Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ ...

 

 

020.1049.280912

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 սեպտեմբերի 2012թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գրիգորի Վահանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Սույն գործով կողմեր են. դիմող` Գ. Վահանյան, որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյան, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյան:

Գործի քննության առիթը քաղաքացի Գ. Վահանյանի` 26.03.2012թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը» վերտառությամբ 204.32-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե «բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմողը դատարան է ներկայացրել հակընդդեմ հայց, որով, ի թիվս այլնի, պահանջել է անվավեր ճանաչել կտակն անվավեր ճանաչելու վերաբերյալ նոտարական գրասենյակում 20.10.2003թ. վավերացված հայտարարությունը: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2006թ. վճռով հակընդդեմ հայցը մերժվել է: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 25.12.2006թ. վճռով ևս հակընդդեմ հայցը մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի 12.07.2007թ. որոշմամբ դիմողի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Դիմողը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան` նոր երևան եկած հանգամանքների հիմքով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 25.12.2006թ. վճիռը վերանայելու պահանջով` որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացնելով կտակի վրա 08.08.2009 թվականին Էրեբունի նոտարական տարածքի նոտարի կատարած գրառումն այն մասին, որ կտակը մնացել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2009թ. որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հիմքով բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի ապացուցել, որ իր կողմից վկայակոչված նոր երևան եկած հանգամանքը գործի լուծման համար ունի էական նշանակություն, և որ վճռաբեկ բողոքը քննության ընդունելու համար բողոք բերած անձի հիմնավորումը` նոր երևան եկած հանգամանքի առկայության մասին, անհիմն է, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նոր երևան եկած հանգամանքի առկայությունը:

Դիմողը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան` նոր երևան եկած հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 12.07.2007թ. որոշումը վերանայելու պահանջով` որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացնելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի ՔՎ Էրեբունու քննչական բաժնի քննիչի` քրեական գործի վարույթը կարճելու մասին 16.05.2011 թվականի որոշումը, որով հիմնավորվել է, որ նոտարի կողմից թույլ են տրվել նոտարական գործողությունների կատարման և ձևակերպման կարգի խախտումներ, որոնց հաշվի առնելն էական նշանակություն կունենար գործով հիմնավոր վճիռ կայացնելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանի 05.10.2011թ. որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հիմքով բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի ապացուցել և հիմնավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի որևէ կետով սահմանված նոր երևան եկած հանգամանքի առկայությունը:

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածներին, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված` իրավական պետության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող իրավական որոշակիության պահանջին, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու` պետության պարտականության վերաբերյալ դրույթին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը գտնում է, որ. եթե վճռաբեկ բողոքի նոր երևան եկած հանգամանքի հիմքը չի համապատասխանում վճռաբեկ դատարանի որոշման վերանայման հիմքի առկայության պահանջին` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ապա այն չի կարող վճռաբեկ դատարանի բողոքը վերադարձնելու որոշման հիմք ծառայել, երբ հայտնաբերվել է (բացահայտվել է) դատական սխալ, որը չէր հայտնաբերվել կամ չէր կարող հայտնաբերվել ավելի վաղ:

Դիմողը գտնում է, որ «Վճռաբեկ դատարանի 05.10.2011թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելով շրջանցվել են նոր երևան եկած հանգամանքները, թույլ տրված դատական սխալները` չի մերժվել ոչ մի փաստարկ, ցուցաբերվել է անգործություն և կողմնակալություն, ստեղծվել առավելություն կողմի համար և ապահովվել ստորադաս դատարանների դատական սխալի շարունակականությունը»:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 1, 3, 6, 18, 19 և 20-րդ հոդվածների դրույթներին: Որպես իր դիրքորոշման հիմնավորում, պատասխանող կողմը ներկայացնելով օրենքի վիճարկվող դրույթներում «հանգամանքները» եզրույթի սեփական մեկնաբանությունը` նշում է, որ դիտարկվող եզրույթը` որպես նյութաիրավական փաստ, ունի մի քանի հատկանիշներ, ինչպիսիք են` գործի քննության առարկա չհանդիսանալը, գործի լուծման համար էական նշանակություն ունենալը, այսինքն` դրանց առկայության պայմաններում դատարանը կկայացներ ամբողջությամբ կամ մասամբ հակառակ որոշում, դիտարկվող հանգամանքների գոյությունը գործի սկզբնական քննության ժամանակ:

