Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2012 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-248-Ն

 

 

Հավելված

«Հայաստանի Հանրապետության

2013-2015 թվականների

պետական վիճակագրական

աշխատանքների եռամյա ծրագիրը

հաստատելու մասին»

Հայաստանի Հանրապետության

օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

i

Սույն ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխան և սահմանում է 2013-2015 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղությունները` ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների:

Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այսուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ձևավորման համար գործունեության ուղղությունները` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

i

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունից ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Եռամյա ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված են և բխում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեից:

 

ՄԱՍ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաև նախորդ տարիների եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից` միտված դրանց շարունակականության ապահովմանը:

i

Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հիմնական խնդիրների իրագործման ապահովմանը և խարսխվում է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 47-րդ նստաշրջանում (15-ը ապրիլի 1992 թ.) և Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի (14-ը ապրիլի 1994 թ.) ընդունած պաշտոնական վիճակագրության 10 հիմնարար սկզբունքների, ինչպես նաև ի լրումն այդ սկզբունքների` Եվրախորհրդի վիճակագրական ծրագրային կոմիտեի ընդունած (24-ը փետրվարի 2005 թ.) եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքով սահմանված 15 սկզբունքների, Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության վիճակագրական ծառայության Եվրոպական վիճակագրական համակարգի որակի հռչակագրի (2002 թ.), Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (2007 թ.) պահանջների, Տվյալների որակի գնահատման վերաբերյալ Ստանդարտների և կոդերի համապատասխանության Հայաստանի վերաբերյալ զեկույցի (2009 թ.), ինչպես նաև Եվրամիության փորձագետների կողմից (Եվրահանձնաժողով` Եվրոստատ, Ազատ առևտրի եվրոպական ընկերակցություն, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ազգային համակարգի գնահատման արդյունքների (2008 թ.) և Եվրոպական պառլամենտի ու Խորհրդի 2009 թ. մարտի 11-ի N 223/2009 Կանոնակարգով հաստատված «Եվրոպական վիճակագրության իրավական շրջանակ. Վիճակագրության մասին օրենքի» (2010 թ.) դրույթների ու դրանց հիման վրա մշակված վիճակագրության միջազգային չափանիշների ու ստանդարտների վրա:

Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների` վիճակագրությունը պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հանրության, բիզնեսի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում պետք է ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից օգտվելու հավասար մատչելիություն, պրոֆեսիոնալ ստանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն և թափանցիկություն, սկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն և այլն: Հարկ է, որ սպառողները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը ընկալեն որպես որոշակի քաղաքականության կողմնորոշված պետական ինստիտուտներից արմատապես տարբերվող կազմակերպություն: Անհրաժեշտ է ձևավորել վարչական և նմանատիպ շահերի միջև առկա բախումներում պաշտոնական վիճակագրությանը չներքաշելու երաշխիքներ:

Պետական վիճակագրության հիմնական խնդիրների և հիմնարար սկզբունքների ապահովման նպատակով մասնավորապես նախատեսվում է`

1) վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում շարունակել վիճակագրական հարաբերությունները կարգավորող իրավական համապատասխան փոփոխությունների իրականացումը.

2) վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով շարունակել և ընդլայնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային համագործակցությունը.

3) վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի մշակած «Տվյալների տարածման հատուկ ստանդարտի»), որոնք ենթադրում են նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի անխափան շահագործում և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում.

4) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց` շարունակել ներկայումս գործող վիճակագրական դիտարկման փաստաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաստաթղթերի միասնականացման աշխատանքները` նպատակ ունենալով նվազագույնի հասցնել տեղեկատվության որակի, ամբողջականության և արժանահավատության վրա վերջինիս հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև հնարավորինս նվազեցնել վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծանրաբեռնվածությունը.

5) համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնես-ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով) և որպես դրա հետևանք` աստիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքման ընտրանքային եղանակների կիրառմանն ու ընդլայնմանը.

6) շարունակել տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մաս կազմող ազգային դասակարգիչների մշակման ու ներդրման, ինչպես նաև արդեն իսկ պետական վիճակագրությունում ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները.

7) անցում կատարել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքման մեխանիզմի կիրառման ընդլայնմանը` հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը.

8) տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (ներառյալ` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց` կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը.

9) շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները.

10) ցուցանիշների նախապատրաստման օպերատիվության ապահովման, ինչպես նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ իրականացնել միջոցառումներ տեղեկատվության էլեկտրոնային հավաքման ուղղությամբ.

11) բարձրացնել վստահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ` կատարելագործելով վիճակագրության համապատասխան իրավական դաշտն ու տվյալների տարածումը, առավել խոր ուսումնասիրելով սպառողների պահանջները և կարիքները, նպաստել վիճակագրական տեղեկատվության լայնորեն օգտագործմանը, այդ թվում` որոշումներ ընդունելիս, մշտադիտարկում և գնահատականներ իրականացնելիս.

12) շարունակել երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական վիճակը բնութագրող վիճակագրական տեղեկատվություն պարունակող, ինչպես նաև ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները բնութագրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրերի, ժողովածուների և այլն) թողարկումը, ինչպես նաև կատարելագործել դրանց կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական բավարարման նպատակով.

13) կատարելագործել վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության ստացման մեխանիզմը:

 

ՄԱՍ 2
ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, որը պայմանավորված է մի կողմից` տվյալների արժանահավատության, օպերատիվության, տեղեկատվության ստացման գիտական հիմնավորվածության և միջազգային չափանիշներին համապատասխանության առումով մշտապես աճող պահանջներով, մյուս կողմից` սկզբնական (անվանական) բոլոր տիպի տվյալների չտարածմամբ:

Վիճակագրության հետագա զարգացումը 2013-2015 թվականներին նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումային ծրագրերի շրջանակում:

 

ԲԱԺԻՆ 2.1
ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ

 

2.1.1. Ազգային հաշիվներ

 

1) «Ազգային հաշիվների համակարգ-93» և «Եվրոպական հաշիվների համակարգ-95» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ամբողջ տնտեսության, ինչպես նաև կառուցվածքային հատվածների մակարդակով Հայաստանի ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում և կատարելագործում` մինչև «Ազգային հաշիվների համակարգ-2008» նոր մեթոդաբանության ամբողջական ներդրումը.

2) «Ազգային հաշիվների համակարգ-2008» նոր մեթոդաբանության ներդրման աշխատանքների իրականացում, մասնավորապես առաջնահերթության կարգով` մեթոդաբանական փոփոխության և տվյալների վերանայումների ազդեցության գնահատում համախառն ներքին արդյունքի բացարձակ ծավալի և դինամիկայի վրա.

3) ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածների ավելացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըստ ենթահատվածների.

4) «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչին» համապատասխան համախառն ներքին արդյունքի արտադրության հաշվի կազմում.

5) «չդիտարկվող տնտեսության» չափերի գնահատման մեթոդաբանության և հաշվարկների կատարելագործում Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրոստատ) «Աղյուսակային մոտեցման» սկզբունքի կիրառմամբ.

6) ազգային հաշիվների համակարգում` «ծախսեր-թողարկում» աղյուսակների կազմման աշխատանքների իրականացում.

7) ֆինանսական միջնորդության անուղղակի չափվող ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում.

8) ազգային հարստության բաղադրիչների վիճակագրության վարում և կատարելագործում.

9) ազգային հաշիվներում հիմնական միջոցների սպառման գնահատման մեթոդաբանության կատարելագործում:

 

2.1.2. Արդյունաբերություն

 

1) «Տնտեսական գործունեության տեսակների» (ՏԳՏ) և «Արտադրանքի դասակարգում` ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ) Հայաստանի դասակարգիչներին համապատասխան` արդյունաբերության ոլորտի վիճակագրության վարում.

2) արդյունաբերության վիճակագրության տվյալների հավաքման և մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում` միջազգային չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան.

3) հաշվառման դաշտի ամբողջականացման ապահովման նպատակով չդիտարկվող (չհաշվառվող) առանձին արտադրատեսակների գծով գնահատման գործիքների կիրառում և դրանց մեթոդաբանության կատարելագործում.

4) էներգահաշվեկշիռ կազմելու նպատակով անհրաժեշտ մեթոդաբանական և հաշվառման կազմակերպման աշխատանքների իրականացում:

 

2.1.3. Գյուղատնտեսություն

 

1) «Տնտեսական գործունեության տեսակների» և «Արտադրանքի դասակարգում` ըստ գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգիչներին համապատասխան` գյուղատնտեսության ոլորտի վիճակագրության վարում.

