օգտագործելու համար, համապատասխան մատչելի պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` համապատասխան մատչելի պայմաններ ստեղծելու համար: Նշված միջոցառումների աստիճանական իրականացումը կհանգեցնի հաշմանդամության կենսաթոշակից կախյալ անձանց թվի կրճատմանը, առողջության խաթարմամբ պայմանավորված հաշմանդամություն ունեցող, սակայն աշխատունակության որոշակի աստիճանի սահմանափակում չունեցող անձանց սոցիալական վերակազմմանը պետական և այլ միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը:
48. Այս մոդելի ներդրմամբ` շեշտը կդրվի հաշմանդամների վերականգնման հիմնահարցերի լուծման, մասնավորապես` բժշկասոցիալական ու աշխատանքային վերականգնման և զբաղվածության ակտիվ ծրագրերի ընդլայնման վրա:
49. Նախատեսվում է վերանայել գործող բողոքարկման մեխանիզմը, նախարարությունում ստեղծելով վեճեր քննող հանձնաժողով: Նշված հանձնաժողովի համապատասխան եզրակացությունից հետո միայն կարող է գործը բողոքարկվել դատական կարգով, այսինքն ստեղծվում է բողոքարկման եռաստիճան համակարգ:
VII. Օրենսդրական դաշտի կատարելագործում
50. Հաշմանդամության սահմանման նոր մոդելին անցնելիս անհրաժեշտ է ընդունել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և փոփոխություններ և լրացումներ կատարել ներքոհիշյալ, ինչպես նաև այլ իրավական ակտերում, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին: Նշված փաստաթղթերը մշակելիս անհրաժեշտ է մասնակից դարձնել նաև շահագրգիռ այլ պետական կառույցներին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին:
1) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենք,
2) «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք
3) ՀՀ Կառավարության 14.11.2002 թ. N 1822-Ն որոշում
4) ՀՀ Կառավարության 13.06.2003 թ. N 780-Ն որոշում
5) ՀՀ Կառավարության 02.03.2006 թ. N 276-Ն որոշում
6) ՀՀ Կառավարության 11.05.2006 թ. N 619-Ն որոշում
7) ՀՀ Կառավարության 29.05.2003 թ. N 793-Ն որոշում:
51. Հաշմանդամության սահմանման բժշկական, սոցիալական, մասնագիտական, ֆունկցիոնալ, միջավայրային և այլ չափորոշիչները, ինչպես նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափորոշիչները կհաստատվեն ՀՀ կառավարության կողմից:
52. Նախագծերի մշակման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված և հաշմանդամության խնդիրներին առնչվող (ուղղակի և անուղղակի) միջազգային փաստաթղթերի դրույթները և դրանցից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները:
53. Հաշվի առնելով հարցի (հաշմանդամության սահմանման մոդելի փոփոխության) կարևորությունը անհրաժեշտ կլինի կազմակերպել հասարակական քննարկումներ, ապահովելով հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թ. դեկտեմբերի 8-ի նիստի
N 48 արձանագրային որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառման |Նպատակը |Կատարողը |Ժամկետը |Անհրա- |
|ը/կ|անվանումը | | | |ժեշտ |
| | | | | |ֆինանսա-|
| | | | | |վորումը |
|___|___________________|________________|__________|________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|___________________|________________|__________|________|________|
|1. |«Հաշմանդամություն |Հաշմանդամություն|ՀՀ |2011 թ. |Ֆինանսա-|
| |ունեցող անձանց |ունեցող անձանց |աշխատանքի |4-րդ |վորում |
| |իրավունքների |իրավունքների |և սոցիա- |եռամսյակ|չի |
| |պաշտպանության և |մասին ՄԱԿ-ի |լական | |պահանջ- |