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.37-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 5-րդ կետերը` պատասխանող կողմը նշում է, որ դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվում է, եթե, ի թիվս այլնի, բողոքում բացակայում է նոր երևան եկած հանգամանքի շարադրանքը և բողոքին կցված չէ նոր երևան եկած հանգամանքը հաստատող ապացույցը: Ըստ պատասխանող կողմի` բողոքին ներկայացվող` վերը նշված երկու պարտադիր պահանջների կատարումը ներառվում է «նոր երևան եկած հանգամանքի առկայության հիմնավորում» բառակապակցության բովանդակային ծավալում, և դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու փուլում դատարանն ստուգում է միայն նոր երևան եկած հանգամանքի առկայությունը` առանց անդրադառնալու այդ հանգամանքի հնարավոր իրավական հետևանքներին: Վերջին հարցին, ըստ պատասխանողի, դատարանը կարող է պատասխան տալ միայն գործի քննությունից հետո: Միաժամանակ, պատասխանող կողմը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթները ձևակերպված են հստակ և չեն կարող տարընթերցումների տեղիք տալ:

5. Սահմանադրական դատարանը մերժում է դիմողի` 16.08.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված միջնորդությունը` «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ, քանի որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի` «...որևէ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը»:

6. Գնահատելու համար վիճարկվող իրավակարգավորման ազդեցությունը նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի արդյունավետության ու գործունակության վրա` սահմանադրական դատարանը կարևորում է «դատական ակտի վերանայման վարույթ», «դատական ակտի վերանայում» հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակության, ինչպես նաև «դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու» և «դատական ակտը վերանայելու» դատավարական փուլերից յուրաքանչյուրի խնդրի ճշգրիտ ընկալումը, դրանց շրջանակներում առաջադրվող և լուծման ենթակա հարցերի շրջանակը` կարևորելով նաև դատական պրակտիկայում ոչ միայն «նոր երևան եկած հանգամանքներ» հասկացության, այլև այդ հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման, այսինքն` անձի խախտված իրավունքների վերականգնման ընթացակարգային կանոնների միակերպ ընկալման անհրաժեշտությունը:

i

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-984 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում գնահատել է վերոհիշյալ հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը և դատավարական փուլերի իրավակարգավորիչ նշանակությունը` ելնելով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման դատավարական գործընթացների արդյունավետության և, հատկապես` մարդու սուբյեկտիվ իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման տեսանկյունից: Հետևաբար, հիմք ընդունելով նոր հանգամանքների և նոր երևան եկած հանգամանքների հիմքերով դատական ակտերի վերանայման ինստիտուտների սկզբունքային որոշ ընդհանրությունները` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու բացառիկ միջոցներ, և գնահատելով այդ ինստիտուտները որպես մարդու խախտված իրավունքները Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան արդար և արդյունավետ դատաքննությամբ վերականգնելու կարևոր երաշխիք, սահմանադրական դատարանը գտնում է, որ 2011 թվականի ՍԴՈ-984 որոշմամբ, ինչպես նաև այդ հիմնախնդրի վերաբերյալ սահմանադրական դատարանի մի շարք այլ որոշումներով (ՍԴՈ-701, ՍԴՈ-709, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-872 և այլն) արտահայտված իրավական դիրքորոշումներն այնքանով, որքանով առնչվում են նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման` սույն գործով քննության առարկա գործող իրավակարգավորումներին, կիրառելի են նաև սույն գործով:

Միաժամանակ, հաշվի առնելով դիմողի դիրքորոշումներն ու փաստարկները, վիճարկվող նորմի բովանդակությունը` սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող հոդվածը դիտարկել օրենսգրքի ընդհանուր իրավակարգավորիչ նշանակություն ունեցող նորմերի հետ համադրության մեջ` կապված, մասնավորապես, ապացուցման, դրա իրավական բովանդակության, ապացուցման պարտականության, որպես ապացույց ներկայացված տեղեկությունների իրավական նշանակության գնահատման հետ:

7. Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմով կարգավորման ենթակա հարաբերությունների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը` սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ վճռաբեկության կարգով դատական ակտերի վերանայման ընդհանուր կարգը նախատեսող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժնում ներառված նորմերի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմք են նաև նոր երևան եկած հանգամանքները (226-րդ հոդվածի 2-րդ կետ, 231-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ), որպիսիք, ի թիվս իրավասու այլ սուբյեկտների, ՀՀ վճռաբեկ դատարանին ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք (223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Վճռաբեկ բողոքը, ի թիվս այլ իրավապայմանների, ընդունվում է քննության, եթե բողոքում հիմնավորված է, որ առկա է նոր երևան եկած հանգամանք (234-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ), կամ` վերադարձվում է, եթե, ի թիվս այլ իրավապայմանների, չի համապատասխանում օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որի դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում (233-րդ հոդվածի 2-րդ մաս): Օրենսգրքի վերոհիշյալ բաժնի այլ հոդվածներով սահմանված են վճռաբեկության կարգով դատական ակտերի վերանայման կանոնները (այդ թվում` և նոր երևան եկած հանգամանքների հիմքով), մասնավորապես` գործի քննության սահմանները, դատարանի լիազորությունները, որոշում կայացնելու կարգը (238-րդ, 239-րդ, 240-րդ, 241-րդ, 241.1-րդ հոդվածներ և այլն): Այսինքն` վերոթվարկյալ նորմերով օրենսդիրն ընդհանուր իրավակարգավորման է ենթարկել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի` վճռաբեկության կարգով վերանայման հետ կապված (այդ թվում` նոր երևան եկած հանգամանքների հիմքով (204.38-րդ հոդվածի 1-ին մաս) հարաբերությունները` նպատակ ունենալով այդ իրավակարգավորումների շրջանակներում հստակեցնել նաև օրենքի միատեսակ կիրառմանը, ճիշտ մեկնաբանմանը և իրավունքի զարգացմանը նպաստելուն միտված` ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական լիազորությունները:

Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի երրորդ 3. բաժնի (այդ թվում` և սույն գործով վիճարկվող) նորմերով սահմանված են վերոհիշյալ ընդհանուրի փոխլրացման և հատկապես նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման հատուկ կանոններ, որոնք կոչված են հստակեցնելու դատական ակտը վերանայող իրավասու դատարանների լիազորությունները, բողոք բերող անձանց օրինաչափ գործողությունները և բողոքի ներկայացմամբ լուծման ենթակա խնդիրները, նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը և կանոնները, ինչպես նաև դատական ակտի վերանայման վարույթի հարուցումն ու ընթացքը:

Վերլուծելով վերոհիշյալ իրավակարգավորումները նախատեսող նորմերի սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակությունը` սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք իրենց համակարգային ընդհանուր նշանակությամբ, իրավակարգավորիչ դերով և հետապնդվող նպատակներով սահմանադրականության խնդիր չեն հարուցում, քանի որ կոչված են երաշխավորելու ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներում ամրագրված դրույթների իրացումը` արդար և արդյունավետ դատաքննություն իրականացնելու և անձանց խախտված իրավունքները պաշտպանելու համար: Սակայն այս համատեքստում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև վիճարկվող իրավակարգավորման շրջանակներում անդրադառնալ «նոր երևան եկած հանգամանքներ» արտահայտության իրավական բովանդակության առանձնահատկություններին` այնքանով, որքանով բխում է օրենսգրքի վիճարկվող հոդվածի նորմատիվ բովանդակությունից և դիմող կողմի հարցադրումներից` համադրելով այդ նորմը նույն օրենսգրքի իրակարգավորիչ ընդհանուր նշանակություն ունեցող այլ նորմերի հետ, պարզելու համար, թե վիճարկվող նորմը որքանո՞վ է համապատասխանում իրավահավասարության, իրավական որոշակիության սկզբունքներին, դատաքննության արդարության, արդյունավետության և մարդու իրավունքները պաշտպանելու` սահմանադրորեն որոշված այլ չափորոշիչներին:

Մասնավորապես, օրենսդիրը վիճարկվող նորմով կարևորել է այն իրավապայմանները, որոնց առկայությամբ միայն իրավասու անձանց կողմից դատարանին ներկայացված հանգամանքները (փաստերը, տեղեկությունները) իրավական իմաստով կարող են գնահատվել որպես «նոր երևան եկած», այդպիսիք են.

- այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց,

- այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան,

- և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Ընդ որում, որպես վերոհիշյալ իրավապայմանների գործադրման անհրաժեշտ ու պարտադիր պայման` օրենսդիրը դիտարկել է բողոք ներկայացրած անձի կողմից հիշյալ հանգամանքների իսկության ապացուցման պարտականությունը: Այսինքն` վճռաբեկության կարգով դատական ակտի վերանայման համար օրենսդիրն սկզբունքային ուշադրության է արժանացրել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչված փաստարկի (փաստերի, հանգամանքների, տեղեկությունների) ապացուցված լինելու հանգամանքը` այնպես, որպիսին առկա է քաղաքացիական գործերով ապացույցներ ներկայացնելու և դրանք հետազոտելու (գնահատելու) հետ կապված ընդհանուր իրավակարգավորման դեպքում (օրենսգրքի 8-րդ գլուխ): Այստեղից հետևում է` որպես նոր երևան եկած հանգամանքներ կարող են գնահատվել օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով (օրինական եղանակով) ձեռք բերված այն տեղեկությունները, որոնց հիման վրա իրավասու դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմի սահմանադրաիրավական բովանդակության լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ է օրենսգրքի 204.32-րդ հոդվածը և օրենսգրքի երրորդ 3. բաժնի մյուս նորմերը համադրել նաև օրենսգրքի վերոհիշյալ գլխի (8-րդ) համապատասխան նորմերի հետ, որի արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթում.

մի կողմից, իրավասու անձը (գործին մասնակցող անձը, նրա իրավահաջորդը)`

- իրավասու դատարանին պետք է ներկայացնի օրինական եղանակով ձեռք բերված և օրենքով նախատեսված պահանջները բավարարող ու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ,

- պետք է ապացուցի ներկայացված հանգամանքների նախկինում (մինչև գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը) անհայտ լինելը կամ դրանց նորահայտ լինելը, կամ նախապես հայտնի լինելը, բայց իրենից անկախ պատճառներով օրինական ուժի մեջ մտած ակտը կայացրած դատարանին չներկայացնելու պատճառները:

Մյուս կողմից` նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը`

- պարտավոր է նոր երևան եկած հանգամանքների` օրենսգրքի 204.32-րդ հոդվածում սահմանված հատկանիշների առկայության, 204.34-րդ հոդվածում սահմանված ժամկետի և 204.36-րդ հոդվածի պահանջների պահպանման դեպքում հարուցել դատական ակտի վերանայման վարույթ կամ հիշյալ պայմանների անբավարարության դեպքում վերադարձնել բողոքը` կայացնելով պատճառաբանված որոշում (233-րդ հոդվածի 2-րդ մաս), ընդ որում` անվերապահորեն պահպանելով սահմանադրական դատարանի ՍԴՈ-690, ՍԴՈ-691, ՍԴՈ-752, ՍԴՈ-754, ՍԴՈ-896, ՍԴՈ-919 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները: Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ իրավապայմաններին չհամապատասխանող դատական ակտերը ենթակա են վերանայման` օրենքով սահմանված կարգով:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ վերոհիշյալ ընթացակարգերում կարևոր է երաշխավորել քաղաքացիաիրավական վեճի լուծման իրավական ընդհանուր այն սկզբունքները, որոնք անմիջականորեն բխում են վիճարկվող նորմի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված օրենսգրքի այլ նորմերի իրավական բովանդակությունից, մասնավորապես` կապված ապացուցման գործընթացի, կողմերի իրավունքների ու պարտականությունների հետ, և այն ընդհանուր կանոնների պահպանմամբ, որպիսիք նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածում: Միաժամանակ, դատարանի խնդիրն ու պարտականությունն են ապահովել բողոքում բերված տեղեկությունների, հանգամանքների, փաստերի բազմակողմանի և անաչառ քննություն` դրա արդյունքում բավարար ու միակերպ ընկալելի որոշմամբ պատճառաբանելով ներկայացված փաստարկները որպես նոր երևան եկած հանգամանք գնահատելու կամ մերժելու իրավական շարժառիթներն ու հիմքերը:

Նոր երևան եկած հանգամանքը նշված հանգամանքներին համապատասխան հաշվի չառնելը և դրա արդյունքում վերանայվող դատական ակտն ուժի մեջ թողնելը չեն երաշխավորում դատական ակտերի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորություն` թույլ չտալով նաև դատական ակտերի վերանայման նպատակի ու խնդիրների իրացում և միաժամանակ արգելափակելով անձի` արդարադատության մատչելիության և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը:

8. Վերոշարադրյալը նկատի ունենալով` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման վարույթը կարող է ապահովել այդ վարույթի սահմանադրաիրավական նպատակի ու խնդիրների իրացումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 2, 3 և 4-րդ կետերի հետևյալ սահմանադրաիրավական բովանդակության պարագայում.

ա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետում «այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն» բառակապակցությունը նշանակում է, որ նոր երևան եկած հանգամանքները հաշվի առնելու դեպքում տվյալ գործով կկայացվեր այլ դատական ակտ, քան կայացված դատական ակտն է, կամ որ նույնն է` նոր երևան եկած հանգամանքները հաշվի չառնելու դեպքում տվյալ գործի հիմքում կդրվի ու կշարունակի մնալ այնպիսի փաստարկ, որը հայտնաբերված չէր կամ չէր կարող հայտնաբերված լինել ավելի վաղ,

բ) վերանայման բողոքում նոր երևան եկած հանգամանքի շարադրանքի և նոր երևան եկած հանգամանքը հաստատող ապացույցի առկայությունը, ի լրումն բողոքին ներկայացվող մյուս վավերապայմանների առկայության, բավարար հիմք է վերանայման վարույթ հարուցելու համար,

գ) վերանայման բողոք ներկայացնող անձը պարտավոր է ապացուցել նոր երևան եկած հանգամանքը գործին մասնակցած անձանց հայտնի չլինելը, կամ հայտնի լինելու դեպքում նոր երևան եկած հանգամանքը նրանցից անկախ պատճառներով դատարան չներկայացվելը և նոր երևան եկած հանգամանքի` գործի լուծման համար էական նշանակություն ունենալը բացառապես հարուցված վերանայման վարույթի շրջանակներում,

դ) վերանայման պահանջը կարող է մերժվել, եթե բողոքի քննության արդյունքներով պարզվում է, որ բողոքում մատնանշված հանգամանքը տվյալ դատական ակտը վերանայելու համար հիմք չէ, այսինքն` այդ հանգամանքը տվյալ դեպքում նոր երևան եկած հանգամանք չի հանդիսանում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի պահանջները հաշվի չառնելու դեպքում,

ե) եթե հարուցված վերանայման վարույթի շրջանակներում հաստատվում է նոր երևան եկած հանգամանքի առկայության փաստը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի պահանջները հաշվի առնելով, ապա վերանայման վարույթի արդյունքում պետք է ուժը կորցրած ճանաչվեն համապատասխան դատական ակտերը:

Այս պահանջներն են ընկած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով տվյալ իրավահարաբերությունների առկա կանոնակարգման հիմքում:

Ելնելով վերոշարադրյալից` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի առարկան գործնականում ոչ թե դիմողի կողմից ներկայացված նորմատիվ իրավակարգավորման սահմանադրականությունն է, այլ դատարանի կողմից այդ նորմերի կիրառմանն առնչվող խնդիրը` ինչը, ըստ դիմողի, խախտել է դատարանի մատչելիության և արդար դատաքննության իր իրավունքները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 սեպտեմբերի 2012 թվականի

ՍԴՈ-1049

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.09.2012
N ՍԴՈ-1049
Որոշում