2) գյուղատնտեսության վիճակագրության տվյալների հավաքման և մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում` միջազգային չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան.

3) գյուղատնտեսության վիճակագրության ընտրանքային դիտարկման գործիքի կատարելագործում` միտված ցուցանիշների մանրամասնեցվածության խորացմանը.

4) բուսաբուծական և անասնաբուծական մթերքի արտադրության առանձնահատկություններից ելնելով` դրանց ծավալների ճշգրտման գործիքակազմի կատարելագործում` միտված բերքատվության, մթերատվության, կորուստների և այլ ցուցանիշների գնահատման որակի բարձրացմանը.

i

5) ԱՄՆ գյուղդեպարտամենտի և Եվրոպական միության «Աջակցություն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը» ԹՎԻՆԻՆԳ ծրագրի ներքո Եվրամիության փորձագետների աջակցությամբ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների իրականացում` «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ուղեցույցների համաձայն:

 

2.1.4. Շինարարություն

 

1) «Տնտեսական գործունեության տեսակների» և «Արտադրանքի դասակարգում` ըստ գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգիչներին համապատասխան` շինարարության ոլորտի վիճակագրության վարում.

2) շինարարության հիմնական ցուցանիշների մեթոդաբանության կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան.

3) շինարարության իրական ծավալների ամբողջականության ապահովման և արժանահավատության բարձրացման, չհաշվառվող ծավալների գնահատման նպատակով դիտարկումների մեխանիզմի կատարելագործում:

 

2.1.5. Տրանսպորտ և կապ

 

1) «Տնտեսական գործունեության տեսակների» և «Արտադրանքի դասակարգում` ըստ գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգիչներին համապատասխան` տրանսպորտի և կապի ոլորտների վիճակագրության վարում.

2) ավտոմոբիլային տրանսպորտի հիմնական ցուցանիշների (բեռնաուղևորափոխադրումների, բեռնաուղևորաշրջանառության) գծով չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման գործիքների կիրառում և դրանց մեթոդաբանության կատարելագործում` ըստ միջազգային չափորոշիչների.

3) տրանսպորտի և կապի ոլորտների վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան:

 

2.1.6. Առևտուր և այլ ծառայություններ

 

1) «Տնտեսական գործունեության տեսակների» և «Արտադրանքի դասակարգում` ըստ գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգիչներին համապատասխան` առևտրի և ծառայությունների ոլորտի վիճակագրության վարում.

2) առևտրի և այլ ծառայությունների ոլորտների վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան.

3) առևտրի և այլ ծառայությունների ոլորտում չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման գործիքների կիրառում և դրանց մեթոդաբանության կատարելագործում` միջազգային չափորոշիչներին համապատասխան:

 

2.1.7. Գներ և սակագներ

 

1) Եվրամիության երկրներում հաշվարկվող Հարմոնիզացված սպառողական գների ինդեքսի` Հայաստանի Հանրապետությունում ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում` սպառողական գների ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը համահունչ դարձնելով Եվրամիության չափանիշներին և համապատասխանեցնելով Եվրամիության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Դրանով պայմանավորված` սպառողական գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործում, դիտարկվող ապրանք-ծառայությունների կազմի, կառուցվածքի վերանայում և ընդլայնում, զամբյուղում ներառված ապրանք-ծառայությունների կշիռների վերահաշվարկ.

2) արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքների, արտաքին առևտրի գների, բեռնափոխադրումների սակագների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության շարունակական կատարելագործում. հետազոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունաբերական կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների ընտրանքի վերանայում, գների հետազոտության կազմակերպում` միջազգային չափանիշներին ու դասակարգումներին համապատասխան.

3) համախառն ներքին արդյունքի և ազգային արժույթի գնողունակության համարժեքության հաշվարկման միջազգային գլոբալ համադրումների ծրագրի 2011թ. ցուցանիշներով համադրումների աշխատանքներին մասնակցության գործընթացի իրականացում և վերջնական արդյունքների հրապարակում: Միջազգային գլոբալ համադրումների ծրագրի հաջորդ փուլի աշխատանքներին մասնակցելու համար նախապատրաստական աշխատանքների իրականացում:

 

2.1.8. Աշխատանքի շուկա

 

1) Զբաղվածության և աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և ամփոփման մեթոդների և գործիքակազմի կատարելագործում.