| |սոցիալական ներառման|կոնվենցիայի |հարցերի | |վում |
| |մասին» ՀՀ օրենքի |դրույթներից և |նախարարու-| | |
| |նախագծում |սկզբունքներից |թյուն | | |
| |համապատասխան |բխող, հաշմանդա- |(ՀՀ ԱՍՀՆ) | | |
| |դրույթների |մության ոլորտը | | | |
| |ներառում |կարգավորող | | | |
| | |օրենսդրական | | | |
| | |դաշտի ապահովում | | | |
|___|___________________|________________|__________|________|________|
|2 |Հաշմանդամության |Բնակչության |ՀՀ ԱՍՀՆ |2012 թ. |Դոնոր |
| |սահմանման |բժշկասոցիալական |ստեղծած | |կազմա- |
| |չափորոշիչների |փորձաքննության |աշխատանքա-| |կերպու- |
| |մշակում |գործընթացի |յին խմբեր | |թյուններ|
| | |կանոնակարգում | | | |
| | | | | | |
| | |Բժշկական, | | | |
| | |ֆունկցիոնալ, | | | |
| | |մասնագիտական, | | | |
| | |միջավայրային | | | |
| | |և այլ | | | |
| | |չափորոշիչների | | | |
| | |առկայություն, | | | |
| | |որոնց հիման վրա | | | |
| | |որոշվելու է | | | |
| | |աշխատունակության| | | |
| | |աստիճանի | | | |
| | |սահմանափակումը` | | | |
| | |տոկոսներով | | | |
|___|___________________|________________|__________|________|________|
|2.1|Համապատասխան | |ՀՀ ԱՍՀՆ |2012 թ. |Դոնոր |
| |աշխատանքային խմբերի| | |փետրվար |կազմա- |
| |ստեղծում | | | |կերպու- |
| | | | | |թյուններ|
|___|___________________|________________|__________|________|________|
|2.2|Բժշկական | |Աշխատան- |2012 թ. |Դոնոր |
| |չափորոշիչների | |քային |ընթաց- |կազմա- |
| |մշակում (մշակել այն| |խումբ (ՀՀ |քում |կերպու- |
| |հիվանդությունների | |ԱՍՀՆ, | |թյուններ|
| |ցանկը, որոնց | |ՀՀ ԱՆ | | |
| |դեպքում առկա է | |ներկայա- | | |
| |աշխատունակության | |ցուցիչներ,| | |
| |աստիճանի | |այլ փորձա-| | |
| |սահմանափակում, | |գետներ) | | |
| |հաշմանդամությանը | | | | |
| |բերող ֆունկցիայի | | | | |
| |խանգարումների | | | | |
| |ծանրության | | | | |
| |աստիճանին տալ | | | | |
| |տոկոսային արժեք) | | | | |
|___|___________________|________________|__________|________|________|
|2.3|Ֆունկցիոնալ, | |Աշխատան- |2012 թ. |Դոնոր |
| |կրթական, | |քային |ընթաց- |կազմա- |
| |մասնագիտական, | |խումբ (ՀՀ |քում |կերպու- |
| |տարիքային, | |ԱՍՀՆ, | |թյուններ|
| |միջավայրային և այլ| |ՀՀ ԱՆ, | | |
| |չափորոշիչների և | |ՀՀ ԿԳՆ | | |
| |հարցաշարերի մշակում| |ներկայա- | | |
| | | |ցուցիչներ,| | |
| | | |այլ փորձա-| | |
| | | |գետներ) | | |
|___|___________________|________________|__________|________|________|
|3. |Իրականացնել | |ՀՀ ԱՍՀՆ |2012 թ. |Ֆինանսա-|
| |ուսումնասիրություն | | |ընթաց- |վորում |
| |հաշմանդամության | | |քում |չի |
| |կառուցվածքում ներկա| | | |պահանջ- |
| |հիվանդությունների | | | |վում |
| |տեսակարար կշռի և | | | | |
| |ըստ նրանց | | | | |
| |ծանրության աստիճանի| | | | |
| |սահմանված | | | | |
| |հաշմանդամության | | | | |
| |խմբերի | | | | |
|___|___________________|________________|__________|________|________|
|4. |Հաշմանդամության | |ՀՀ ԱՍՀՆ |2013 թ. |Ֆինանսա-|
| |սահմանման | | | |վորում |
| |չափորոշիչները | | | |չի |
| |հաստատելու մասին ՀՀ| | | |պահանջ- |
| |կառավարության | | | |վում |
| |որոշման նախագծի | | | | |
| |մշակում | | | | |
|___|___________________|________________|__________|________|________|
|5. |Բնակչության |Բնակչության |ՀՀ ԱՍՀՆ |2013 թ. |Ֆինանսա-|