2) վարչական ռեգիստրների տվյալների կիրառման շրջանակի ընդլայնում.

3) Աշխատանքի միջազգային կազմակերպության և Եվրահանձնաժողովի սահմանած աշխատաշուկայի հիմնական ցուցանիշների ու Ազգային հաշիվների համակարգի դրույթների պարբերական վերանայմանն ու կատարելագործմանը զուգընթաց` դրանց ներդաշնակեցման նպատակով պետական վիճակագրական հաշվետվությունների, դիտարկման հարցաթերթերի և դրանցում ընդգրկված ցուցանիշների կազմի ու բովանդակության պարբերաբար վերանայում և կատարելագործում.

4) միջազգային դասակարգիչներին (Զբաղմունքների միջազգային դասակարգիչ, Զբաղվածության կարգավիճակի միջազգային դասակարգիչ, Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ) համապատասխան` աշխատանքի վիճակագրության վարում.

5) աշխատանքի գնի ինդեքսի հաշվարկի ներդրման նպատակով աշխատանքի գնի, վաստակի կառուցվածքի, աշխատաժամերի վիճակագրության կատարելագործում, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի, մասնագիտական ուսուցման, աշխատանքի պայմանների, թափուր աշխատատեղերի վիճակագրության կատարելագործում.

6) Աշխատանքի միջազգային կազմակերպության մշակած «Արժանապատիվ աշխատանքի ցուցանիշների» ներդրման նախապատրաստական աշխատանքների իրականացում.

7) տնային տնտեսություններում և առևտրային փոքր կազմակերպություններում աշխատուժի ընտրանքային հետազոտությունների կատարելագործում` միտված ցուցանիշների մանրամասնեցվածության խորացմանը:

 

2.1.9. Բիզնես ռեգիստր

 

1) Վարչական ռեգիստրների (մասնավորապես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե և այլն) կողմից վարվող տվյալների բազաների հիման վրա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով բիզնես ռեգիստրի բազայի ամբողջականացման ապահովում և դրանում ներառված ցուցանիշների պարբերաբար արդիականացում` համաձայն միջազգային ընդունված չափորոշիչների.

2) բիզնես ռեգիստրի բազայի ծրագրային ապահովման շարունակական կատարելագործում` ուղղված պետական վիճակագրության ընտրանքային դիտարկման մեխանիզմների կիրարկման ընդլայնմանը.

3) բիզնես ռեգիստրի բազայում առկա ցուցանիշների որակի բարձրացման նպատակով ուղղակի և անուղղակի աղբյուրներից հավաքվող տեղեկատվության մշակման գործիքների կատարելագործում:

 

ԲԱԺԻՆ 2.2
ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ

 

1) Պետական ֆինանսների (համախմբված, պետական և համայնքների բյուջեների և դրանց տարրերի) վիճակագրության վարում և կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (ներառյալ` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ «Կառավարության ֆինանսների վիճակագրություն-2001» ձեռնարկի դասակարգմանը համապատասխան վիճակագրության վարում).

2) Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վիճակագրության վարում և կատարելագործում.

3) ֆինանսական միջնորդության հատվածի (ներառյալ` համապատասխան վարչական վիճակագրությունը վարող լիազոր մարմնի հետ համատեղ` ֆինանսական միջնորդության ոչ բանկային հատվածի) վիճակագրության վարում և կատարելագործում.

4) «Ազգային հաշիվների համակարգ-2008-ի» սկզբունքներին համապատասխան` «Ֆինանսական հաշվի» վիճակագրության ներդրման աշխատանքների իրականացում:

 

ԲԱԺԻՆ 2.3
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾԸ

 

1) Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի «Ապրանքներ և ծառայություններ» հոդվածի կազմում` համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության.

2) Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի «Ապրանքներ և ծառայություններ» հոդվածի կազմման Արժույթի միջազգային հիմնադրամի նոր (Վճարային հաշվեկշռի ձեռնարկ 6) մեթոդաբանության ներդրման աշխատանքների իրականացում.

3) օժանդակություն միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության կազմմանը (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ «Վճարային հաշվեկշռի ձեռնարկ 6» և «Արտաքին պարտքի վիճակագրություն» ձեռնարկի դասակարգումներին համապատասխան).

4) Արժույթի միջազգային հիմնադրամի ծառայությունների դասակարգմանը համապատասխան` արտաքին առևտրի ցուցանիշների հավաքում.

5) օտարերկրյա ներդրումների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ).

6) ապրանքների գծով արտաքին առևտրի վիճակագրության վարում, ապրանքների միջազգային դասակարգման ներդրում (համաձայն «Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրութուն. Հասկացություններ և բնորոշումներ 2010 ձեռնարկի) և գործող դասակարգչին համապատասխան անցման (բանալիների) ապահովում (համաձայն «Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի»).

7) զբոսաշրջության սատելիտային հաշվի կառուցման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում (զբոսաշրջության սատելիտային հաշիվը ցուցանիշների համակարգ է, որ նախատեսված է զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության ներկայացման համար):

 

ԲԱԺԻՆ 2.4
ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ

 

2.4.1. Սոցիալական ոլորտ

 

2.4.1.1 Կրթություն և գիտություն

 

1) Կրթության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների ձևավորմանն ու վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն (ներառյալ` նախադպրոցական, նախամասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, վերապատրաստման գործընթացների վերաբերյալ վիճակագրության վարումը).

2) գիտահետազոտական գործունեության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների ձևավորմանն ու վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն.

3) միջազգային մեթոդաբանական զարգացումների ներքո կրթության և գիտության ոլորտների վիճակագրության մեթոդաբանության շարունակական կատարելագործում:

 

2.4.1.2. Առողջապահություն

 

1) Առողջապահության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների և վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն.

2) միջազգային մեթոդաբանական զարգացումների ներքո առողջապահության ոլորտի վիճակագրության մեթոդաբանության շարունակական կատարելագործում:

 

2.4.1.3. Սոցիալական ապահովություն

 

1) Սոցիալական ապահովության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների ձևավորմանն ու վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն.

2) կենսաթոշակային և սոցիալական ապահովության ոլորտների վիճակագրության բարելավում` հիմք ընդունելով այդ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրական փոփոխությունների հետևանքով տեղեկատվական նոր համակարգերի (տեղեկությունների աղբյուրների) ձևավորման առանձնահատկությունները:

 

2.4.1.4. Սոցիալական այլ բնագավառներ

 

1) Մշակույթի, սպորտի և սոցիալական այլ ոլորտների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների ձևավորմանն ու վարչական հաշվառման կատարելագործմանը մեթոդաբանական օժանդակություն.

2) բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտի վիճակագրության բարելավում:

 

2.4.1.5. Տնային տնտեսությունների հետազոտություններ

 

1) Տնային տնտեսությունների պարբերական ընտրանքային հետազոտությունների անցկացում և մեթոդաբանության կատարելագործում.

2) աղքատությունը և սոցիալական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների ամբողջականացման և արդիականացման նպատակով տնային տնտեսությունների հետազոտությունների ընտրանքի ներկայացուցչականության ապահովում տարածաշրջաններով, որը հնարավորություն կընձեռի այդ ցուցանիշները հաշվարկել և հրապարակել նաև ըստ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի.

3) «Կայուն զարգացման ծրագրի» մշտադիտարկման աղքատության նյութական և ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն և բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում.

4) տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների ժամանակ հատուկ մոդուլներով (մոդուլային հարցաթերթերով) աղքատության խորացված գնահատման իրականացում (այդ թվում` սոցիալական բացառումների, աղքատության միջսերնդային փոխանցման, անհատական մակարդակով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիության վերաբերյալ տվյալների հավաքման հնարավորության ուսումնասիրում):

 

2.4.1.6. Պարենային ապահովություն

 

Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Եվրոպական հանձնաժողովի երաշխավորած մեթոդաբանության համաձայն` պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի (պարենի առկայություն, մատչելիություն և սպառում) շարունակական կատարելագործում և դրանց հիման վրա ազգային պարենային հաշվեկշիռների պարբերական կազմում:

 

2.4.2. Ժողովրդագրություն

 

i

1. «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում 2011 թ. մարդահամար, 2010 թ. փորձնական մարդահամար անցկացնելու և 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու մասին» 301-Ն որոշման համաձայն` 2011 թ. հոկտեմբերի 12-21-ը ներառյալ իրականացված մարդահամարի արդյունքներով սահմանված ժամկետներում`

1) սահմանված ելքային աղյուսակների ստացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում և ծրագրային ապահովում.