| |բժշկասոցիալական |բժշկասոցիալական | | |վորում |
| |փորձաքննությունն |փորձաքննության | | |չի |
| |իրականացնելու |գործընթացի | | |պահանջ- |
| |կարգը հաստատելու |կանոնակարգում | | |վում |
| |մասին ՀՀ | | | | |
| |Կառավարության | | | | |
| |որոշման նախագծի | | | | |
| |մշակում | | | | |
|___|___________________|________________|__________|________|________|
|6 |Համայնքային |Հաշմանդամների |ՏԻՄ-եր, |2013- |Կենտրոն-|
| |վերականգնողական |բժշկական և |ՀՀ ԱՍՀՆ, |2018 թթ.|ների |
| |ծառայությունների |սոցիալական |հաշմանդա- | |ստեղծման|
| |(կենտրոնների) |վերականգնողական |մություն | |հնարավո-|
| |ստեղծում, գործող |գործընթացի |ունեցող | |րության |
| |կենտրոնների |ապահովում |անձանց | |հարցը |
| |աշխատանքների | |հարցերով | |քննարկել|
| |շարունակականության | |զբաղվող | |յուրա- |
| |ապահովում | |հ/կ-ներ | |քանչյուր|
| | | | | |տարվա ՀՀ|
| | | | | |պետական |
| | | | | |բյուջեի |
| | | | | |նախագծի |
| | | | | |կազմման |
| | | | | |ժամանակ,|
| | | | | |դոնոր |
| | | | | |կազմա- |
| | | | | |կերպու- |
| | | | | |թյուններ|
|___|___________________|________________|__________|________|________|
|7. |Հաշմանդամություն |Հաշմանդամների |ՀՀ ԱՍՀՆ, |2013- |Դոնոր |
| |ունեցող անձանց |զբաղվածության |հաշմանդա- |2018 թթ.|կազմա- |
| |համար սոցիալական |խթանում |մություն | |կերպու- |
| |կազմակերպություն- | |ունեցող | |թյուններ|
| |ների ստեղծում, | |անձանց | | |
| |կամ նրանց ստեղծմանը| |հարցերով | | |
| |աջակցություն | |զբաղվող | | |
| | | |հ/կ-ներ | | |
|___|___________________|________________|__________|________|________|
|8. |Հաշմանդամություն |Հաշմանդամների |ՀՀ ԱՍՀՆ, |2013- |Դոնոր |
| |ունեցող անձանց |զբաղվածության |հաշմանդա- |2018 թթ.|կազմա- |
| |համար միկրովարկային|խթանում |մություն | |կերպու- |
| |ծրագրերի մշակում և | |ունեցող | |թյուններ|
| |իրականացում | |անձանց | | |
| | | |հարցերով | | |
| | | |զբաղվող | | |
| | | |հ/կ-ներ | | |
|___|___________________|________________|__________|________|________|
|9. |Գործատուների մոտ |Հաշմանդամների |ՀՀ ԱՍՀՆ |2011- |ՀՀ |
| |աշխատատեղերի |զբաղվածության | |2018 թթ.|պետական |
| |հարմարեցման ծրագրի |խթանում | | |բյուջե, |
| |իրականացում | | | |Դոնոր |
| | | | | |կազմա- |
| | | | | |կերպու- |
| | | | | |թյուններ|
|___|___________________|________________|__________|________|________|
|10.|Հաշմանդամության |Բնակչության |ՀՀ ԱՍՀՆ |2013 թ. |ՀՀ |
| |սահմանման նոր |բժշկասոցիալական | | |պետական |
| |մոդելի կիրառման |փորձաքննության | | |բյուջե |
| |նպատակով |գործընթացի | | | |
| |համապատասխան |կանոնակարգում | | | |
| |ձևաթղթերի մշակում | | | | |
|___|___________________|________________|__________|________|________|
|11.|Հաշմանդամության | |ՀՀ ԱՍՀՆ |2013 թ. |ՀՀ |
| |սահմանման նոր | | | |պետական |
| |մոդելի կիրառման | | | |բյուջե |
| |նպատակով ԲՍՓ | | | |դոնոր |
| |գործակալության | | | |կազմա- |
| |մասնագետների | | | |կերպու- |
| |վերապատրաստում | | | |թյուններ|
|___|___________________|________________|__________|________|________|
|12.|Հաշմանդամության | |ՀՀ ԱՍՀՆ |2014 թ. | |
| |սահմանման նոր | | |հունվարի| |
| |մոդելի կիրառում | | |1-ից | |
._____________________________________________________________________.