2) ամփոփ տվյալների հրապարակում ու տարածում:

2. Ժողովրդագրական ցուցանիշների տեղեկատվական համակարգի արդիականացման, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխանեցման, հանրապետության ժողովրդագրական իրավիճակի առավել ընդգրկուն ներկայացման ուղղությամբ`

1) Հայաստանի Հանրապետության 2011 թ. մարդահամարի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության համայնքների բնակչության քանակի հաշվարկների հիմքի փոփոխում.

2) բնակչության բնական շարժի ցուցանիշների` ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության ակտերում պարունակվող վիճակագրական տվյալների ձևավորման (ստացման) և մշակման գործառույթների ավտոմատացման հնարավորությունների ուսումնասիրման, դրանց ներդրման նախապատրաստման աշխատանքների իրականացում.

3) բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացմանը զուգընթաց` նախապատրաստվել ռեգիստրի բազայից միգրացիայի վերաբերյալ տեղեկատվության փորձարկմանն ու կիրառմանը:

 

2.4.3. Բնապահպանության վիճակագրություն

 

1) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածաշրջանների զարգացման ու կենսագործունեության առանձնահատկություններով պայմանավորված` ոլորտին առնչվող մարզային տեղեկատվական բազաների ամբողջականացում և վարում, համապատասխան վարչական ռեգիստրների կատարելագործմանն օժանդակություն.

2) եվրոպական բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի ձևավորմանը համապատասխան` հանրապետության բնապահպանական միասնական տեղեկատվական բազաների ձևավորման և կառավարման ուղղությամբ աշխատանքների իրականացում.

3) գետավազանային կառավարման և զարգացման նախագծերին համապատասխան` վիճակագրական տեղեկատվական բազաների ձևավորման և վարման ուղղությամբ աշխատանքների իրականացում.

4) բնապահպանական սատելիտային ենթահաշիվների ներդրման նախապատրաստական աշխատանքների իրականացում.

5) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցության գնահատման ցուցանիշների սահմանում, վարչական ռեգիստրում դրանց ներդրում և համապատասխան տեղեկատվական բազայի ձևավորում.

6) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հրապարակումների ընդլայնում, դրանցում աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում:

 

ՄԱՍ 3
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

 

1) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակում.

2) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների տեղային համակարգչային ցանցերի արդիականացման, համակարգչային սարքավորումներով ու ծրագրային փաթեթներով հանդերձավորման և տարածքային ստորաբաժանումների մոդեմային կապով ապահովման, կորպորատիվ ցանցի կառուցման աշխատանքների շարունակում.

3) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության www.armstat.am պաշտոնական կայքէջի (ինտերնետ) և ներքին ծառայողական կայքի (ինտրանետ) արդիականացման աշխատանքների շարունակում, վիճակագրական ցուցանիշների շտեմարանի ընդլայնում, վիճակագրական տվյալների սպառողներին տեղեկատվության ավելի մեծ ծավալների տրամադրում, ռեսպոնդենտների և սպառողների համար ինտերակտիվ շփման համակարգի զարգացում, ներառյալ` վիճակագրական հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացնելու հնարավորության ընձեռման աշխատանքների իրականացում (վերջինս Հայաստանի Հանրապետության կառավարության օժանդակությամբ).

4) «Արմենիաինֆո» նախագծի շրջանակում զարգացման և արդիականացման աշխատանքների շարունակում, մասնավորապես Հայաստանի Հազարամյակի զարգացման նպատակների ցուցանիշների և Հիմնական վիճակագրական տվյալների բազաների ընդլայնում www.armdevinfօ.am կայքէջում.

5) վիճակագրական դիտարկման աշխատանքներում օգտագործվող համակարգչային ծրագրերի շարունակական բարելավում, համակարգչային նոր ծրագրային փաթեթների ներդրում և շահագործում.

6) օպերատիվ վիճակագրական տվյալների բազաների ստեղծում, միկրոտվյալների, մակրոտվյալների և մեթատվյալների բազաների կազմակերպում, ինչպես նաև կորպորատիվ հիմնապաշարի ստեղծում, որը ներառելու է հրապարակվող վիճակագրական ցուցանիշների ողջ ցանկը, պետական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա ստեղծված տեղային բազաների արդիականացում.

7) վիճակագրական ցուցանիշների պահպանման, մշակման և տարածման գործիքակազմի արդիականացման նպատակով ՓիՍի-ԱՔՍԻՍ ծրագրային փաթեթի ներդրման աշխատանքների իրականացում.

8) վիճակագրական տվյալների մշակման գործընթացում սեզոնային ճշգրտումների նպատակով կիրառվող «Դեմետրա պլյուս» ծրագրային փաթեթի ներդրման աշխատանքների իրականացում.

9) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության և անխափան աշխատանքների շարունակում` ապահովելով վիճակագրական գաղտնիք համարվող տվյալների անանունությունը և անվանազերծումը:

 

ՄԱՍ 4
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վիճակագրության բնագավառում միջազգային համագործակցությունը, հանդիսանալով Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից մեկը, ներառում է տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպես նաև ներուժ ստեղծելու նպատակով դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա օգտագործման համար: Վիճակագրական համագործակցության իրականացման ոլորտը բավական ընդարձակ է` սկսած միջազգային աշխատանքային խմբերի և խորհրդակցությունների շրջանակում ոչ պաշտոնական շփումներից մինչև վիճակագրության կատարելագործմանն ուղղված համապարփակ ծրագրերը: Համագործակցության հիմնական նպատակներն են`

1) առանցքային ոլորտներում կատարելագործված վիճակագրական տվյալների առավել լայն և արդյունավետ օգտագործում ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական և բնապահպանական զարգացման բնագավառներում, ինչպես նաև ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրման, որոշումների ընդունման և վերահսկման համար հիմք ստեղծելու նպատակով.

2) միջազգային համագործակցության գերակայություն հանդիսացող առանցքային ոլորտներում վիճակագրական ներուժի և կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաև դրանց հրապարակման համար.

3) համակարգերի և ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:

2. Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հիմնական խնդիրներն են`

1) էապես բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ.

2) բարձրացնել տվյալների արդիականությունը` ապահովելով սպառողների կարիքների հաշվառումը և բավարարումը.

3) բարձրացնել տվյալների արժանահավատությունը` ուսումնասիրելով միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությունը.

4) ապահովել վիճակագրական չափանիշների և կանոնների համաձայնեցումը միջազգային չափանիշներին և կանոններին.

5) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը.

6) բարձրացնել և երաշխավորել պաշտոնական վիճակագրության հեղինակությունն արտաքին աշխարհում.

7) մշակել և ներդնել պրոֆեսիոնալ վարվելակերպի սկզբունքները:

3. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը նախատեսում է շարունակել ակտիվ մասնակցությունը միջազգային համագործակցության շրջանակում համաշխարհային մասշտաբով վիճակագրական մեթոդաբանության և պրակտիկայի կատարելագործման, միասնականացման և ներդաշնակեցման, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակվող իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակի վերաբերյալ ցուցանիշների համադրելիության ապահովման ուղղությամբ: Իր բովանդակությամբ և ձևերով այդ կարևորագույն և բազմակողմանի գործունեությունը կիրականացվի հետևյալ հիմնական ուղղություններով.

1) մասնակցություն միջազգային կազմակերպությունների գործունեությանը`

ա. Միավորված ազգերի կազմակերպության.

- վիճակագրական հանձնաժողով,

- Եվրոպայի տնտեսական հանձնաժողով և Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանս,

- զարգացման ծրագիր,

- բնակչության հիմնադրամ,

- մանկական հիմնադրամ,

- կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն,

- Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար սոցիալ-տնտեսական հանձնաժողով,

- պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն,

- համակարգի այլ մասնագիտացված մարմիններ.

բ. Արժույթի միջազգային հիմնադրամ.

գ. Համաշխարհային բանկ.

դ. Եվրամիության վիճակագրական ծառայություն.

ե. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն.

զ. Աշխատանքի միջազգային կազմակերպություն.

է. Միջազգային վիճակագրական ինստիտուտ և այլն.

2) պետական վիճակագրության համակարգի բարեփոխումների ուղղությամբ կարևորագույն հիմնախնդիրների լուծման նպատակով արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ համագործակցության նախագծերի մշակում և իրականացում միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցության ազգային և տարածաշրջանային ծրագրերի ֆինանսական միջոցների հաշվին.

3) համագործակցություն արտասահմանյան երկրների ազգային վիճակագրական ծառայությունների հետ վիճակագրական գործունեության արդիական հիմնահարցերի ուղղությամբ երկկողմանի հիմունքներով.

4) Անկախ Պետությունների Համագործակցության երկրների վիճակագրական ծառայությունների հետ ավանդական կապերի և համագործակցության զարգացում երկկողմանի հիմունքներով` մասնակցելով Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի գործունեությանը:

4. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համագործակցության գերակայությունների շարքին են դասվում վիճակագրության հետևյալ բնագավառները.

- վիճակագրական կարողությունների ամրապնդում,

- որակի կառավարում,

- տնտեսական վիճակագրություն,

- բիզնես վիճակագրություն,

- սոցիալական, ժողովրդագրական և աշխատանքի շուկայի վիճակագրություն,

- աղքատության վիճակագրություն,

- գենդերային վիճակագրություն,

- շրջակա միջավայրի վիճակագրություն,

- էներգետիկայի վիճակագրություն,

- զարգացման ցուցանիշներ,

- միջազգային համադրումների ծրագիր,

- տվյալների տարածում,

- տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ:

5. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի իր գործունեությունը` ուղղված Եվրոպական վիճակագրական համակարգին ինտեգրմանը Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) իրականացման ազգային ծրագրի շրջանակում:

6. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կմասնակցի Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում Եվրամիություն - Հայաստան գործողությունների ծրագրին` վիճակագրության մասով:

Եվրամիության ստանդարտներին համապատասխանող վիճակագրական մեթոդների ընդունում և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության արդիականացում`

1) մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն վիճակագրական համապատասխան ոլորտներում եվրոպական ստանդարտներին համապատասխանելու նպատակով` հիմնվելով Եվրամիության փորձագետների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ազգային համակարգի ընդհանուր գնահատման վրա.

2) բարելավել բիզնես ռեգիստրի որակը և ընդգրկումը.

3) նախապատրաստել և անցկացնել գյուղատնտեսության համատարած հաշվառում` Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ուղեցույցների համաձայն:

7. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի Եվրամիության Թվինինգ և Թայեքս գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ինստիտուցիոնալ հզորացմանը, Եվրամիության չափանիշներին համապատասխանող վիճակագրական համակարգի ձևավորմանը և հետագա բարելավմանը, Եվրամիության կանոնակարգերի մոտարկմանը, Եվրամիության օրենսդրությանն ու ստանդարտներին համապատասխանեցմանն ուղղված գործունեությունը:

8. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին` վիճակագրության մասով:

 

ՄԱՍ 5
ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ուսուցման քաղաքականությունը հիմնված է ուսուցման ծրագրերի վրա` կողմնորոշված դեպի անձնակազմի կարիքներն ու պահանջները և նպատակաուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի և տեղեկատվության փոխանակմանը:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացը` ընդգրկելով աշխատակազմի ինչպես կառուցվածքային, այնպես էլ առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներին: Կշարունակվի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների և ազգային վիճակագրական ծառայությունների կազմակերպած դասընթացներին, սեմինարներին և աշխատանքային հանդիպումներին:

i

Առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման և զբաղեցրած պաշտոններին համապատասխանության որոշման նպատակով կշարունակվեն վերապատրաստման և ատեստավորման գործընթացները:

 

ՄԱՍ 6
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Պետական վիճակագրության ոլորտում 2013-2015 թթ. իրականացման ենթակա հետևյալ և այլ միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական եղանակներով (աղբյուրներից).

1) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով (ներառյալ` ոչ հարկատուների տրամադրած միջոցները).

2) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերից դուրս իրագործվող լրացուցիչ աշխատանքների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող, ինչպես նաև ոչ հարկատուների տրամադրած միջոցներով:

 

 

pin
ՀՀ 19.12.2012
N ՀՕ-248-Ն օրենք